Արտերկրյա այցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ

07.08.2025 - 08.08.2025

ևս 126 լուսանկար



Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարան:

Վարչապետը թանգարանի գլխավոր տնօրեն Աարոն Ռոսսի ուղեկցությամբ շրջայց է կատարել թանգարանում, ծանոթացել ներկայացված ցումանմուշներին: Թանգարանում ներկայացված էին նաև հայկական քրիստոնեական ժառանգության ցուցանմուշներ, ինչպես նաև հայկական հնագույն Աստվածաշունչը:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ տպավորված է թանգարանում ներկայացված ցուցանմուշներով և թանգարանին նվիրել Գրիգոր Նարեկացու միջնադարյան նկարազարդ մատյանի կրկնօրինակը:

Այն Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» համաշխարհային ճանաչում ունեցող աղոթագրքի ամենահին օրինակներից է։ Բնագիրը գրվել է 1173 թվականին Կիլիկիայում՝ նշանավոր գրչագիր և նկարիչ Գրիգոր Սկևռացու ձեռքով՝ պատվերով բարձրյալ հայ աստվածաբան Ներսես Լամբրոնացու։ Ձեռագիրը պահպանվում է Մատենադարանում՝ որպես հայ գրավոր և մանրանկարչական արվեստի բացառիկ գլուխգործոցներից մեկը։

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական հարաբերությունների զարգացմանը և հետագա քայլերին վերաբերող հարցեր:

Մտքեր են փոխանակվել այսօր Սպիտակ տանը ՀՀ վարչապետի և ԱՄՆ նախագահի, ինչպես նաև հաջորդիվ Ադրբեջանի նախագահի հետ կայանալիք եռակողմ հանդիպումների շուրջ:

 * * *

Սպիտակ տանը տեղի ունեցած Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպմանը երկու երկրների առաջորդները ստորագրել են Փոխըմբռնման հուշագրեր:

Մասնավորապես, ստորագրվել են.

Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության միջև «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարողությունների զարգացման ոլորտում գործընկերության մասին,

Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության միջև արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին,

Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության միջև էներգետիկ անվտանգության ոլորտում գործընկերության մասին:

Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը քննարկել են նաև Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների հետևողական զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր:

* * *

Սպիտակ տանը կայացած ԱՄՆ նախագահ Դոնալթ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպմանը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ:

Իր խոսքում, վարչապետը նշել է.

«Շնորհակալություն, պարոն նախագահ,
Տիկնայք և պարոնայք,

Այսօր մենք հասել ենք կարևոր հանգրվանի Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում։ Մենք անցյալում ունեցած պատմությունից ավելի լավ պատմություն գրելու համար հիմքեր ենք դնում։ Այս բեկումնային առաջընթացը պարզապես հնարավոր չէր լինի առանց նախագահ Թրամփի անձնական ներգրավվածության և մեր տարածաշրջանում խաղաղության նկատմամբ նրա վճռական հանձնառության։

Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը ճանապարհ կհարթի մեր երկրների միջև տասնամյակներ տևած հակամարտությանը վերջ դնելու համար և կբացի նոր դարաշրջան՝ հիմնված միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ լիակատար հարգանքի վրա։

Այսօրվա հռչակագրերը, որ անձամբ կստորագրի նաև նախագահ Թրամփը և ստորագրման արարողությանը նա անձամբ ներկա կլինի, վստահություն և երաշխիք է տալիս առ այն, որ մենք Հարավային Կովկասում բացում ենք խաղաղության, բարգավաճման, անվտանգության և տնտեսական համագործակցության էջը: Այս համատեքստում թույլ տվեք ընդգծել տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների բացման մասին համաձայնագիրը՝ հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության սկզբունքների վրա: Ես հատկապես ուրախ եմ, որ ԱՄՆ-ի հետ միասին Հայաստանը կաշխատի՝ կյանքի կոչելու TRIPP-ը՝ Թրամփի ուղին՝ խաղաղության և բարեկեցության համար․ կապակցման նախագիծ, որը կապաշրջափակի ողջ տարածաշրջանը: TRIPP-ը կբացի ռազմավարական տնտեսական հնարավորություններ, որոնք կբերեն երկարաժամկետ օգուտներ: Այն կնպաստի ենթակառուցվածքային ներդրումներին, կխթանի տարածաշրջանային կապակցվածությունը և կամրապնդի ԱՄՆ-ի՝ որպես հակամարտությունների լուծման կարևորագույն դերակատարի առաջատարությունը:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Թրամփին և նրա թիմին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների ողջ իրողությունը փոխակերպող այս արդյունքին հասնելու գործում ունեցած միջնորդական դերակատարման համար։ Սա լրջագույն գործարք է, որը մենք կնքեցինք այսօր։ Սա հաջողություն է մեր երկրների և տարածաշրջանի համար։ Եվ հաջողություն աշխարհի համար, քանի որ ավելի խաղաղ տարածաշրջանը նշանակում է ավելի անվտանգ աշխարհ։ Մեկ նախադասությամբ սա կարելի է բնութագրել հետևյալ կերպ. ուժ, որը հանգեցնում է խաղաղության։

Պարոն նախագահ,

Այսօրվա մեծ նվաճումը հերթական անգամ վկայում է Ձեր համաշխարհային առաջնորդության և համաշխարհային ասպարեզում պետական գործչի և խաղաղարարի՝ Ձեր ունեցած պատմական դերակատարման մասին։ Խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է տեսլական, քաղաքական խիզախություն և վճռականություն։ Իսկ ամենակարևորն այն է, որ դա անելու համար անհրաժեշտ է հավատ գործի նկատմամբ։ Ինչպես Սուրբ Աստվածաշնչում է ասվում. «Երանի խաղաղարարներին, որովհետև նրանք կկոչվեն Աստծո որդիներ»։ Թող Աստված լուսավորի այս ճանապարհը։

Շնորհակալություն։

Եվ շնորհավորում եմ բոլորիս, Նախագահ Ալիևին, Ձեզ, Ադրբեջանից գործընկերներին, Հայաստանից, ԱՄՆ-ից գործընկերներին, մեր տարածաշրջանի բոլոր ժողովուրդներին, մեր երկրների ժողովուրդներին, շնորհավորում եմ աշխարհին, որովհետև ինչպես ասացի, սրա արդյունքում միանշանակորեն աշխարհն ավելի լավն է դառնալու»:

* * *

Սպիտակ տանը կայացած Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի համատեղ Հռչակագիրը` Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

← Վերադառնալ