Արտերկրյա այցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ստրասբուրգ

11.03.2026 - 11.03.2026

ևս 80 լուսանկար



Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ստրասբուրգ: ՀՀ վարչապետին օդանավակայանում դիմավորել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Կրիստել Շալդեմոզը:

Այսօր Եվրոպական խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հանդես կգա ելույթով։ Այցի շրջանակում կկայանա նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ։ 

* * *

Ստրասբուրգում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հանդիպումը։

Հանդիպումից առաջ տեղի է ունեցել վարչապետի պաշտոնական դիմավորման արարողությունը, որից հետո Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Եվրոպական խորհրդարանի «Ոսկե գրքում»։

Ռոբերտա Մեցոլան ողջունել է ՀՀ վարչապետի այցը և նշել, որ այսօրվա հանդիպումն ու վարչապետ Փաշինյանի ելույթը կարևոր հնարավորություն են անդրադառնալու Հայաստան–Եվրամիություն հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաև Հայաստանում իրականացվող ժողովրդավարական և ինստիտուցիոնալ բարեփոխումների ընթացքին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը հանձնառու է հետևողականորեն զարգացնելու Եվրամիության հետ փոխգործակցությունը։ Վարչապետը բարձր է գնահատել նաև Հայաստանում իրականացվող բարեփոխումների առաջմղման գործում Եվրամիության շարունակական աջակցությունը։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Եվրամիություն համագործակցության օրակարգային մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին՝ ընդգծելով խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերի կարևորությունը։

* * *

Ռոբերտա Մեցոլա - Բարև ձեզ բոլորիդ, բարի առավոտ։ Ջերմորեն ողջունում եմ հարգելի՛ վարչապետ, հարգելի՛ պարոն Փաշինյան:

Շատ հաճելի է ձեզ կրկին ողջունել մեր ժողովրդավարության տանը։ Շնորհակալ ենք, որ այսօր միացել եք մեզ և անհամբեր սպասում եմ լիագումար նիստում Ձեր ելույթին, որը մի քանի րոպեից կլինի։

Նախ և առաջ ասեմ հետևյալը, երբ Եվրոպան նայում է Հայաստանին, մենք տեսնում ենք ընկեր, բարեկամ, և հույս ունեմ, երբ Հայաստանը նայում է դեպի Եվրոպա, դուք էլ տեսնում եք գործընկերոջ և դաշնակցի։ Ձեր առաջնորդությամբ, հարգելի պարոն վարչապետ, շատ մեծ նվաճումներ են եղել Եվրոպական քաղաքական համայնքի նախորդ հոկտեմբերին՝ Կոպենհագենյան մեր նախորդ ժողովից ի վեր, Եվրոպական Միությունը և Հայաստանը համաձայնեցրեցին ռազմավարական նոր օրակարգ Եվրամիություն-Հայաստան գործընկերության շրջանակում։ Այս քայլը մեր հարաբերություններում կաջակցի ժողովրդավարական բարեփոխումներին, կամրապնդի տնտեսական դիմակայունությունը, կամրապնդի իրավունքի գերիշխանությունը և կխորացնի անվտանգության ոլորտում համագործակցությունը։ Մենք նաև ողջունում ենք այն հանգամանքը, որ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիր է ներկայացվել։ Այս ամենը նպաստում է տարբեր ոլորտներում մեր համագործակցությունն ամրապնդելու Եվրոպայի ընդհանուր նպատակին, և ես շատ վստահ եմ, որ մեր խորհրդարանները կշարունակեն առաջատար դեր ունենալ ձեր երկիրը մեր միությանն ավելի մոտ բերելու հարցում։

Այսպիսով՝ անհամբեր սպասում ենք մեր քննարկումները շարունակելուն, ինչը կլինի հաջորդ շաբաթ Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական գործընկերության հանձնաժողովի նիստի շրջանակում, որին մենք լիահույս սպասում ենք և նույնչափ անհամբեր սպասում ենք Եվրոպական քաղաքական համայնքի ժողովին մասնակցելուն, որի առթիվ ես Երևանում կլինեմ։

Վերջին օրերին Իրանի իրադարձությունների ֆոնին Հայաստանը մարդասիրական կարևորագույն միջանցք է դարձել: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, ինչպես քիչ առաջ արեցի երկկողմ հանդիպման ընթացքում, շնորհակալ եմ, որ օգնել եք Եվրոպայի քաղաքացիների տարհանմանը:

Շնորհակալություն պարոն վարչապետ, խոսքը ձեզ է փոխանցվում:

Նիկոլ Փաշինյան - Պատիվ է ինձ համար հյուրընկալվել այստեղ ձեր կողմից, ինչպես դուք նշեցիք՝ ժողովրդավարության տանը: Մենք ժամանակ առ ժամանակ ժողովրդավարություն տուն վերադառնալու անհրաժեշտություն և կարիք ենք զգում՝ համոզվելու և համեմատելու համար մեր դեմոկրատական բարեփոխումների ժամացույցը դեմոկրատիայի տան ժամացույցների հետ, որպեսզի համոզվենք, որ ժողովրդավարական բարեփոխումների մեր ընթացքը ընթանում է ճիշտ ճանապարհով, ճիշտ արագությամբ և ճիշտ ուղղությամբ:

Եվ իհարկե՝ մեզ համար մեծ պատիվ է, որ մենք ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին ունենք Եվրոպական Միության և Եվրոպական խորհրդարանի աջակցությունը: Այսօրվա իմ ելույթում ես նաև հնարավորություն ունեմ կիսվելու, թե ինչպիսի ընթացք ստացան նախորդ երկուսուկես տարվա ընթացքում այն թեմաները, որոնց մասին նախորդիվ առիթ ունեցել ենք քննարկել: Ամենակարևոր բանը, որ հանդիպման ժամանակ էլ ես ասացի, այն է, որ 2025 թվականին ընդունվեց և ուժի մեջ մտավ «Հայաստանի Հանրապետության Եվրոպական Միությանն անդամագրվելու գործընթաց սկսելու մասին» օրենքը, որը պատմական նոր փուլ է բացում Հայաստանի և Եվրոպական Միության հարաբերություններում, և դա մի նոր խթան է մեզ համար՝ շարունակելու դեմոկրատական ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը։

Դուք արդեն նշեցիք, Հայաստանն ու Եվրոպական Միությունը ընդունեցին ռազմավարական նոր օրակարգը, որը մեր հարաբերությունները բարձրացնում են նոր մակարդակի։ Ներկայումս մենք ակտիվորեն բանակցում ենք վիզաների ազատականացման թեմայով։ Այս ընթացքում Հայաստանի Հանրապետությունը նաև աջակցություն է ստացել եվրոպական խաղաղության գործիքի միջով, Հայաստանում շարունակում են գործունեություն ծավալել Եվրամիության քաղաքացիական դիտորդների առաքելությունը, ում դերը դժվար է գերագնահատել: Ընդհանուր առմամբ՝ բարձր մակարդակի մեր քաղաքական երկխոսությունը շարունակվում է և տեղի է ունեցել և՛ գործադիր իշխանության, և՛ օրենսդիր իշխանության, և՛ քաղաքացիական հասարակությունների մակարդակում, և ուրախ եմ արձանագրել նաև, որ մենք տնտեսական գործակցության բավականին մեծ օրակարգ ունենք:

Կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այս հրավերի և հնարավորության համար և անհամբեր սպասում եմ ձեզ Երևանում մայիսի սկզբին՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին մասնակցելու համար։

Հարց – Տիկին Մեցոլա, իմ հարցը Ձեզ է ուղղված: Հաշվի առնելով Եվրոպական խորհրդարանի շարունակվող աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը՝ արդյոք Եվրոպական խորհրդարանը նախատեսում է որևէ հնարավորություն՝ ընդլայնելու տեղում իր ներկայությունը, երկրում իր ներկայությունը, որպեսզի խորացնի հարաբերությունները բոլոր քաղաքական կուսակցությունների հետ և աջակցի ներառական երկխոսությանը բոլոր կուսակցությունների հետ: Շնորհակալություն:

Ռոբերտա Մեցոլա - Շատ շնորհակալություն այս հարցի համար: Նախ և առաջ, և իմ խոսքում, և վարչապետն էլ իր խոսքում, կարծում եմ՝ տեսաք, ընդհանրությունն այն է, որ շատ ուժեղ հանձնառություն կա խորացնելու կապերը Եվրոպական Միության հետ: Մենք ողջունում ենք Հայաստանի հաստատուն հանձնառությունը խորհրդարանների միջև: Մեր պարագայում կա քաղաքական երկխոսություն, բայց ավելին՝ նաև անվտանգության, առևտրի, տարածաշրջանային կապակցվածության ոլորտներում: Մենք իսկապես ուզում ենք խորացնել մեր համագործակցությունը և մենք այս կառույցում տարիներ շարունակ ասում ենք: Հայաստանի հետ մեր հարաբերություններն էապես ավելացել են, մեր հայ բարեկամների վերջին ամիսների հանձնառությանը համահունչ՝ մենք շարունակելու ենք խորացնել մեր հարաբերությունները: Ահա, թե ինչու էինք ուզում վարչապետին հրավիրել այսօր այստեղ, սա ընդամենն առաջին քայլն է այս մեր մանդատի շրջանակում: Մյուս շաբաթ Եվրոպա-Հայաստան խորհրդարանական գործընկերության հանձնաժողովի նիստը տեղի կունենա, Եվրոպական քաղաքական համայնքի ժողովից զատ նաև Եվրամիություն-Հայաստան պատմության մեջ առաջին գագաթնաժողովը տեղի կունենա մայիսին:

Ինչ վերաբերում է տեղում մեր ներկայությանը՝ այս որոշումները մենք կայացնում ենք Եվրոպական խորհրդարանի բյուրոյում: Մի քանի ամիս առաջ մենք որոշում կայացրեցինք Մոլդովայում գրասենյակ բացել, անցյալ նոյեմբերին, որը պետք է ամբողջ Արևելյան գործընկերության տարածաշրջանով զբաղվի, այդ թվում՝ նաև Հայաստանը ընդգրկի: Մենք այս առումով հաստատում ենք մեր լիարժեք հանձնառությունն Արևելյան գործընկերության մեր բոլոր բարեկամներին։

Հարց - Բարի առավոտ, պարոն վարչապետ: Ինչ վերաբերում է ընթացիկ կապերին Եվրոպական Միության հետ, կարո՞ղ եք, խնդրում եմ, ընդգծել հաջորդ քայլը, ո՞րն է և ի՞նչ հնարավոր ժամկետ կա Եվրամիություն-Հայաստան ինտեգրման գործընթացում: Եվ հաշվի առնելով ներկայիս իրավիճակը՝ անվտանգության իրավիճակը տարածաշրջանում, արդյոք Հայաստանը նախատեսում է խորացնել իր համագործակցությունը Եվրոպայի հետ պաշտպանության ոլորտում, այդ թվում՝ օրինակ, «Սեյֆ» ծրագրի նման ծրագրերի մեջ մասնակցությամբ: Արդյոք քննարկում եք եվրոպական որևէ գործընկերների հետ ներկայումս անվտանգության ոլորտում աջակցությունը Հայաստանին ավելացնելու հեռանկարը տարածաշրջանում։ Շնորհակալ եմ:

Նիկոլ Փաշինյան – Գիտեք, մենք անվտանգության ոլորտում արդեն իսկ համագործակցում ենք Եվրամիության երկրների հետ: Մենք ռազմատեխնիկական ոլորտում համագործակցություն ունենք Ֆրանսիայի հետ, արդեն նշեցի, որ Եվրամիության խաղաղության գործիքի միջոցով մենք արդեն երկու անգամ աջակցություն ենք ստացել Եվրոպական Միությունից: Մենք, ընդհանուր առմամբ, համագործակցում ենք Եվրամիության հետ տարածաշրջանային համատեքստում, և վերջերս Ադրբեջանի հետ հաստատված խաղաղությունը մեզ համար հնարավորություն է ստեղծում, որպեսզի մենք Եվրամիության հետ մեր համագործակցությունը, այդ թվում՝ ենթակառուցվածքային ծրագրերում ընդլայնենք։

Ես Ձեր հարցին ի պատասխան մի այսպիսի նրբություն եմ ուզում նշել, որի մասին վերջերս շատ խոսում եմ նաև Հայաստանի Հանրապետության ներսում։ Ընդհանրապես, գիտեք, անվտանգություն ասելով շատ հաճախ հասկանում են զենք, զինամթերք, բանակ, հատուկ ծառայություններ, օպերատիվ գործողություններ և այլն, և մենք շատ երկար, 30 տարի այդ ընկալման մեջ ենք եղել։ Հիմնական խնդիրը, որը ես տեսնում եմ, և հիմնական ընկալման փոփոխությունը, որը ես տեսնում եմ, հետևյալն է, որ Հայաստանում էլ շատ խոսում են, խոսվում է անվտանգության երաշխիքների մասին։ Ինձ համար հիմա ակնհայտ է, որ անվտանգության միակ երաշխիքը խաղաղությունն է: Չկա ավելի հուսալի անվտանգության երաշխիք, քան խաղաղությունը: Երկրորդ շերտի անվտանգության երաշխիքը համագործակցությունն է, փոխկապվածությունը, տնտեսական համագործակցությունը և փոխշահավետությունը, որովհետև, իհարկե, մենք շատ լայնորեն, արդեն ասացի, վերջերս մենք նաև ռազմատեխնիկական համագործակցություն ունենք նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, եվրոպական մի շարք երկրների հետ, որը նախկինում երբեք չենք ունեցել, բայց, այնուամենայնիվ, հասկանալով, որ բանակի զարգացումը շատ կարևոր է և յուրաքանչյուր ինքնիշխան երկրի ոչ միայն իրավունքն է, այլև պարտականությունն է, անվտանգության մեր ընկալումները փոխվում են ժամանակի հետ, ավելի շատ ռազմականից դառնալով քաղաքական և դիվանագիտական: Եվ ես կարծում եմ, որ մենք ավելի շատ պետք է շեշտը դնենք այս տրամաբանության վրա։ Հայաստանի ներսում էլ, ես այս մասին խոսելիս ասում եմ՝ բանակը մեզ համար անվտանգության ոչ թե գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է, երբ որ հանկարծ որևէ պայմաններում իմ ասած խաղաղության առաջնային գործիքները հանկարծ չաշխատեն՝ խաղաղությունը, համագործակցությունը, փոխգործակցությունը և այդպես շարունակ։

* * *

Եվրոպական խորհրդարանի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ,

Ինձ համար պատիվ է Ձեզ պատմել, որ այս ամբիոնից իմ ունեցած նախորդ ելույթից ի վեր, որը 2023 թվականի հոկտեմբերի 17–ին էր, Հայաստանում եւ ընդհանրապես Հարավային Կովկասում այնպիսի փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք հարյուրամյա նշանակություն ունեն, եթե չասեմ հազարամյա։

Իսկ իմ նախորդ ելույթից անցել է ընդամենը երկու տարի հինգ ամիս։

Ամենահիշարժան փոփոխությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղությունն է, որն արձանագրվեց 2025 թվականի օգոստոսի 8–ին՝ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում, երբ Սպիտակ տանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ ես ստորագրեցինք համատեղ Հռչակագիր, որով, ըստ էության, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն հաստատեցինք։

Հռչակագիրը, որպես վկա, ստորագրեց նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Մինչ այդ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները ԱՄՆ նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ իմ ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն եւ միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիրը»։

Վաշինգտոնի հռչակագրում լուծում ստացավ նաեւ տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման այնքան կարեւոր եւ այնքան զգայուն հարցը։

Հռչակագրի 3–րդ կետում, ըստ այդմ, արձանագրված է (մեջբերում եմ). «Մենք վերահաստատեցինք ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա, տարածաշրջանում ու նրա հարևանությամբ խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը խթանելու նպատակով։ Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով» (մեջբերման ավարտ)։

Իսկ արդեն Հռչակագրի 4–րդ կետում նշվում է (մեջբերում եմ)․ «Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։ Մենք հաստատում ենք մեր վճռականությունը բարեխղճորեն ձեռնարկելու բոլոր միջոցները՝ սույն նպատակին հնարավորինս արագ կերպով հասնելու համար» (մեջբերման ավարտ)։

TRIPP ծրագիրը ներկայումս բյուրեղացման փուլում է։ Հունվարի 13–ին ԱՄՆ–ի եւ Հայաստանի կառավարություններն ընդունեցին TRIPP-ի իրականացման շրջանակը և առաջիկայում Հայաստանն ու ԱՄՆ–ն կստորագրեն համապատասխան համաձայնագիր եւ նախագծի գործնական մեկնարկը կտրվի։

Հայաստանի Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծից բխող այս ծրագիրը տրանսպորտային նոր հնարավորություններ կստեղծի արեւելքից արեւմուտք եւ հակառակ ուղղությամբ, հարավից հյուսիս եւ հակառակ ուղղությամբ հաղորդակցության համար, ինչը նույնպես դարակազմիկ փոփոխություն է։ Կարեւոր է ընդգծել, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին առաջին անգամ խոսել եմ հենց 2023 թվականի հոկտեմբերի 17–ին Եվրոպական խորհրդարանի այս ամբիոնից եւ վերը նկարագրված զարգացումները նոր հնարավորություններ են բացում Եվրոպական Միության ու Հայաստանի համար՝ տրանսպորտային հաղորդակցության ոլորտում համագործակցությունը խորացնելու եւ կոնկրետացնելու տեսակետից։

Եվրոպական խորհրդարանի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ,

Իմ ներկայացրած դրական պատկերն, անշուշտ, մթագնվում է այն իրադարձություններով, որ տեղի են ունենում հենց մեր հարեւանությամբ, Իրանի Իսլամական Հանրապետությունում եւ մերձավորարեւելյան մի շարք երկրներում։ Իրանը մեր լավ բարեկամն է, մեր հազարամյա հարեւանը։ Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերությունների ծավալը արդեն տեսաք։ Արաբական Միացյալ Էմիրությունները, Քաթարը, Օմանը, Քուվեյթը, Հորդանանը, Լիբանանը, Բահրեյնը, Սիրիան մեր լավ գործընկերներն են։ Սաուդյան Արաբիայի հետ վերջերս պատմական քայլ ենք արել, դիվանագիտական հարաբերություններ ենք հաստատել։ Մենք ցավ ենք ապրում՝ տեսնելով այն, ինչ կատարվում է Մերձավոր Արեւելքում։ Միջազգային այսպիսի մասշտաբի ճգնաժամի ֆոնին, առավել եւս՝ մենք փոքր, համեստ պետություն ենք, եւ մեզ մնում է միայն աղոթել բոլոր զոհերի հոգիների հանգստության եւ գործընկեր առաջնորդների իմաստնության համար, որ նրանք րոպե առաջ գտնեն դիվանագիտական լուծումներ։

Հարգելի ներկաներ, հարգելի պատգամավորներ, Եվրոպական խորհրդարանի մեծարգո նախագահ,

Արդեն 8 ամիս Հայաստան–Ադրբեջան սահմանին լիարժեք խաղաղություն է հաստատված։ 2025 թվականը մեր անկախությունից, այսինքն՝ 1991 թվականից ի վեր դարձավ առաջին օրացուցային տարին, երբ Հայաստան–Ադրբեջան հրաձգության հետեւանքով ոչ զոհ է եղել, ոչ վիրավոր։ Արդեն ամիսներ, սահմանամերձ բնակավայրի բնակիչները կրակոցների ձայներ չեն լսում։

Ավելին, անկախությունից ի վեր առաջին անգամ 2025 թվականի նոյեմբերին Ադրբեջանի տարածքով, անցնելով նաեւ Վրաստանի միջով, գնացք եկավ Հայաստանի Հանրապետություն։ Սա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ 2025 թվականի հոկտեմբերին Ադրբեջանի նախագահը հայտարարեց, թե վերացնում է Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան երկաթուղային փոխադրումների սահմանափակումները, եւ ես Ադրբեջանի նախագահին շնորհակալ եմ նման որոշման համար։

Մենք էլ մեր հերթին հայտարարել ենք, թե պատրաստ ենք հենց այսօր ապահովել տարանցումն Ադրբեջանից դեպի Թուրքիա եւ հակառակ ուղղությամբ, որովհետեւ սա կարող ենք անել այս պահին մեր գործող ճանապարհներով։ Ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան այս հնարավորությունից դեռ չեն օգտվել։

Ենթադրում եմ նաև այն պատճառով, որ մտածում են, թե նման լուծումը գուցե բերի TRIPP նախագծի իրագործման ձգձգման։ Այս ամբիոնից պաշտոնապես հայտարարում եմ, որ Հայաստանը TRIPP նախագծի իրագործումը ձգձգելու ոչ միայն մտադրություն, այլեւ պատճառ չունի, որովհետեւ նախագիծը լիարժեք համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ շահերին, եւ ինչպես տեսաք վերոհիշյալ մեջբերումից, որեւէ կերպ չի նսեմացնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, իրավազորությունը։

Հիմա ուզում եմ ասել նաեւ, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է հենց այսօր գործող ենթակառուցվածքներով՝ Կոռնիձոր–Գորիս–Եղեգնաձոր–Երասխ երթուղիով ապահովել Ադրբեջանի Արեւմտյան շրջանների եւ Նախջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ ավտոմոբիլային կապը։

Այս մեր առաջարկը նպատակ չունի որեւէ կերպ ձգձգել, խափանել, մոռացության մատնել Վաշինգտոնի պայմանավորվածությունները, եւ ես սա ասում եմ պաշտոնապես։ Մենք այս առաջարկն անում ենք, որովհետեւ ինքներս ենք, ինչպես վերը նշեցի, մի փոքր այլընտրանքային տարբերակով օգտվում Ադրբեջանի երկաթուղուց։ Ինչպես Ադրբեջանն է սպասում Հայաստանի տարածքով դեպի Նախջեւան կապի հաստատմանը, այնպես էլ մենք ենք սպասում Նախջեւանի տարածքով Հայաստանի հարավի եւ հյուսիսի միջեւ երկաթուղային կապի հաստատմանը․ երկաթուղային այս երթուղին Հայաստանի համար այլընտրանք չունի, որովհետև մեր երկրի լեռնային ռելիեֆը թույլ չի տալիս այլ կերպ երկաթուղային կապ ունենալ երկրի հարավի եւ հյուսիսի միջեւ։ Ինչպես տեսնում եք, Հայաստանի եւ Ադրբեջանի սպասումները այս առումով չեն հակասում իրար։

Ասեմ նաև, մենք պատրաստվում ենք Վրաստան–Ադրբեջան երկաթուղին օգտագործել նաեւ արտահանումնեւր իրականացնելու համար։ Հույս ունեմ առաջիկայում Հայաստանի համար արտահանման հասցե կդառնա նաեւ Ադրբեջանը։ Իսկ Հայաստանն Ադրբեջանից արդեն ներկրում է նավթամթերք, ինչը մեր շուկայում նավթամթերքի գների նվազման առիթ դարձավ եւ կոտրեց նավթամթերքի շուկայում տասնամյակներով հաստատված մենաշնորհները։

Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաեւ Վրաստանի վարչապետին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկաթուղային հաղորդակցությանը եւ ընդհանրապես խաղաղության գործընթացին աջակցելու համար։

Հարգելի ներկաներ,

Հատկապես միջազգային հարթակներում ինձ շատ են հարցնում, թե ինչո՞ւ, ինչո՞ւ այնուամենայնիվ, 2025 թվականին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությունը հնարավոր դարձավ, իսկ նախկինում այն հասանելի չէր, ինչն է դրա պատճառը, ինչը փոխվեց այնուամենայնիվ։

Նախ՝ իհարկե էական եւ շրջադարձային էր Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի անձնական ներգրավվածությունն ու նախաձեռնությունը։

Երկրորդ գործոնը, որ հնարավոր դարձրեց խաղաղությունը, Հայաստանի եւ Ադրբեջանի վերջին առնվազն 100 տարվա պատմության փոխկապվածության գիտակցումն էր։ 1918 թվականին Հայաստանը և Ադրբեջանն անկախացել են նույն օրը։ Երկու տարի անց, 1920 թվականին, անկախությունը կորցրել են ամիսների տարբերությամբ։

1991 թվականին Հայաստանն ու Ադրբեջանը անկախացել են էլի ամիսների տարբերությամբ, կամ նույնիսկ կարելի է ասել նույն օրը, երբ Ալմա-Աթայի հռչակագրով արձանագրվեց Խորհրդային Միության գոյության ավարտը։

1920 թվականին հայ–ադրբեջանական բախումներն այն առանցքային գործոնն էին, որոնք երկու երկրներին հնարավորություն չտվեցին պահպանել անկախությունն ու զարգացնել այն։

Հիմա՝ մեկ դար անց, մենք ապրում ենք նույնքան բարդ տարածաշրջանում եւ աշխարհաքաղաքական հեղեղները, ինչպես 20–րդ դարասկզբին, այնպես էլ հիմա, չեն խնայի մեզ, եթե ինքներս մեր մասին հոգ չտանենք, որովհետեւ հակամարտությունը, թշնամանքը այն վիրուսն են, որը կուրացնում է մեզ, խոցելի է դարձնում մեր անկախությունն ու պետականությունը, մեզ գայթակղիչ թիրախ է դարձնում աշխարհաքաղաքական մահացու հիվանդությունների համար։ Եվ ուրեմն՝ մեր ճակատագրերի ռազմավարական փոխկապվածության գիտակցումն է այն մյուս էական գործոնը, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։

Տարընթերցումների տեղ չտալու համար ընդգծեմ, որ սա իմ անձնական կարծիքն է եւ իմ անձնական համոզմամբ՝ 2024 թվականի մարտ–ապրիլ ամիսներին մենք հասել էինք Հայաստանի պետականության եզրին ու եթե 2024 թվականի ապրիլին մենք չկայացնեինք Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը մեկնարկելու որոշում, Հայաստանի Հանրապետությունն այսօր կլիներ ոչ թե անկախ պետություն, այլ առավելագույնը՝ արտաքին կառավարման ներքո գտնվող տարածք։

Ընդ որում, սահմանազատման 2024 թվականի ապրիլի այդ որոշումը կայացնելը շատ դժվար էր։ Մեր եկեղեցու փաստացի պետի քաջալերմամբ արքեպիսկոպոսներից մեկը Հայաստանում շարժում էր սկսել պահանջելու համար ոչ միայն չիրականացնել սահմանազատում, այլեւ ըստ էության, ակտիվացնել Ղարաբաղյան շարժումը, ասել է թե՝ կոնֆլիկտը։

Տասնյակ հազար քաղաքացիներ՝ տրվելով բարձրաստիճան հոգեւորականների եւ նրանց աջակից ընդդիմադիր ուժերի կողմից իրականացվող ապատեղեկատվության արշավին, ովքեր պնդում էին, թե Հայաստանի Կառավարությունը պատրաստվում է Հայաստանի ինքնիշխան տարածքներ եւ դրանցում գտնվող հնամյա եկեղեցիներ ու բնակավայրեր զիջել Ադրբեջանին, դուրս էին եկել փողոց։

Դուք կարող եք պատկերացնել, թե ինչ էր դա նշանակում 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությամբ իշխանության հասած մեր Կառավարության ու քաղաքական թիմի համար։

Իսկ ինչպե՞ս մենք լուծեցինք խնդիրը։

Մենք խոսեցինք մեր գործատուի՝ ժողովրդի հետ։ Եվ հիմա, Տավուշի մարզի Կիրանց գյուղը, որը եկեղեցական-ընդդիմադիր շարժման առաջնորդներն իրենց սիմվոլն էին դարձրել, մարդկանց համոզելով, թե գյուղը դատարկվելու է ու լքվելու, սահմանազատումից հետո տների մոտ 50 տոկոս աճ է ունեցել Կառավարության աջակցությամբ եւ այսօր բացարձակապես խաղաղ, անվտանգ ու գունագեղ բնակավայր է։ Իսկ հնամյա եկեղեցիները վերականգնվում են կամ նորոգվում։

Անձամբ ես, քաղաքացիների խմբերի այցելություններ, շրջագայություններ եմ կազմակերպում Տավուշի մարզի Կիրանց գյուղ՝ մարդկանց ցույց տալու, թե ինչ նկատի ունենք խաղաղություն ասելով, ինչ նկատի ունեմ Իրական Հայաստան ասելով, որի սիմվոլը՝ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի պատկերը, կրում եմ կրծքիս։

Սա նաեւ խաղաղության սիմվոլն է, որովհետեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղություն ենք հաստատել միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, քաղաքական անկախությունը ճանաչելով 1991 թվականի դեկտեմբերի 21–ի Ալմա-Աթայի Հռչակագրի հիման վրա, համաձայն որի՝ Խորհրդային Ադրբեջանը դարձել է անկախ Ադրբեջան, Խորհրդային Հայաստանը դարձել է անկախ Հայաստան, եւ սա անկախ Հայաստանի տարածքի քարտեզի ուրվագիծն է։

Խաղաղության դեմ տարվող այս պրոցեսում որոշ հոգեւորականների ներգրավվածության թեմային չէի անդրադառնա, եթե չտեսնեի, թե ինչպես են այդ հոգեւորականների էմիսարները եւ նրանց հետ փոխկապակցված որոշ լոբբիստական կազմակերպությունների ներկայացուցիչներ Եվրոպական խորհրդարանում եւ միջազգային հեղինակավոր այլ կառույցներում փորձումն տարածել, թե Հայաստանի Կառավարությունը սահմանափակում է խղճի ազատությունը, թե Հայաստանում բռնապետություն է հաստատվում, թե Հայաստանում կան քաղբանտարկյալներ։

Իրականությունն այն է, որ որոշ հոգեւորականներ, ովքեր ցինիկ կերպով խախտել են հոգեւոր բարեվարքության բոլոր կանոնները, այդպիսով՝ իրենք իրենց խոցելի դարձրել օտարերկրյա հատուկ ծառայությունների համար (ի դեպ՝ նրանցից ոմանց ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ լինելու փաստը ապացուցվում է փաստաթղթերով), ահա այդ հոգեւորականները Հայաստանի Հանրապետությունում ստանձնել են պատերազմի կուսակցության առաջնորդությունը՝ իրենց շուրջ հավաքելով Հայաստանի նախկին ղեկավարներին, նրանց հետ կապված որոշ ուժերի, որոշ ռուսաստանաբնակ եւ բելոռուսամետ օլիգարխների, եւ փորձում են Հայաստանի անկախությունը զոհաբերել երրորդ երկրների շահերին։

Մենք նոր հակամարտություն, նոր պատերազմ թույլ չենք տալու, մենք թույլ չենք տալու, որ հազարավոր զոհերի գնով ձեռքբերված գիտակցությունը, խաղաղությունն ու անկախությունը մատաղ արվի հակաքրիստոնեական նպատակների համար։ Մեր՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատարագի տեքստում ավելի քան 40 անգամ հիշատակվում է խաղաղություն բառը, ու դա ոչ միայն մարդու, ոչ միայն հոգու, այլեւ համաշխարհային խաղաղության մասին է, որի մասին մեր պատարագի կանոնական տեքստում տասնյակ աղաչանքներ կան, մեր տեր եւ փրկիչ Հիսուս Քրիստոսին, իսկ այսօր ոմանք Քրիստոսի խորանը օգտագործում են հակամարտություն, պատերազմ եւ/կամ ներհայաստանյան բռնություն քարոզելու համար՝ հատելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության սահմանները։ Սա չի կարող հանդուրժվել որեւէ ժողովրդավարական երկրում։

Եվրոպական խորհրդարանի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, հարգելի ներկաներ,

Մեր կարեւոր խնդիրներից է նաեւ այն, որ փախստական դարձած ղարաբաղցի մեր քույրերի եւ եղբայրների էմոցիաները չշահարկվեն՝ նրանց սին հույսեր տալով։

Մեր ռազմավարությունն այս հարցում շատ հստակ է․ ղարաբաղցի մեր քույրերն ու եղբայրները պետք է ստանան ՀՀ քաղաքացիություն եւ առհավետ տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում։ Մենք արդեն սկսել ենք նրանց բնակավորման ծրագիրը, որի շահառու են դարձել 4886 ընտանիքներ՝ այս պահի դրությամբ։ Մենք մեր միջազգային գործընկերների հնարավորինս մեծ աջակցության կարիքն ունենք խաղաղության ամրապնդմանն ուղղված այս խնդիրը լուծելու համար։

Հարգելի ներկաներ,

Մեզ քննադատում են հաճախ, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղությունը կատարյալ չէ, բայց խնդրում եմ ասեք, իսկ որտե՞ղ է խաղաղությունը կատարյալ, որտե՞ղ կա կատարյալ խաղաղություն եւ որտե՞ղ է եղել ու երբ։

Եվ ընդհակառակը, խաղաղության նկատմամբ խնամք տանելու կամքն է, որ այն կատարյալին հնարավորինս մոտ դարձնելու տարբերակներ է ստեղծում եւ մենք այսպես ենք մոտենում բոլոր հարցերի, ներառյալ Ադրբեջանում անազատության մեջ պահվող մեր հայրենակիցների խնդիրին։ Վերջերս Ադրբեջանը մեր եւս չորս հայրենակիցների ազատ արձակեց։

Հայ հանրությունը, մենք բոլորս երջանկություն ապրեցինք այդ առիթով։ Բայց Կառավարությունը շատ արագ վերադարձավ լուռ դիվանագիտական աշխատանքը շարունակելուն՝ հանուն մյուսների վերադարձի, որովհետեւ համոզված եմ, եթե նախորդիվ լուռ դիվանագիտական աշխատանքի ոճը չընտրեինք, հունվարի 14–ին մեր չորս հայրենակիցների վերադարձը տեղի չէր ունենա պարզապես։

Եվրոպական խորհրդարանի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, հարգելի ներկաներ,

Հաջորդ անհավանական փոփոխությունը, որ Հայաստանում տեղի է ունեցել իմ նախորդ ելույթից ի վեր՝ այն է, որ 2025 թվականի մարտին մեր երկրում ընդունվեց «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը, որն ուժի մեջ մտավ 2025 թվականի ապրիլին։

Սա քաղաքական բյուրեղացումն է 2023 թվականի հոկտեմբերի 17–ին այս ամբիոնից իմ արած այն հայտարարության, թե Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է առավել մոտ լինել Եվրամիությանը, այնքան, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի:

Հիմա այդ օրենքի ընդունումից հետո շատերն են Հայաստանում հարցնում, թե երբ Հայաստանը կդառնա Եվրոպական միության անդամ։ Մեր պատասխանը հստակ է․ որեւէ երկիր առանց Եվրոպական միության չափանիշներին համապատասխանելու չի կարող դառնալ ԵՄ անդամ։ Հետեւաբար՝ մեր խնդիրն է, եվրոպացի մեր գործընկերների աջակցությամբ շարունակել բարեփոխումների ճանապարհը եւ նախ օբյեկտիվորեն համապատասխանել ԵՄ անդամագրման չափանիշներին։

Երբ սա տեղի ունենա, կա երկու ճանապարհ․ կամ ԵՄ–ն մեզ կընդունի՝ որպես լիիրավ անդամ, կամ չի ընդունի։ Այսպես ասում եմ, որովհետեւ հասկանում եմ, որ ԵՄ ընդլայնումը, նոր անդամի ներգրավումը պարզ հարց չէ, ու նաեւ քաղաքական որոշման խնդիր է։

Հետեւաբար, եթե ԵՄ–ն Հայաստանը կընդունի որպես լիիրավ անդամ, շատ լավ է։ Եթե չի ընդունի, մենք էլի կշահենք, որովհետեւ կլինենք ԵՄ ստանդարտներին լիարժեք համապատասխանող երկիր։

Պիտի անկեղծ ասեմ, սակայն, որ ԵՄ–ին Հայաստանի ինտեգրվելու ճանապարհին այս պահին ամենամեծ խնդիրը Եվրոպական Միության եւ Վրաստանի միջեւ քաղաքական երկխոսության սառեցված վիճակն է։ Վրաստանը մեզ համար ճանապարհ է դեպի Եվրոպական Միություն, եւ մենք Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքն ընդունեցինք այն բանից հետո, երբ Վրաստանը ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստացավ։ Սա Հայաստանի ԵՄ անդամագրման հեռանկարը դարձրեց շոշափելի եւ մեր ակնկալիքն ու խնդրանքն է, որ Եվրոպական Միություն–Վրաստան կառուցողական գործընթացը զարգանա։ Դա կարեւոր է Հայաստանի համար, նույնքան կարեւոր, որքան Վրաստանի համար։

Եվրոպական խորհրդարանի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, հարգելի ներկաներ,

2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած Ժողովրդական ոչ բռնի, թավշյա, հեղափոխությունը տեղի ունեցավ ազատության, ժողովրդավարության, իրավունքների գերակայության ըմբռնումների հիման վրա։ Մենք մեր ժողովրդավարության կենսունակ ու զարգացող վիճակը պահեցինք պատերազմի պայմաններում նույնիսկ, բայց հասկացանք նաեւ, որ խաղաղությունն է, որ ժողովրդավարությունն անշրջելի դարձնելու ճանապարհ է բացում։ Իրականում մենք խաղաղության հասել ենք ժողովրդավարության շնորհիվ, ժողովրդավարական արժեքներին մեր նվիրվածության շնորհիվ, որովհետեւ Հայաստանին պարտադրված մտածողության կաղապարները կարողացանք հաղթահարել՝ ականջալուր լինելով ժողովրդին, իրական, ապրող, կյանքի եւ խաղաղության փափագ ունեցող մարդկանց։

2026 թվականի հունիսի 7–ին Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունենալու հերթական խորհրդարանական ընտրություններ եւ այդ ընտրություններով մեր ժողովրդավարությունը պետք է խաղաղությունը դարձնի անշրջելի, ապա եւ խաղաղությամբ՝ ժողովրդավարությունը կդառնա անշրջելի։ Մենք գնում ենք այս ճանապարհով եւ ես սա ասում եմ՝ որպես Հայաստանի Հանրապետության ժողովրդի լեգիտիմ ներկայացուցիչ։

Եվ ուրեմն՝ կեցցե՛ խաղաղությունը, կեցցե՛ ժողովրդավարությունը։ Շնորհակալ եմ ձեր ուշադրության համար:

* * *

Ստրասբուրգում՝ Եվրոպական խորհրդարանի վարչական շենքի հարակից տարածքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի ներկայությամբ բացվել է Հայոց այբուբենի հուշարձանը։

«Արմատագիր - երկխոսության ուժը» խորագրով արձանը տեղադրվել է Հայաստանի Հանրապետության կողմից ի նշան երախտագիտության՝ Եվրոպական խորհրդարանի շարունակական և անվերապահ աջակցության համար։ Այս քանդակը բաղկացած է Հայոց այբուբենի տառերից:

Ռոբերտա Մեցոլան իր խոսքում նշել է, որ երկխոսությունը ժողովրդավարության անկյունաքարն է, այն մեզ միավորում է և առաջ է շարժում: «Ի վերջո, այդպիսին է Եվրոպայի խորհրդարանը իր էությամբ՝ երկխոսության կառուցում միմյանց հետ, քաղաքացիների հետ և մեզ շրջապատող աշխարհի հետ։ Եվ այս գեղեցիկ գործով՝ Հայոց այբուբենի այս պատկերմամբ, հայերենն իր տեղն է ամրապնդում այն հարուստ և բազմազան երկխոսության մեջ, որը կոչվում է Եվրոպա», - ասել է Ռոբերտա Մեցոլան և մեջբերել հայ բանաստեղծ Սիլվա Կապուտիկյանին. «Ուր էլ լինես, այս լուսնի տակ ուր էլ գնաս, քո մայր լեզուն չմոռանաս»:

Վարչապետ Փաշինյանն իր խոսքում նշել է, որ Հայոց այբուբենի գյուտը տեղի է ունեցել դեռևս 5-րդ դարում և հայկական ինքնության կարևորագույն հիմնասյուներից է։ «Եվ շատ խորհրդանշական է այն փաստը, որ այս քանդակը կընդգծի կարևոր կապը հայկական ինքնության և եվրոպական ինքնության միջև։ Ես կարծում եմ, որ խոսքը, գիտելիքը, տեքստը ժողովրդավարության կարևորագույն և ուժեղագույն խորհրդանիշներից է, քանի որ հնարավոր չէ ունենալ ժողովրդավարություն առանց տեքստի, առանց շփումների, առանց գրի, առանց ելույթների, առանց խոսքի, առանց օրենքների», - ասել է վարչապետը:

← Վերադառնալ