Արտերկրյա այցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ղրղզստանի Հանրապետություն
1670x1113px - 684 Կբ
1670x1113px - 543 Կբ
1670x1113px - 620 Կբ
1670x1113px - 549 Կբ
1670x1113px - 697 Կբ
1670x1113px - 683 Կբ
1670x1113px - 726 Կբ
1670x1113px - 536 Կբ
1670x1113px - 786 Կբ
1670x1113px - 818 Կբ
1670x1113px - 883 Կբ
1670x1113px - 1 Մբ
1670x1113px - 792 Կբ
1670x1113px - 1 Մբ
1670x1113px - 505 Կբ
1670x1113px - 805 Կբ
1670x1113px - 710 Կբ
1670x1113px - 658 Կբ
1670x1113px - 505 Կբ
1670x1113px - 541 Կբ
1670x1113px - 517 Կբ
1670x1113px - 601 Կբ
1670x1113px - 644 Կբ
1670x1113px - 699 Կբ
1670x1113px - 557 Կբ
1670x1113px - 553 Կբ
1670x1113px - 659 Կբ
1670x1113px - 482 Կբ
1670x1113px - 1 Մբ
1670x1113px - 1 Մբ
1670x1113px - 1 Մբ
1670x1113px - 973 Կբ
1670x1113px - 694 Կբ
1670x1113px - 1016 Կբ
1670x1113px - 670 Կբ
1670x1113px - 713 Կբ
1670x1113px - 1 Մբ
1670x1113px - 1 Մբ
1670x1113px - 643 Կբ
1670x1113px - 597 Կբ
1670x1113px - 761 Կբ
1670x1113px - 739 Կբ
1670x1113px - 705 Կբ
900x1600px - 254 Կբ
1670x1113px - 420 Կբ
1670x1113px - 504 Կբ
1670x1113px - 418 Կբ
1670x1113px - 727 Կբ
1670x1113px - 499 Կբ
1670x1113px - 463 Կբ
1670x1113px - 481 Կբ
1670x1113px - 489 Կբ
1670x1113px - 496 Կբ
1670x1113px - 517 Կբ
1670x1113px - 1 Մբ
1670x1113px - 601 Կբ
1670x1113px - 751 Կբ
1670x1113px - 1 Մբ
1670x1113px - 774 Կբ
1670x1113px - 820 Կբ
1670x1113px - 911 Կբ
1670x1113px - 580 Կբ
1670x1113px - 556 Կբ
4284x5712px - 3 Մբ
1670x1113px - 566 Կբ
1670x1113px - 568 Կբ
1670x1113px - 1009 Կբ
1113x1670px - 756 Կբ
1670x1113px - 896 Կբ
1670x1113px - 912 Կբ
1670x1113px - 953 Կբ
ևս 68 լուսանկար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն:
Բիշքեկի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Ղրղզստանի նախարարների կաբինետի նախագահի առաջին տեղակալ Դանիյար Ամանգելդիևը:
Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին:
Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ:
* * *
Բիշքեկում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ:
Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստան-Հնդկաստան հարաբերությունների զարգացման փաստը և կարևորել փոխգործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ համատեղ քայլերի իրականացումը:
Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին շեշտել են, որ Հայաստան-Հնդկաստան բարեկամությունը միշտ ամուր է եղել և պատրաստակամություն հայտնել շարունակելու ջանքերը՝ այն էլ ավելի խորացնելու նպատակով:
Զրուցակիցները քննարկել են տնտեսության, տեխնոլոգիաների, առողջապահության ու դեղագործության, կրթության, ենթակառուցվածքների, ներդրումների և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:
Ընդգծվել է, որ բարձր մակարդակի փոխադարձ այցելությունների հետագա կազմակերպումը կօժանդակի գործընկերության խորացմանն ու համատեղ նոր ծրագրերի իրականացմանը:
Վարչապետ Փաշինյանը վերահաստատել է Հնդկաստանի վարչապետին հարմար ժամանակահատվածում Հայաստան այցելելու հրավերը և պատրաստակամություն հայտել նույնպես պատեհ առիթով այցելել Հնդկաստան։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցերի շուրջ: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել TRIPP նախագծի իրականացման ընթացքին:
* * *
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում մասնակցել է Շանհայի համագործակցության կազմակերպության ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը։ Նախ տեղի է ունեցել հանդիպման մասնակիցների դիմավորման, այնուհետև համատեղ տեսալուսանկարահանման արարողությունը։
Վարչապետ Փաշինյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է․
«Հարգելի՛ պարոն նախագահող Սադիր Ժապարով,
Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար, հարգելի՛ պարոն Գուտերեշ, Ձե՛րդ գերազանցություններ,
Հարգելի՛ գործընկերներ,
Նախևառաջ, ցանկանում եմ Ղրղզստանի նախագահ՝ հարգելի Սադիր Ժապարովին շնորհավորել նորակառույց «Բիշքեկ Արենայում» Քոչվորական 6-րդ համաշխարհային խաղերի տպավորիչ բացման, ինչպես նաեւ Շանհայի համագործակցության կազմակերպությունում Ղրղզստանի Հանրապետության արդյունավետ նախագահության առիթով, ինչպես նաեւ շնորհակալություն հայտնել ջերմ հյուրընկալության եւ այս գագաթնաժողովի հրաշալի կազմակերպման համար։
Ցանկանում եմ նաև շնորհավորել բոլորին՝ ՇՀԿ հիմնադրման հոբելյանական 25-ամյակի առթիվ։
Հարգելի՛ գործընկերներ,
Այսօրվա մեր քննարկման թեման է․ ««ՄԱԿ-ը որպես արդար աշխարհակարգի առանցքային տարր․ ՇՀԿ+ պետությունների ներդրումը բազմաբևեռ աշխարհի ձևավորման գործում»։
Իմ տպավորությամբ՝ միջազգային հանրության շրջանում մեծ ըմբռնում կա, որ աշխարհը պետք է լինի բազմաբեւեռ եւ դա է հավասարակշռությունը, ասել է թե կայունությունն ու խաղաղությունն ապահովելու շատ թե քիչ հուսալի տարբերակը։
Հայաստանի նման փոքր պետությունն ինչպե՞ս կարող է ներդրում ունենալ բազմաբեւեռ աշխարհի կայացմանը։ Այս հարցին մենք գործնական պատասխան ենք տալիս, ըստ էության, բազմաբեւեռ արտաքին քաղաքականություն վարելով, որն անվանում ենք հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականություն։
Այդ քաղաքականության իմաստը հետեւյալն է․ երբ աշխարհաքաղաքական որեւէ բեւեռի ձգողականությունն այն աստիճանի է ծանրանում, որ կարող է քայքայել մեր անկախությունը, մենք ակտիվացնում ենք այս իրադրության համար բավարար ձգողականություն ունեցող մեկ այլ բեւեռի հետ մեր հարաբերությունները՝ պահպանելու համար մեր հավասարակշռությունն ինքնիշխանության եւ անկախության բարդություններով լեցուն ճանապարհին։
Նման քաղաքականության հիմնական նպատակն ինքնիշխանությունը եւ անկախությունը պահպանելը եւ ուժեղացնելն է։ Եվ այս ռազմավարությունները մշակելիս եկել ենք եզրակացության, որ հնարավոր չէ անկախություն եւ ինքնիշխանություն ունենալ՝ ապրելով կոնֆլիկտի պայմաններում, եւ բազմաբեւեռությունն այս իմաստով պետք է արտահայտվի առաջին հերթին այն տարածաշրջանում, որտեղ ապրում ես։
Այս է պատճառը, որ խորացնելով մեր բարեկամական հարաբերությունները հարեւան Իրանի եւ Վրաստանի հետ, մենք գնում ենք մյուս երկու հարեւանների՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ միջպետական հարաբերություններ կառուցելու ճանապարհով, եւ սա, իհարկե, առավել առարկայական է դառնում նախորդ տարվա օգոստոսի 8–ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ եւ մասնակցությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության շնորհիվ։
Հիմա մենք Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ աշխատում ենք մեր միջպետական հաղորդակցությունները բացելու ուղղությամբ, այդ թվում՝ TRIPP նախագծի իրագործմամբ, որի գործնականացման աշխատանքները գետնի վրա կսկսվեն առաջիկա ամիսներին։
Սա տրանսպորտային նոր հնարավորություններ կբացի ոչ միայն արեւելքից արեւմուտք՝ այսինքն Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, այլեւ հարավից հյուսիս՝ Պարսից ծոցը կապելով Սեւ ծովին։ Այնպես որ, նախագծի իրագործումից կշահեն տարածաշրջանի բոլոր երկրները։
Վերադառնալով բազմաբեւեռ քաղաքականությանը՝ նշեմ, որ Հայաստանը վերջին տարիներին ռազմավարական հարաբերություններ է հաստատել Վրաստանի, Չինաստանի, Ղազախստանի, ԱՄՆ–ի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների, Գերմանիայի, Լյուքսեմբուրգի, Միացյալ Թագավորության, Բուլղարիայի, Խորվաթիայի, Լիտվայի, Եվրոպական միության հետ։
Հնդկաստանի եւ Իրանի հետ մեր հարաբերությունները փաստացի ռազմավարական բնույթ ունեն, հիմա մենք աշխատում ենք դրա փաստաթղթային ձեւակերպման վրա։
Այսօր ես հանդիպում կունենամ Ռուսաստանի Դաշնության հարգելի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու մեր հարաբերությունների հետագա զարգացման ռազմավարությունը։
Հարգելի՛ գործընկերներ,
Հայաստանի Հանրապետությունը կիսում է աշխարհի բազմաբեւեռության տեսլականը։
Ընդգծելով Միացյալ ազգերի կազմակերպության առանցքային դերը բազմաբեւեռ աշխարհի կառուցման գործում՝ ուզում եմ տեղեկացնել, որ ս/թ հոկտեմբերին՝ ՄԱԿ–ի հովանու ներքո, Հայաստանում տեղի է ունենալու Կենսաբազմազանության COP 17 համաժողովը, եւ բոլորիդ հրավիրում եմ մասնակցել աշխարհի բազմաբեւեռությունն ընդգծող այդ կարեւոր միջոցառմանը։
Շնորհակալ եմ ուշադրության համար եւ Շանհայի համագործակցության կազմակերպության նախագահությունը ստանձնող Պակիստանին հաջողություններ եմ մաղթում այդ պատասխանատու առաքելության մեջ»։
* * *
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թվականի օգոստոսի 31-ին Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում, հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Ղեկավարներն ընդգծել են 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վկայությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Իլհամ Ալիևի կողմից ստորագրված համատեղ հռչակագրի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրման պատմական նշանակությունը։
Ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան, հացահատիկի և երրորդ երկրներից ծագող այլ ապրանքների Ադրբեջանի տարածքով Հայաստան տարանցումը, ինչպես նաև երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների հաստատումն ընդգծվել են որպես խաղաղության ամրապնդման կարևոր գործնական դրսևորումներ: Ղեկավարները նաև ողջունել են գործարար համայնքների միջև շփումները և մտքեր փոխանակել փոխշահավետ տնտեսական, առևտրային և էներգետիկ համագործակցության հետագա ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ։
Կողմերը նշել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով համապատասխան պետական հանձնաժողովների կարևոր դերը և ընդգծել դրանց աշխատանքը շարունակելու կարևորությունը՝ համաձայն երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների։
Ղեկավարները քննարկել են Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի կարևոր արդյունքներից մեկի՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) իրականացման հետ կապված հետագա գործնական քայլերը և ընդգծել TRIPP-ի շրջանակներում կապակցվածության նախագծերի կարևորությունը։
Ղեկավարները դրական են գնահատել վստահության ամրապնդմանն ուղղված խորհրդարանականների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ շփումները՝ նշելով դրանց կարևորությունը փոխադարձ վստահության ամրապնդման և խաղաղության ավելի լայն օրակարգի աջակցության գործում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Իլհամ Ալիևը համաձայնել են երկկողմ անմիջական շփման միջոցով շարունակել քայլերը՝ ուղղված տևական խաղաղության ամրապնդմանը, միջպետական հարաբերությունների կարգավորմանը և կապակցվածության ամրապնդմանը։
* * *
Բիշքեկում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ:
Էմոմալի Ռահմոնը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով և մաղթել նորանոր հաջողություններ: Նա կարևորել է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում կապերի զարգացումը և համոզմունք հայտնել, որ համատեղ ջանքերով երկկողմ փոխգործակցությունը տարբեր ոլորտներում կզարգանա ու կընդլայնվի:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի և բարեմաղթանքների համար՝ գոհունակությամբ նշելով, որ երկկողմ քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա: Միաժամանակ, վարչապետը շեշտել է առևտրատնտեսական փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունը: Երկու երկրների ղեկավարները կարևորել են միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի շուրջ: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային գործընթացներին և զարգացումներին:
* * *
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում ներկա է գտնվել Համաշխարհային քոչվորական 6-րդ խաղերի պաշտոնական բացման արարողությանը:
Միջոցառմանը ներկա են եղել նաև Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին մասնակից պետությունների առաջնորդները:
Մինչ բացման արարողությունը՝ բարձրաստիճան հյուրերին դիմավորել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը:
Արարողության ընթացքում խաղերին մասնակից պետությունների մարզիկներն իրենց ազգային դրոշներով հանդիսավոր կերպով մուտք են գործել մարզադաշտ: Խաղերին մասնակցում են նաև Հայաստանի մարզիկները:
Խաղերի բացման արարողությունից հետո Ղրղզստանի նախագահի անունից՝ ի պատիվ միջոցառմանը մասնակից պետությունների ղեկավարների, տրվել է ընթրիք:
* * *
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում հանդիպում է ունեցել ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզի գլխավորած պատվիրակության հետ:
Զրուցակիցները կարևորել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության շարունակական զարգացումը տարբեր ուղղություններով:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային գործընթացներին և տեղի ունեցող զարգացումներին: Ընդգծվել է TRIPP նախագծի դերը հաղորդակցությունների ապաշրջափակման և զարգացման գործում: Այդ համատեքստում, մտքեր են փոխանակվել նախագծի իրականացման ընթացքի և առաջիկա ծրագրերի շուրջ:
* * *
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպման շրջանակում կարճատև հանդիպում է ունեցել Վիետնամի փոխնախագահ Վո Թի Ան Սուանի հետ:
Զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի ու Վիետնամի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները և կարևորել քաղաքական, տնտեսական ու մշակութային կապերի հետևողական զարգացումը:
Վարչապետ Փաշինյանը հիշատակել է 2019 թվականի պաշտոնական այցը Վիետնամ և շեշտել բարձր մակարդակի շփումների ու փոխայցերի կազմակերպման անհրաժեշտությունը:
Մտքեր են փոխանակվել երկկողմ օրակարգի հետագա առաջմղմանը միտված քայլերի շուրջ:
* * *
Բիշքեկում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին - Հարգելի Նիկոլ Վովայի, սիրելի՛ բարեկամներ, շատ ուրախ եմ տեսնել Ձեզ։
Եվ, նախևառաջ, ընդգծեմ գլխավորը և հենց դրանից էլ կցանկանայի սկսել. մենք միշտ հանդես ենք եկել և հանդես ենք գալիս Հայաստանի հետ բարեկամական, փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին՝ ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների սկզբունքների հիման վրա։ Ելնում ենք այն հանգամանքից, որ դա համապատասխանում է հայ ժողովրդի հիմնարար շահերին, Ռուսաստանի հիմնարար շահերին, և ես արդեն չեմ էլ կրկնի, մենք Ձեզ հետ դա բազմիցս նշել ենք, համապատասխանում է նաև այն պատմական արմատներին, որոնք կապում են մեր երկու ժողովուրդներին։
Ռուսաստանը Հայաստանի հիմնական առևտրատնտեսական գործընկերն է՝ շուրջ 30 տոկոս մասնաբաժնով, ինչպես նաև Հայաստանի տնտեսության մեջ ներդրող է։ Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ապրանքաշրջանառությունը կազմել է 2,5 միլիարդ դոլար։
Իրականացվում են փոխշահավետ նախագծեր արդյունաբերության և գյուղատնտեսության, հանքարդյունահանման, խաղաղ ատոմի, տրանսպորտի, թվային տնտեսության ոլորտներում։ Ռուսական ընկերությունները Հայաստանի բյուջեի խոշորագույն հարկատուներն են՝ ստեղծում են աշխատատեղեր, փոխանցում ժամանակակից տեխնոլոգիաներ, ամրապնդում երկրի էներգետիկ անվտանգությունը։
Կցանկանայի նշել նաև այն, որ մենք Ձեզ հետ արդեն բազմիցս քննարկել ենք Եվրամիությանն անդամակցելու Հայաստանի հայտարարված մտադրության հետ կապված հարցերը։ Այս թեմային բազմիցս անդրադարձել ենք թե՛ հեռախոսազրույցների ընթացքում, թե՛ անձնական հանդիպումների ժամանակ։
Դուք լավ գիտեք Ռուսաստանի դիրքորոշումը. Հայաստանի՝ ԵՄ-ին ձգտելը երկրի և ժողովրդի բնական, օրինական իրավունքն է։ Հայաստանն ինքնիշխան պետություն է, և հայ ժողովուրդն է որոշելու իր զարգացման ուղղությունը։ Սակայն դա, անշուշտ, դժվարություններ է ստեղծում Եվրասիական տնտեսական միությունում գտնվելու հարցում և սպառնում է զրոյացնել Հանրապետության առավելությունները Եվրասիական տնտեսական միության շուկայում և խզել ձևավորված առևտրային շղթաները։
Մինչդեռ Եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին ավելի քան 10 տարի մասնակցելու ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ն գրեթե եռապատկվել է. 2015 թվականին այն կազմել է 10,6 միլիարդ դոլար, իսկ 2025 թվականի արդյունքներով՝ 29,2 միլիարդ դոլար (ամեն դեպքում՝ ըստ մեր վիճակագրության)։ Եվրասիական տնտեսական միության երկրներ արտահանումն աճել է 10 անգամ. այսօր միության շուկային բաժին է ընկնում Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության շուրջ 36%:
Հետևաբար, իհարկե, երկրի հետագա քաղաքական-տնտեսական կուրսի ընտրության վերաբերյալ պետք է հստակ արտահայտվի Հայաստանի ժողովուրդը, սակայն միևնույն ժամանակ, ինչպես մենք և ասում էինք, կարևոր է բացառապես օբյեկտիվորեն՝ իրողությունների հիման վրա մոտենալ նաև համապատասխան քայլերի ընդունմանը։
Եվս մեկ անգամ կրկնում եմ, մենք հարգանքով կվերաբերվենք հայ ժողովրդի ցանկացած ընտրության։ Ինչպես կորոշի Հայաստանը, այդպես էլ կլինի։ Բայց մենք պետք է մեր առևտրատնտեսական քաղաքականությունը համապատասխանեցնենք այդ հնարավոր որոշումներին, և կցանկանայինք խնդրել Ձեզ հնարավորինս արագ այս հարցում հստակություն մտցնել։
Ես հիշում եմ, Դուք հրապարակայնորեն ասում էիք, որ անհրաժեշտ եք համարում հետագայում այդ հարցով հանրաքվե անցկացնել, և ես աջակցեցի Ձեր դիրքորոշմանը Եվրասիական տնտեսական միության ղեկավարների վերջին գագաթնաժողովում, ուղղակիորեն հիշատակեցի, որ վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանը հրապարակայնորեն հայտարարել է այդ մասին և խնդրեցի նաև գործընկերներին աջակցել դրան։ Եվ որքան արագ մենք հստակություն մտցնենք, այնքան լավ, որովհետև մեզ նույնպես անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպես զարգացնենք հարաբերությունները Հայաստանի հետ, առաջին հերթին՝ տնտեսական առումով։
Կարգավորումներին վերաբերող հարցեր, ասենք՝ գյուղատնտեսական արտադրանքի հետ կապված, տարբեր տեխնիկական նորմերի և ստանդարտների կարգավորման հարցերը, Եվրասիական տնտեսական միությունում և ԵՄ-ում բացարձակապես չեն համընկնում։ Մենք բազմիցս առնչվել ենք դրան, փորձերը՝ դեռ այն ժամանակ, երբ մեր հարաբերությունները քիչ թե շատ նորմալ էին, եվրոպացիների հետ ինչ-որ փոխզիջումների շուրջ պայմանավորվելու, ոչ մի արդյունքի չհանգեցրին, ոչ մի արդյունքի։ Նրանք բավական կոշտ բանակցողներ են, բավական համառ։ Եվ այդպես էլ մենք չգտանք գրեթե որևէ հարց լուծելու հնարավորություն։
Ինչ-որ պահի, հավանաբար, այնուամենայնիվ ստիպված կլինենք նաև դա անել՝ նկատի ունենալով և՛ մեր տնտեսության, և՛ եվրոպական տնտեսության հիմնարար շահերը, որոշ առումներով՝ փոխլրացվող լինելը։ Հուսով եմ՝ այս բոլոր ճգնաժամային երևույթները մի օր կանցնեն։ Բայց նույնիսկ, երբ դրանք անցնեն... Ահա, Եվրոպայի հետ լավ հարաբերություններ կային՝ պայմանավորվելը շատ դժվար էր։ Եվ այս կապակցությամբ, միանգամայն անկասկած, խնդիրներ կառաջանան՝ կապված եվրոպական ապրանքների, ծառայությունների և այլնի՝ Հայաստանի միջոցով մեր շուկա ներթափանցման հետ։ Այնտեղ հազարավոր հարցեր կան։ Մենք կցանկանայինք հասկանալ, թե այս ոլորտում ինչ է տեղի ունենալու։
Հուսով եմ՝ մենք հիմա Ձեզ հետ հանգիստ, բարեկամական, գործնական մթնոլորտում այս բոլոր հարցերը կքննարկենք։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան - Շատ շնորհակալություն, Վլադիմիր Վլադիմիրի։ Նախևառաջ, շատ ուրախ եմ այս հանդիպման և այս առիթի համար, որովհետև իսկապես կուտակվել են բազմաթիվ հարցեր, որոնք անհրաժեշտ է քննարկել։
Առաջին հերթին ցանկանում եմ հաստատել, որ մենք շահագրգռված ենք Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունների հետագա զարգացման և խորացման մեջ։
Պարզապես պետք է նաև արձանագրել, որ վերջին տարիների ընթացքում մեր ամբողջ տարածաշրջանում Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը փոխվել է և մեզ թվում է, որ պետք է իրավիճակին նայել հենց այս տեսանկյունից, որովհետև Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները հակամարտային իրավիճակում այլ իմաստ ունեին, իսկ այժմ, երբ տարածաշրջանում խաղաղություն է հաստատվել, մեզ թվում է, որ անհրաժեշտ է իրավիճակին արդեն թարմ հայացքով նայել։
Եվ կարծում եմ, որ դա կնպաստի մեր հարաբերությունների զարգացմանը, մենք նկատի ունենք մեր հարաբերությունների խորացումն ու զարգացումը, և դա շատ կարևոր է։
Դուք հիշատակեցիք այն ռուսական ձեռնարկությունները, որոնք գործում են Հայաստանում, և ես պետք է ասեմ, և այսօր մենք քննարկում էինք այս հարցը, որ շատ ռուսական ընկերություններ շատ հաջողությամբ են գործում Հայաստանի Հանրապետությունում, դրանք բարձր շահութաբերություն ունեցող ընկերություններ են: Դուք իրավացի եք, նրանք հարկեր են վճարում, բայց պետք է այդ ընկերությունները նաև բաժանել երկու մասի։ Կան ընկերություններ, որոնք հաջողությամբ գործում են, այսինքն՝ շահութաբեր են և զարգանում են, բայց կան նաև ընկերություններ, որոնք, ցավոք, շահութաբեր չեն և չեն զարգանում։ Եվ սա, կարծում եմ, խնդիր է և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի Դաշնության համար։ Սա նույնպես հարց է, պետք է դիտարկել և քննարկել նաև այս հարցերը, այս նրբությունները։
Իսկ ԵՄ-ի վերաբերյալ, գիտեք, այս հարցը շատ է քննարկվում և՛ աշխատանքային մակարդակով, և՛ հրապարակայնորեն։ Գիտեք, անցյալ տարի մենք ընդունեցինք Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը և շատ է քննարկվում, թե որքանով է այս օրենքի ընդունումը համապատասխանում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մեր ստանձնած պարտավորություններին։
Մենք և՛ դրանից առաջ, և՛ դրանից հետո վերլուծել ենք Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի միջև գոյություն ունեցող պայմանագրային բազան, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գոյություն ունեցող պայմանագրային բազան, և, անկեղծ ասած, որևէ խախտում չենք հայտնաբերել այն պարտավորությունների, որոնք Հայաստանն ունի Ռուսաստանի Դաշնության և Եվրասիական տնտեսական միության նկատմամբ, որովհետև նաև Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրում ուղղակիորեն ասված է, թե ինչպես պետք է գործել, եթե երկիրը որոշում է դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից։
Ի դեպ, այնտեղ չկա այնպիսի կարգավորում, ըստ որի՝ անդամ պետությանը կարելի է հեռացնել կազմակերպությունից։ Այսինքն՝ այնտեղ նախատեսված է, որ եթե երկիրը որոշում է դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից, ապա պետք է այդ մասին նախապես՝ վեց ամիս առաջ, տեղեկացնի գործընկերներին։ Կարծում եմ՝ մենք այս իրավիճակին պետք է նայենք հենց այս տեսանկյունից։
Այս պահի դրությամբ մենք մեր գործընկերներին չենք տեղեկացրել, որ պատրաստվում ենք դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից։ Կարծում եմ՝ մենք պետք է հենվենք հենց այս փաստի վրա, որովհետև այս առնչությամբ հանրաքվեի հարցը շատ է քննարկվել։
Անկեղծ ասած, օրենքի ընդունումն արդեն այն ժամանակ նշանակում էր հանրաքվեի գաղափարից հրաժարում, որովհետև, եթե այն ժամանակ խորհրդարանը չընդուներ այս օրենքը, ուզում եմ հիշեցնել, որ այս օրենքը քաղաքացիական հասարակության կողմից էր նախաձեռնվել, այսինքն՝ նրանք, Սահմանադրությանը համապատասխան, Հայաստանի քաղաքացիների ստորագրություններ էին հավաքել և այդ նախագիծը ներկայացրել խորհրդարան։
Եթե խորհրդարանը չընդուներ այս օրենքը, ապա նախաձեռնողները կարող էին հավաքել ևս 250 հազար ստորագրություն, և եթե այս անգամ էլ խորհրդարանը մերժեր, մենք պետք է հանրաքվե անցկացնեինք Հայաստանի Հանրապետությունում։ Այսինքն՝ այս օրենքի ընդունմամբ ստացվում է, որ մենք հրաժարվեցինք հանրաքվեի գաղափարից։
Իսկ ինչո՞ւ հրաժարվեցինք, որովհետև այս հարցը, ես Ձեզ հետ այդ առնչությամբ հնարավորություն ունեցել եմ խոսելու, դեռևս չէր հասունացել այն մակարդակի, որ հնարավոր լիներ հարց ձևակերպել մեր ժողովրդի առջև։
Ինչո՞ւ մենք ընդհանրապես ընդունեցինք այս օրենքը։ Նախ՝ հանրաքվե չանցկացնելու համար, և երկրորդ՝ ինչպես ես բազմիցս հրապարակայնորեն ասել եմ, մեզ համար շատ կարևոր է, որպեսզի մեր երկիրը և մեր ժողովուրդն այլընտրանքներ ունենան։ Կարծում եմ՝ դա լեգիտիմ նպատակ է։
Սա չի նշանակում, որ մենք դժգոհ ենք Եվրասիական տնտեսական միությունից, չնայած որ ԵԱՏՄ-ում կան բազմաթիվ աշխատանքային հարցեր, մենք միշտ դրանք քննարկում ենք՝ և՛ ռազմավարական, և՛ տակտիկական հարցերը։
Պարզապես մենք կարծում ենք, որ, հատկապես ներկայիս միջազգային իրավիճակում, ցանկացած երկրի համար, ի դեպ՝ այսօր մենք նույնպես քննարկում էինք սա, ՇՀԿ-ի գագաթնաժողովի թեման էր՝ բազմաբևեռ աշխարհակարգը, այսինքն՝ դա համարվում է լեգիտիմ նպատակ՝ պետության, երկրի համար այլընտրանքներ ունենալը։
Եվ այս գործընթացը ուղղված չէ Ռուսաստանի դեմ, ուղղված չէ Եվրասիական տնտեսական միության դեմ, որովհետև մենք շատ բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունները։ Սա իսկապես, Դուք արդեն հիշատակեցիք, այնքան կարևոր է մեզ համար, մեր երկրի համար։ Մենք հույս ունենք, որ այդ հարաբերությունները կարևոր են նաև Ռուսաստանի Դաշնության համար։
Եվ կարծում եմ՝ մենք պետք է՝ և՛ Հայաստանի Հանրապետությունը, և՛ Ռուսաստանի Դաշնությունը, և՛ մենք անձամբ, շատ զգուշորեն վերաբերվենք այդ հարաբերություններին։ Եվ ուզում եմ հաստատել, որ ես՝ անձամբ, և մեր Կառավարությունը, շատ զգուշորեն ենք վերաբերվում այդ հարաբերություններին և վստահ եմ, որ Դուք նույնպես զգուշորեն եք վերաբերվում այդ հարաբերություններին և ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ դրա համար։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին — Հարգելի՛ Նիկոլ Վովայի, մենք հիմա Ձեզ հետ կքննարկենք։ Ինձ միշտ հետաքրքիր է Ձեզ հետ ցանկացած թեմայի շուրջ, այդ թվում՝ այս թեմայի շուրջ քննարկումներ վարելը, բայց հիմնական հարցի վերաբերյալ, այնուամենայնիվ, թույլ կտամ ինձ չհամաձայնել Ձեզ հետ։
Դուք ասացիք, որ դուրս գալու մասին չեք հայտարարել։ Մեկ այլ տնտեսական կազմակերպությանն անդամակցության ընթացակարգի մեկնարկի մասին օրենքի ընդունումը, ըստ էության, նշանակում է մեր կազմակերպությունից դուրս գալու մասին հայտարարություն, որովհետև այնտեղ և այստեղ միաժամանակ գտնվելն անհամատեղելի է։ Ահա այս է խնդիրը։
Դե, եկեք հիմա հանգիստ քննարկենք այս ամենը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան - Կարծում եմ, և ես այդ մասին հրապարակայնորեն էլ եմ ասում, որ մենք հասկանում ենք՝ կգա ժամանակը, երբ անհրաժեշտ կլինի շատ հստակ ընտրություն կատարել։ Պարզապես մեր դիրքորոշումն այն է, որ այս պահին այդ ժամանակը դեռ չի հասունացել, հիմա մենք դրա կարիքը չունենք, որովհետև, ըստ էության, այս պահին մենք այլընտրանք չունենք, այդ այլընտրանքն իրականում ստեղծված չէ։
Երբ այն ստեղծվի, եթե ստեղծվի, ապա, իհարկե, մենք ընտրություն կկատարենք՝ հանրաքվեի միջոցով կամ առանց հանրաքվեի։ Դե, այդպիսի տարբերակներ էլ կան։ Ես սիրով կշարունակեմ Ձեզ հետ այս զրույցը և կպատասխանեմ Ձեր բոլոր հարցերին։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին - Համաձայն եմ այն բանի հետ, որ ժողովուրդը միշտ պետք է ընտրության հնարավորություն ունենա։ Դե, ուրեմն ստեղծեք այդ հնարավորությունը և փակենք թեման։ Ահա և վերջ։ Հիմա ամենապարզը մարդկանց դիմելն է և հարցնելը՝ ի՞նչ եք ուզում՝ այսպե՞ս, թե՞ այնպես։ Եվ վերջ։
Լավ, հիմա կզրուցենք։