Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ

Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը հանդես են եկել հայտարարություններով

02.07.2026

ևս 15 լուսանկար



Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով և պատասխանել հարցերի։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ձերդ գերազանցություն տիկին նախագահ, ուրախ եմ այս տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ հյուրընկալելու Ձեզ Հայաստանի Հանրապետությունում: Մեր վերջին հանդիպումն ուղիղ երկու ամիս առաջ էր՝ Եվրոպական քաղաքական համայնքի՝ Երևանում կայացած 8-րդ գագաթնաժողովի և Հայաստան–Եվրոպական միություն անդրանիկ գագաթնաժողովի շրջանակներում, որի արդյունքում ձեռք բերվեցին մեր երկկողմ քաղաքական օրակարգի համար կարևոր պայմանավորվածություններ։

Մեր գործընկերության հիմքում ունենալով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը և «ՀՀ–ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ» փաստաթուղթը՝ մենք կիսում ենք միևնույն հիմնարար արժեքներն ու սկզբունքները՝ ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը։ Այս համատեքստում, հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների միջոցով Հայաստանի քաղաքացիները ևս մեկ անգամ հայտնեցին իրենց աջակցությունը մեր Կառավարության՝ ժողովրդավարական բարեփոխումների, արդարադատության ամրապնդման և խաղաղության օրակարգերին։

Տիկին նախագահ,

Այսօր մեր հանդիպումը վերահաստատեց, որ ԵՄ–ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է։ «ՀՀ-ն և ԵՄ-ն մոտ են իրար առավել, քան երբևէ» այս արտահայտությունն օրեցօր ավելի է նյութականանում՝ ստանալով ոչ միայն քաղաքական, այլև գործնական տնտեսական կիրառում։

Ուրախ եմ արձանագրելու, որ քննարկեցինք ՀՀ առջև ծառացած տնտեսական բազմազանեցման և այդ առնչությամբ ԵՄ աջակցության տարբեր մեխանիզմների գործարկման ուղղությամբ համատեղ աշխատանքը։ Մասնավորապես, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԵՄ կողմից տրամադրված 52 մլն եվրոյի չափով բյուջետային աջակցության համար՝ լիահույս լինելով, որ առևտրի դիվերսիֆիկացման և արտահանումների խթանման ուղղությամբ ԵՄ աջակցությունը կլինի շարունակական:

Շնորհակալություն եմ ցանկանում հայտնել նաև Եվրոպական հանձնաժողովի կողմից ԵՄ անդամ երկրներին հայկական ապրանքների նկատմամբ ինքնավար առևտրային միջոցներ կիրառելու մասին նախագիծ ներկայացնելու համար: Արդեն մեր հանդիպման ժամանակ տիկին նախագահն այդ մասին հայտնեց: Համոզված եմ՝ նաև իր խոսքում այդ մասին կխոսի: Այս որոշումն ամբողջությամբ ուժի մեջ մտնելու պահից Հայաստանը կդառնա ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ կամ ԵՄ–ի հետ Ազատ առևտրի համաձայնագիր չունեցող առաջին երկիրը, որի նկատմամբ վերջին շրջանում ԵՄ-ն կկիրառի այս գործիքը։ Լիահույս եմ, որ ԵՄ և ԵՄ անդամ պետությունների մյուս կառույցների գործընկերների հետ ակտիվ աշխատանքի միջոցով կկարողանանք կարճ ժամկետներում ավարտել որոշման ընդունման գործընթացը: Հույս ունենք նաև, որ այն հնարավոր կլինի ընդունել հնարավոր սեղմ ժամկետներում՝ հաշվի առնելով, որ բերքահավաքի շրջանը Հայաստանում արդեն իսկ մեկնարկել է:

Հարգելի գործընկերներ,

Վերջին ամիսների ընթացքում մեզ հաջողվել է առաջընթաց արձանագրել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի մեկ այլ կարևորագույն ուղղություններից մեկում՝ կապակցվածության ոլորտում: Դրա վառ ապացույցը ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին համատեղ հայտարարության և նախորդ շաբաթ Բրյուսելում կայացած «Կապակցվածության օրակարգի հարթակ»-ի նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի և Եվրոպական հանձնաժողովի, ինչպես նաև hամապատասխանաբար՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Եվրոպական ներդրումային բանկի միջև Հայաստանի սահմանային երեք անցակետի և հյուսիսային երկու ավտոճանապարհի իրագործելիության ուսումնասիրությունների վերաբերյալ մտադրությունների հայտարարության և հաստատման նամակի ստորագրումն է:

Էներգետիկայի ոլորտում ՀՀ համար ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերից է էներգիայի կուտակման կայանների կառուցումը, որը նաև հնարավորություն կընձեռի արդյունավետորեն կուտակել Հայաստանի վերականգնվող էներգետիկ ռեսուրսներից ստացվող էներգիան։ Գործընկերոջս հետ քննարկել ենք այս հարցում ԵՄ աջակցության հաստատման և հատկացման հարցը։

«Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի կյանքի կոչման, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ներառական ապաշրջափակման համատեքստում տրանսպորտային կապակցվածության խթանմանը զուգահեռ կարևորում եմ նաև էներգետիկ կապակցվածության ընդլայնումը, այդ թվում՝ հարևան Թուրքիայի և Ադրբեջանի հետ էլեկտրահաղորդման գծերի և կապակցիչների կառուցումը, ինչը կարող է նպաստել ինչպես էներգետիկ անվտանգությանը, այնպես էլ կանաչ անցմանը։

Հայաստանը շահագրգռված է ԵՄ հետ առավել սերտ համագործակցել նաև թվային, մասնավորապես՝ արհեստական բանականության, բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում՝ միաժամանակ ձևավորելով այնպիսի միջավայր, որը կնպաստի ԵՄ մասնավոր ներդրումների աճին։ Այս առնչությամբ կարևորում եմ նաև Հայաստանի մասնակցությունը Սևծովյան ստորջրյա էլեկտրաէներգետիկ և թվային մալուխի ծրագրերին:

Մեծարգո տիկին նախագահ, սիրելի Ուրսուլա,

Թույլ տվեք ևս մեկ անգամ Ձեզ հայտնել երախտագիտությունս՝ սերտ գործընկերության և Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների և տնտեսական դիմակայունության ամրապնդման ուղղությամբ ցուցաբերվող շարունակական աջակցության համար՝ ի բարօրություն մեր ժողովուրդների և ի նպաստ ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման:

Շնորհակալություն:

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայեն – Շատ շնորհակալություն պարոն վարչապետ, սիրելի Նիկոլ,

Շատ հաճելի է նորից այսքան վաղ վերադառնալ Երևան: Նախ և առաջ՝ ես կուզեի շնորհավորել Ձեզ ընտրական հաղթանակի առիթով: Այս ընտրությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին Հայաստանի ժողովրդավարության ամրությունը: Թավշյա հեղափոխության ոգին, որը Դուք առաջնորդեցիք 2018 թվականին, կենդանի է և բարգավաճում է: Հայաստանը շարունակում է ընթանալ ժողովրդավարության, բարեփոխումների, խաղաղության և Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության ուղով: Ես հիմա եկել եմ ասելու, որ դուք կարող եք մեզ վրա հույս դնել: Երբ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ՝ Հարավային Կովկասն է նաև ավելի մերձենում:

Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումն անցյալ տարի պատմական իրադարձություն էր՝ ամենակարևոր քայլերից մեկը, որ այս տարածաշրջանը ձեռնարկել է տասնամյակների ընթացքում: Նույնը վերաբերում է նաև Թուրքիայի հետ հարաբերություններին շարունակական կարգավորմանը: Այս որոշումները պահանջում էին քաղաքական խիզախություն և առաջնորդություն, և ես գիտեմ, որ դրա պտուղները տպավորիչ կլինեն, բաց սահմանները կվերափոխեն Հայաստանի տնտեսական ապագան, այն կխարսխեն Հայաստանին աշխարհի ամենից ռազմավարական կարևոր խաչմերուկների առանցքում: Եվ մենք ձեզ հետ միասին պատրաստ ենք այս տեսլականն իրականություն դարձնել։

Ահա, թե ինչու ես հայտարարեցի նոր՝ 200 միլիոն եվրոյի, գլոբալ դարպասների փաթեթը՝ ուղղված փոխկապակցվածության միջոցով խաղաղության հաստատմանը։ Մեր ֆինանսական գործընկերների հետ մենք պատրաստ ենք ստորագրել՝ ընդհուպ մինչև երկու միլիարդ եվրո հատկացնելու փաթեթը՝ ամբողջ Հարավային Կովկասում ռազմավարական տրանսպորտային կապուղիների, էներգետիկ կապուղիների և թվանշային պրոյեկտների համար։ Այն կարող է սատարել Հայաստանում ընթացքում գտնվող և նախապատրաստվող ծրագրերին, ներառյալ սահմանային անցակետերը և ճանապարհային ենթակառուցվածքը: Մենք կառուցում ենք խաղաղությանը նպաստող իրական ֆիզիկական ենթակառուցվածք: Միաժամանակ, մենք կառուցում ենք կամուրջներ ժողովուրդների միջև: Ուստի, ես նաև հայտարարեցի 20 միլիոն եվրո խաղաղությանը նպաստող ծրագրի մասին, որը նպատակ է հետապնդում օգտագործել այն համայնքների կողմից, որոնք սահմանամերձ են: Մենք ուզում ենք սատարել այնտեղի տեղական տնտեսության փոքր և միկրո ձեռնարկություններին, օրինակ՝ նոր ֆերմերական, հողագործական, ջրային ռեսուրսների կառավարման նոր տեխնիկաներ ձեռք բերելուն: Մենք ուզում ենք բարելավել կյանքը սահմանամերձ համայնքներում և նաև նոր հնարավորություններ ստեղծել համայնքների միջև երկխոսություն սահմանելու համար: Այդ փաթեթը թույլ կտա համայնքներին խաղաղության շոշափելի աղբյուրները վայելել, որպեսզի խաղաղությունը խարսխվի այս սերնդի և հաջորդ սերնդի սրտերում և մտքում։

Անդրադառնալով ձեր երկրի իրավիճակին, ես գիտեմ, որ Հայաստանը դեռևս բախվում է նշանակալի տնտեսական ճնշման Ռուսաստանի կողմից, բայց վստահ եղեք, երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, Եվրոպական Միությունն առաջ է գալիս, քայլ է անում, և ես այստեղ մի քանի բան ունեմ հայտարարելու: Նախ և առաջ՝ դուք շուտով կստանաք լրացուցիչ 18 միլիոն եվրո օգնություն՝ ամրացնելու և բազմազանեցնելու ձեր առևտուրը: Ֆինանսավորումը կարող է, օրինակ, օգնել ստեղծել արտահանման խթանման գործակալություն, որպեսզի հայկական բիզնեսների արտահանման հզորությունները խթանվեն: Այս 18 միլիոն եվրոն վերջնական մասն է այն 52 միլիոն օժանդակության փաթեթի, որը մենք քննարկեցինք մեր հեռախոսազանգում հունիսի սկզբին։

Երկրորդը, մենք ևս մի քայլ ենք անում, մենք առաջարկ ենք ներկայացնում, այսպես կոչված, ինքնավար առևտրային միջոցների: Սա նշանակում է այս ATM-ները կազատականացնեն Հայաստանի արտահանումների մոտավորապես 80% տոկոսը դեպի Եվրոպական միություն: Սա նշանակում է, որ ձեր առևտրի 80%-ը մեզ հետ է, այժմ սակագների ենթակա չի լինի: Սրանով մենք կարող ենք վերաուղղորդել այն արտադրանքները, որոնք այժմ մեծապես ուղղվում ռուսական շուկայի վրա և դրանք ուղարկել Եվրոպական միության միասնական շուկա՝ 450 միլիոն սպառողների ընդգրկմամբ: Այս միջոցը կբացի Եվրոպայի դռները Հայաստանի թարմ գյուղմթերքի, բանջարեղենի, մրգի և բուսական ծագման արտադրանքների համար, որոնք մինչ այդ Ռուսաստան էին արտահանվում, դուռը բացելով ձեր խմիչքների և ոգելից խմիչքների Եվրոպական Միության միասնական շուկա արտահանման համար։

Փաստորեն, վերջին ամիսների ընթացքում մենք ականատես ենք եղել ավելի և ավելի մեծ ծավալների հայկական ծաղիկների ներկրմանը մեր շուկա, և սա գեղեցիկ խորհրդանիշ է նոր գլուխ բացելու մեր տնտեսական գործընկերության մեջ։ Սա ընդամենը սկիզբն է։ Այս նոր միջոցների արդյունքում դուք, մենք միջոցներ կունենանք բազմազանեցնելու և արագ բազմազանեցվելու։ Հուլիսի կեսին մենք փորձագետներ կուղարկենք Հայաստան՝ աշխատելու ձեր արտադրողների հետ, ձեռնարկությունների և արտահանողների հետ՝ օգնելով նրանց օգտվել բոլոր այն հնարավորություններից, որոնք Եվրամիության հետ արտոնյալ գործընկերություն կարող է առաջարկել։

Պարոն վարչապետ, սիրելի Նիկոլ,

Հունիսի յոթին Հայաստանի ժողովուրդը հստակ արտահայտեց իր նախապատվությունը՝ ընտրելով ժողովրդավարությունը, օրենքի գերիշխանությունը, բարեփոխումները և խաղաղությունը՝ նախընտրելով բաց, ներառողական, ողջունող հասարակությունը և գործընկերությունը Եվրոպական Միության հետ։ Մենք միասին այժմ այդ նկրտումները պետք է վերափոխենք իրական արդյունքների, դուք կարող եք մեզ ապավինել դրանում, շնորհակալություն։

Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը պատասխանել են նաև ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին։

Factor TV- Հարց ունեմ հանձնաժողովի նախագահ տիկին ֆոն դեր Լայենին: Տիկին նախագահ, Հայաստանը էներգետիկ դիվերսիֆիկացիան դարձրել է ռազմավարական առաջնահերթություն, սակայն շարունակում է մեծապես կախված մնալ ռուսական գազից և էներգետիկ ենթակառուցվածքներից։ Նախընտրական շրջանում մենք Մոսկվայից տարբեր պաշտոնյաների մակարդակով լսում էինք ակնարկներ, որ Հայաստանը Ռուսաստանից արտոնյալ գազ է ստանում, և դա կարող է թանկանալ։ Հայաստան-Եվրամիություն մերձեցման շրջանակներում, եթե Ռուսաստանը որոշի գազի մատակարարումը դադարեցնել կամ գինն օգտագործել որպես քաղաքական ճնշման գործիք, ապա ի՞նչ կոնկրետ աջակցություն կարող է տրամադրել Եվրոպական Միությունը, արդյոք Եվրամիությունը պատրաստ է Հայաստանին աջակցել այլընտրանքային մատակարարներից գազ ձեռք բերելու կամ գնի հնարավոր սուբսիդավորման ուղղությամբ: Եթե կան ծրագրեր, խնդրում եմ մանրամասնել։

Եվ մեկ հարց էլ Հայաստանի վարչապետին։ Պարոն վարչապետ, երեկ խոսել եք Ռուսաստանի վարչապետի հետ: Նախ կխնդրեմ ասել՝ հեռախոսազրույց ունենալու նախաձեռնությունը ձե՞րն էր, թե ռուսական կողմինը, ի՞նչ բնույթի հարցեր եք քննարկել: Արդյոք Հայաստանից արտահանվող ապրանքների սահմանափակումներին անդրադարձ եղե՞լ է, թե ոչ և արդյոք չե՞ք բացառում, որ կկրկնվի 2013 թվականի իրավիճակը, երբ Հայաստանը մեկ գիշերում որոշեց դադարեցնել Եվրամիության հետ մերձեցումը ռուսական ճնշումների պատճառով։

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայեն - Իսկապես, ինչ վերաբերում է էներգակիրներին, ձեզ անհրաժեշտ է ռազմավարական բազմաշերտ և համապարփակ մոտեցում: Եվ ճիշտ, ինչպես մենք օգնում ենք Հայաստանին բազմազանեցնել առևտուրը, որ ավելացնում է դիմակայությունը և ուժեղացնում է Հայաստանը, մենք ուզում ենք Հայաստանին օգնել նաև բազմազանեցնել իր էներգամատակարարումները: Ահա, թե ինչու հաջորդ շաբաթ մի խումբ փորձագետներ Եվրոպական Միությունից կժամանեն Հայաստան։ Մենք հարուստ փորձ ունենք նման իրավիճակի հետ կապված: Մենք Ուկրաինայում, Մոլդովայում անցել ենք դրանով, մեծ փորձ ենք կուտակել: Մենք ինքներս Եվրոպական Միությունում բախվել ենք այդ իրավիճակի տարրերին: Մենք հարուստ փորձ ենք կուտակել առ այն, թե ինչպես բազմազանեցնել էներգակիրների մատակարարումը որոշ երկրներում: Միաժամանակ մենք ներդրում ենք անում ռեգիոնալ էներգետիկ անվտանգության մեջ՝ նոր էլեկտրաէներգետիկ փոխկապակցվածության երթուղիներ բացելով և ավելի կուռ ռեգիոնալ էներգետիկ ցանցերը ձևավորելով։ Սա 25 միլիոն եվրո է ներառում: Մենք նաև Հայաստանին սատարում ենք նշանակալի ներքին ռեսուրսների հաշվին վերականգնվող էներգետիկայի արտադրության հարցում: Դուք Հայաստանում ինքներդ ձեր հաշվին եք արտադրում, սա ավելացնում է ձեր անկախությունը և տալիս է Էներգետիկ անվտանգություն և դիմակայություն։ Այս տարբեր մոտեցումների միջոցով մենք պատրաստ ենք ձեզ սատարել այն պոտենցիալ իրավիճակում, որին ինքներս քաջ ծանոթ ենք։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Շնորհակալ եմ հարցի համար։ Նախ անդրադառնամ այն թեմային, թե բացառում եմ արդյոք 2013 թվականի այն իրավիճակը, երբ Հայաստանը մի գիշերում, թե երկու գիշերում հրաժարվեց Եվրոպական Միության հետ ասոցացման համաձայնագիր ստորագրելու արդեն պայմանավորված գործընթացից և որոշում կայացրեց Եվրասիական տնտեսական միության կամ Մաքսային միության ուղղությամբ գնալ։ Հարցին պատասխանեմ կարճ և կոնկրետ։ Այո, բացառում եմ, դա հնարավոր չէ, առավել ևս հիմա, երբ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը հստակ աջակցություն է հայտնել այն քաղաքականություններին, որ վարում է Հայաստանի Հանրապետությունը և մասնավորապես՝ բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությանը։

Մյուս կողմից, ինչպես հայտարարել ենք, մենք խնդիր երբեք չենք դրել, չունենք և չենք դնի ճգնաժամ ստեղծելու Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հարաբերություններում։ Մենք գործում ենք մեր երկրի շահերի շրջանակներում և բնականաբար ոչ մի միջազգային մեր գործընկերոջ շահերը չենք արհամարհում, բայց մյուս կողմից որևէ այլ գործընկերոջ շահերը չենք կարող ավելի բարձր դասել, քան Հայաստանի Հանրապետության շահերը։ Սա, կարծում եմ, տրամաբանական է ցանկացած երկրի համար:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնության Կառավարության ղեկավարի հետ երեկվա հեռախոսազրույցին, իմ նախաձեռնությամբ է տեղի ունեցել հեռախոսազրույցը: Հարցերի քննարկման շրջանակը հաղորդագրության մեջ ներկայացվել է, թե ինչ հարցեր ենք քննարկել: Պայմանավորվել ենք, որ առաջիկայում ավելի մանրամասն քննարկումներ կունենանք:

Հանրային հեռուստաընկերություն - Պարոն վարչապետ, հաշվի առնելով Եվրամիության հետ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակականությունը, ռազմավարական գործընկերության մասին վերջերս ստորագրված փաստաթուղթը, ինչպե՞ս եք տեսնում Հայաստանի հետ Եվրամիության հարաբերությունների խորացումը և արդյոք այն չի վնասում Հայաստանի բալանսավորված և բալանսավորման քաղաքականությանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Եվրոպական միությունը շատ երկար ժամանակ Հայաստանի թիվ մեկ գործընկերն է ժողովրդավարական բարեփոխումների գործում և իմիջիայլոց՝ նաև 2018 թվականի հեղափոխությունից առաջ: Այլ խնդիր է, թե ինչ էֆեկտիվությամբ և ինչ անկեղծությամբ է այդ օրակարգն իրականացվել:

Եվ հիմա ընտրություններից հետո նաև շատ կարևոր առիթ եմ համարում, որ մենք ինչպես ասել եմ արդեն, Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը մենք ռեստարտի ենթարկենք, որովհետև նախորդող շրջանում, այո, մենք հետևողական ենք եղել այդ բարեփոխումների ճանապարհին, բայց այն անընդհատ զուգակցվել է ինչ-որ մեծ պրոբլեմներով՝ ՔՈՎԻԴ, պատերազմ, հետպատերազմական իրավիճակ։ Այսինքն՝ մենք գործնականում լիարժեք ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի վրա կենտրոնանալու հնարավորություն իրականում չենք ունեցել։

Ե՛վ ընտրությունները, և՛ այս նոր շրջանը, և՛ Եվրոպական Միության հետ մեր հարաբերությունների նոր մակարդակը, և՛ նոր ծավալը մեզ համար ստեղծում է պատմական շանս։ Եվ մենք մեր ռազմավարությունը հստակ հայտարարել ենք: Խնդիր համար առաջին, որը մենք պետք է լուծենք՝ լիարժեք, անկեղծ, ամբողջական լինել համապատասխան Եվրոպական միության ստանդարտներին։ Եվ սա առաջին ռազմավարական խնդիրն է, որը մենք պետք է լուծենք, որից հետո արդեն առավել կոնկրետ իրագործման օրակարգ կարող է դառնալ Եվրոպական միության լիարժեք անդամ դառնալու խնդիրը, որն արդեն քաղաքական հարց է։

Բայց ինչպես նախկինում ասել եմ, երբ մենք լիարժեք և անկեղծորեն համապատասխան կլինենք Եվրոպական միության ստանդարտներին, դա մեզ հնարավորություն կտա լինել Եվրոպական միության լիարժեք անդամ։ Բայց նաև դա քաղաքական հարց է, որը կախված է ամենատարբեր գործոններից։ Եթե մեզ կհաջողվի դառնալ Եվրոպական միության անդամ, դա կլինի շատ մեծ ձեռքբերում, եթե ինչ-որ պատճառով, ասենք՝ Եվրոպական միությունը կարող է որոշել, որ չի ընդլայնվում այլևս, այդ դեպքում մենք նորից մեծապես շահած դուրս կգանք, որովհետև մենք կլինենք երկիր, որը լիարժեքորեն համապատասխանում է Եվրոպական միության չափանիշներին։

Եվ դա ու՞մ համար է արվում, սա շատ կարևոր է։ Սա Եվրոպական միության համար չի արվում, սա արվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, Հայաստանի Հանրապետության համար, և սա այն ռազմավարական նպատակն է, որը մենք հետապնդում ենք։ Իհարկե, նոր հնարավորությունները, որ բացվում են՝ կապված տարածաշրջանային կապուղիների բացման հետ։ Ի վերջո, ես նախընտրական շրջանում առիթ ունեցել եմ բազմիցս ասելու, որ Հայաստանի Հանրապետությունը կոնֆլիկտի փակուղուց վեր է ածվում խաղաղության խաչմերուկի։ Եվ սա պատմական իրադարձություն է, և մենք շնորհակալ ենք Եվրոպական միությանը, որ մեր այս ջանքերում հետևողական և ամբողջական աջակցում է Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետության ժողովրդին։ Եվ իհարկե, մենք դա շատ բարձր ենք գնահատում։ Նույնիսկ հիմա, որ հետադարձ նայում ենք, աներևակայելի է, թե վերջին տարիներին ինչ արագությամբ են զարգացել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության հարաբերությունները, և որևէ նշան չկա, որ զարգացման այդ տեմպերը դանդաղելու են, և ես դրա համար շատ ուրախ եմ։

Շանթ հ/ը - Հարցս ուղղում եմ Եվրահանձնաժողովի նախագահին։ Տիկին Ուրսուլա ֆոն դեր Լայեն, Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման գործընթացն անցել է արդեն տեխնիկական փուլ։ Ինչպե՞ս եք գնահատում մինչ այժմ գրանցված առաջընթացը և ի՞նչ քայլեր են անհրաժեշտ, որպեսզի գործընթացը չսահմանափակվի միայն բարեփոխումների իրականացմամբ, այլ հանգեցնի Հայաստանի քաղաքացիների համար տեսանելի արդյունքի և սկսի գործել առանց վիզային ռեժիմի։ Եվ կխնդրեմ, եթե հնարավոր է, նշեք իրատեսական ժամկետներ, շնորհակալություն։

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայեն - Շնորհակալություն։ Նախ ուզում եմ ասել, որ Հայաստանը միակ գործընկեր երկիրն է, որը ներկայումս վիզայի ազատականացման ակտիվ երկխոսության մեջ է Եվրոպական միության հետ։ Սա արդեն իսկ ցույց է տալիս մեր գործընկերության մակարդակը։ Մենք ապրիլին հրապարակեցինք գործողությունների ծրագրի առաջընթացի հաշվետվությունը։ Մենք գիտենք, որ դուք նվիրված եք այդ օրակարգին, շնորհակալություն ենք հայտնում դրա համար։ Շատ տպավորիչ է տեսնել այդ առաջընթացը և գիտեմ, թե հայ ժողովրդի համար որքան կարևոր է դա։

Գնահատման նոր առաքելություններ կգան, այս աշնանը առաքելություն կգա առաջընթացը և մնացած հենանիշների ուղղությամբ պրոցեսը գնահատելու համար։ Թարգմանելով պարզ լեզվի՝ սա պրոցես է, որն առաջնորդվում է որոշ տարրերի նվաճմամբ։ Դուք լավ ուղու վրա եք, դուք տքնաջան աշխատում եք այդ ուղղությամբ, ես դա գիտեմ։ Բոլոր անհրաժեշտ տարրերը բավարարելուց հետո մենք կարող ենք անցնել մեր առաջարկին՝ վիզաներից ազատ ռեժիմի անցման։ Պարզապես անհրաժեշտ է բարեփոխումների որոշ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել, և եթե դա ավարտվի, դուք կհատեք վերջնագիծը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Նախընտրական շրջանում ես հայտարարել եմ, որ մենք խնդիր ունենք երկու տարվա ընթացքում, այսինքն՝ 2026-ի արդեն կեսն անցել ենք, 2029 թվականի դրությամբ ունենալ վիզաների ազատականացման իրադրություն... Իհարկե, ես համաձայն եմ տիկին նախագահի հետ, շատ բան մեզնից է կախված և հարցերը շատ դեպքերում ոչ թե Եվրոպական միությանը պետք է տանք, այլ ինքներս մեզ տանք, թե ինչքանո՞վ ենք պատրաստ և ի՞նչ որակով մենք բարեփոխումների օրակարգը կիրականացնենք։ Մի բան ակնհայտ է, որ Հայաստանի ժողովուրդը սպասում է այդ որոշմանը և այդ թվում՝ այդ որոշման օգտին է քվեարկել ընտրություններում։ Իհարկե, մենք այս հնարավորությունը չենք կարող բաց թողնել, հույս ունեմ, որ մենք բավականաչափ արագ և էֆեկտիվ կգործենք այդ խնդիրը ճշգրիտ ժամկետներում լուծելու համար։

ՀՀ վարչապետի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հանդիպումը շարունակվել է աշխատանքային ճաշի շրջանակում:

← Վերադառնալ