Մամլո հաղորդագրություններ
Պետբյուջեի առաջին եռամսյակի եկամուտները պլանավորվածից 30 միլիարդ դրամով ավելի են եղել
1670x1113px - 666 Կբ
1670x1113px - 740 Կբ
1670x1113px - 731 Կբ
1670x1113px - 728 Կբ
1670x1113px - 607 Կբ
1670x1113px - 670 Կբ
1670x1113px - 587 Կբ
1670x1113px - 599 Կբ
1670x1113px - 582 Կբ
1670x1113px - 638 Կբ
1670x1113px - 660 Կբ
1670x1113px - 650 Կբ
1670x1113px - 747 Կբ
1670x1113px - 698 Կբ
1670x1113px - 709 Կբ
1670x1113px - 671 Կբ
1670x1113px - 673 Կբ
1670x1113px - 616 Կբ
1670x1113px - 627 Կբ
1670x1113px - 576 Կբ
1670x1113px - 660 Կբ
1670x1113px - 721 Կբ
1670x1113px - 667 Կբ
1670x1113px - 614 Կբ
1670x1113px - 741 Կբ
1670x1113px - 749 Կբ
ևս 23 լուսանկար
Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության այսօրվա նիստում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը տեղեկացրել է, որ 2026 թվականի 1-ին եռամսյակում պետբյուջեի առաջին եռամսյակի եկամուտների բարձր աճերը պահպանվել են. «14 տոկոսանոց աճ ունենք՝ անցած տարվա առաջին եռամսյակի նկատմամբ։ Եվ եթե համեմատում ենք երկու ծրագրերի հետ՝ բյուջեի սկզբնական ծրագրի համեմատ, 33 մլրդ դրամով ավելի մուտքեր ունենք, իսկ ճշտված ծրագրի համեմատ ՝ մոտ 30 մլրդ-ով ավելի է, քան սպասվում էր»։
Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է . «Այդ 30 միլիարդ դրամից 20 միլիարդ դրամն ուղղվում է թոշակառուների թոշակը բարձրացնելուն։ Եվ ես կրկին ուզում եմ, այս առիթ օգտագործելով, շնորհակալություն հայտնել Հայաստանում աշխատող արդյունք ստեղծող և օրենքով նախատեսված հարկերը վճարող քաղաքացիներին և պետական բոլոր այն պաշտոնյաներին, ում աշխատանքի արդյունքում հարկերը հավաքագրվում, գեներացվում են։ Եվ երրորդը՝ ես տեսնում եմ ներքաղաքական կյանքում հարկերի դեմոնիզացիայի թեմա, և ուզում եմ ընդգծել՝ դեմոնիզացնել հարկերը նշանակում է հարվածել պետական եկամուտներին, նշանակում է հարվածել պետության, նշանակում է հարվածել առողջության ապահովագրության համակարգին, նշանակում է հարվածել թոշակների բարձրացման համակարգին, նշանակում է հարվածել դպրոցների կառուցման, մանկապարտեզների կառուցման համակարգին, դեմոնիզացնել հարկեր նշանակում է՝ հարվածել զինված ուժերի և բանակի բարեփոխման, մեր երկրի պաշտպանունակությանը և այլն։ Սա շատ կարևոր արձանագրում է, որովհետև պետական բյուջեն, որ 2017 թվականի հետ համեմատ 2025 թվականին 135 տոկոսով աճ է ունեցել, միշտ չէ, որ մեծ կտորներով է ձևավորվում, շատ փոքր վճարումներից՝ 500 դրամ, 1000 դրամ, 3000 դրամ։ Այո, կան նաև միլիարդներ, բայց ես ուզում եմ, որ մենք այդ փոքր՝ ամեն ՀԴՄ-ի դերը, այս պրոցեսի մեջ ամենևին չթերագնահատենք»։
Կբարձրանա էներգետիկ համակարգի կայունությանն ու անվտանգությունը, կստեղծվի նոր գործարար միջավայր
Կառավարությունը հավանություն է տվել «Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին։ Էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրին և միջազգային լավագույն փորձին համահունչ՝ էլեկտրաէներգետիկական համակարգում էներգիա պահեստավորող կայանների ներդրման նպատակով նախագծերով առաջարկվում է, մասնավորապես՝ որպես էներգետիկայի բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության նոր տեսակ նախատեսել էներգիայի պահեստավորումը՝ կայանի կառուցման և էներգիայի պահեստավորման փուլերով (ժամանակահատվածներով)։ Նման լիցենզիա ունեցող անձին կտրվի լիցենզիայով սահմանված տարածքում էներգիա պահեստավորող կայան կառուցելու (վերակառուցելու), շուկայի կանոնների համաձայն մեծածախ շուկայում էլեկտրական էներգիա գնելու և վաճառելու, շուկայի մասնակիցներին պահեստավորման ծառայություն մատուցելու իրավունք։ Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի բարձրացնել էներգետիկ համակարգի կայունությանն ու անվտանգությունը, ստեղծել նոր գործարար միջավայր, ընդլայնել իրական ներդրումները բնագավառում, ապահովել սպառողների շահերի առավել արդյունավետ պաշտպանությունը՝ ծառայությունների որակի, մատչելիության և անխափանության տեսանկյունից։
Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, առաջարկվում է էներգետիկայի բնագավառում լիցենզավորման ևս մեկ տեսակ ավելացնել. խոսքը պահեստավորման լիցենզիայի մասին է: «Կառավարության լիազորված մարմնի կողմից առաջարկի հիման վրա ՀԾԿՀ-ն այսուհետ կտրամադրի լիցենզիաներ, և նման լիցենզիա ունեցող անձին կտրվի լիցենզիայով սահմանված տարածքում էներգիա պահեստավորելու հնարավորություն: Միաժամանակ կտրվի հնարավորություն, շուկայի կանոնների համաձայն, մեծածախ շուկայում էլեկտրական էներգիա գնելու և վաճառելու, շուկայի մասնակիցներին պահեստավորման ծառայություն մատուցելու իրավունք: Լիցենզավորման ենթակա չի լինի մինչև 1 ՄՎտ հզորությամբ պահեստավորող կայանում էներգիայի պահեստավորումը, ինչպես նաև 1 ՄՎտ-ից ավելի հզորությամբ կայանում բացառապես սեփական կարիքների համար էլեկտրաէներգիա պահեստավորելու գործունեությունը»,- ասել է նախարարը:
Անդրադառնալով օրինագծերին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս նախագիծը կուտակիչ կայաններ ստեղծելու մասին է։ Վարչապետը հետաքրքրվել է, թե արդյոք մինչև հիմա կուտակիչ կայան ունենալու հնարավորություն չի եղել: Նախարարը պարզաբանել է, որ նախկինում նման կարգավորում չի եղել, որովհետև դրա անհրաժեշտությունն էլ չի եղել՝ վերջին տարիների ընթացքում է, որ այս տեխնոլոգիան լայնորեն կիրառվում է աշխարհում և Հայաստանում:
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էլ ընդգծել է, որ սա մի շատ կարևոր բարեփոխման մեկնարկ է և նախատեսում է իրավական կարգավորումների շրջանակ։
ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը տեղեկացրել է, որ վերջին տարիներին ՀՀ-ում հատկապես արևային կայանների թռիչքաձև աճ է տեղի ունեցել. խոսքը տատանվող հզորությամբ աշխատող կայանների մասին է, ինչն էլ իր հերթին հաճախ բերում է լարման տատանումների, հաճախականության շեղման: «Ոլորտի զարգացման ռազմավարության համաձայն՝ 2023-ին հանրապետությունում պետք է ունենայինք 1000 ՄՎտ արևային կայաններ, բայց արդեն 2025 թվականի ավարտին այդ հզորությունը գերազանցում էր 1000 ՄՎտ, և 2026 թվականի մարտի 1-ի դրությամբ արևային կայանների հզորությունը հասնում է 1141 ՄՎտ, որից 479 ՄՎտ արդյունաբերական արևային կայաններն են, 662 ՄՎտ ՝ ինքնավար տանիքներին տեղադրված արևային կայաններն են: Դրան գումարած՝ ընթացքի մեջ են 170 ՄՎտ ՝ նախկինում տրված լիցենզիաներ, որոնք ևս առաջիկայում պետք է կառուցվեն: Հետևաբար, հարցի կարգավորման հիմնական գործիքներից մեկն էլեկտրական և էներգետիկական ռեժիմների կարգավորման առումով այսպիսի կայանների ներդրումն է և օրենքում լիցենզավորման համապատասխան փոփոխություն ունենալն է»,- ասել է ՀԾԿՀ նախագահը։ Մեսրոպ Մեսրոպյանի դիտարկմամբ՝ հետագայում այս հարցին օգնելու կգա Իրան-Հայաստան և Հայաստան-Վրաստան օդային գծերի գոյությունը՝ նոր կառուցված ենթակառուցվածքները, որոնք նույնպես կօգնեն այս հարցի կարգավորմանը: Այս պահին, ըստ նրա, նման օրենքի փոփոխությամբ փորձ է արվում առաջնահերթ կարգով կարգավորել խնդիրը:
Արձագանքելով՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է. «Շուկային ասում ենք՝ կառուցե՛ք պահեստներ, մենք ձեզնից կվարձակալենք: Սա իրավական հիմքն է, որ մենք շուկային վարձակալության վճար տանք և երաշխիք ստեղծենք»:
Խոսելով ժամանակների պատմական լինելու և մտածողության փոփոխության անհրաժեշտության մասին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հիմա մեր ժամանակները պատմական են նաև էներգետիկայի առումով. «Որովհետև մեր ավանդույթից և պատմությունից սովոր ենք, որ մեր մեծագույն պրոբլեմներից մեկն այն է, որ մեծ էներգառեսուրսներ չունեցող երկիր ենք: Հիմա մեր աշխարհագրական դիրքում, տեղում բան չի փոխվել, բայց այդ իրավիճակը փոխվել է, որովհետև պարզվել է, որ մենք էներգառեսուրսներով շատ հարուստ երկիր ենք: Այդ էներգառեսուրսն արևն է: Մենք ունենք այնքան ռեսուրս, որ ՀՀ-ն, առանց չափազանցության, կարող է լինել էներգետիկ առումով ինքնաբավ երկիր: Ի՞նչ է սա նշանակում: Մենք կարող ենք ստեղծել իրավիճակ, երբ մենք ընդհանրապես էլեկտրաէներգիա ներմուծելու անհրաժեշտություն չունենանք: Բայց ինչ է պետք սրա համար: Սրա համար առաջին հերթին պետք է մտածողության փոփոխության, էներգետիկ մտածողության փոփոխություն»։
Ըստ երկրի ղեկավարի՝ ժամանակն է կենտրոնանալ կուտակման վրա, որպեսզի հնարավոր լինի արևից էներգիա վերցնել, որոնք պետք է լինեն ռազմավարությունների հիմքը, իսկ դրա համար անհրաժեշտ է նախ փոխել էներգետիկ մտածողությունը: Այդ համատեքստում վարչապետը կարևորել է նաև ոլորտի մասնագետները վերապատրաստման գործընթացը:
Թեմայի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են առաջարկություններ բարեփոխման արդյունավետ իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր, դիտարկումներ։
Անշարժ գույքի շուկան կդառնա ավելի բազմաշերտ՝ կձևավորվեն շուկայի նոր մասնակիցներ
Կառավարության հավանություն է տվել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին և հարակից օրենքների նախագծերին։ Օրինագծերի ընդունման արդյունքում անշարժ գույքի շուկայի մեջ ներգրավված կապիտալի շրջանառությունը կաճի, ինչի շնորհիվ շուկան կդառնա ավելի ակտիվ և կանխատեսելի: Անշարժ գույքի այն հատվածը, որը մինչև հիմա գտնվել է պասիվ սպառողական օգտագործման դաշտում, կդառնա շրջանառվող ֆինանսական ակտիվ՝ ապահովելով նոր դրամական հոսքեր և եկամտաբերություն։ Անշարժ գույքի շուկան կդառնա ավելի բազմաշերտ՝ կձևավորվեն շուկայի նոր մասնակիցներ: Նախագծի ընդունման արդյունքում կներդրվի ֆինանսական նոր արտադրանք, կապահովվի սոցիալական պաշտպանվածության բարձրացում, կբարձրանա կյանքի որակը, սեփականության իրավունքի տնտեսական արժեքը և վստահությունը ֆինանսական համակարգի նկատմամբ։
Ինչպես նշել է Կադաստրի կոմիտե ղեկավար Սուրեն Թովմասյանը, օրինագծերով նախատեսվում է ներդնել հետադարձ հիփոթեքի և ամուսնու բացառիկ սեփականության ինստիտուտներ։ Սուրեն Թովմասյանի խոսքով՝ հետադարձ հիփոթեքի ինստիտուտը գործում է ԱՄՆ-ում և հնարավորություն է տալիս թոշակի տարիքի անցած անձանց որոշակի առումով իրենց սեփականության պատկանող անշարժ գույքից ստանալ համապատասխան եկամուտներ: «Սեփականատերերը թոշակի անցնելուց հետո ունենալու են հնարավորություն այս օրենսդրական փաթեթի ընդունման պարագայում, բանակցելով բանկի հետ, բանակցության վերաբերյալ պայմանները հստակ արձանագրված են օրենսդրական կարգավորումներով, այդ նույն տունը հանձնել բանկին հետադարձ հիփոթեքով՝ պահպանելով դրա նկատմամբ սեփականության իրավունքը, պահպանելով այդտեղ բնակվելու իրավունքը, և թոշակառու տարիքում ստիպված չլինեն վաճառել սեփական գույքն ու տեղափոխվել»,- ասել է Կադաստրի կոմիտեի ղեկավարը:
Ըստ Սուրեն Թովմասյանի՝ այս եկամուտը կգումարվի թոշակառուի համար վճարվող թոշակներին, կդառնա հավելյալ միջոց, որպեսզի անշարժ գույքի թոշակառու սեփականատերերը կարողանան ավելի բարեկեցիկ կյանքով ապրել:
Մյուս օրինագիծը վերաբերում է ամուսնու բացառիկ սեփականության ինստիտուտին, ենթադրում է հետևյալ կարգավորումը։ «Երբ ամուսինները ամուսնական կյանքի ընթացքում որևէ բնակելի անշարժ գույք են ձեռք բերում, նրանք տիրապետում են այդ անշարժ գույքը սեփականության իրավունքով, և որևէ ամուսնու մահից հետո ժառանգության ծավալ է բացվում, և ժառանգորդները հայտնվում են կենդանի մնացած ամուսնու հետ, դառնում են համասեփականատերեր: Այս ինստիտուտի ներդրմամբ թույլ ենք տալիս, որպեսզի ամուսիններն իրենց ընտրությամբ ընտրեն իրավունքի այս տեսակը, որը թույլ կտա որևէ ամուսնու մահից հետո սեփականության իրավունքը միանձնյա պահպանել կենդանի մնացած ամուսնու համար, և հետագայում արդեն երկրորդ ամուսնու մահից հետո գույքը կտրվի ժառանգության: Սա թույլ կտա ապահովել կենդանի մնացած ամուսնու կյանքը, ապահովությունը, անվտանգությունը, կեցությունը, և հետագայում միայն կլուծվեն արդեն ժառանգության խնդիրները»,- ասել է Կադաստրի կոմիտե ղեկավարը:
Անդրադառնալով օրինագծերին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դրանով ընդլայնում են թոշակառուների ազատությունների սահմանները: Վարչապետը պարզաբանել է՝ օրինակ, եթե Մաշտոցի պողոտայում թոշակառուն ունի բնակարան, կարող է բանկի հետ ձևակերպել հետադաձ հիփոթեք, ինչի արդյունքում բանկը կգնի ամուսիններից բնակարանը և ամենամսյա կտրվածքով որոշակի գումար կփոխանցի ամուսիններին:
Էլեկտրոնային հարթակով տաքսի ծառայություններ իրականացնող վարորդները 2027 թ. հունվարի 1–ից կներառվեն առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում
Գործադիրի հավանությանն են արժանացել «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերը։ Օրինագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է կիրարկման ընթացքում վերհանված օրենսդրական բացերը լրացնելու, վրիպակները շտկելու, ինչպես նաև առանձին չկարգավորված հարաբերություններ կարգավորելու անհրաժեշտությամբ։
Ինչպես նշել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, օրինագծով էլեկտրոնային հարթակով տաքսի ծառայություններ իրականացնող վարորդները 2027 թ. հունվարի 1–ից կներառվեն առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում` դառնալով շահառու։ Նախարար նշել է, որ արդեն իսկ ապահովագրական համակարգում ներառված անձինք 2027 թ. հունվարի 1–ից կկարողանան իրենց հետ փոխկապակցված անձանց ևս ընդգրկել համակարգի մեջ։
Անահիտ Ավանեսյանը հայտնել է նաև, որ անհատ ձեռնարկատերերի համար ապահովագրական վճար վճարելու ժամկետը ապրիլի 20–ից առաջարկվում է երկարաձգել մինչև հուլիսի 20–ը։ Օրենսդրական նախաձեռնությունը դիտարկվել է անհետաձգելի։
Անդրադառնալով օրինագծերին Նիկոլ Փաշինյանը նշել է՝ չի եղել որևէ բարեփոխում, որն այսքան արագ ու այսքան ծավալով ունենա արձագանք։ Ըստ վարչապետի՝ սա բացառիկ այն դեպքերից է, որը պայմանավորված է հետևյալ հանգամանքով. «Մենք ստացել ենք մի վիճակ, երբ առողջական պրոբլեմ ունեցող մարդու մահճակալի կողքը հարազատի կարգավիճակով նստած է իր պետությունը, որը իր կարիքները հոգում է։ Սա շատ բարդ բարեփոխում է, ճիշտ է՝ մենք կառավարելի տրամաբանությամբ գնում ենք առաջ, բայց մենք այս բարեփոխումը պետք է փայփայենք, ամենօրյա խնամք տանենք դրա նկատմամբ, որ այն զարգանա։ Եվ կարևոր է, որ այս փուլից սկսած ոչ թե որակի անկում ունենանք, այլ՝ շարունակական բարձրացում»։
Երկրի ղեկավարն ընդգծել է՝ առողջության համընդհանուր ապահովագրության վիճակագրությունն արդեն խոսուն է. «2 մլն 277 հազար 479 այց ենք ունեցել, որից 105 670-ը՝ հիվանդանոցային։ Համակարգից օգտվել է 221 361՝ 65+ տարիքի անձ և միայն դրա համար ՀՀ պետական բյուջեն, որը ձևավորվում է ՀՀ-ում աշխատող քաղաքացիների վճարած հարկերից, ծախսել է 28 մլրդ 438 մլն դրամ։ Կարևոր է արձանագրել, որ հունվարի 1-ից մինչև մարտի 31-ը 361 65+ տարիքի թոշակառու օգտվել է 4 մլն + արժեք ունեցող առողջապահական ծառայություններից, 892-ը՝ 2-4 մլն դրամ, 3883՝ 1-2 մլն դրամ, 7365-ը՝ 500 000- 1 մլն դրամ, 34171-ը՝ 100 000-500 000 դրամ, 34 000 քաղաքացի՝ 50 000 - 100 000, 140 106 քաղաքացի՝ մինչև 50 000 դրամ արժողությամբ առողջապահական ծառայություններից»։
Կապահովվի մի շարք կրթական հաստատությունների հիմնանորոգման/վերանորոգման աշխատանքների իրականացումը
Կառավարության որոշմամբ նախատեսվում է պետբյուջեով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված կապիտալ ծախսերի միջև կատարել վերաբաշխում ՝ 4,052,049.8 հազար դրամի չափով՝ մարզերում թվով 37 մանկապարտեզի հիմնանորոգման/վերանորոգման աշխատանքները մեկնարկելու, թվով 5 դպրոցում նախակրթարանների ստեղծումը պետբյուջեից անհրաժեշտ համայնքների փոխարեն ֆինանսավորելու, դպրոցների և մանկապարտեզների նորոգման համար անհրաժեշտ տեխնիկական վիճակի զննության, չափագրության և նախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայության, ինչպես նաև Հրազդան մարզադաշտի տեխնիկական վիճակի հետազննության ծառայության դիմաց վճարելու նպատակով։ Որոշման ընդունմամբ կմեկնարկեն թվով 37 մանկապարտեզի (5-ը՝ Արագածոտնում, 5-ը՝ Արարատում, 2-ը՝ Արմավիրում, 5-ը՝ Գեղարքունիքում, 4-ը՝ Լոռիում, 3-ը՝ Կոտայքում, 3-ը՝ Շիրակում, 2-ը՝ Սյունիքում, 3-ը՝ Վայոց ձորում, 5-ը՝ Տավուշում) հիմնանորոգման/վերանորոգման աշխատանքները, կապահովվի թվով 5 նախակրթարանի ստեղծման աշխատանքների համաֆինանսավորումը, թվով 74 դպրոցի և 2 մանկապարտեզի նորոգման համար անհրաժեշտ տեխնիկական վիճակի զննության, չափագրության և նախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայության, ինչպես նաև Հրազդան մարզադաշտի տեխնիկական վիճակի հետազննության ծառայության դիմաց վճարումը։
Վարչապետը թվարկել է որոշմամբ ֆինանսավորվող հաստատությունները. Արագածոտնի մարզի՝ Աշտարակի թիվ 5 Արաքս Մուրադյանի անվան մանկապարտեզ, Աշտարակ բնակավայրի թիվ 1 Մանուշակ մանկապարտեզ, Ապարանի թիվ 1 մանկապարտեզ, Քուչակի մանկապարտեզ, Հարթավանի մանկապարտեզ։ Արարատի մարզ՝ Վեդու թիվ 2 նախադպրոցական ուսումնական հաստատություն, Փոքր Վեդու «Զարթոնք» նախադպրոցական ուսումնական հաստատություն, Մասիս քաղաքի թիվ 5 մսուր-մանկապարտեզ, Արտաշատ համայնքի Դալար գյուղի մանկապարտեզ, Արտաշատի թիվ 4 մսուր-մանկապարտեզ։ Արմավիրի մարզ՝ Արմավիրի թիվ 3 մանկապարտեզ, թիվ 7 մանկապարտեզ։ Գեղարքունիքի մարզ՝ Մարտունի քաղաքի թիվ 4 մանկապարտեզ, Ձորագյուղի մանկապարտեզ, Սևան համայնքի Հեքիաթ» մանկապարտեզ, Ծովագյուղի մանկապարտեզ, Կարմիրգյուղի մանկապարտեզ։ Լոռու մարզ՝ Շիրակամուտի Արևիկ մանկապարտեզ, Վանաձորի թիվ 32 մանկապարտեզ, Ալավերդի համայնքի «Արևներ» մսուր-մանկապարտեզ, Վանաձորի թիվ 40 մանկապարտեզ։ Կոտայքի մարզ՝ Գառնիի մանկապարտեզ, Մրգաշենի մանկապարտեզ, Հրազդանի թիվ 13 ՆՈՒՀ։ Շիրակի մարզ՝ Լապտերիկ – մսուր մանկապարտեզ, Արևիկ մանկապարտեզ, Սառնաղբյուրի մանկապարտեզ։ Սյունիքի մարզ՝ Լեռնաձորի մանկապարտեզ, Սիսիանի թիվ 4 ՆՈՒՀ։ Վայոց Ձորի մարզ՝ Աղավնաձորի մանկապարտեզ, Վայքի թիվ 1 մանկապարտեզ, թիվ 3 մանկապարտեզ։ Տավուշի մարզ՝ Դիլիջանի թիվ 1 մանկապարտեզ, Հաղարծինի մանկապարտեզ, Կոթիի մսուր-մանկապարտեզ, Սարիգյուղի մանկապարտեզ, Բերդավանի մսուր-մանկապարտեզ։
Որոշմամբ կարգավորում է ստանում նաև նախակրթարանների համաֆինանսավորման մասով որոշ համայնքների մոտ առաջացած խնդիրը՝ Արագածոտնի մարզի Սադունցի հիմնական դպրոց (նախակրթարանի ստեղծման աշխատանքներն ընթացքում են), Շիրակի մարզի Գյումրու թիվ 6 հիմնական դպրոց (նախակրթարանի ստեղծման աշխատանքներն ավարտված են, շահագործվում է), Անիպեմզայի միջնակարգ դպրոց (նախակրթարանի ստեղծման աշխատանքներն ավարտված են, շահագործվում է), Տուֆաշենի միջնակարգ դպրոց (նախակրթարանի ստեղծման աշխատանքները մեկնարկման փուլում են), Վայոց ձորի մարզի Հերմոնի հիմնական դպրոց (նախակրթարանի ստեղծման աշխատանքները մեկնարկման փուլում են)։
Կապահովվի Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության և այլ ծրագրերի 370 շահառուներին ֆինանսական աջակցության տրամադրումը
Կառավարությունը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որով հաստատվել են Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2024-2026 թթ. ծրագրերը, այդ թվում՝ մարզում հիփոթեքի աջակցության և հիփոթեքի մարման աջակցության ծրագրերը, ինչպես նաև ապահովվել է 2023 թ. դեկտեմբերի 30-ի դրությամբ կանխավճարի ապահովագրության ծրագրում ընդգրկված շահառուների շրջանակներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանագիր կնքած բանկեր կամ վարկային կազմակերպություններ դիմած, ինչպես նաև հիփոթեքի մարման աջակցության ծրագրի շրջանակներում նախարարություն դիմած քաղաքացիներին աջակցության տրամադրման գործընթացը։ Ըստ հիմնավորման՝ 2026 թ. համար ծրագրերի բյուջեն կազմում է 2,4 մլրդ դրամ, որն ըստ եռամսյակների բաշխվել է համամասնորեն։ Փետրվարի 24-ի դրությամբ արդեն իսկ աջակցություն է ստացել 646 շահառու, որոնց վճարվել է շուրջ 568 մլն դրամ, որից 156-ը մարզում հիփոթեքի աջակցության ծրագրով (160,045,785 դրամ), 83-ը կանխավճարի ապահովագրության ծրագրով (2,486,202 դրամ), 407-ը՝ հիփոթեքի մարման աջակցության ծրագրով (405,725,894 դրամ)։ Այս ցուցանիշները պայմանավորված են ծրագրերի շրջանակում դիմումների թվի աննախադեպ աճով, այդ թվում՝ 3-րդ և հաջորդ երեխա ունեցողների թվով, որի դեպքում աջակցության չափը կազմում է մինչև 2 մլն դրամ, ինչպես նաև 2025 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ստացված, բայց ֆինանսական միջոցների բացակայության պատճառով չվճարված և հաջորդ տարի տեղափոխված դիմումների թվով։ Որոշմամբ առաջարկվում է ծրագրերի շրջանակներում 2026 թ.առաջին եռամսյակում դիմած/դիմող շուրջ 370 շահառուներին ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով հատկացնել 300 մլն դրամ։ Աջակցությունը կտրամադրվի՝ 90-ը մարզում հիփոթեքի աջակցության ծրագրով (յուրաքանչյուրին միջինում 1 մլն դրամ), 70-ը՝ կանխավճարի ապահովագրության ծրագրով (յուրաքանչյուրին միջինում 30 հազ․ դրամ), 210-ը՝ հիփոթեքի մարման աջակցության ծրագրով (յուրաքանչյուրին միջինում 990 հազ. դրամ)։
Կապահովվի էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագրի շահառուներին օժանդակության տրամադրումը
Կառավարության որոշմամբ կապահովվի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի միջև ստորագրված նամակով «Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագրով» ծրագրի շահառուներին օժանդակության տրամադրման հարցը: Արդյունքում՝ կնվազի շուրջ 200 շահառուի ծրագրի շրջանակում ներգրավված վարկերի մայր գումարը՝ էներգաարդյունավետ բաղադրիչի վրա ծախսված գումարի 9 տոկոսի չափով:
Կբարելավվի գործարար միջավայրը. մաքսատուրքի վճարումից ազատում՝ մի շարք նյութերի ներմուծման նկատմամբ
Կառավարությունն ընդունել է «ՀՀ տարածք առանց ներմուծման մաքսատուրքի վճարման մանածագործական նյութերի, կաշիների, մորթիների և այլ նյութերի մշակման համար նախատեսված միջոցների ներմուծման մասին» որոշում, որով կապահովվեն 2026 թ. հունվարի 30 - ի ԵՏՀԽ փոփոխություններ կատարելու մասին» որոշման պահանջները։ Այն կնպաստի գործարար միջավայրի բարելավմանը: Համաձայն նշյալ որոշման՝ Հայաստանի Հանրապետությանը թույլատրվել է կիրառել սակագնային արտոնություն 0 % մաքսատուրքի դրույքաչափով մանածագործական նյութերի, կաշիների, մորթիների և այլ նյութերի մշակման համար նախատեսված միջոցների ՀՀ ներմուծման նկատմամբ։ Որոշմամբ նախատեսված սակագնային արտոնության կիրառման ժամկետ է սահմանված` որոշումը ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2028 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածը։
Գործադիրը մեկ այլ որոշմամբ հաստատել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ծագում ունեցող՝ վառարաններում օգտագործվող գրաֆիտացված էլեկտրոդների՝ առանց հակագնագցման տուրքի վճարման ՀՀ տարածք ներմուծման ընթացակարգը։ Ըստ հիմնավորման՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թ. նոյեմբերի 17-ի որոշմամբ սահմանվել է հակագնագցման տուրք ԵԱՏՄ տարածք ներմուծվող՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ծագում ունեցող և ԵԱՏՄ ԱՏԳ համապատասխան ծածկագրին դասվող 520 մմ-ից ավելի, բայց ոչ ավելի, քան 650 մմ տրամագծով շրջանաձև լայնական հատույթով կամ այլ լայնական հատույթով 2700 սմ2-ից ավելի, բայց ոչ ավելի, քան 3300 սմ2 մակերեսով վառարաններում օգտագործվող գրաֆիտացված էլեկտրոդների նկատմամբ։ Վերոնշյալ հակագնագցման տուրքը գործելու է 5 տարի ժամկետով։
Կառավարությունն ընդունել է նաև «ՀՀ տարածք առանց ներմուծման մաքսատուրքի վճարման կակաո-մածուկի՝ յուղազերծված, կակաո-յուղի և կակաո-ճարպի ներմուծման մասին» որոշում։ Ըստ հիմնավորման՝ ՀՀ-ին հատկացվել է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ համապատասխան ծածկագրերին դասվող կակաո-մածուկի՝ յուղազերծված և կակաո-յուղի և կակաո-ճարպի 0 % մաքսատուրքի դրույքաչափով ներմուծման նկատմամբ սակագնային արտոնություն ոչ ավելի, քան համապատասխանաբար՝ 300,0 և 200,0 տոննա ծավալներով։ ՀՀ ներկրվող նշված ապրանքների նկատմամբ սակագնային արտոնության կիրառման ժամկետ է սահմանված`որոշումը ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2027 թ. ապրիլի 30-ը ներառյալ ընկած ժամանակահատվածը։
Գործադիրն ընդունել է որոշում «ՀՀ տարածք առանց ներմուծման մաքսատուրքի վճարման եղեգնաշաքարի ներմուծման մասին» որոշում։ Ըստ հիմնավորման՝ ՀՀ-ին հատկացվել է 20 հազար տոննա չափով եղեգնաշաքարի /0 % մաքսատուրքի դրույքաչափ/ ներմուծման նկատմամբ սակագնային արտոնություն։ ՀՀ ներկրվող եղեգնաշաքարի նկատմամբ սակագնային արտոնության կիրառման ժամկետ է սահմանվել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։
Կապահովվի «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակաբաշխության շրջանակում ՀՀ վարչապետի ստացած մրցանակի կառավարման թափանցիկությունը և նպատակային օգտագործման հնարավորությունը
Կառավարությունն ընդունել է «ՀՀ վարչապետի աշխատակազմին արտաբյուջետային ավանդային հաշիվ բացելու թույլտվություն տալու մասին» որոշում։ Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թ.-ի մրցանակաբաշխության շրջանակում ՀՀ վարչապետի ստացած 500,000.00 ԱՄՆ դոլար մրցանակի տնօրինման համար անհրաժեշտ իրավական հիմքերի ստեղծմամբ։ Ըստ այդմ՝ առաջարկվում է թույլատրել ՀՀ վարչապետի աշխատակազմին ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետարանում իր անվամբ բացել ՀՀ դրամով արտաբյուջետային ավանդային հաշիվ։ Կարգավորումը հնարավորություն կտա իրականացնել մրցանակային միջոցների ավանդադրումը և ապահովել դրանց հաշվին ՀՀ Կառավարության որոշումներով սահմանված ծախսերի ֆինանսավորումը։ Արդյունքում՝ կապահովվի մրցանակային միջոցների կառավարման թափանցիկությունը և դրանց նպատակային օգտագործման հնարավորությունը՝ իրականացնելով մուտքերի և ելքերի առանձնացված հաշվառում պետական գանձապետական համակարգի միջոցով։
Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը կօտարվեն բացառապես էլեկտրոնային համակարգի միջոցով
ՀՀ հողային օրենսգրքում կատարված փոփոխությունները և դրանցից բխող իրավակարգավորումների կատարելագործման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում։ Որոշմամբ հաշվի է առնվել Կառավարության կողմից որդեգրված այն քաղաքականությունը, համաձայն որի՝ համայնքային և պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարումը աճուրդային եղանակով իրականացվելու է բացառապես էլեկտրոնային հարթակի միջոցով։ Առաջարկվող մոտեցումը միտված է ապահովելու գործընթացի առավելագույն թափանցիկություն, մրցակցային հավասար պայմաններ և հանրային վերահսկողության բարձր մակարդակ։ Էլեկտրոնային համակարգի կիրառումը հնարավորություն է տալիս նվազեցնել մարդկային գործոնի ազդեցությունը, կրճատել վարչարարական ծախսերն ու ժամկետները, ապահովել տեղեկատվության հասանելիություն շահագրգիռ անձանց համար և կանխել հնարավոր չարաշահումները։ Որոշմամբ սահմանվել է, որ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարվում են բացառապես էլեկտրոնային համակարգի միջոցով։
Օրենսդրական այլ նախաձեռնություններ
Գործադիրի հավանությանն է արժանացել «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Օրինագծի ընդունմամբ հնարավոր կլինի հոգեբուժական կազմակերպություններում իրականացնել արտագնա դատական նիստեր՝ այդկերպ ապահովելով հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց պատշաճ մասնակցությունը իրենց վերաբերյալ իրականացվող վարույթներին այն դեպքերում, երբ հոգեկան առողջության վիճակով պայմանավորված անհնար է նրանց՝ դատական նիստին մասնակցության ապահովումը։ Բացի այդ, կնախատեսվեն օրենսդրական երաշխիքներ՝ քրեական վարույթը բժշկական հարկադրանքի վարույթի փոխակերպելը և անվտանգության միջոցի կիրառման հարցը քննարկելը դատավարական սեղմ ժամկետներում իրականացնելու համար։
Հավանություն է տրվել «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին և հարակից նախագծերին։ Նախագծերի ընդունման արդյունքում վերոնշյալ օրենքներով նախատեսված պաշտոններ զբաղեցնելու տարիքային շեմերը կհանվեն՝ աշխատանքային գործունեությունը շարունակելու հնարավորությունը չպայմանավորելով զուտ միայն որոշակի տարիքի հասնելու հանգամանքով և բացառելով տարիքով պայմանավորված խտրական մոտեցումները: Բացի այդ, հանրային, համայնքային ու քաղաքացիական ծառայողները, ինչպես նաև պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձինք կկարողանան դառնալ խնամատար ծնող՝ ստանալով համապատասխան վարձատրություն երեխայի խնամքի և դաստիարակության համար։
Կառավարությունը հավանություն է տվել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին և հարակից օրենքի նախագծին։ Օրինագծերի մշակման անհրաժեշտությունը բխում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ոլորտում առկա իրավական և փաստացի խնդիրներից, ինչպիսիք են մասնավորապես՝ կադաստրային քարտեզներում և պետական գրանցման տվյալներում առկա սխալների՝ բացահայտման և ուղղման միասնական ու հստակ ընթացակարգի բացակայությունը, ինչպես նաև Կադաստրի կոմիտեի, չափագրողների և շահագրգիռ անձանց միջև իրավասությունների բաշխման անհստակությունը։
Հավանություն է տրվել ««Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որի ընդունմամբ հնարավոր կլինի սահմանել և հստակեցնել գործնական կիրառման ընթացքում ի հայտ եկած չկարգավորված և (կամ) ոչ հստակ կարգավորված, իսկ առանձին դեպքերում նաև տարընկալումների տեղիք տվող իրավահարաբերությունները, ինչպես նաև պատշաճ կարգով կազմակերպել օրենքով ամրագրված համապատասխան պահանջների ու դրույթների իրականացումը:
Միջազգային համագործակցություն
Գործադիրը հավանություն է տվել ստորագրված «Հայաստան – Դիմակայուն Սյունիք» ծրագրի նախապատրաստմանն աջակցող խորհրդատվական ծառայությունների մատուցման առնչությամբ համագործակցության համաձայնագիրը (NO. AA-012710) հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ), ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջև 2026թ. փետրվարի 4-ին ստորագրվել է համագործակցության համաձայնագիր՝ նպատակ ունենալով ապահովել «Հայաստան-Դիմակայուն Սյունիք» /Armenia Resilient Syunik Program (RESYP)/ ծրագրի ջրամատակարարման բաղադրիչի նախապատրաստման խորհրդատվական ծառայությունների իրականացումը։ Ծրագրի նպատակն է ապահովել Սյունիքի մարզի գյուղական և քաղաքային համայնքների խմելու ջրի հասանելիություն, երկարաժամկետ կայունություն և ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարում։
Կպարզեցվի նվիրատվությամբ կամ նվիրաբերությամբ անհատույց հանձնվող շարժական գույքն ընդունելու գործընթացը
Կառավարությունն ընդունել է որոշում, որով կհստակեցվեն պետական մարմինների լիազորությունները նվիրատվությամբ կամ նվիրաբերությամբ անհատույց հանձնվող շարժական գույքը ընդունելու գործընթացում, կկարգավորվեն և կհստակեցվեն ֆիզիկական և իրավաբանական անձանցից պետության կողմից շարժական գույքը նվիրատվությամբ կամ նվիրաբերությամբ ընդունելու հետ կապված իրավահարաբերությունները։ Արդյունքում՝ գործընթացը կդառնա ավելի պարզ, արագ և արդյունավետ, կնվազեցվի վարչարարությունը և կկրճատվի կառավարության որոշումների անհրաժեշտությունը, նման դեպքերում, կապահովվի պետական գույքի կառավարման միասնական և համակարգված մոտեցումը։ Ըստ այդմ՝ նախատեսվում է լրացնել և փոփոխել գործող իրավական ակտը՝ սահմանելով, որ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց պատկանող շարժական գույքի նվիրատվությամբ կամ նվիրաբերությամբ ընդունումը և հաշվեկշռում հաշվառումը կարող է իրականացվել նաև պետական կառավարման համակարգի համապատասխան մարմնի ղեկավարի իրավական ակտով։
Խրախուսվում են հերթական ներդումային ծրագրերը
Կառավարության որոշումներով մի շարք ընկերություններով ներդրումային ծրագրի շրջանակներում կօգտվեն ներմուծման մաքսատուրքից ազատվելու արտոնությունից։
«ԲԵՏՈՆԻՔՍ» ՍՊԸ ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել ալյումինե պրոֆիլների, դռների, պատուհանների և այլ ալյումինե կոնստրուկցիաների արտադրության համար՝ իրականացնելով 1․2 մլրդ դրամի ներդրում։ Ներկայումս առկա է 4 աշխատատեղ՝ 87 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2027 թ. նախատեսվում է աշխատատեղերի թվաքանակը հասցնել մինչև 8-ի՝ 175 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1․2 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 138․6 մլն դրամ։
«ԼԵՆՏԵՔՍ» ՍՊԸ ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել հագուստի արտադրության համար՝ իրականացնելով 787 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 555 աշխատատեղ՝ 114 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2027 թ. նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 560-ի՝ 118 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 787 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 40․3 մլն դրամ։
«ԲԱՅԱԶԵՏ 1» ՍՊԸ ներմուծվող հումքը և սարքավորումը նախատեսում է օգտագործել մսամթերքի արտադրության համար՝ իրականացնելով 717 մլն դրամի ներդրում։ Ներկայումս առկա է 95 աշխատատեղ՝ 108 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2027 թ. աշխատատեղերի թիվը նախատեսվում է հասցնել մինչև 155-ի՝ 125 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 717 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 125․8 մլն դրամ։
«ՄԱՍՏԵՐ ԻՆՎԵՍՏ» ՍՊԸ ներդրումային ծրագրի նպատակն է զարգացնել ավտոճանապարհային բեռնափոխադրումների ոլորտը՝ ժամանակակից բեռնատար ավտոմեքենաների ներմուծման ու արդյունավետ շահագործման միջոցով։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 155 մլն դրամի ներդրում բեռնատար ավտոմեքենաների ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 31 աշխատատեղ՝ 230 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 155 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 23․2 մլն դրամ։
«ՍՈԼԵՅ» ՍՊԸ նախատեսում է ձեռք բերել, տեղադրել և շահագործել 8 ՄՎՏ հզորությամբ արևային կայան, արտադրված էլեկտրական էներգիան վաճառելով ազատ շուկայում։ Ներդրումային ծրագիրն իրականացվելու է Արագածոտնի մարզում՝ իրականացնելով 1․25 մլրդ դրամի ներդրում, որից 860 մլն դրամը հիմնական միջոցների և հումքի ձեռքբերման համար, իսկ 181 մլն դրամը շինմոնտաժային աշխատանքների իրականացման համար։ Ներկայումս առկա է 3 աշխատատեղ՝ 190 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում, մինչև 2027 թվականը ընկած ժամանակահատվածում, աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 6-ի՝ 200 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 288․3 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 20․7 մլն դրամ։
Կձևավորվի սոցիալական և ժողովրդագրական քաղաքականությունների անաչառ և անկախ գնահատման համակարգ
Կառավարության որոշմամբ կլուծարվի «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ը՝ նախատեսելով, որ դրա լիազորությունները վերապահվելու են վերափոխված «Նորք» ՍԾՏԻԿ հիմնադրամին։ Այդ նպատակով վերանայվելու են հիմնադրամի նպատակները։ Վերափոխված հիմնադրամը կպահպանի ինստիտուտի գիտական, հետազոտական և վերլուծական ներուժը, սակայն կգործի անկախ կառավարման և ֆինանսավորման սկզբունքով։ Արդյունքում ակնկալվում է, մասնավորապես՝ սոցիալական և ժողովրդագրական քաղաքականությունների անաչառ և անկախ գնահատման համակարգի ձևավորում, ռազմավարությունների, ժողովրդագրության, զբաղվածության և սոցիալական այլ ծրագրերի ընդունման համար անհրաժեշտ ապացուցահենք վերլուծությունների մատչելիություն, սոցիալական պաշտպանության ոլորտի մարդկային կապիտալի՝ մասնագիտական ներուժի զարգացում, ժողովրդագրական գործընթացների և աշխատաշուկայի զարգացումների վերաբերյալ երկարաժամկետ կանխատեսումների ապահովում։
Հավանություն է տրվել Սպորտի զարգացման «Ասադա» կրթական համալիրի ներկայացրած ծրագրին
Գործադիրը հավանություն է տրվել Սպորտի զարգացման «Ասադա» կրթական համալիրի ներկայացրած ծրագրին։ Որոշմամբ առաջարկվում է ծրագրի իրականացման նպատակով վերջինիս 20 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Երևան, Կենտրոն Էրեբունի Վ․ Ավանեսովի փողոց թիվ 1 հասցեում գտնվող 246,351,477․0 դրամ համախառն հաշվեկշռային արժեքով 5878,28 քմ մակերեսով ընդհանուր մակերեսով անշարժ գույքից 81,370,065 դրամ համախառն հաշվեկշռային արժեքով 1941․6 քառ․ մետր մակերեսով տարածքը։ Կազմակերպության նպատակն է նպաստել ՀՀ-ում ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացմանն ու կատարելագործմանը, կազմակերպել տարբեր մարզաձևերի գծով մարզումներ, մրցույթներ, առաջնություններ և այլ մասսայական միջոցառումներ, տարբեր տեսակի աջակցություն ցուցաբերել կարիքավոր մարզիկներին, մարզիչներին և սպորտի վետերաններին, մշակել և իրականացնել տարբեր մարզական, կրթական, մարզամշակութային և այլ ծրագրեր։ Կազմակերպության առաջ դրված նպատակներին հասնելու համար, անհրաժեշտ է լուծել մի շարք խնդիրներ՝ մասնավորապես, միջազգային ստանդարտներին համապատասխան մարզադպրոցի կապիտալ վերանորոգումը։
Մեկ այլ որոշմամբ էլ կպարգևատրվի Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը։ Ազգային հավաքականի կազմում ընդգրկված մարզիկներին, մարզիչներին, բժիշկներին և վարչական անձնակազմի ներկայացուցիչներին Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում գրանցած արդյունքների համար պարգևատրելու համար կհատկացվի 141 մլն դրամ։
Այլ որոշումներ
Գործադիրը հաստատել է ՀՀ 2026 թ. պետ բյուջեով առանձին մարմինների համար նախատեսված հատկացումների հաշվին բանկային վճարային քարտերով շրջանառվող միջոցների և կանխիկ ձևով կատարվող առանձին ծախսերի տարեկան չափաքանակները։ Կարգավորման նպատակը բյուջետային ծախսերի լիարժեք և արդյունավետ կատարումն է, ինչպես նաև բյուջետային ռեսուրսների խնայողությանն ուղղված քայլերի հետևողական իրականացումը: Արդյունքում՝ կապահովվի բյուջետային ծախսերի արդյունավետ կատարման կարգավորման դաշտը։
Կառավարության որոշմամբ նախատեսվում է 2026թ-ի պետական բյուջեով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված կապիտալ ծրագրերի միջև կատարել վերաբաշխում՝ 19,208.6 հազար դրամ գումարի չափով։ ՀՀ վարչապետի հանձնարարականից և մշակույթի ոլորտի ռազմավարությունից ելնելով՝ անհրաժեշտություն է առաջացել կատարել փոփոխություն ՀՀ 2026թ-ի պետական բյուջեով հաստատված օբյեկտների հատկացումների միջև՝ բյուջեում պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների մասով ավելացնելով նոր օբյեկտ: Արդյունքում՝ պետբյուջեի կապիտալ ծախսերի շրջանակում կավելանա 1 հուշարձան, որի վերականգնման համար պետք է ձեռք բերվեն նախագծանախահաշվային փաստաթղթեր: