Մամլո հաղորդագրություններ

Կառավարությունն օրինապահ հարկ վճարողների համար գործունեության բարենպաստ պայմաններին վերաբերող կարգավորումներ կսահմանի

18.04.2026

ևս 19 լուսանկար



Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին։ Օրինագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ Կառավարության կողմից որդեգրած՝ հարկային կամավոր կարգապահության խրախուսման, օրինապահ հարկ վճարողների համար գործունեության բարենպաստ պայմաններ ստեղծելու, ինչպես նաև հարկային մարմին - հարկ վճարող գործընկերային հարաբերությունների առավել ամրապնդման համար անհրաժեշտ նորմատիվ հիմքերի ապահովմամբ: Նախագծով սահմանվում են կարգավորումներ օրինապահ հարկ վճարողների համար գործունեության բարենպաստ պայմաններին վերաբերող, վերանայվում են օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման, այդ հարկ վճարողերի գործունեության նկատմամբ մշտադիտարկման իրականացման կարգավորումները, ինչպես նաև սահմանվում են հավաստագրի գործողության դադարեցման հետ կապված դրույթներ։

Ինչպես նշել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, նախագիծը վերաբերում է օրինապահության ինստիտուտի բարելավմանը, որը ներդրվել է 2021 թվականին՝ օրենքի մակարդակով, և նպատակ է ունեցել խրախուսելու հարկային կարգապահությունը՝ որպես մշակույթ արմատավորելու հարկերի վճարումը, ինչպես նաև ապահովելու հարկային վարչարարության շարունակական բարելավումը: Ըստ ՊԵԿ նախագահի՝ օրինապահ հարկ վճարողի համակարգն առավել գրավիչ դարձնելու, համակարգի ներդրման համար խրախուսման լրացուցիչ գործիքակազմ նախատեսելու, ինչպես նաև հավաստագրի տրամադրմանը վերաբերող կարգավորումները կատարելագործելու նպատակով այս փաթեթով առաջարկվում են կատարել փոփոխություններ: «Նախ՝ առաջարկում ենք օրինապահ հարկ վճարողի հավաստագիրը տրամադրել անժամկետ՝ դադարեցման իրավունքով, միաժամանակ իրականացնել օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների գործունեության մշտադիտարկում՝ եռամսյակային կտրվածքով, որը նպատակ ունի ապահովելու հարկ վճարողի շարունակական օրինապահ վարքագծի դրսևորումը՝ առանց 12 ամիսը մեկ անգամ նոր դիմում ներկայացնելու: Մյուսը՝ մեր համալիր հարկային ստուգումների պլանավորման ընթացքում օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների դեպքում ռիսկայնությունը որոշող չափանիշները գնահատելիս կիրառել 0,8 գործակից, ինչը նշանակում է 20 տոկոսով նվազեցնել ռիսկերը։ Վերջինս նվազեցնելու է համալիր ստուգումների հաճախականությունը նման հավաստագիր ունեցողների մոտ։ Երրորդ՝ այդ հավաստագիրն ունեցող հարկ վճարողների մասով, հարկ վճարողների սպասարկման գործառույթի անհատական իրականացման հնարավորության ներդրում՝ նշանակելով սպասարկման համապատասխան մասնագետ օրինապահ հարկ վճարողի համար»,- ասել է Էդուարդ Հակոբյանը:

ՊԵԿ նախագահը տեղեկացրել է նաև, որ զուգահեռաբար նախատեսվում է Կառավարության որոշման նախագիծ, որով վերանայվելու են օրինապահության չափանիշները։ Ըստ նրա՝ նաև նախատեսվում է ՊԵԿ նախագահի հրամանով մեղմել օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցողների համար ԱԱՀ-ի վերադարձի ռիսկայնության չափանիշները։

Էդուարդ Հակոբյանը նշել է նաև՝ նախագծի քննարկումն այսօր խորհրդանշական է, քանի որ 2021 թվականին այս փաթեթով Հարկ վճարողի օր է սահմանվել՝ ապրիլի 19-ը․ «Առիթն օգտագործելով՝ ուզում եմ շնորհավորել բոլոր հարկ վճարողներին գալիք տոնի կապակցությամբ, ինչպես նաև շնորհակալություն հայտնել նրանց՝ հարկերը շատ պատշաճ ու կարգապահ ձևով վճարելու և միասին բարձր արդյունքներ գրանցելու կապակցությամբ»։

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ չի հոգնի անընդհատ Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող և օրենքով սահմանված հարկերը վճարող տնտեսվարողներին շնորհակալություն հայտնել: «Շատ խորհրդանշական է, որ տվյալ դեպքում Հարկ վճարողի օրը նաև Քաղաքացու օրվան նախորդում է մի շաբաթով, և այստեղ կա կոնկրետ իմաստ, որովհետև, ըստ էության, ՀՀ բոլոր քաղաքացիներն են հարկ վճարող: Այնպիսի քաղաքացի չկա, որ հարկ վճարող չէ: Ես նորից ուզում եմ հիշեցնել մեր բոլոր քաղաքացիներին, որ անկախ նրանից, թե նրանք ինչ գործունեություն են ծավալում, չկա այնպիսի քաղաքացի, որ գնում չի իրականացնում»,- ասել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ հարկը պետության կարևորագույն ատրիբուտներից մեկն է․ հարկերը պետք է հասնեն ՀՀ պետական բյուջե, որը ՀՀ-ում առկա բոլոր խնդիրների լուծման գործիքն է․ «Ուզում եմ ընդգծել իմ համոզմունքը, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունն առաջին հերթին կախված չէ նրանից, թե այդ քաղաքացին ինչքան ծախս է անում սեփական բարեկեցությունն ապահովելու համար, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունն առաջին հերթին կախված է նրանից, թե ՀՀ պետական բյուջեն և նաև համայնքային բյուջեները ինչքան ծախս են անում այդ քաղաքացու բարեկեցությունն ապահովելու համար։ Եվ, հետևաբար, հարկերը դեմոնիցազնելու ցանկացած փորձ ես համարում եմ ոչ միայն հակապետական, այլև համարում եմ քաղաքացիների բարեկեցության դեմ ուղղված գործողություն»:

Երկրի ղեկավարի խոսքով՝ հարկերի հաշվին են ֆինանսավորվում սոցիալական և տնտեսական բազմաթիվ ծրագրեր․ «Մարդիկ աշխատում են, հարկեր են վճարում, այդ թվում՝ հսկիչ դրամարկղային կտրոն են բացթողում կամ պահանջում, այդ գործողությունների արդյունքում գումարները կուտակվում են պետական բյուջե, և պետական բյուջեից արդեն բաշխվում են՝ առողջության ապահովագրություն, կենսաթոշակների բարձրացում, երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի աջակցության նպաստ, ուսուցիչների և զինվորականների աշխատավարձերի բարձրացում, ճանապարհների կառուցում, գիտության ֆինանսավորում և այլն։ Ցանկացած բան, որ տեսնում ենք, առնչվում է պետական և համայնքային բյուջեների հետ»։

Նիկոլ Փաշինյանը նշել է՝ պետական բյուջեն պետք է ընկալել որպես համատեղ ներդրում․ «Բյուջեն ոչ թե մենք տալիս ենք ուրիշին, այլ բյուջեն մեր ընտանեկան ներդրումն է մեր ընդհանուր խնդիրները լուծելու համար։ Պետության մոդելը ճշգրիտ ընտանիքի մոդելն է»։

Վարչապետը շնորհավորել և մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում աշխատող, արդյունք ստեղծող բոլոր քաղաքացիներին։ «Հարգելի գործընկերներ, ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև ձեզ՝ Կառավարության անդամներին, օրենսդիր իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների մեր գործընկերներին, որովհետև, ինչպես արդեն առիթ ունեցել եմ ասելու՝ 2017 թվականի համեմատությամբ, 2025 թվականին Հայաստանի Հանրապետության բյուջեի եկամուտները և հարկային եկամուտները 130 տոկոսով աճ են արձանագրել։ Եթե հանենք այս տարիների ընթացքում մոտավորապես 29 տոկոսի գնաճի ցուցանիշը, ապա բյուջեն ավելի քան կրկնապատկվել է։ Սա պետական համակարգի, քաղաքացիների և տնտեսվարողների համատեղ ջանքի արդյունքն է»,- ասել է երկրի ղեկավարը՝ հավելելով, որ Կառավարության գործունեության խնդիրներից է՝ ստեղծել պայմաններ, որպեսզի մարդիկ աշխատեն, արդյունք գեներացնեն, հարկեր վճարեն, և դրա ծախսման արդյունքում գործունեության ավելի լավ պայմաններ ապահովեն։

Թեմայի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են մի շարք դիտարկումներ։ Ամփոփելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս ինստիտուտը պետք է զարգացնել և այդ համատեքստում ընդգծել վստահելիության կարևորությունը, որի համար պետք է շատ հստակ չափանիշները լինեն։

Կմեկնարկեն Բաբաջանյան – Աշտարակի խճուղի ճանապարհային հատվածի անավարտ մասի կառուցման շինարարական աշխատանքները

Գործադիրը սահմանել է Երևան քաղաքի Բաբաջանյան – Աշտարակի խճուղի ճանապարհային հատվածի անավարտ մասի կառուցման շինարարական աշխատանքների և հարակից ծառայությունների գնման գործընթացների կազմակերպման առանձնահատկությունները։ Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Երևան քաղաքի Բաբաջանյան–Աշտարակի խճուղու ճանապարհային ենթակառուցվածքի մինչև 270 մետր անավարտ հատվածի առկայությամբ, որը հանդիսանում է Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացված «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր, Տրանշ 2 (SUDIP-2)» վարկային ծրագրի շրջանակներում կառուցված ճանապարհահատվածի անբաժանելի մասը։ Նշված ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները նախնական պայմանագրի շրջանակում ամբողջությամբ չեն իրականացվել՝ պայմանավորված ճանապարհի ազդեցության գոտում գտնվող գույքերի նկատմամբ սեփականության օտարման գործընթացների շրջանակներում առաջացած դատական վեճերով և դրանց արդյունքում դատարանի կողմից կիրառված սահմանափակումներով։ Որոշման ընդունման նպատակն է ստեղծել անհրաժեշտ իրավական և կազմակերպական հիմքեր նշված անավարտ հատվածի կառուցման աշխատանքների և տեխնիկական հսկողության ծառայությունների գնման գործընթացների կազմակերպման համար՝ ապահովելով ճանապարհային հանգույցի ամբողջական կառուցման մեկնարկի և ճանապարհատրանսպորտային համակարգի արդյունավետ շահագործման անհրաժեշտ նախապայմանները։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը նշել է, որ ներկայում արգելանքը վերացված է, ուստի անհրաժեշտ է անհապաղ ձեռնամուխ լինել շինարարական աշխատանքների իրականացմանը, ինչը հնարավորություն կտա ապահովել տվյալ հատվածով անվտանգ և անխափան երթևեկությունը։ Փոխնախարարը տեղեկացրել է, որ աշխատանքների մեկնարկի համար անհրաժեշտ է վերանայել նախագծային փաստաթղթերը․ առկա նախագծերը կազմվել և հաստատվել են դեռևս 2015-16 թվականներին, և տարիների ընթացքում տեղանքում տեղի են ունեցել ֆիզիկական և ինժեներական փոփոխություններ։ Քրիստինե Ղալեչյանի խոսքով՝ որոշմամբ սահմանվում են գնման գործընթացների կազմակերպման հատուկ պայմաններ՝ ծրագրի արդյունավետ իրականացումն ապահովելու համար։ Ըստ նրա՝ սահմանվող կարգավորումները կապահովեն մրցակցային և թափանցիկ ընթացակարգեր և թույլ կտան կառավարել պայմանագրերի կատարման ռիսկերը՝ հաշվի առնելով ծրագրի բարձր հանրային նշանակությունը։

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նախագիծն ունի շատ կարևոր նշանակություն, որովհետև ճանապարհի այդ հատվածի երկու կողմերը պատրաստ են, և հիմա հնարավորություն է ստեղծվել այն հնարավորինս արագ իրականացնելու։ Դիմելով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ վարչապետը նշել է, որ հետաձգումների նոր փուլի մեջ չընկնելու համար անհրաժեշտ է Երևանի քաղաքային իշխանությունների և ՏԿԵ նախարարության աշխատանքի սերտ կոորդինացիա։

Տիգրան Ավինյանը ներկայացրել է ծրագրի մանրամասները, մասնավորապես նշելով, որ առաջիկա 1, 1,5 ամսվա ընթացքում փաստացի աշխատանքները պետք է մեկնարկեն։

Կիրականացվի ՀՀ-ում պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը

Կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետությունում պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը։ Այն պայմանավորված է գնաճի պայմաններում գյուղատնտեսությունում տնտեսավարողներին շուկայական գներից մատչելի գներով պարարտանյութեր ձեռք բերելու համար աջակցության ցուցաբերման անհրաժեշտությամբ։ Կարգավորման նպատակը՝ բուսաբուծության ճյուղում տնտեսավարողների կողմից գործունեություն իրականացնելու համար բավարար պայմանների ապահովումն է, մասնավորապես՝ հողօգտագործողների համար գնաճի պայմաններում շուկայական գներից ավելի ցածր գներով պարարտանյութերի ձեռքբերման հնարավորության ստեղծումն է: Ծրագիրը կիրականացվի 2026 թվականին։ Մեկ շահառուի հաշվով պարարտանյութ կտրամադրվի առավելագույնը 30 հեկտար հողատարածքում մշակություն իրականացնելու համար։ Առաջարկվում է մատակարարների կողմից շահառուներին վաճառվող պարարտանյութի վաճառքի գնի սուբսիդավորում՝ 50 կգ քաշով 1 պարկ պարարտանյութի վաճառքի գնի և 8000 դրամի տարբերության չափով, բայց ոչ ավելի, քան 50 կգ քաշով 1 պարկի հաշվով՝ 3000 դրամը։ Ծրագրի շրջանակում շահառուների առնվազն 20 տոկոսի փաստաթղթերի ընտրանքային մոնիթորինգ կիրականացվի մարզպետի աշխատակազմի կողմից։ Որոշման ընդունման կապակցությամբ բյուջեում ծախսը 2026 թ․ համար կկազմի շուրջ 900 մլն դրամ։ Ծրագրի իրականացման արդյունքում գյուղատնտեսությունում տնտեսավարողները հնարավորություն կունենան շուկայական գներից առավել ցածր գներով ձեռք բերելու պարարտանյութեր, կապահովվի ցանքատարածությունների պարարտացումը, պարարտանյութերի նորմավորված չափաքանակների օգտագործման պայմաններում՝ կբարձրանա բերքատվությունը և հողերի բերրիությունը։

Անդրադառնալով ծրագրին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է․ «Այս թանկացումները կապված են Մերձավոր Արևելքում ստեղծված իրադրության հետ։ Ուրախալի է, որ Մերձավոր Արևելքում իրադրությունն էական դրական զարգացումներ ունի, մասնավորապես՝ Հորմուզի նեղուցի մասով»։

Վարչապետն այդ համատեքստում ընդգծել է շուկայի մշտադիտարկման շարունակականության ապահովման անհրաժեշտությունը՝ գնաճային ռիսկերը վերահսկելու համար․ «Շատ կարևոր եմ համարում, որ մենք ճիշտ մոնիթորինգ անենք շուկան, որովհետև, ցավոք, երբեմն մեզ մոտ լինում են դրսևորումներ, երբ ճգնաժամերն առաջանում են, գնաճն արձանագրվում է, բայց երբ ճգնաժամերը հանգուցալուծվում են, գները այդքան էլ հաճույքով չեն վերադառնում իրենց նախկին մակարդակին։ Եվ այս առումով կարծում եմ՝ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը լավ կլինի, որ մոնիթորինգ իրականացնի»։

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը տեղեկացրել է, որ մոնիթորինգը նախապես իրականացվել է, թվերը, մասնավորապես` պարարտանյութերի մասով, ներկայացվել են Էկոնոմիկայի նախարարություն։ «Մենք ոչ միայն պարարտանյութի, այլև դիզելի, բենզինի շուկան ենք անընդհատ մոնիթորինգի ենթարկում։ Այս պահին կարելի է ասել, որ ՀՀ-ում գների բարձրացումը տնտեսապես համահունչ է, եթե նայենք Եվրոպական երկրներում նույնպես դիզելի և բենզինի գներն էական բարձրացել են։ Եվ ես հուսով եմ, որ Հորմուզի նեղուցի խնդիրի լուծումը շուտափույթ կլինի և գների դինամիկան հակառակ էֆեկտ կունենա», -ասել է Գեղամ Գևորգյանը։

ՀՀ-ում արդյունաբերական եղանակով խեցգետինների բուծման և աճեցման տեխնոլոգիայի ներդրումը կձևավորի խեցգետնաբուծական համալիրների ընդարձակ ցանց

Կառավարությունը փոփոխություն է կատարել ՀՀ-ում արդյունաբերական խեցգետնաբուծության զարգացման 2024-2026 թվականների ծրագրում։ Կարգավորումն ունի խթանող և զարգացման բնույթ և ուղղված է ներդրումային միջավայրի բարելավմանը։ Ըստ հիմնավորման՝ ծրագրով նախատեսված էր Հայաստանում կառուցել 18 խեցգետնաբուծարան, սակայն ծրագրի հաստատումից հետո մի շարք տնտեսավարողներ հետաքրքրություն են ցուցաբերել ոլորտի նկատմամբ, որոնցից 6-ը հայտ են ներկայացրել Էկոնոմիկայի նախարարություն՝ ծրագրից օգտվելու նպատակով։ Որոշմամբ նախատեսվում է ծրագիրը շարունակել մինչև 2029 թ․ դեկտեմբերի 30-ը։ Անհրաժեշտություն է առաջացել վերանայել նաև վերջնաժամկետները և սահմանել նոր՝ իրատեսական ժամկետ, որը հնարավորություն կտա տնտեսավարողներին ավարտել նախապատրաստական գործընթացները և ներկայացնել ամբողջական փաթեթներ։ Այդ իսկ պատճառով նախագծում փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետ նախատեսվում է սահմանել որոշումն ուժի մեջ մտնելու հետո մինչև 2028 թ․ դեկտեմբերի 1-ը։ Կարգավորման նպատակն է ներդրումային ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով նպաստել հանրապետությունում արդյունաբերական խեցգետնաբուծության ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը, տեղական արտադրության խթանմանը, հանրապետությունում հավելյալ արժեքի ստեղծմանը։ Առաջարկվում է ապահովել մինչև 18 ժամանակակից խեցգետնաբուծական համալիրների (10 փոքր, 5 միջին և 3 խոշոր) ստեղծում, տնտեսավարողներին տրամադրել ներդրումների մինչև 50 տոկոսի չափով փոխհատուցում։ Որոշման ընդունումը կնպաստի ՀՀ-ում արդյունաբերական եղանակով խեցգետինների բուծման և աճեցման տեխնոլոգիայի ներդրմանը՝ ձևավորելով խեցգետնաբուծական համալիրների ընդարձակ ցանց և վերականգնել խեցգետնի արտահանման գործընթացը։ Ծրագիրը կնպաստի արտադրական ենթակառուցվածքների զարգացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, տնտեսավարողների եկամուտների ավելացմանը։ Այն թույլ կտա լուծել նաև կարևոր բնապահպանական խնդիր՝ պահպանել խեցգետնի բնական պաշարները, ինչը թույլ կտա ժամանակի ընթացքում վերականգնել խեցգետնի երբեմնի հարուստ պոպուլյացիան։

Կհստակեցվի կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման փուլային կառուցվածքը

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ՀՀ-ում քաղաքաշինական վարչարարության գործող համակարգում առկա մի շարք կառուցվածքային, գործնական և իրավական խնդիրների առկայությամբ պայմանավորված, որոնք վերաբերում են ինչպես կառուցապատման նպատակով թույլտվությունների տրամադրման փուլային կառուցվածքին, այնպես էլ դրանց շրջանակում կիրառվող հասկացությունների, ընթացակարգերի, մասնագիտական ներգրավվածության, փաստագրման և փուլային շահագործման ռեժիմների հստակությանը, կանխատեսելիությանը և գործնական կիրառելիությանը։ Ըստ այդմ, մասնավորապես, առաջարկվում է հստակեցնել կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման փուլային կառուցվածքը, սահմանել բազմամասնաշենք քաղաքաշինական համալիրների համար վարչարարության հատուկ ռեժիմ, որը հնարավորություն կտա առանձին շինարարական օբյեկտների կամ դրանց ինքնուրույն շահագործման ենթակա մասերի ավարտը փաստագրել և սահմանված պայմաններով թույլատրել դրանց միջանկյալ շահագործումը։ Նախատեսվում է հստակ սահմանել փուլային ավարտական ակտի և միջանկյալ շահագործման թույլտվության իրավական հիմքերը, կիրառման նախապայմանները, ներկայացվող փաստաթղթերի կազմը, որոշման բովանդակությունը, գործողության շարունակականության պայմանները և դադարման հիմքերը և այլն։

Օրենսդրական այլ նախաձեռնություններ

Հավանություն են տրվել նաև Կառավարության մի շարք օրենսդրական այլ նախաձեռնություններին։

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ․ ծրագրի կատարման 2025 թվականի տարեկան հաշվետվությունը հաս¬տա¬տելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը նպատակ ունի տրամադրել պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված ընկերությունների (գույքի) նկատմամբ 2025 օրացուցային տարում իրականացված մասնավորեցման գործարքների, լուծարման գործընթացի մասին տեղեկությունները, ինչպես նաև ներկայացնել պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքը՝ հնարավորություն տալով նաև իրազեկել հանրությանը մասնավորեցման գործընթացին: Օրենքի նախագծի ընդունմամբ ակնկալվում է Հայաստանի Հանրապետությունում իրականացվող մասնավորեցման քաղաքականությունը և արդյունքները դարձնել առավել հրապարակային:

«Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը կնպաստի ոստիկանությունում ծառայության գրավչությունը բարձրացմանը ւ և ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներ ապահովմանը։ Ըստ այդմ՝ առաջարկվում է «Ոստիկանության մասին» օրենքի 39-րդ հոդվածում նախատեսել, որ ոստիկանության ծառայողները կարող են բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով օգտվել մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման պետական նպատակային ծրագրերից: Միաժամանակ, ՀՀ Կառավարությունը կլիազորվի՝ սահմանելու համապատասխան պետական նպատակային ծրագրերից օգտվելու կարգը և պայմանները։ Որոշման ընդունմամբ կսահմանվի ոստիկանության ծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման պետական նպատակային ծրագրերից օգտվելու հնարավորություն: Միաժամանակ, ՀՀ Կառավարությունը կլիազորվի՝ սահմանելու համապատասխան պետական նպատակային ծրագրերից օգտվելու կարգը և պայմանները։

«ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի նպատակն է էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտների ընդլայնումը և որպես սովորական ՀԴՄ-ին այլընտրանքային տարբերակ կիրառելու հնարավորության ապահովումը։ Առաջարկվում է միասնականացնել ՀԴՄ-ին և էլեկտրոնային ՀԴՄ-ին վերաբերող այն բոլոր դրույթները, որոնք հնարավոր է լինելու կիրառել երկու գործիքների դեպքում, սահմանել լիազորող նորմ: Վերջինով Կառավարությունը կսահմանի՝ ա. էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի տեխնիկական պահանջները, դրա հաշվառման, հաշվառումից հանման, դրա միջոցով գեներացվող էլեկտրոնային կտրոնի պարտադիր վավերապայմաններին, ինտերնետային կայքի կամ էլեկտրոնային հավելվածին (էլեկտրոնային առևտրային հարթակին) ներկայացվող պահանջները, էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության կանոնները, ինչպես նաև այլ հարկ վճարողի անունից էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենա կիրառելու և էլեկտրոնային կտրոն գեներացնելու կարգը, բ. այն գործունեության ոլորտները, դեպքերը և ժամկետները, երբ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը պարտադիր է կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից վաճառք իրականացնելիս, աշխատանքներ կատարելիս կամ ծառայություններ մատուցելիս։

«ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ կնախատեսվեն օրենսդրական երաշխիքներ՝ տույժի միջոցներ կիրառելիս ազատությունից զրկված անձանց՝ մերձավոր ազգականների հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը բացառելու համար։ Ներպետական օրենսդրական կարգավորումները կհամապատասխանեցվեն վկայակոչված միջազգային չափանիշներին։ Բացի այդ, ազատությունից զրկված անձանց նկատմամբ պատժախուց տեղափոխելու ձևով տույժի միջոցների կիրառման առավելագույն ժամկետները կհամապատասխանեցվեն միջազգային չափորոշիչներին։

«Պրոբացիայի ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունմամբ Պրոբացիայի ծառայությանը կվերապահվի տնային կալանքի տակ գտնվող անձանց փոխադրման լիազորություն, կնախատեսվեն այդ փոխադրման կարգը սահմանող ենթաօրենսդրական ակտի, ինչպես նաև ձերբակալված, կալանավորված և դատապարտված անձանց փոխադրումների դեպքերը կարգավորող համատեղ ակտի ընդունման համար անհրաժեշտ լիազորող նորմեր։

«Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերով առաջարկվող փոփոխություններով՝ կապահովվի լիցենզավորման գործընթացի կազմակերպման բնականոն ընթացքը՝ ՈՈՇ-ներին և ՈՇՆ-ներին աստիճանական անցման համընթաց, կամրապնդվի պետության համար գերակա և առաջնահերթ ոլորտներում մասնագիտական կադրերի խրախուսման և աշխատաշուկային համապատասխան կրթության կազմակերպման քաղաքականությունը, կսահմանվի ՄԿՈՒ համակարգում մանկավարժահոգեբանական ծառայությունների տրամադրման կարգը, որում հաշվի կառնվեն որակավորումների առանձնահատկությունները։ Կսահմանվի և կփաստաթղթավորվի նաև հիմնական կրթության հիմքով մասնագիտական կրթություն ստացած շրջանավարտների ձեռք բերած ուսումնառության արդյունքները, այդ թվում՝ պարտադիր կրթության մասով, կբարձրանա ՄԿՈՒ մանկավարժական աշխատողների ատեստավորման և տարակարգի շնորհման գործընթացները։

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է վերանայել քրեակատարողական հիմնարկներում, կալանավորվածներին և ձերբակալվածներին պահելու վայրերում պահվող անձանց արգելված առարկաներ հանձնելու համար նախատեսված վարչական պատասխանատվությունը։ Ինչպես նաև նախատեսվում է վարչական պատասխանատվություն՝ Քրեակատարողական հիմնարկ այցելած անձի կողմից օրենքով սահմանված կարգով խուզարկությունից և զննումից հետո՝ Քրեակատարողական հիմնարկի ներքին և արտաքին օբյեկտներում նշանակված մշտական պահակետով անցնելուց հետո իր մոտ արգելված առարկա պահելու համար:

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերով առաջարկվում է բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման ճկուն մեխանիզմի ներդնում՝ «Բնության պահպանության միջազգային միության» (IUCN) կողմից սահմանված բնության հատուկ պահպանվող տարածքների 5-րդ (պահպանվող լանդշաֆտ) կատեգորիաների ստեղծումը՝ համապատասխանեցնելով օրենքը միջազգային չափանիշներին։ Արդյունքում՝ կբարելավվեն բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման, պահպանության, օգտագործման և կառավարման իրավահարաբերությունները, կձևավորվի նոր գործիքակազմ, որի միջոցով բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման գործընթացները կդառնան առավել կանխատեսելի և արդյունավետ (այդ թվում՝ պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության միջոցառումները), բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման արդյունավետության բարձրացմամբ՝ հնարավորություն կընձեռնվի ապահովել բնության հատուկ պահպանվող տարածքների և հարակից համայնքների միջև տնտեսական և բնապահպանական շահերի հավասարակշռումը և բնահեն օգտագործման արդյունքում՝ համընդհանուր օգուտների ստացման մեխանիզմների ձևավորումը և այլն։ Կապահովվի նաև բուսաբանական այգիների, դենդրոպարկերի և անտառպարկերի ստեղծման, կառավարման և կանոնադրական կարգավորման իրավական հիմքերի հստակեցումը, ինչը կնպաստի դրանց պահպանության, օգտագործման և գործառնական կառավարման առավել միասնական և կանխատեսելի համակարգի ձևավորմանը:

«Խաղային գործունեության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի և հարակից նախագծերի փաթեթի հիմնական նպատակը խաղային գործունեության ոլորտում պետական վերահսկողության արդյունավետության բարձրացումն է՝ առցանց միջավայրում չլիցենզավորված առաջարկների հասանելիության սահմանափակման, դրանց գովազդի կանխման և ֆինանսական հոսքերի վերահսկելիության ուժեղացման միջոցով։ Նախագծով առաջարկվող փոփոխությունները կրում են կարգավորող և պաշտպանական բնույթ։ Դրանք ուղղված չեն օրինական գործունեության սահմանափակմանը կամ շուկայի ընդհանուր խստացմանը, այլ միտված են գործող լիցենզավորման համակարգի արդյունավետության ապահովմանը և դրա շրջանցման հնարավորությունների նվազեցմանը։ Կարգավորումը նախատեսում է անցում արձագանքող մեխանիզմներից դեպի ավելի համակարգային և կանխարգելիչ մոտեցում՝ ապահովելով, որ չլիցենզավորված սուբյեկտները չկարողանան տեխնիկական կամ իրավական բացերի միջոցով ներգրավել ՀՀ տարածքում գտնվող խաղացողներին։ Այսպիսով, կարգավորման նպատակը լիցենզավորված շուկայի պաշտպանությունն է, պետական վերահսկողության գործնական արդյունավետության բարձրացումը և առցանց միջավայրում իրավական արգելքների կիրառելիության ապահովումը։

«Հավատարմագրման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվող փոփոխությունները նպատակ ունեն հստակեցնել կիրառվող տերմինաբանությունը և կարգավորել հավատարմագրման ոլորտում վերջին տարիներին ձևավորված գործնական հարաբերությունները՝ հաշվի առնելով նաև միջազգային համագործակցության շրջանակներում առաջացած պահանջներն ու գործնական անհրաժեշտությունները։ Նախագծով հստակեցվում են հավատարմագրման ազգային մարմնի լիազորությունները՝ կապված համապատասխան ռեեստրների ձևավորման և վարման հետ։ Նախատեսվում է ապահովել համապատասխանության գնահատման գործընթացում տրամադրվող փաստաթղթերի՝ համապատասխանության սերտիֆիկատների, փորձարկման արձանագրությունների և համապատասխանության հայտարարագրերի վերաբերյալ տեղեկատվության ուսումնասիրություն։ Նշված կարգավորումները նպատակ ունեն բարձրացնել համակարգի թափանցիկությունը և ապահովել համապատասխանության գնահատման արդյունքների նկատմամբ վստահությունը։ Նախագծի ընդունումը կնպաստի ՀՀ հավատարմագրման համակարգի արդյունավետության բարձրացմանը, համապատասխանության գնահատման գործընթացների թափանցիկության և վստահելիության ապահովմանը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային հավատարմագրման կառույցների հետ համագործակցության խորացմանը և ՀՀ հավատարմագրման համակարգի միջազգային ճանաչելիության ամրապնդմանը։

«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է օրենսդրական դաշտի շարունակական կատարելագործմամբ, մշակութային և ստեղծարար ոլորտի զարգացման անհրաժեշտությամբ և ստեղծագործական աշխատանքի առանձնահատկություններով։ Արդյունքում՝ կդյուրանա ոլորտի կառավարումը և կբարձրանա ֆինանսական, գույքային և կադրային կառավարման արդյունավետությունը:

«Սոցիալական աջակցության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերով վերանայվել է «անօթևան» հասկացությունը, սոցիալական աջակցություն ստացող անձանց շրջանակը՝ հրատապ արձագանք պահանջող իրավիճակներում։ Սահմանվել են տնային պայմաններում կամ շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպություններում շահառուների հետ անմիջականորեն աշխատող սոցիալական սպասարկողներին (դայակներին) ներկայացվող պահանջները։ Ընտանիքի կազմի ճշգրտման համար սահմանվել են անձնական տվյալների մշակման օրենսդրական հիմքեր՝ ընտանիքի անապահովության գնահատման դեպքում։ Վերանայվել են նաև ընտանիքի անապահովության գնահատման մերժման և դադարեցման հիմքերը։ Նախատեսվել է, որ սոցիալ-վերականգնողականը ծառայության համար լիազոր մարմինը նույնպես պետք է սահմանի նվազագույն չափորոշիչներ, իսկ նշված ծառայությունը մատուցող կազմակերպությունները պետք է հավաստագրվեն՝ օրենսդրությամբ սահմանված կարգով։

«Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքի նախագծերի ընդունումից հետո հնարավոր կլինի Կառավարության որոշմամբ սահմանել Եվրոպական Միության Առևտրի վերահսկման և փորձագիտական համակարգում գրանցվելու, գրանցումը դադարեցնելու, ստուգումներ իրականացնելու, Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական Միության երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման նպատակով առողջության սերտիֆիկատ տալու ընթացակարգը, ինչպես նաև ձկնաբուծական տնտեսություններին և ձկնամթերքի արտադրական կազմակերպություններին ներկայացվող պահանջները կարգը։ Այս բոլոր գործընթացները ուղղված են շուկաների դիվերսիֆիկացմանը, ինչն էլ իր հերթին կնպաստի արտահանման ծավալների ավելացմանը, տնտեսությունների էլ ավելի արդիականացմանը՝ միջազգային ստանդարտներին համապատասխան։

«Դեղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է դեղերի շրջանառության կարգավորման ոլորտում առկա տարընթերցումները բացառելու, դեղերի որակի, անվտանգության և մատչելիության ապահովման առավել հստակ գործիքակազմի ներդրման, վերահսկողական գործառույթների արդյունավետ իրականացման, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդունված կանոններին ՀՀ օրենսդրությունը ներդաշնակեցնելու անհրաժեշտությամբ: Արդյունավետ, անվտանգ, որակյալ և մատչելի դեղերի շրջանառության ապահովման և վերահսկողության իրականացման համար կստեղծվեն առավել հստակ և ամբողջական իրավական հիմքեր:

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունման նպատակն է վերանայել գործող օրենսդրական ակտերը՝ մշակելով տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության և վերջիններիս վերապահված լիազորությունների իրականացման համար առավել արդյունավետ գործիքակազմեր, ինչպես նաև նորմատիվ իրավական կարգավորմամբ լուծել գործնականում տեղական ինքնակառավարման մարմինների առջև ծառացած օրենսդրական կարգավորում չունեցող հարցերն ու խնդիրները:

«Տոհմային անասնաբուծության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի կիրառման արդյունքում կկարգավորվեն տոհմային անասնաբուծության ոլորտի քաղաքականության մշակման հիմքերը, ինչպես նաև կհստակեցվի տոհմային անասնաբուծական տնտեսությունների տեսակները և գործունեության սկզբունքները, մասնավորապես՝ տոհմային կենդանիների պետական գրանցման ու ռեեստրի միջոցով, իսկ տոհմային տնտեսություններին կարգավիճակ շնորհելով Կառավարության լիազորած մարմնի համար կստեղծի տվյալահեն քաղաքականության մշակման համար նպաստավոր հիմքեր։ Նշված իրավակարգավորումը հնարավորություն կընձեռի բարձրացնել տոհմային անասնաբուծության գործունեության արդյունավետությունը։

«Ազդարարման համակարգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունմամբ ակնկալվում է նպաստել ազդարարման համակարգի գործունեության արդյունավետության ապահովմանը, զարգացնել ազդարարման դեպքերի վերաբերյալ վիճակագրություն վարելու համակարգը՝ ներդնելով առավել գործուն մեխանիզմներ։ Նախագծերով առաջարկվում է, մասնավորապես՝ ներքին ազդարարման իրավասու մարմինների շրջանակի ընդլայնում ներքին ազդարարման իրավասու մարմինների ցանկը ընդլայնվում է՝ ներառելով նաև 50 և ավելի աշխատակից ունեցող մասնավոր ոլորտի կազմակերպությունները։ Նախատեսվել է, որ ներքին ազդարարման վերաբերյալ կարգավորումները մինչև 2028 թ․ հունվարի 1-ը տարածվելու են միայն 250 և ավելի աշխատակից ունեցող մասնավոր ոլորտի կազմակերպությունների վրա, իսկ 2028 թ․ հունվարի 1-ից հետո ներքին ազդարարման վերաբերյալ կարգավորումները կտարածվեն նաև 50 և ավելի աշխատակից ունեցող մասնավոր ոլորտի կազմակերպությունների վրա։

Միջազգային համագործակցություն․ կբարելավվի փախստականների համար բնակարանային ապահովման լուծումների հասանելիությունը

Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի բնակարանային ապահովման և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի նախագծի ստորագրման առաջարկությանը: Ծրագիրը նպատակ ունի բարելավել փախստականների համար բնակարանային ապահովման լուծումների հասանելիությունը և նպաստել հիփոթեքային շուկայի ընդլայնմանը: Ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է ՎԶՄԲ-ի և Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ հիմնադրամի (GCFF) միջոցների հաշվին։ Ֆինանսավորման գումարը կազմում է 264.4 մլն ԱՄՆ դոլար:

Գործադիրի մեկ այլ որոշմամբ, հավանություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի բնակարանային ապա-հովման և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագիր» ֆինանսական համա¬ձայնագրի նախագծի ստորագրման առաջարկությանը:

Կառավարությունը հավանություն է տվել «Ասիայում մշակութային ժառանգության դաշինքի» կանո¬նադրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:Հաշվի առնելով մշակութային ժառանգության պահպանման ոլորտում միջազգային համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը, ինչպես նաև Ասիայի պետությունների միջև փորձի փոխանակման, մասնագիտական կարողությունների զարգացման, մշակութային ինքնության պահպանման և երկխոսության խթանման կարևորությունը՝ ՀՀ նախաձեռնել է «Ասիայում Մշակութային Ժառանգության Դաշինքին» միանալը՝ ԱՄԺԴ կանոնադրության վավերացման կամ հաստատման ձևաչափով։ ԱՄԺԴ-ը ստեղծվել է Ասիայի երկրների նախաձեռնությամբ՝ հավասարության, կամավորության, փոխադարձ հարգանքի և շահավետության սկզբունքների հիման վրա՝ որպես միջկառավարական կազմակերպություն, որի առաքելությունն է Ասիայի մշակութային ժառանգության պահպանման կարողությունների ամրապնդումը, ժառանգության և տնտեսական, սոցիալական, մշակութային ու բնապահպանական զարգացումների միջև ներդաշնակության ապահովումը, ժողովուրդների միջև կապերի խորացումն ու քաղաքակրթական արժեքների փոխանցումը։

Գործադիրը նաև հավանություն է տվել 1996 թ․ մայիսի 3-ին ստորագրված «Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի 11-րդ հոդվածը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: ՀՀ-ի կողմից խարտիայի 11-րդ հոդվածի վավերացումը Եվրոպայի խորհրդի կողմից կգնահատվի որպես դրական քայլ և առաջընթաց երկրում մարդու իրավունքների, մասնավորապես՝ առողջության պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման ապահովման առումով:

Հավանություն է տրվել ՀՀ-ի և Ասիական զարգացման բանկի միջև «Սեյսմիկ անվտանգության բարելավման 3-րդ ծրագիր» վարկային համաձայնագրի նախագծի ստորագրման առաջարկությանը: Ծրագրի հիմնական և առանցքային ցուցանիշը հանդիսանում է առնվազն 46 դպրոցների կառուցումը կամ ամրացումը և շուրջ 20000 աշակերտի անվտանգ կրթական պայմանների ապահովումը: Ծրագրի շրջանակում մինչ այժմ ավարտվել են 28 դպրոցների կառուցման աշխատանքները։ Ներկայումս ընթանում են 18 դպրոցների շինարարական աշխատանքներ։ Մինչ այժմ շահագործման հանձնած դպրոցներում անվտանգ կրթական պայմաններ են ստեղծվել շուրջ 15,000 աշակերտի համար։ Մշակվել են նաև տվյալ դպրոցների աղետների ռիսկի կառավարման և տարահանման պլանները։ «Սեյսմիկ անվտանգության բարելավման 3-րդ ծրագրի» շրջանակում նախատեսվում է ներգրավել ցանկով նախատեսված ևս 50 դպրոցների կառուցման աշխատանքներ։ Միաժամանակ վարկային միջոցները նախատեսված են նաև աղետների ռիսկի պաշտպանության, դպրոցաշինությանն առնչվող քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և ոլորտի արդյունավետության բարձրացմանն ուղղված այլ աշխատանքների իրականացմանը։

Կապահովվեն բուհերում ընդունելության գործընթացի բնականոն իրականացման և կրթության առանձնահատուկ կարիք ունեցող դիմորդների համար խելամիտ հարմարեցումներ

Կառավարության նիստում ընդունվել է որոշում՝ բուհերում ընդունելության գործընթացի բնականոն իրականացման, կրթության առանձնահատուկ կարիք ունեցող դիմորդների համար խելամիտ հարմարեցումների ապահովման համար: Ըստ հիմնավորման ՝ 2026-2027, 2027-2028, 2028-2029 ուսումնական տարիների ընդունելության համար ևս, ինչպես նախորդող ուսումնական տարիներին, ամրագրվել են Արարատյան բակալավրիատի քննությունները՝ հաշվի առնելով ընթացիկ ուսումնական տարվա շրջանավարտների ակնկալիքները, որոնց համար մրցույթը կիրականացվի Արարատյան բակալավրիատին հատկացված նպատակային տեղերի շրջանակում, մինչև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքով նախատեսված ընդունելության նոր համակարգի գործարկումը, որն օրենքի եզրափակիչ դրույթների համաձայն՝ կիրառվելու է 2029-2030 ուսումնական տարվանից: ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության կարգում անհրաժեշտություն է առաջացել նաև դրույթներ սահմանելու կրթության առանձնահատուկ կարիք ունեցող անձանց համար ընդունելության քննությունների գործընթացում խելամիտ հարմարեցումներ ապահովելու ուղղությամբ: Առաջարկվում է կարգը լրացնել նոր կետով, ըստ որի ընդունելության համապատասխան փուլերի հայտագրման ժամկետների ավարտից հետո 10-օրվա ընթացքում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող դիմորդները կամ նրանց օրինական ներկայացուցիչները դիմում են ԳԹԿ՝ ապահովելու համար ընդունելության քննությունների ընթացքում խելամիտ հարմարեցումներ (այդ թվում՝ բանավոր և գրավոր հաղորդակցման այլընտրանքային միջոցներ, անհատական տեխնիկական միջոցներ, ժեստերի թարգմանիչներ և այլն)՝ ներկայացնելով կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը հավաստող համապատասխան փաստաթղթեր (բժշկական տեղեկանքներ):

Գործադիրի մեկ այլ որոշմամբ էլ «Օհանյան» կրթահամալիրին տրվել է օտար լեզվով (անգլերեն) կրթություն կազմակերպելու թույլտվություն։ Կրթահամալիրը 2026/2027 ուսումնական տարվանից միջնակարգ կրթության երրորդ աստիճանի ավագ դասարաններում կշարունակի «Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա (IBDP)» ծրագիրը՝ անգլերենով: ՄԲ ծրագրերով կրթությունն ուղղված է սովորողների համակողմանի զարգացմանը, ինչը վկայում է կրթության բարձր չափանիշների մասին։ «Օհանյան» կրթահամալիրում 2025–2026 ուսումնական տարվա դրությամբ սովորում է 612 աշակերտ, որոնցից 43-ը՝ ավագ դպրոցում։ Նրանցից 15-ը Միջազգային Բակալավրիատի Դիպլոմա ծրագրի (IBDP) թեկնածուներ են։ Միջազգային բակալավրիատի Դիպլոմա ծրագիրը (ՄԲԴԾ) միջազգայնորեն ճանաչված, երկամյա կրթական ծրագիր է, որը նախատեսված է 16-19 տարեկան սովորողների համար: Ծրագրի նպատակն է ապահովել սովորողների ակադեմիական գերազանցությունը, քննադատական մտածողությունը, միջմշակութային ընկալումը և սոցիալական պատասխանատվությունը՝ համապատասխան միջազգային կրթական չափանիշներին:

Կառավարությունն ընդունել է Ուսուցման ազգային հիմնադրամը վերանվանելու վերաբերյալ որոշում։ Ըստ այդմ՝ առաջարկվում է այն վերանվանել «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոն» (ՄԿՈՒԶԱԿ) անվամբ։ Որոշմամբ առաջարկվում է հաստատել հիմնադրամի կանոնադրության նոր խմբագրությունը։ ՄԿՈՒԶԱԿ-ին, մասնավորապես, վերապահում է հետևյալ առաքելությունը՝ աջակցել ՀՀ-ում ֆորմալ, ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթության և ուսուցման ոլորտում արդյունավետ քաղաքականության մշակմանը ու կիրառմանը, նորարարությունների ներդրմանը և շարունակական զարգացմանը, աշխատաշուկայի ներկայի և ապագայի կարիքներին միտված որակավորումների ոլորտային շրջանակի ներդրմանը, ֆորմալ, ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթության համակարգի համաչափ գործարկմանն ու արդյունքների ճանաչման պետական երաշխիքի ապահովմանը, մասնագիտական կրթության և ուսուցման (այսուհետ՝ ՄԿՈՒ) ոլորտում պետություն–մասնավոր հատված համագործակցության արդյունավետ կառուցակարգերի ներդրմանը, մասնագիտական կողմնորոշման և կարիերայի զարգացման համակարգի ձևավորմանն ու արդյունավետ գործունեությանը։

Սահմանվել են գնման գործընթացների կազմակերպման առանձնահատկություններ մարզական համալիրների կառուցման ծրագրի համար

Գործադիրը սահմանել է մարզական համալիրների կառուցման ծրագրերի հետ կապված գնման գործընթացների կազմակերպման առանձնահատկությունները։ Որոշմամբ նախատեսվում է, որ կապալառուն է ապահովում նախագծանախահաշվային փաստաթղթերի տեղակապման աշխատանքների կատարումը, ինչը թույլ կտա խնայել ժամանակը, որը գործող օրենսդրությամբ կծախսվեր տեղակապման համար հայտարարվող մրցույթի, տեղակապման աշխատանքների համար: Տեղակապումն իրականացնող անձի ընտրությունը համաձայնեցվելու է կապալային աշխատանքների պատվիրատուի հետ: Որոշմամբ նախատեսվել է մոտեցում՝ մասնակիցների կողմից ներկայացվող հայտերի գնահատման, որակավորման ապահովման գործընթացում գործածվում է մասնակցի համախառն եկամուտի հետ կապելու տրամաբանությունը: Նշված մոտեցումը լայնորեն կիրառվում է, օրինակ, միջազգային գնումների շրջանակներում և թույլ է տալիս ավելի ճիշտ գնահատել կապալառուի ֆինանսական կարողությունները: Որոշմամբ տարանջատվում է նաև մասնակցից պահանջվող փաստաթղթերի կազմը Հայաստանի ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ հանդիսացող մասնակիցների համար: Այսպիսով, որոշմամբ նախատեսվող կարգավորումները կստեղծեն ավելի գրավիչ պայմաններ շինարարական ծրագրերի իրականացման համար հայտարարվող մրցույթներին մասնակիցների համար, միաժամանակ կպահպանվեն պետության համար երաշխիքները կնքվելիք պայմանագրերի ապահովման համար:

Կապամոնտաժվի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի ջրի մաքրման կայան, կկառուցվի նորը

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտում առաջնահերթ և հրատապ լուծում պահանջող աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված։ Հիմնավորման համաձայն՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի սպասարկման տարածքում գտնվող և հրատապ լուծում պահանջող համայնքների ջրամատակարարման ծրագրի շրջանակներում՝ «ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի ջրի մաքրման կայանի ապամոնտաժում, նորի կառուցում» օբյեկտի համար 2022 թ․ կնքվել են շինարարական աշխատանքների, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների համար պայմանագրեր: Պայմանագրով նախատեսված շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում առաջացել են մի շարք խնդիրներ՝ նախագծանախահաշվային փաստաթղթերում առկա բացթողումների, սխալների և վրիպակների հետ, որի հիմքով շինարարական աշխատանքների համար սահմանված ժամկետի ընթացքը կասեցվել է մինչև նախագծանախահաշվային փաստաթղթերում առկա խնդիրների վերացումը և դրանք պատվիրատուի կողմից կապալառուին հանձնելը։ ՀՏԶՀ-ի հանձնարարությամբ նախագծող կազմակերպությունը կատարել է փոփոխություններ և լրացումներ, կազմել է նախագծանախահաշվային նոր փաստաթղթեր, որի համար ձեռք է բերվել նաև փորձագիտական դրական եզրակացություն:

Երևան քաղաքի մի շարք վարչական շրջանների կոյուղատար համակարգերի հիմնանորոգման, հեղեղատար համակարգերի կառուցման աշխատանքների իրականացման նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ այդմ՝ կկառուցվեն և/կամ կհիմնանորոգվեն թվով 27 կոյուղատար համակարգեր, ինչպես նաև կկառուցվեն թվով 2 հեղեղատար համակարգեր՝ ապահովելով տարածքների սանիտարահիգիենիկ վիճակի բարելավում, ջրահեռացման արդյունավետ կազմակերպում և քաղաքային միջավայրի անվտանգ շահագործում։

Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը

Կառավարության որոշումներով մի շարք ընկերություններ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերի շրջանակում կօգտվեն ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից։

«Էլինա-1» ՍՊԸ ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել հագուստի արտադրության համար՝ իրականացնելով 200 մլն դրամի ներդրում։ Ներկայումս առկա է 160 աշխատատեղ՝ 170 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2027 թ․ նախատեսվում է աշխատատեղերի թվաքանակը հասցնել մինչև 250-ի՝ 180 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 180 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 17․8 մլն դրամ։

«Աբրիկոս» ՓԲԸ Արագածոտն մարզի Աշտարակ համայնքում շուրջ 10 հա տարածքում հիմնել է ծիրանենու պտղատու այգիներ՝ տնկելով շուրջ 18000 հատ ծառ։ Ներկայումս, ծրագրի շրջանակներում ներմուծվող ապրանքներով ընկերությունը նախատեսում է նաև կառուցել ժամանակակից գյուղտեխնիկայի պարկ՝ այգիներին ծառայություն մատուցելու նպատակով։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 230 մլն դրամի ներդրում գյուղտեխնիկայի ձեռքբերման համար (ներառում է նաև ցանկում ներկայացված ապրանքները)։ Ներկայումս առկա է 8 աշխատատեղ՝ 250 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում, մինչև 2027 թ․ նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 19-ի՝ 350 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 71․8 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 4․5 մլն դրամ:

«Մուսալեռ տպագրատուն» ՍՊԸ ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել տպագրական արտադրատեսակների՝ տուփերի և պիտակների արտադրության համար՝ իրականացնելով ընդհանուր շուրջ 933․4 մլն դրամի ներդրում։ Ներկայումս առկա է 132 աշխատատեղ՝ 305 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2027 թ․ նախատեսվում է ստեղծել 3 նոր աշխատատեղ՝ 295 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 933․4 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 47․7 մլն դրամ։

«Դուստր Մարիաննա» ՍՊԸ ներմուծվող ապրանքները նախատեսում է օգտագործել կաթնամթերքի արտադրության համար նախատեսված սարքավորումների և հոսքագծերի արտադրության համար։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1 մլրդ դրամի ներդրում (ներառում է նաև ներմուծվող ապրանքների արժեքը) հումքի դետալների ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 452 աշխատատեղ՝ 210 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2027 թ․ նախատեսվում է աշխատատեղերի թվաքանակը հասցնել մինչև 462-ի՝ 210 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 854 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 63․2 մլն դրամ։

Այլ որոշումներ

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ամրագրել Էկոնոմիկայի նախարարության՝ սպառողների շահերի պաշտպանության ոլորտում պաշտոնական պարզաբանումներ տալու լիազորությունը՝ սպառողների շահերի պաշտպանության մասին օրենսդրության կիրառման հետ կապված հարցերով համագործակցելով Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի հետ, բարձրացնել պաշտոնական պարզաբանումներ տալու արդյունավետությունը, ամրապնդել պետական մարմինների միջև համագործակցությունը, ինչպես նաև բարձրացնել իրավական կանխատեսելիությունը սպառողների շահերի պաշտպանության բնագավառում։

Գործադիրի որոշմամբ՝ որպես նվիրաբերություն է ընդունվել Քվանտ վարժարանի սեփականությանը պատկանող 919.0 հազ․դրամ սկզբնական և 168,4 հազ․դրամ հաշվեկշռային արժեքով DJI Air2S Fly More Combo անօդաչու թռչող սարքը։ Քվանտ վարժարանի կողմից նվիրաբերվող գույքը պետք է ամրացնել Տեսչական մարմնին՝ վերահսկողության իրականացման գործընթացում օգտագործելու նպատակով: Որոշման ընդունմամբ Քվանտ վարժարանի կողմից նվիրաբերվող գույքը՝ կամրացվի Տեսչական մարմնին՝ օրենքով իրեն վերապահված վերահսկողական լիազորություններն արդյունավետ իրականացնելու նպատակով։

Կառավարությունն ընդունել է «Հանրակացարանային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» որոշում։ Ըստ հիմնավորման՝ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված Երևանի Շիրակի փողոց 2/32 և Մոլդովական 29/1, Կոտայքի մարզի Աբովյանի Ուսանողական թաղամաս 4 (ճարտարագիտական քոլեջի հանրակացարան) շենքեր հասցեների Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և ՀՀ քաղաքացիություն ստացած քաղաքացիները դիմում են ներկայացրել՝ խնդրելով իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականության իրավունքով տրամադրել իրենց ընտանիքներին:

← Վերադառնալ