Մամլո հաղորդագրություններ
Կառավարությունը 321 մլն դրամ կհատկացնի Քաղավիացիայի կոմիտեի բարեփոխումների համար
1670x1113px - 662 Կբ
1670x1113px - 650 Կբ
1670x1113px - 659 Կբ
1670x1113px - 691 Կբ
1670x1113px - 726 Կբ
1670x1113px - 505 Կբ
1670x1113px - 631 Կբ
1670x1113px - 552 Կբ
1670x1113px - 518 Կբ
1670x1113px - 563 Կբ
1670x1113px - 686 Կբ
1670x1113px - 616 Կբ
1670x1113px - 606 Կբ
1670x1113px - 612 Կբ
1670x1113px - 655 Կբ
1670x1113px - 739 Կբ
1670x1113px - 712 Կբ
1670x1113px - 603 Կբ
ևս 15 լուսանկար
Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 321 մլն դրամ հատկացնել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի բարեփոխումների նպատակով։ Մասնավորապես, նախատեսվում է վերակազմավորել կոմիտեն՝ աշխատանքի որակը բարձրացնելու, 2024-2025 թվականներին միջազգային կառույցների արձանագրած թերությունները վերացնելու, ինչպես նաև ոլորտը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար։
Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, Քաղավիացիայի կոմիտեի վերակազմակերպումը թույլ կտա վերջինիս շահույթ գեներացնել գործունեության ընթացքում, ստեղծել ինքնաբավություն։ Հիմնավորման համաձայն՝ ԻԿԱՕ-ի 2024 թ. աուդիտի արդյունքներով ՀՀ-ն ստացել է միայն 52,18% ցուցանիշ, ինչը ցույց է տալիս, որ առկա համակարգը չի համապատասխանում միջազգային պահանջներին և ունի լուրջ բարեփոխումների անհրաժեշտություն։ ԵՄ-ի գնահատողական այցի արդյունքում արձանագրվել է 58 թերություն և 11 առաջարկություն, որոնք ընդգծում են թռիչքային անվտանգության ոլորտում կանոնակարգման, վերահսկողության և գործընթացների համակարգման թույլ կողմերը։
Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ թեման բավական հասունացած է և անհրաժեշտ է առերեսվել ոլորտում առկա խնդիրներին. «Մեզ հայտնի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառների բերումով այս ոլորտում ևս պետք է առերեսվենք այն փաստին, որ ժամանակակից ավիացիոն համակարգերին պատշաճ արձագանքելու և դիրքավորվելու համար ունենք գիտելիքի պակաս։ Եվ այդ գիտելիքը լրացնելու համար անհրաժեշտ են նաև որոշակի արտառոց գործողություններ, այդ թվում՝ հրավիրել պատշաճ մասնագետներ, ստեղծել համապատասխան կառուցակարգեր և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կարգավիճակի վերադասավորել այնպես, որ լինելով պետական կառավարման մարմին, հնարավորություն ունենա նաև գեներացնել ծառայություններ, սեփական բյուջե»։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ որոշմամբ հնարավորություն կտրվի ապահովել մրցունակ աշխատանք, վարձատրություն և ներգրավել միջազգային բարձրակարգ մասնագետների։ Վարչապետը նշել է, որ ոլորտում ներկայում առկա են բազմաթիվ ընթացակարգային խոչընդոտներ, որոնք թույլ չեն տվել իրականացնել այդ փոփոխությունները։ «Մենք սկզբունքորեն այս որոշումը կայացրել ենք, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ունենա առանձնահատուկ կարգավիճակ՝ նաև հաշվի առնելով ոլորտում տեղի ունեցող բուռն զարգացումները»,- ասել է երկրի ղեկավարը։
Վարչապետը նշել է, որ այդ նպատակի համար լավագույն կառավարման մոդելն ընտրելու համար Կառավարությունը պատրաստվում է համագործակցել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) հետ։
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ 2017 թվականի համեմատ Հայաստանից դեպի Եվրամիություն ուղևորահոսքերն աճել են 580 տոկոսով, ինչը նշանակում է, որ պետք է լայնորեն զարգացնել ավիափոխադրումները դեպի Եվրամիություն և ոչ միայն։
Դավիթ Խուդաթյանը տեղեկացրել է, որ պայմանագրով ԻԿԱՕ-ի հետ աշխատանքը, մոտավորապես՝ մեկ տարի ժամանակ է ենթադրում. «Մեկ տարվա ընթացքում տարբեր փուլերով խորհրդակցություններ կտան որոշակի վարչությունների աշխատանքի վերակազմակերպման ձևով»։
Նախարարն ընդգծել է, որ ոլորտի մասնագետներն անում են առավելագույնը Հայաստանում ավիացիայի որակը բարձրացնելու ուղղությամբ: Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է նաև վիճակագրություն, ըստ որի՝ նախորդ տարի 47-48 ավիաընկերությունների կողմից Հայաստանից շուրջ 70 ուղղություններով թռիչքներ են իրականացվել։ «Հայաստան և Հայաստանից ուղևորահոսքն աճել է, նախորդ տարի ընդհանուր կազմել է 5.7 միլիոն ուղևոր, այդ թվում բազմաթիվ նոր ուղղություններով։ Նախորդ տարի շուրջ 10 նոր ուղղություններով թռիչքներ ենք սկսել իրականացնել։ Այս տարի էլ արդեն պայմանավորվածություններ ունենք՝ և եվրոպական ուղղություններով, և այլ երկրների մասով։ Երկար սպասված ուղղություն ունենք առաջիկայում, որի մեկնարկը կտանք։ Խոսքը Երևան-Լոնդոն-Երևան ուղղության մասին է, արդեն հայտարարություն կա։ Ղազախստանի գործընկերների հետ երկար ժամանակ աշխատում էինք դեպի Ղազախստան ուղիղ չվերթներ ունենալու ուղղությամբ, պիտի ասեմ, որ արդեն միանգամից մեկից ավիաընկերություններ են հայտարարել՝ ամսաթվերը և տոմսերի վաճառքը ֆիքսված են։ Դեպի Բրյուսել առաջիկայում նոր թռիչք կմեկնարկի։ Դեպի Նիդեռլանդներ ուղղությամբ նոր թռիչքներ կմեկնարկեն։ Գիտեք, քննարկում ենք «Շիրակ» օդանավակայանի պոտենցիալն ավելի մեծ ծավալով օգտագործելու՝ հաշվի առնելով նաև Հյուսիս-հարավ ճանապարհի բացումը։ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանին մոտեցող ճանապարհը մենք նախորդ տարվա ընթացքում վերանորոգել էինք, հիմա ստացվում է, որ Երևանից, երբեմն, օրվա որոշ ժամերի, Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը հասնելը շատ ավելի կարճ է տևում, քան Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը հասնելը։ Այս ուղղությամբ, կարծում եմ, Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի պոտենցիալը մեծ է, այլ ավիաընկերությունների հետ էլ քննարկում ենք այնտեղից, բացի Լառնակայից և դեպի Ռուսաստան ուղղություններից նոր թռիչքներ մեկնարկելու հետ կապված հարցերը»,- տեղեկացրել է ՏԿԵ նախարարը։
Դավիթ Խուդաթյանը նշել է, որ «Զվարթնոց» օդանավակայանը նախագծված թողունակությունից ավելի է աշխատում. «Տարբեր մասնագետների կարծիքով՝ «Զվարթնոց» օդանավակայանը նախագծվել է մինչև 3.5, առավելագույնը 4 մլն ուղևոր սպասարկելու համար, նախորդ տարվա ընթացքում այդ թիվը 5 միլիոնից ավելի էր, և նախորդ տարի միայն «Զվարթնոց» օդանավակայանի սպասարկման մասով էլ մենք ուղևորների շուրջ 6 տոկոս աճ ենք ունեցել: «Շիրակի» մասով, իհարկե, 33 տոկոս աճ ենք ունեցել, մոտավորապես 20-30 տոկոս ավելի է սպասարկում պոտենցիալից»։
Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Դա շատ լավ լուր է, և մենք այս առումով ունենք պատմական հնարավորություն, որպեսզի Երևանը և Հայաստանն ավիացիոն հաբ դառնան կամ առնվազն այդ ճանապարհով գնալու քայլեր անեն։ Եվ նաև սրա համար մենք պետք է մեր ավիացիոն կարգավորումները համապատասխանեցնենք բոլոր ժամանակակից ստանդարտներին»:
Կերկարաձգվի ՀՀ-ում անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական ծրագրի ժամկետը
Կառավարության որոշմամբ կերկարաձգվի ՀՀ-ում անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական միջոցառման գործողության ժամկետը՝ մինչև 2026 թ. դեկտեմբերի 30-ը ներառյալ։ Որոշման նպատակն է նպաստել անասնաբուծության ճյուղում ներդրումների ներգրավմանը և անասնաբուծական հիմնական արտադրատեսակների գծով ինքնաբավության մակարդակի բարձրացմանը և ապահովել ծրագրի իրականացման գործընթացը։ Միաժամանակ, առաջարկվում է ծրագրում կատարել փոփոխություններ, համաձայն որի, շահառուն պարտավոր է ներդրումային ծրագրի իրականացումը (շահագործման համար պատրաստ) ավարտել ծրագրի մասնակցության պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից՝ 4,5 տարվա ընթացքում՝ նախկին 3 տարվա փոխարեն, ինչպես նաև հստակեցվել է հասույթի գումարը փոխհատուցման գումարի չափին գերազանցելու վերաբերյալ դրույթը։ Հստակեցվել է նաև աուդիտորական ընկերության կողմից տրամադրվող եզրակացության անվանումը: Ըստ հիմնավորման՝ տյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ վերջին տասնամյակում Հայաստանում թռչնամսի, իսկ ավելի կոնկրետ՝ հավի մսի առաջարկը շարունակաբար աճել է, սակայն վերջին հինգ տարիներին միայն 23-27 %-ն է ապահովվել տեղական արտադրության հաշվին, իսկ խոզի մսի ինքնաբավության մակարդակը տատանվել է 45-54 % -ի միջակայքում։ Ծրագրի շրջանակում կնքվել է 11 պայմանագիր՝ շուրջ 82,4 մլրդ դրամ ներդրումային ծրագրերով։ Առաջին փուլով 1 շահառուի տրամադրվել է՝ 2,3 մլրդ դրամ փոխհատուցում։
«Մինչև 2026 թ. դեկտեմբերի 30-ը հնարավորություն ենք տալիս, որ եթե կլինեն նոր նախաձեռնություններ, նոր ներդրումներ, գան, այս ծրագրով մասնակցեն, իսկ մյուս ծրագիրը, որը հնարավորություն է տալիս խելացի անասնագոմ ունենալ 1000 և ավելի գլխի համար, դա արդեն 2027 թվականի հունվարի 1-ից կմտնի ուժի մեջ, որը կբերենք մոտակա ժամանակներում կամ ավելի շուտ, եթե ֆինանսական հնարավորությունները թույլ տան: Սա է նախաձեռնությունը: Սրանով նվազագույնը ևս 4 խոշոր անասնաբուծական համալիր կունենանք: Հույս ունենանք՝ նոր հայտեր էլ կլինեն»,- նշել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է բոլոր ծախսերն անկանխիկ կատարելու անհրաժեշտությունը՝ վերահսկողությունն ու հետագծելիությունն ապահովելու համար։
Գործադիրն առաջարկում է 16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը դարձնել պարտադիր
Կառավարությունը հավանություն է տվել «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերին և այն համարել անհետաձգելի։ Ինչպես նշել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, փաթեթի նպատակը ՀՀ-ում ներդրվող կենսաչափական նոր համակարգին համապատասխան համակարգված տարբերակով օրենսդրություն ունենալն է։ «Նախագծերով առաջարկում ենք 16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը դարձնել պարտադիր, և նույնականացման քարտ ունենալու պայմաններում է միայն, որ անձը կարող է ստանալ կենսաչափական անձնագիր: 6-16 տարեկան անձանց համար նախատեսում ենք կամարտահայտության սկզբունքով նույնականացման քարտ ունենալու հնարավորություն, իսկ մինչև 6 տարեկան անձանց դեպքում՝ անձը հաստատող փաստաթուղթը դիտարկվելու է ծննդյան վկայականը»,- ասել է նախարարը։
Ըստ Արփինե Սարգսյանի՝ ճամփորդական բոլոր փաստաթղթերը համապատասխանեցվում են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ստանդարտին: Այդ փաստաթղթերը թույլ են տալու ավելի մեծ թվայնացման դաշտ ունենալ ՀՀ-ում և խրախուսել ծառայություններից օգտվելը հենց թվային հարթակների միջոցով. «Սա է պատճառը, որ նույնականացման քարտի տրամաբանությունը բերել ենք այն ուղղությամբ, որ ներպետական ընթացակարգերում պիտի գործածենք անձը հաստատող փաստաթուղթ՝ որպես նույնականացման քարտ, իսկ անձնագրերը դիտարկենք որպես ճամփորդական փաստաթղթեր»։
Ըստ նախարարի՝ երկրորդ կարևոր փոփոխությունն այն է, որ օտարերկրացիների, փախստականների և քաղաքացիություն չունեցող անձանց համար բոլոր փաստաթղթերը ևս կդառնան կենսաչափական. «Այսինքն՝ կենսաչափական տվյալներ ենք ներդնում: Այս պահի դրությամբ, թեև օրենսդրությունը նախատեսում է, բայց ֆիզիկական հնարավորություն այդպիսի տվյալներ հավաքագրելու չունենք։ Երրորդ ուղղությունը վերաբերում է պետություն-մասնավոր գործունեության շրջանակում կենսաչափական համակարգ ներդնելու տրամաբանության մեջ պետություն-մասնավոր գործընկեր հարաբերակցությունը կարգավորելուն: Շատ կարևոր է այն հանգամանքը, որ մենք հստակ օրենսդրությամբ նախատեսում ենք, որ մասնավոր գործընկերը վարչարարության որևէ պրոցես չի իրականացնում, այսինքն՝ գործողություն, անգործություն կամ քաղաքացու համար իրավական հետևանք առաջացնող որևէ որոշում չի կայացնում, ամբողջը պետության տիրույթում է գտնվում, մնացյալը ծառայությունների մատուցման ռեժիմում են նախատեսված մեր պայմանագրի շրջանակներում»։
Նախարարը տեղեկացրել է, որ այլ փոփոխություններ ևս նախատեսվել են, որոնք վերացրել են բոլոր այն դեֆորմացիաները, որոնք անձը հաստատող փաստաթղթի մասով տարիներ շարունակ եղել են երկրում, այդ թվում՝ անձնագիրը վերցնելու և մնացյալ բաղադրիչների մասով:
2017 թվականի համեմատ շահութահարկի մուտքերն աճել են 5.4 անգամ
Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է շահութահարկի հավաքագրման տվյալներին։ Վարչապետը նշել է, որ յուրաքանչյուր տարվա ապրիլի 20-ը ՀՀ ընկերությունների համար շահութահարկի վճարման վերջնաժամկետն է և հիշեցրել 2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանում շահութահարկի դրույքաչափը 20 տոկոսից նվազեցվել է 18 տոկոսի։ «2026 թվականի ապրիլի 20-ի դրությամբ 2025 թվականի համեմատ վճարվել է 265․8 միլիարդ դրամի շահութահարկ։ 2017 թվականի համեմատ շահութահարկն ավելի է 5․4 անգամ կամ 444 տոկոսով։ Սա երկու բանի մասին է։ Շատ է խոսվում 2018 թվականից և դրանից առաջ էլ նախորդ օրակարգերի, այսպես ասած, թալանված և թալանվող փողերի մասին, որը հիմնականում եղել է ստվերային շրջանառություն։ Եվ ահա՝ ստվերային այդ շրջանառության մի մասը մտնում է պետական բյուջե և ՀՀ կարիքների համար ծախսվում։ Մյուս մասը՝ մեր կողմից տնտեսության խթանումն է»,-ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ Կառավարությունն ապահովել է տնտեսական աճ, և 2018 թվականից սկսած ՀՀ-ում արձանագրվել են ինչպես համաշխարհային, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության միջին ցուցանիշներից բարձր աճեր։
ՀՀ 2025 թ. պետբյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությանը կներկայացվի ԱԺ
Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությանը, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով: Որոշման ընդունումը պայմանավորված է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 116 րդ հոդվածի 1-ին մասի և «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքի 25 րդ հոդվածի 1-ին մասի պահանջների կատարման անհրաժեշտությամբ, համաձայն որոնց Կառավարությունը յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը Ազգային ժողով է ներկայացնում մինչև հաջորդ տարվա մայիսի 1-ը:
«Պատիվ ունեմ» ծրագրով զորակոչից տարկետում տրամադրելու համար ընդունելության անհրաժեշտ նվազագույն միավորների շեմը կիջեցվի
Քաղաքացուն նպատակային ուսումնառության շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարության նշած վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու համար («Պատիվ ունեմ» ծրագիր) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման տրամադրման պայմանները դյուրինացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում: Ըստ հիմնավորման՝ ծրագրով տարկետման իրավունք են ստանում ընդունելության քննությունների համար սահմանված դրական միավոր հավաքած այն քաղաքացիները, որոնց միջին որակական գնահատականը (ՄՈԳ) կազմում է տվյալ բարձրագույն ուսումնական հաստատությունում սահմանված ՄՈԳ-ի առավելագույն արժեքի առնվազն 70 տոկոսը կամ ովքեր հավաքել են տվյալ բարձրագույն ուսումնական հաստատության համար սահմանված ընդունելության քննությունների առավելագույն դրական միավորների հանրագումարի առնվազն 75 տոկոսը, ինչպես նաև բուհ ընդունված այն քաղաքացիները, ովքեր հավաքել են ընդհանուր զարգացվածության աստիճանը որոշող թեստի առավելագույն արժեքի առնվազն 75 տոկոսը: Վերջին հինգ տարիների «Պատիվ ունեմ» ծրագրով ուսումնառություն անցնելու համար դիմում ներկայացրած անձանց քանակական վիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ աստիճանաբար տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարության հետ պայմանագիր կնքած սովորողների թվի նվազում, որը մեծապես պայմանավորված է դիմումատուների կողմից անհրաժեշտ միավորները չհավաքելու հանգամանքով, ընդ որում, մեծ թիվ են կազմում 60-ից մինչև 75 տոկոս միջակայքով միավոր հավաքածները: Այդ նպատակով, որոշմամբ նախատեսվում է քաղաքացուն նպատակային ուսումնառության շրջանակներում «Պատիվ ունեմ» ծրագրով պայմանագիր կնքելու և պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու համար ընդունելության (ուսումնառության) անհրաժեշտ նվազագույն միավորների շեմն իջեցնել 10 տոկոսով:
Քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին ևս 3 ամիս կտրամադրվի 300 000 դրամ սոցիալական աջակցություն
Կառավարության որոշմամբ կապահովվի պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը։ Ըստ հիմնավորման՝ շրջանում անհայտ կորածների ընտանիքներին հատկացվող դրամական օգնությունը ստանալու համար դիմումը պետք է ներկայացվեր էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2026 թ. մարտի 20-ը ներառյալ։ Սակայն մինչ այսօր կան քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածներ, որոնց ընտանիքներն ունեն շարունակական աջակցության կարիք: Ըստ այդմ՝ այդ ընտանիքները ևս 3 ամիս կստանան սոցիալական աջակցություն՝ 300 000 դրամի չափով, որի համար դիմում կարող են ներկայացնել մինչև 2026 թ. հունիսի 20-ը ներառյալ:
Կադաստրային ծածկագիր չունեցող հողամասերի վրա ցանք իրականացրած ծրագրի շահառուները փոխհատուցում ստանալու հնարավորություն կունենան
Կադաստրային քարտեզագրման բացակայության դեպքում շահառուների կողմից իրականացված աշնանացան ցորենի ցանքերի համար փոխհատուցման տրամադրման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում։ Արդյունքում՝ կադաստրային ծածկագիր չունեցող հողամասերի վրա ցանք իրականացրած ծրագրի շահառուները փոխհատուցում ստանալու հնարավորություն կունենան, կպաշտպանվի նրանց իրավունքները և կավելանան ծրագրի շրջանակներում իրականացված աշնանացան ցորենի ցանքատարածությունները։ Համաձայն ՀՀ մարզպետարանների կողմից ներկայացված տեղեկատվության՝ ՀՀ մարզերի որոշ բնակավայրերում առկա են հողամասեր, որոնք տասնյակ տարիներ առաջ տրամադրվել են հողօգտագործողներին, սակայն դրանց նկատմամբ իրավունքների պետական գրանցում իրականացված չէ, քարտեզագրված չեն կամ քարտեզագրված են սխալներով և հողամասերը չունեն կադաստրային ծածկագրեր։ Վերջինովս պայմանավորված հնարավոր չէ համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարի կողմից տրված տեղեկանքում հողամասի կադաստրային ծածկագիրը նշել։ Առաջարկվող փոփոխության արդյունքում բնակավայրի կամ համայնքի ղեկավարի կողմից տրվող տեղեկանքում կադաստրային քարտեզագրման բացակայության դեպքում հնարավոր կլինի նշել վերջինիս գտնվելու վայրի նկարագրի վերաբերյալ տեղեկատվություն, որը հնարավորություն կտա շահառուներին ծրագրի շրջանակներում ստանալ փոխհատուցում։
Օրենսդրական այլ նախաձեռնություններ
Կառավարությունը հավանություն է տվել «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերին։ Նախագծերի ընդունման արդյունքում կբարելավվեն փորձնակների ներգրավման կարգավորումները՝ ապահովելով սոցիալական արդարություն, պետական կառավարման համակարգի կադրային վերարտադրություն, ինչպես նաև երիտասարդ մասնագետների ներգրավում և պահպանում, ինչպես նաև հանրային ծառայության ստաժի հաշվարկման շրջանակում նաև այդ ժամանակահատվածներ ներառելու հարցը: Նախագծով առաջարկվում է, մասնավորապես, ամրագրել փորձնակի վարձատրության վերաբերյալ կարգավորումներ:
Գործադիրի հավանությանն է արժանացել «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին։ Օրինագծի ընդունման արդյունքում կստեղծվի հնարավորություն՝ համայնքներում ավանդաբար կիրառվող արհեստագործական գործունեության օրինականացման, ձեռագործ և փոքրածավալ արտադրության զարգացման համար: Միաժամանակ սահմանված ծավալային շեմի (առավելագույնը՝ 20 մ³) միջոցով կապահովվի շրջակա միջավայրի վրա հնարավոր բացասական ազդեցության կանխարգելումը։ Ըստ հիմնավորման՝ առաջարկվող փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ համայնքներում ավանդաբար իրականացվում է փոքրածավալ, ոչ արդյունաբերական նշանակության արտադրություն, որը ծառայում է տնտեսական, մշակութային և սոցիալական նշանակություն ունեցող նպատակների։ Ներկայումս նույնիսկ նվազագույն ծավալով օգտակար հանածոյի (հումքի) արդյունահանում իրականացնելու համար պահանջվում է ընդերքօգտագործման իրավունքի ամբողջական փաթեթ, ինչն առաջացնում է անհամաչափ ֆինանսական և վարչական բեռ՝ հաճախ գերազանցելով տվյալ գործունեության տնտեսական արժեքը:
Հավանություն է տրվել «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերին։ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով տրվել են օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունների սահմանումները, սահմանվել են դիվանագիտական գրասենյակներ ստեղծելու համար անհրաժեշտ իրավակարգավորումներ։ Վերանայվել են դեսպանների և մշտական ներկայացուցիչների պաշտոնավարման ժամկետները: Վերջիններիս աշխատանքի արդյունավետությունն ապահովելու նպատակով պաշտոնավարման առաջին ժամկետը սահմանվել է առավելագույնը 5 տարի: Միաժամանակ, պաշտոնավարման ժամկետի ավարտից անմիջապես հետո այլ պետությունում կամ միջազգային կազմակերպությունում պաշտոնի նշանակվելու դեպքում երկու իրար հաջորդող պաշտոնավարման ժամկետների ընդհանուր հանրագումարը չի կարող գերազանցել 8 տարին։ Նախատեսվել է դիվանագիտական ներկայացուցիչներին ծառայության ընթացքում խորհրդակցությունների կանչելու մասին դրույթ, հստակեցվել են դիվանագետների կադրերի ռեզերվում գրանցվելու ժամկետները։ Ռոտացիոն գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով վերանայվել է դիվանագետի՝ արտաքին գործերի նախարարությունում կամ ենթակա մարմնում առնվազն երկու տարի աշխատելու պահանջը՝ այն սահմանելով տասնութ ամիս:
Գործադիրը հավանություն է տվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերին։ Մասնավորապես ««ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ զինված ուժերի զինծառայողների զինվորական համազգեստի սահմանման լիազորությունը ՀՀ պաշտպանության նախարարին վերապահելու, ինչպես նաև կին զինծառայողների կողմից օրվա վերակարգում ներգրավվելու սահմանափակումը վերացնելու անհրաժեշտությամբ:
Միջազգային համագործակցություն. Հայաստանի և Ղազախստանի դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի կառուցման համար փոխադարձ հողատարածքներ կտրամադրվեն
Կառավարությունը հավանություն է տվել 2025 թ. նոյեմբերի 21-ին ստորագրված «Հայաստանի և Ղազախստանի կառավարությունների միջև Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի կառուցման համար հողատարածքների փոխադարձ տրամադրման մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։
Հավանություն է տրվել «Մաքսային միության և Մաքսային միության անդամ պետությունների մաքսային օրենսդրության խախտումների համար քրեական և վարչական պատասխանատվության առանձնահատկությունների մասին 2010 թ. հուլիսի 5-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ» արձանագրության նախագծի ստորագրման առաջարկությանը։ Փոփոխությունները վերաբերում են մաքսային կարգավորման ոլորտում Եվրասիական տնտեսական միության իրավունքի պահանջները չպահպանելու համար պատասխանատվություն սահմանելու համար ընդհանուր սկզբունքների և մոտեցումների սահմանելուն։
2027 թ. նոյեմբերի 1-ից կգործեն մթնոլորտային օդի որակի գնահատման նոր չափանիշներ ու մեթոդաբանություններ
Կառավարությունը փոփոխություններ է կատարել մի շարք որոշումներում, որոնց համաձայն՝ 2027 թ. նոյեմբերի 1-ից կգործեն մթնոլորտային օդի որակի գնահատման նոր չափանիշներն ու մեթոդաբանությունները։ Կառավարության Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում 2025-2030 թթ. համալիր միջոցառումների ծրագրով նախատեսվում է մթնոլորտային օդի որակի գնահատման մոնիթորինգի համակարգի արդիականացում, այդ թվում՝ հանրապետության համար 14 անշարժ դիտակայանների ձեռքբերում, որից 6-ը նախատեսված է Երևան քաղաքի համար։ Մթնոլորտային օդի մոնիթորինգի արդիականացման՝ միջազգային չափանիշներին համապատասխանեցման նպատակով՝ 2025 թ. Շրջակա միջավայրի նախարարությանը հատկացվել է 300 մլն դրամ մթնոլորտային օդի որակի գնահատման երկու դիտակայանի ձեռքբերման համար։ Ձեռքբերված երկու դիտակայանները տեղադրվել են Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Երվանդ Քոչար 6/1 հասցեում և Քանաքեռ-Զեյթունի Դավիթ Անհաղթի զբոսայգում: Ընթանում են սարքավորումների փորձարկման և ստուգաճշտման աշխատանքները։ Դիտակայանների շահագործումը հնարավորություն կընձեռնի ճշգրիտ չափել օդի հիմնական աղտոտիչների պարունակությունը և տեղեկատվությունը ստանալ իրական ժամանակին:
Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը
Կառավարության որոշումներով ընկերությունները գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվեն ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից։
«Ագրոնեսթ» ՍՊԸ ներմուծվող հումքը և սարքավորումները նախատեսում է օգտագործել գերժամանակակից ջերմոցի կառուցման համար, որտեղ կաճեցվեն լոլիկներ։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել ընդհանուր շուրջ 11․1 մլրդ դրամի ներդրում հումքի ու սարքավորումների ձեռքբերման, շինարարական աշխատանքների իրականացման համար։ Ներդրումային ծրագրի շրջանակում, մինչև 2027 թվականը ընկած ժամանակահատվածում, նախատեսվում է ստեղծել 140 նոր աշխատատեղ՝ 200 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 8.5 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 550 մլն դրամ։
«ՎանՍևան» ՍՊԸ ներմուծվող հումքը և սարքավորումները նախատեսում է օգտագործել գինու արտադրության համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 170.9 մլն դրամի ներդրում հումքի և հիմնական միջոցների ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 4 հիմնական (ոչ սեզոնային) աշխատատեղ՝ 160 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 170.9 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 16.9 մլն դրամ։
Երևանում կձևավորվի հինն ու ժամանակակիցը համադրող բազմաֆունկցիոնալ մշակութային միջավայր
Կառավարությունն ընդունել է «Երևան քաղաքի Կասկադ համալիրի` «Կասկադ մշակութային հանգույց» ճարտարապետական նախագծի ազդեցության գոտում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» որոշում։ Կասկադ համալիրի ավարտուն կառուցապատումը նպատակ ունի կյանքի կոչել Ալեքսանդր Թամանյանի և Ջիմ Թորոսյանի ճարտարապետական մտահղացումը՝ ապահովելով Երևանի կենտրոնի և հյուսիսային հատվածի ամբողջական, ֆունկցիոնալ ու մշակութային կապը։ Ծրագրի իրականացմամբ կձևավորվի հինն ու ժամանակակիցը համադրող բազմաֆունկցիոնալ մշակութային միջավայր, որը կբարելավի քաղաքի ճարտարապետական կերպարը և կստեղծի նոր հանրային ու մշակութային հնարավորություններ։ Առաջարկվող կարգավորմամբ նախատեսվում է ապահովել «Կասկադ մշակութային հանգույց» նախագծի և ներդրումային ծրագրի իրականացումը՝ համալիրին հաղորդելով ամբողջական, ֆունկցիոնալ և ավարտուն տեսք։
Գործադիրն ընդունել է «Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Նորագյուղ թաղամասի, Իսակով և Մոնթե Մելքոնյան պողոտաների տրանսպորտային հանգույցով, «Պասկեվիչի բլուր» աշխարհագրական անվանումով տարածքով և Պասկեվիչի բլուրից դեպի հարավ՝ Հրազդան գետի կիրճով պարփակված տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու և պետական սեփականություն հանդիսացող հողամասերը և գույքն ուղղակի վաճառքի ձևով օտարելու մասին» որոշում։ Նորագյուղ թաղամասի զարգացման քաղաքաշինական ծրագիրն իրականացնելու առաջարկ են ներկայացրել «Դիթի քոնսթրաքշն» և «Դիթի դևելոփմենթ» ՓԲԸ-ները, որոնց հետ կնքված պայմանագրի համաձայն վերջիններս հանդիսանալու են օտարման գոտում գտնվող սեփականության և այլ գույքային իրավունքներով ծանրաբեռնված գույքի ձեռքբերող և ծրագրի օպերատոր։