ՀՀ վարչապետի ելույթները և ուղերձները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՀՀ Կառավարության գործունեության 2021-2026 թթ․ ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին 2025 թ․զեկույցի քննարկմանը

15.04.2026

ևս 6 լուսանկար



Ազգային ժողովի մեծարգո նախագահ,
Նախագահի հարգելի տեղակալներ,
Կառավարության հարգելի անդամներ,
Հարգելի պատգամավորներ,
Սիրելի ժողովուրդ,

Քննարկում ենք Հայաստանի Հանրապետության Կառավարության գործունեության 2021-2026 թվականների ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին 2025 թվականի զեկույցը: Դա անում ենք Ազգային ժողովի հերթական ընտրություններից, այսինքն՝ 2021-2026 թվականների ծրագրի ժամկետի սպառումից ընդամենը մեկուկես ամիս և 2018 թվականի ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության ութերորդ տարեդարձից քսանհինգ օր առաջ։

Միանգամից պիտի արձանագրեմ, որ այսօր մենք ունենք բոլորովին այլ պետություն, քան ունեցել ենք 2018 թվականին։ Այսօր մենք անկախ ենք ավելի, քան երբևէ, ինքնիշխան ենք ավելի, քան երբևէ, պետություն ենք ավելի, քան երբևէ, ժողովրդավարական ենք ավելի, քան երբևէ, զարգացած ենք ավելի, քան երբևէ, խաղաղ ենք ավելի, քան երբևէ, բարեկեցիկ ենք ավելի, քան երբևէ, անվտանգ ենք ավելի, քան երբևէ: Մի բան էլ ասեմ՝ երկարակյաց ենք ավելի, քան երբևէ, որովհետև 2024 թվականի արդյունքներով Հայաստանի Հանրապետությունում կյանքի միջին տևողությունը 78.6 է, ինչը բացարձակ ռեկորդային ցուցանիշ է Հայաստանի Հանրապետության գոյության ամբողջ ընթացքում, և ինչքան հասկանում եմ, ընդհանրապես՝ նույնիսկ Խորհրդային Միության ժամանակների հետ համեմատ։ Եվ այսօր մեր պետության հեռանկարները որոշակի են ավելի, քան երբևէ։

Եվ սա, առաջին հերթին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շնորհիվ, որը հաստատվեց 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում՝ նախագահ Թրամփի աջակցությամբ։ Առաջիկայում մեզ սպասվում են մեծ ու պատմական իրադարձություններ՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության» նախագծի իրագործումը, որը Հայաստանը վերջնականորեն դուրս կբերի շուրջ 34-ամյա շրջափակումից և իհարկե, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղություն և միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագրի ստորագրումը և վավերացումը, որը կապահովի մեր պետությունների և ժողովուրդների միջև թշնամանքի վերացման հետագա ընթացքը։

Այսօր էլ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված և պետք է արձանագրել, որ այն հիմա էլ ունի բավականին ուժեղ իրավական հիմք: Ես սա կարևոր արձանագրում եմ համարում, որը մեր իրականության մեջ կարծես թե, երբեմն բաց ենք թողնում՝ ասելով, որ խաղաղությունը բանավոր պայմանավորվածության կամ իրավական ուժ չունեցող, դեռևս փաստաթղթերի հիման վրա է ձևավորված: Այդպես չէ: Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն ունի նաև պարտադիր իրավական ուժ, և տվյալ դեպքում ես նկատի ունեմ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, որը Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված առաջին երկկողմ միջազգային պայմանագիրն է և որը 2024 թվականի աշնանը վավերացվել է երկու երկրներում: Եվ հիմա թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում ունի պարտադիր իրավական ուժ։

Ուզում եմ հիշեցնել, որ այնտեղ որպես պարտադիր իրավական ուժ ունեցող դրույթ արձանագրված է, որ Հայաստանը և Ադրբեջանը համաձայն են երկու երկրների սահմանների սահմանազատման բազային սկզբունք ընդունել Ալմա–Աթայի հռչակագիրը։ Սա է իրականում խաղաղության անկյունաքարը, հիմքը, որը, կրկնում եմ, ունի իրավական պարտադիր ուժ թե՛ Հայաստանի Հանրապետությունում, թե՛ Ադրբեջանի Հանրապետությունում։

Նաև ուզում եմ ընդգծել Հայաստան-Ադրբեջան սահմանի 12 կիլոմետրանոց հատվածի սահմանազատումը: Դա էլ է շատ կարևոր գործոն Հայաստան-Ադրբեջան թշնամանքի հաղթահարման առումով: Դրանով, իմ համոզմամբ, մեկնարկ է տրվել այդ թշնամանքի հաղթահարման: Եվ այն, որ Կիրանցի դպրոցն Ադրբեջանի հետ սահմանից 50 մ հեռավորության վրա է գտնվում և այլևս սարսափելի չի հնչում Կիրանցի դպրոցի աշակերտների համար, իմ ասածի ամենավառ վկայությունն է։ Այսօր Կիրանցի դպրոցի աշակերտներն Ադրբեջանից 50 մ հեռավորության վրա դասի են գնում, 30 մետր հեռավորության վրա ֆուտբոլ են խաղում։ Սա խաղաղություն է։ Խաղաղությունը սա է։

Խաղաղությունը նաև այն է, որ արդեն ավելի քան երկու տարի Հայաստան-Ադրբեջան փոխհրաձգության հետևանքով ոչ զոհ ունենք, ոչ վիրավոր։ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ գյուղերում կրակոցի ձայներ չեն լսվում։ Ոչ միայն կրակոցի ձայներ չեն լսվում, այլև Հայաստանի Հանրապետության սահմանամերձ գյուղերում ավելի քան 3600 նոր առանձնատներ են կառուցվում Կառավարության նախաձեռնած տնաշինական ծրագրով, որ հանրության շրջանում հայտնի է որպես 16 միլիոնի ծրագիր։ Ավելի քան 3600 նոր տուն սահմանամերձ այնպիսի բնակավայրերում, հարգելի գործընկերներ, որոնց ճնշող մեծամասնությունում անկախությունից ի վեր գործնականում ոչ մի տուն չէր կառուցվել։ Հասկանո՞ւմ եք: 3600 տուն, նրանց մի զգալի մասը սահմանամերձ այնպիսի բնակավայրերում, որտեղ ավելի քան 33 տարվա պետության գոյության ընթացքում ոչ մի տուն չի կառուցվել։ Ավելին, հիմա այդ բնակավայրերում, դրանց մի մասում ոչ միայն տներ են կառուցվում, կառուցվում են դպրոցներ՝ 18 դպրոցի կառուցման նախագիծ է իրականացվում, 21 մանկապարտեզի կառուցման նախագիծ է իրականացվում այն գյուղերում, որտեղ անկախությունից ի վեր, այն գյուղերում… իհարկե, կան առանձին վերցրած տներ առանձին վերցրած գյուղերում։ Հիմա այդտեղ 18 դպրոցի շինարարության և 21 մանկապարտեզի շինարարության նախագիծ է իրականացվել, որոնց մի մասն ավարտվել է, մի մասը կավարտվի այս տարվա ընթացքում, մի մասը կավարտվի 2027 թվականին։

Հաստատված խաղաղության շնորհիվ այսօր Հայաստանի Հանրապետություն ադրբեջանական երկաթուղիով ապրանքներ են ներկրվում, Ադրբեջանից նավթամթերք է ներկրվում Հայաստանի Հանրապետություն, ինչի արդյունքում մեր քաղաքացիներն ու բնակիչներն արդեն իսկ տասնյակ միլիարդների խնայողություններ են ունեցել, որովհետև ադրբեջանական նավթամթերքի ներկրումն ի վերջո այն վերջին գործոնն էր, որի արդյունքում մենք ավարտեցինք նավթամթերքի շուկայում մենաշնորհի կազմաքանդում օպերացիան, որը տևում էր, այո՛, տևում էր ութ տարի։ Էլի բաներ կան, որ տևում են ութ տարի, և մեր քաղաքացիները հարցնում են, թե ինչի՞ ութ տարի: Շատ պարզ պատասխան ունի, որովհետև այդ դեպքերում մենք ոչ թե ուղղակի պարզ գործողություն ենք անում, մենք բառիս բուն իմաստով, էլի կանդրադառնամ, մաֆիայի դեմ ենք պայքարում:

Հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, բառիս բուն իմաստով, այո՛, այդ մաֆիան եթե ներհայաստանյան լիներ միայն, դեռ ոչինչ, բայց այդ մաֆիան երբեմն ունի այլ տեղերում այլ ճյուղեր։ Եվ վերադառնալով ադրբեջանական նավթամթերքի ներմուծմանը՝ ուզում եմ ասել, որ Հորմուզի նեղուցի շուրջ առաջացած ճգնաժամը Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և տնտեսությունը շատ ավելի շոշափելի ձևով կզգային թե՛ նավթամթերքի գնի, թե՛ գնաճի, թե՛ մատակարարումների առումով, եթե ադրբեջանական երկաթուղու պատմական բացումը Հայաստանի Հանրապետության համար այս ժամանակաշրջանում տեղի ունեցած չլիներ:

Սա պետք է ասել: Հիմա մենք մտնում ենք «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության» նախագծի իրագործման փուլ: Ուրախությամբ պիտի արձանագրեմ, որ ի հեճուկս միջազգային բարդ իրադրության, թե՛ Ամերիկայի Միացյալ Նահանգների, թե՛ Հայաստանի Հանրապետության, թե՛ Ադրբեջանի Հանրապետության կառավարությունները տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացումը և TRIPP նախագծի իրագործումը համարում են առաջնահերթություն։ Սա բխում է այն գիտակցումից, որ նախագծի իրագործումը մեր տարածաշրջանում երկարաժամկետ, կայուն և հուսալի խաղաղության կարևոր հենասյուն է դառնալու։

Ազգային ժողովի մեծարգո նախագահ,
Նախագահի հարգելի տեղակալներ,
Հարգելի պատգամավորներ,
Կառավարության հարգելի անդամներ,
Սիրելի ժողովուրդ,

Հայաստանի Հանրապետությունը հաղթահարել է գոյատևման և մաքառման իրեն պարտադրված օրակարգը և մտել ապրելու, պարզապես ապրելու, սովորական կյանքով ապրելու մի պատմական դարաշրջան, որտեղ մեր պատմական առաքելությունը կրթվելն է, աշխատելը, մեր պետությունը՝ 29743 քառակուսի կիլոմետր միջազգայնորեն ճանաչված տարածքով Հայաստանի Հանրապետությունը զարգացնելը և այն՝ որպես անկախ, խաղաղ, անվտանգ, զարգացած, բարեկեցիկ պետություն ապագա սերունդներին ժառանգելը: Սերնդեսերունդ և դարեդար ապրել, կրթվել, աշխատել, զարգացնել բարեկեցությունը, զարգացնել խաղաղությունը, զարգացնել պետությունն ու այն դարեդար ժառանգել սերունդներին: Ահա, այսպիսի հրաշալի պատմական առաքելության մեջ ենք մենք հայտնվել, որն անվանում ենք պետության հարատևության օրակարգ:

Հարգելի գործընկերներ, ես նկատի ունեմ Ազգային ժողովի մեր գործընկերներին, Կառավարության անդամներին, գործադիր իշխանության մյուս ներկայացուցիչներին, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին, ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել այս շրջադարձային դարակազմիկ հանգրվանն իրականություն դարձնելու համար: Բայց նաև ուզում եմ ընդգծել, որ այս հանգրվանին հասնելը հնարավոր դարձավ, առաջին հերթին, ժողովրդի աջակցության շնորհիվ, որովհետև Կառավարությունն ու խորհրդարանական մեծամասնությունը ոչինչ չէին կարող անել, եթե չունենային ժողովրդի մանդատն ու աջակցությունը, եթե չունենայինք լեգիտիմություն՝ իրագործելու այն քաղաքականությունը, որը վարել ենք 2021 թվականից սկսած: Իսկ այդ մանդատը հստակ և աներկբա արձանագրված է - ուզում եմ այս նրբության վրա առանձնահատուկ ուշադրություն հրավիրել - 2021 թվականի օգոստոսի 26-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից հաստատված այն փաստաթղթում, որի կատարման ընթացքն ու արդյունքները քննարկում ենք հիմա։ Խոսքը Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի մասին է, որում հստակ և աներկբա արձանագրված է. «Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը, այնուամենայնիվ, արտահերթ ընտրությունների արդյունքներով ժողովրդի առաջ Կառավարության ստանձնած մեծագույն առաքելությունն է»։

Սա նշանակում է, որ մենք դեռևս 2021 թվականի օգոստոսին ենք հայտարարել, որ խաղաղությունն է լինելու մեր գերագույն նպատակը, և այդ գերագույն նպատակը, ահա, իրագործված է։ Հարց է հնչում՝ ի՞նչ գնով: Այն գնով, որով հնարավոր էր դա իրագործել։ Այո՛, բազում զոհերի ու զոհողությունների գնով, բազում զրկանքների և տառապանքների գնով, դժոխքի միջով անցնելու գնով: Բայց այսօր մենք ունենք այն, ինչ դեռ ի սկզբանե եղել է մեր գերագույն նպատակը՝ պետություն, խաղաղություն, զարգացում և հեռանկար, հորիզոն, անսահման հորիզոն մեր առջև։ «Ղարաբաղը մերն էր և այլևս մերը չէ» խոսույթն աշխարհաքաղաքական թակարդում մեր գտնվելու փիլիսոփայությունն ու հայեցակարգն է։ Իրականությունն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը մերը չէր և այլևս մերն է: Իրականությունն այն է, որ մեզ հայտնի բոլոր տարածքները հայկական վերահսկողության տակ եղել են մեր պետության, մեր ինքնիշխանության, մեր անկախության, մեր բարեկեցության, մեր անվտանգության ու մեր ապագայի հաշվին, ու մենք դա չենք հասկացել, հարգելի գործընկերներ: Պիտի խոստովանենք, որ մենք չենք հասկացել դա: Գուցե եղել են մարդիկ, որ հասկացել ու չեն բարձրաձայնել, որովհետև վախեցել են: Եղել են մարդիկ, որ և՛ հասկացել են, և՛ բարձրաձայնել, բայց նրանց կամ չենք լսել, կամ չլսելու ենք տվել, կամ լռեցրել ենք՝ համոզված լինելով, թե նրանք չեն հասկանում, թե ինչ են խոսում: Մինչդեռ մենք, այդ մենք, այդ թվում՝ ես, չենք հասկացել, թե ինչ ենք անում՝ սկսած 1988 թվականից: Չենք հասկացել, թե ինչ ենք անում և արել ենք ամեն ինչ ինքներս մեր դեմ ի հեճուկս մեր պատմության մեզ տված դասերի։

Բայց այսօր մենք կարող ենք ասել, որ մենք, Կառավարությունը, կառավարող մեծամասնությունը փոխել ենք մեր պատմության կործանարար ընթացքը և Հայաստանի Հանրապետությունը դրել ենք ստեղծարար ու խաղաղ պատմության ընթացքի մեջ ու դա արել ենք մեր նահատակների հետ հոգևոր, բարոյական ու հեռակա, մեր ժողովրդի հետ քաղաքական երկխոսության արդյունքում: Ու այսօր մեր ժողովուրդը գրում է իր պատմության բոլորովին նոր պետականակենտրոն գլուխը, որտեղ պետությունը միևնույն ժամանակ և՛ նպատակ է, և՛ միջոց: Նպատակ է, որովհետև մեր ինքնությունը հնարավոր է պահպանել և զարգացնել, մեր բարեկեցությունն ու անվտանգությունը հնարավոր է ապահովել պետության պայմաններում, միայն պետության պայմաններում: Եվ միջոց է, որովհետև պետությունն է մեր ինքնությունը պահպանելու և զարգացնելու, մեր բարեկեցությունն ու անվտանգությունն ապահովելու միակ հուսալի միջոցը։ Պետությունն ինքը ինքնություն է և պետությունն է ինքնությունը: Սրանով արդեն պետությունը և՛ նպատակ է, և՛ միջոց։ Իսկ պետությունը պահպանել և զարգացնել հնարավոր է միայն խաղաղության պայմաններում, և մենք այսօր ունենք այդ խաղաղությունը: Բայց նաև պիտի հաշվի առնենք, որ խաղաղությունը նոր է, մանուկ է, դեռևս խոցելի է, և մեր ամենօրյա խնամքի կարիքն ունի, մանավանդ՝ այսօր, երբ այդ մանուկ խաղաղությունը դարձել է պատերազմի եռագլուխ կուսակցության ու նրանց սատարող ուժերի հիմնական թիրախը։

Սիրելի ժողովուրդ,
Հարգելի ներկաներ,

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղություն և միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիրը ճիշտ է, ստորագրված չէ, բայց նախաստորագրված է: Մենք պետք է հասկանանք՝ ինչ է նշանակում նախաստորագրված պայմանագիր, համաձայնագիր: Դա նշանակում է, որ դրա բովանդակության շուրջ բանակցություններն ավարտվել են, և այն փակ է հետագա բանակցությունների համար, այսինքն՝ նախաստորագրել, նշանակում է արձանագրել բանակցությունների փակումը, ավարտը, փակ լինելը բանակցությունների համար:

Պատերազմի եռագլուխ կուսակցության ներկայացուցիչները մեկը մյուսի հետևից, իրար հերթ չտալով՝ խոսում են խաղաղությունը վերաբանակցելու մասին՝ այն իբր ավելի լավը դարձնելու նկատառումով: Իսկ, կներեք, ո՞վ կարող է ապացուցել, որ այդ վերաբանակցելու արդյունքում փաստաթուղթն ավելի լավն է դառնալու: Այսօր վերաբանակցելու մասին խոսող ուժերը հանդես են գալիս Ղարաբաղը և հարակից շրջանները պարունակող քարտեզներով և դա խորհրդանշող դրոշներով: Այս տրամաբանության զարգացումն անխուսափելի պատերազմ է: Մյուս ուժերը հանդես են գալիս այդ նույն խորհրդանիշների և ասելիքի ներքո և պնդում, թե Հայաստանը չպետք է բավարարվի իր միջազգայնորեն ճանաչված 29743 քառակուսի կիլոմետր տարածքով։ Այս տրամաբանության զարգացումը նույնպես անխուսափելիորեն բերելու է պատերազմի։ Այստեղ բարձրագույն մաթեմատիկա չկա: Սա շատ պարզ տրամաբանություն է, և այդ տրամաբանությունը մենք տեսել ենք նախորդ շրջանի մեր պատմությամբ: Այսինքն՝ սա տեսություն չէ միայն, այլև իրականություն:

Բայց եթե նույնիսկ մի կողմ դնենք կոնկրետ այս խոսույթը, այսինքն՝ մի պահ մոռանանք և ուշադրություն չդարձնենք դետալներին, խաղաղությունը վերաբանակցելու մասին խոսակցությունը, եթե 50%-ով բացում է ավելի լավ խաղաղություն ունենալու դուռը, 50%-ով էլ բացում է խաղաղություն չունենալու, այսինքն՝ պատերազմ ստանալու դուռ է։ Սա անկախ ամեն ինչից։ Սա արդեն ճաշակի հարց չէ, ուրեմն, այլ մեր պետության լինել չլինելու հարց։ Եվ պատերազմի եռագլուխ կուսակցությունը մեր պետությունն ու ժողովրդին կործանարար ավանտյուրայի է փորձում մղել։ Այս է պատճառը, որ հստակ և աներկբա ընդգծում եմ, որ ժողովուրդը, Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է տեր կանգնի խաղաղությանը, որովհետև դա իր խաղաղությունն է, դա իրեն անհրաժեշտ խաղաղությունն է, և այն հարվածի ու կասկածի տակ դնելը հավասարազոր է աղետի: Դա նշանակում է կասկածի տակ դնել բազմաթիվ զոհողությունների գնով ձեռք բերված մեր հաջողությունները: Իսկ մենք ունենք բազմաթիվ հաջողություններ: Եվ ես հիմա կփորձեմ ձեր և մեր հանրության համար թվարկել այդ հաջողություններից կարևորագույնները՝ հույս ունենալով, որ ժամանակը կհերիքի դրա համար: Չնայած այս ձևաչափն ամենալայն ժամանակային հնարավորություն է տալիս ելույթների առումով։

Ուրեմն՝ 2021-2025 թվականներին Հայաստանի Հանրապետությունում համախառն ներքին միջին տարեկան աճը կազմել է 7.9%: Ուզում եմ ընդգծել, որ նույն ժամանակաշրջանում աշխարհում միջին տնտեսական աճը կազմել է 4.1%, Հայաստանի Հանրապետությունում աճը կազմել է 7.9%՝ գրեթե կրկնակի ավելի: ԵԱՏՄ-ում նույն ժամանակաշրջանում միջին տնտեսական աճը կազմել է 3.1%, Հայաստանի Հանրապետությունում՝ 7.9%: Սա էլ գրեթե կրկնակի ավելի, այսինքն՝ այնտեղ կրկնակիից մի քիչ պակաս էր, այստեղ կրկնակիից շատ ավելի էր: Եկեք, որպեսզի շատ թվաբանության մեջ չմտնենք, երկու տեղն էլ համարյա կրկնակի ավելի։

2025 թվականին պետական բյուջեի եկամուտները 2017 թվականի ցուցանիշից ավելի են 2.3 անգամ կամ 1 տրիլիոն 648 միլիարդ դրամով կամ 4.3 միլիարդ դոլարով։ Սա էլ այն թեմայի շարունակությունն է՝ գողացվածը հետ բերել և այլն: Շարունակության մի մասն է, հիմա մյուս մասերին էլ կանդրադառնամ: Բայց 4,3 միլիարդ դոլարը որտեղի՞ց հայտնվեց: Հայտնվեց գողանալու այդ բոլոր սողանցքները հատիկ-հատիկ համբերատար փակելու առումով:

Կապիտալ ծախսերը 2017 թվականի նկատմամբ. այսինքն՝ կապիտալ ծախսերը դպրոց, մանկապարտեզ, ճանապարհ, ջրագիծ և այլն, 2,9 անգամ աճել են 2025 թվականին և սրանք 2025-ը 2017-ի համեմատ: Բայց սա տարին տարվա հետ համեմատելու տվյալներն են: Բայց կուտակային տվյալներն ավելին են, այսինքն՝ մենք վերցնում ենք մի տարի և վերցնում ենք հեղափոխությանը նախորդող մի տարի։ Հիմա երբ ժամանակաշրջաններն ենք վերցնում, այդտեղ պատկերն էականորեն ավելի տպավորիչ է։ 2017 թվականի համեմատ իրական ՀՆԱ-ի աճը 2025 թվականի արդյունքներով կազմել է 53.9%: Դուք պատկերացնու՞մ եք՝ 2017 թվականի, անցնելով Քովիդի և պատերազմի միջոցով, սա իրականն է, սա անվանականը չէ, որովհետև անվանականը կրկնապատիկ և ավելի է: 53%-ով մենք մեր երկրի տնտեսությունը մեծացրել ենք: Իմիջիայլոց՝ նույն ժամանակաշրջանում աշխարհում միջին տնտեսական աճը 2018-2025 թվականներին կազմել է 3%, Հայաստանում՝ 5.8%: Այսինքն՝ սա էլ մի ցուցանիշ է, որը հիշարժան է: Նույն ժամանակաշրջանում ԵԱՏՄ-ում 2018-ից 2025 թվականներին տնտեսական աճը կազմել է 2.3%, Հայաստանում՝ 5.8%: Ավելի, քան կրկնանկի։

Նույն ժամանակաշրջանում մենք Հայաստանում ստեղծել ենք 288000 աշխատատեղ: Պատկերացնու՞մ եք՝ 288000 աշխատատեղ, ընդ որում, սա ոչ թե այն վիճակագրությունն է, որ կարող են ասել՝ թիվ է, ասել են էլի: Եթե անհրաժեշտություն լինի, այս 288000 թիվը մենք կարող ենք անհատականացնել անուն-ազգանուններով, ովքեր են 288000 մարդիկ, որովհետև սա մի թիվ է, որ արտահայտում է այն աշխատատեղերը, որ գրանցված են եղել, աշխատավարձ են ստացել, եկամտային հարկ են վճարել։ Եվ այդպես շարունակ։ Այսինքն, սա թիվ է, որի ամեն միավորի ներքո կա կոնկրետ անուն, ազգանուն։

Ընդ որում՝ միջին ամսական եկամուտը 2017 թվականի համեմատ աճել է 87%-ով։ Համախառն գնաճը նույն ժամանակաշրջանում կազմել է 29%: Եվ նաև սա է պատճառը, որ մենք ասում ենք, և այս թվերն աներկբա ցույց են տալիս, որ 2018 թվականի համեմատ աշխատող մարդիկ առնվազն 55 և ավելի տոկոսով ավելի լավ են ապրում։ Այս ցուցանիշը հիմնավորվում է բազմաթիվ տվյալներով։

Նախորդ տարի զեկույցի քննարկման ժամանակ ես մի հաշվարկ էի արել՝ ցույց տալով, որ հեղափոխության արդյունքում 2018 թվականից 2024 թվականը պետական բյուջե լրացուցիչ մտել է 4.2 միլիարդ դոլար։ Այդ ելույթը կա, ես հիմա չեմ ուզում նորից մեջբերել, մանրամասն անդրադառնալ: Այսինքն՝ ինչի՞ մասին էր դա, որ հեղափոխության բերած տեմպի շնորհիվ 4.2 միլիարդ լրացուցիչ դոլար մտել է պետական բյուջե: Այսինքն, եթե հեղափոխությունը չլիներ, նախորդ շրջանի բյուջեի աճի տեմպն ավելանար, մենք կունենայինք 4.2 միլիարդ համախառն ավելի պակաս եկամուտ։ Այսօր արդեն ուրախ եմ արձանագրել, որ այդ նույն մեթոդաբանությամբ, 2025 թվականի արդյունքներով հեղափոխության գինը, կոպիտ ասած, Հայաստանի Հանրապետությունում 6.6 միլիարդ դոլար է: Էլի հաշվի առնելով, որ կարող են լինել քննարկումներ, շատ լավ, եկեք գնաճի ցուցանիշները հաշվի առնենք, հանենք, 6 միլիարդ, կամ, չգիտեմ, հաշվարկն անենք, թիվը 6.6 միլիարդ է, գնաճի թիվը հանենք, կլինի, ենթադրենք, մաքուր 5.5 միլիարդ՝ առանց որևէ այլ գործոնի:

Հիմա շատ կարևոր մի հարց կարող է հնչել՝ իսկ այդ փողերը ի՞նչ ենք արել, ո՞ւր են այդ փողերը: Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նախորդ նիստերից մեկի ժամանակ հարց տվեց, ասաց աջակցության տարբեր ծրագրեր կան և այլն, հաշվարկ չունե՞ք, թե այդ աջակցության ծրագրերով ինչքա՞ն աջակցություն եք ցուցաբերել մարդկանց: Մենք արեցինք այդ հաշվարկը, և ճիշտն ասած, այդ հաշվարկը, եթե շատ անկեղծ ասեմ, մեզ էլ զարմացրեց: Խոսքն ինչի՞ մասին է: Խոսքն ամենատարբեր ծրագրերի մասին է, որ Կառավարությունը որևէ օրենսդրությամբ պարտավոր չէր անել, այսինքն՝ աջակցության ամենատարբեր…, օրինակ, խելացի անասնագոմի ծրագիր՝ 50%-ի հետվճար, որը քաղաքացիներին է գնում:

Եվ հարգելի գործընկերներ, ուզում եմ արձանագրել, որ 2018-ից 2025 թվականները, ուշադիր եղեք, մեկ տրիլիոն 410 միլիարդ դրամի աջակցության ծրագրեր ենք իրականացրել, որ ուղղակի տարբեր ծրագրերով վերադարձրել ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Սա 3.7 միլիարդ դոլարի մասին է: 3.7 միլիարդ դոլար 2018-ից ի վեր մենք պարզապես տվել ենք մեր քաղաքացիներին: Այդ ծրագրերը տարբեր են, սկսած՝ անկանխիկ եղանակով վճարումներից, կենսաթոշակառուներին և նպաստառուներին հետվճարի ծրագիր, դրամական աջակցություն երեք և ավելի երեխա ունեցող ընտանիքներին, երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագիր, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում գործող կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին աջակցության ծրագիր, օրինակ, այդ ծրագիրը 31 միլիարդի աջակցություն ենք ցուցաբերել:

Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագիր՝ 4,5 միլիարդ դրամ, ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագիր՝ 14,4 միլիարդ դրամ, տնտեսության արդիականացման միջոցառման պետական աջակցության ծրագիր (այս ծրագրին էլ են լիզինգ անվանում)՝ 52.8 միլիարդ դրամ, այ այսպես հաշվել ենք անկանխիկ եղանակով ու տվել ենք հազարավոր քաղաքացիների, խաղողի ժամանակակից տեխնոլոգիաներով մշակող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար վարկային տոկոսադրույքների սուբսիդավորում՝ 10.7 միլիարդ դրամ, ինտենսիվ այգեգործության զարգացման սուբսիդավորում՝ 50.9 միլիարդ դրամ։

Այսինքն՝ միայն այս երկու ծրագրով, որ նշեցի, 100 միլիարդ միայն մենք դրել ենք գյուղատնտեսության մեջ ու տվել ենք կոնկրետ մարդկանց: Ընդ որում, այս, ինչ որ ասում եմ, էլի սա այնպիսի բան չէ, որ դե տվեցիինք մարզպետին, մարզպետը՝ քաղաքապետին, քաղաքապետը՝ գյուղապետին, գյուղապետն էլ ժողովն արեց, գառը մորթեց, գինին դրեցիին, կերան, խմեցին, ուրախացան, ծափ տվեցին, ամեն դրամի տակ անուն ազգանուն կա: Այս ամեն դրամը հետագծելի է, որ այս 50 միլիարդից ուզենանք իմանալ՝ ով ինչքան է ստացել, հետագծելի է: Սա շատ կարևոր հանգամանք է:

Գյուղատնտեսական հումքի մթերումներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր՝ սա էլ այն ծրագիրն է, որի արդյունքներով մենք չենք տեսնում, որ գյուղացիներն ասում են՝ չի մթերվում, գինը և այլն, և այլն, չնայած գինը միշտ էլ ասում են, բոլորն էլ ուզում են ավելի թանկ վաճառել՝ 18.7 միլիարդ դրամ, պետական աջակցություն բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքի իրականացում՝ մենք 13.3 միլիարդ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին փող ենք տվել, որ իրենք իրենց տները նորոգեն, հարգելի գործընկերներ, աշխարհի ո՞ր երկրի, ո՞ր Կառավարությունն է քաղաքացուն փող տալիս, որ մարդն իր տունը վերանորոգի, հասկանու՞մ եք, բա սրա համա՞ր էինք հեղափոխություն արել, այո, սրա համար էինք հեղափոխություն արել, սրա համար էինք, այդ թվում՝ սրա համար:

Հիպոտեկային վարկի վճարած տոկոսների գումարների վերադարձ՝ տասնյակ հազարավոր քաղաքացիներ այս ծրագրի շնորհիվ տան տեր են դարձել՝ 327.4 միլիարդ դրամ, և 327.4 մլրդ դրամ, այ այսպես հաշվել ենք 327.4 մլրդ դրամ: Հայտարարատու համարվող անձանց օրենսդրությամբ սահմանված սոցիալական ծախսերի ուղղություններով կատարված ծախսերի փոխհատուցում՝ 9.1 միլիարդ դրամ և այսպես շարունակ: Այսինքն՝ 3.7 միլիարդ դրամ, 3.7 միայն սա այն է, որ անհատապես վերադարձրել ենք քաղաքացիներին։ Եվ սա է այն, ինչի համար, այդ թվում սա է, որ հեղափոխությունը Հայաստանում տեղի է ունեցել։

Հիմա ես ուզում եմ վերադառնալ 2018 թվականի մայիսի 15-ին իմ արած մի հայտարարությանը, երբ ներկայացնում էի Առողջապահության նորանշանակ նախարարին։ Այս հայտարարությունը նաև տարբեր առիթներով տարբեր տեղերում հնչեցրել եմ՝ ոլորտում առկա առաջնահերթություններից է Հայաստանում բուժսպասարկման և բժշկական օգնության կարիք ունեցող որևէ անձի համար ապահովել պայմաններ, որ նա չմնա հիվանդանոցների դռներին: Ես այս հայտարարությունը, հարգելի գործընկերներ, արել եմ 2018 թվականի մայիսի 15-ին։ Հիմա, իհարկե, մենք, բնականաբար, ես գալիս եմ խոսելու առողջության ապահովագրության մասին, բայց ես ուզում եմ նաև, հարց կհնչի՝ այս հայտարարությունն արել եմ 2018 թվականի մայիսի 15-ին, իսկ ինչո՞ւ է առողջապահության ապահովագրությունը մտել 2026 թվականի հունվարի 1-ին, որովհետև մենք ճանապարհ ենք անցել, որովհետև եթե առողջապահության ապահովագրություն ներդնեինք 2018 թվականի հունիսին կամ 2019 թվականի հունվարի 1-ից՝ առողջապահության համակարգը կփլուզվեր:

Իսկ դրանից առաջ մենք ի՞նչ ենք արել, մենք նախ պետպատվերի համակարգը փուլ-փուլ, կամաց-կամաց ընդլայնել ենք, հաջորդ փուլով օֆերտայի համակարգն ենք ներդրել, այդ ընթացքում ամեն անգամ աղմուկներ սոցիալական ցանցերում, էլեկտրոնային առողջապահության համակարգն ենք զարգացրել: Հիշու՞մ եք աղմուկները, որ վա՜յ, ես էլեկտրոնային դեղատոմսեր, այս ինչ է, մարդկանց և այլն, և այլն, եթե մենք էլեկտրոնային դեղատոմսի համակարգ չունենայինք և այդպիսի բարեփոխումներ չունենայինք, այսօր երկինք էլ թռնեինք, չէինք կարող ունենալ առողջության ապահովագրության համակարգ։

Եվ բոլոր այն բարեփոխումները, որ ցավոտ են եղել, որ մեզ քննադատել են, այդ ամեն ինչը մենք, կներեք, բուլդոզերով ճանապարհ էինք հարթում դեպի այսօրվա արդեն իսկ հաստատված անշրջելի իրողություն։ Իսկ այդ իրողությունը միայն քաղաքական կարգախոս չէ։ Ես արդեն ասացի՝ կյանքի միջին տեղավորությունն այ այդ բուլդոզերի աշխատանքի ընթացքում Հայաստանում հասել է 78.6: Սա դեռ առողջության ապահովագրության համակարգը ներդրված չէ, այլ ընդամենը մենք քայլում ենք դեպի այդ ուղղությամբ, և արդյունքում ի՞նչ ունենք՝ 2017 թվականի համեմատ առողջապահության բյուջեն Հայաստանի Հանրապետությունում 2.6 անգամ աճել է, 157%-ով աճել է:

Հիմա հիմնական պրոբլեմը, որի մասին մենք սովորաբար խոսում ենք, թե դե Կառավարություն է էլի, թվեր է, որ ասում է, թիվ է, ասում են, բայց ի՞նչ կապ ունի դա մարդկանց հետ: Այդ կապը շատ կոնկրետ է, իմիջիայլոց ասեմ՝ ինձ, եթե հետևում եք, նրանք, ովքեր հետևում են մեր մարզային այցերին, դա ամենահաճախ լսվող խոսակցությունն է, երբ մարդիկ մոտենում են, երեկ էլ Արարատի մարզում մարդ է մոտեցել, ասում է՝ վերջին, ինքն իր ձևակերպումով, ասում է՝ վերջին մի ամսվա մեջ Դուք իմ վրա մեկ միլիոն դրամի ծախս եք արել: Ի՞նչ նկատի ունի քաղաքացին։ Ես ուզում եմ ձեզ ասել, օրինակ, այ երեկվա դրությամբ, հունվարի 1-ից մինչև երեկ, Հայաստանի Հանրապետությունում 439 թոշակառու անձ, 65 պլյուս տարիքի, 439 անձ ստացել է 4 միլիոն դրամ և ավելի արժողությամբ առողջապահական ծառայություն: Հասկանու՞մ եք, 439 մարդ, պետությունը, Հայաստանի Հանրապետությունը, այդ մարդու մահճակալի կողքը նստել է և 4 միլիոն դրամի ծառայություն է մատուցել։ 1133 65 պլյուս տարիքի մարդ ստացել է 2 միլիոնից 4 միլիոն դրամ արժեքով ծառայություն։ 4721 մարդ, նրանք, ովքեր այս թվերը կասկածի տակ առնեն, մենք կարող ենք անուն-ազգանունները, չէ, մի րոպե, բժշկական գաղտնիք կա: Բայց մեծ հաշվով, այո, կարող ենք քննիչ հանձնաժողով, օրինակ, ձևավորվի, հույս ունենք՝ մեր ընդդիմությունը, եթե ուզում է: 1133 մարդ՝ 2 միլիոնից 4 միլիոն դրամի ծառայություն, 4721 մարդ 65 պլյուսների մասին եմ ես հիմա միայն խոսում՝ 1 միլիոնից 2 միլիոն դրամի արժողությամբ ծառայություն, 9129 մարդ՝ 500000-ից 1 միլիոն դրամ արժեքի բժշկական ծառայություն, 41 286 մարդ՝ 100000 դրամից 500000 դրամ առողջապահական ծառայություն, 41356 մարդ՝ 50000-ից 100000 դրամ արժեքով առողջապահական ծառայություն, 141566 մարդ՝ մինչև 50000 դրամի առողջապահական ծառայություն: Այստեղ տարբեր, հիմնականում վերջին սեգմենտը դեղերն են և փոքր կոնսուլտացիաներ, հետազոտություններ և այլն, և այդպես շարունակ: Ընդհանուր առմամբ, երեք ամսվա մեջ մենք 34 միլիարդ 110 միլիոն դրամի ծառայություն ենք մատուցել 239 630 65 պլյուս տարիքի անձանց։

Ուզում եմ ձեզ ներկայացնել նաև սոցիալական ամենատարբեր խմբերի ստացած ծառայությունների վիճակագրությունը։ Մասնավորապես, սոցիալական տարբեր խմբերի անապահով, հաշմանդամություն ունեցող անձ և այլն և այսպես շարունակ, 153 անձ ստացել է 4 միլիոն դրամ և ավելի առողջապահական ծառայություն: Հաշմանդամություն ունեցող կամ աղքատության կամ ծայրահեղ աղքատության մեջ գտնվող մարդը Հայաստանի Հանրապետությունում ստացել է 4 միլիոն դրամ պլյուս արժեքով ծառայություն, 153 այդպիսի մարդ, 236 այդպիսի մարդ ստացել է 2 միլիոնից 4 միլիոն դրամի այդպիսի առողջապահական ծառայություն, 1097 մարդ այդ սոցիալական տարբեր խմբերի՝ 1 միլիոնից 2 միլիոն դրամի ծառայություն, 2152 մարդ՝ 500000-ից 1 միլիոն դրամի ծառայություն, 12661 մարդ՝ 100.000-ից 500.000 դրամի առողջապահական ծառայություն, 9.890 մարդ՝ 50.000-ից 100.000 դրամի առողջապահական ծառայություն, 41.401 մարդ՝ մինչև 50.000 դրամի առողջապահական ծառայություն: Ես հիմա հասկացա, որ ինձ չի հաջողվի, եթե ես հիմա միայն առողջության ապահովագրության մասին խոսեմ՝ ելույթը կավարտվի: Հիմա այստեղ առողջության ապահովագրության հատվածն ընդհատում եմ և անցնում կենսաթոշակների բարձրացմանը։

Հարգելի գործընկերներ, հաճույքով եմ արձանագրում, որ մենք կենսաթոշակառուների սոցիալական ապահովության ոլորտում ունենք պատմական նվաճում։ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ կենսաթոշակառուների կողմից ստացվող եկամուտն ավելին է, քան նվազագույն սպառողական զամբյուղը, որը կազմում է 61768 դրամ՝ վերջին տվյալների համաձայն։ Մենք թոշակները բարձրացրել ենք, և մեր թոշակառուները նույնիսկ մարզային այցերի ընթացքում իրենք են հաշվարկներ անում։ Իմիջիայլոց, ուզում եմ ասել, որ նվազագույն սպառողական զամբյուղի հաշվարկի մեջ 6000 դրամ առողջապահական ծախսերն են։ Այսինքն՝ սա էլ, եթե այն արդեն մի կողմ դրեցինք, իհարկե, 63-ից 65 տարեկանների համար այլ հաշվարկ է գործում, բայց այս էլ, ինչի՞ ենք մենք հեղափոխությունից ութ տարի անց այս նվաճումն արձանագրում, որովհետև մենք հետևողականորեն գնացել ենք այս ճանապարհով։ Մենք նախ 2019 թվականին նվազագույն թոշակն ենք կրկնապատկել, հետո հաջորդ քայլով նվազագույն կենսաթոշակը համապատասխանեցրել ենք նվազագույն պարենային զամբյուղին, որպեսզի համոզված լինենք, որ Հայաստանի Հանրապետությունում, պատկերավոր ասած, սոված թոշակառու չկա։ Հիմա մենք ապահովել ենք նաև նվազագույն սպառողական զամբյուղը, և սա հիրավի պատմական ձեռքբերում է թոշակառուների սոցիալական ապահովության ոլորտում։

2023 թվականի հունվարի 1-ից ամբողջությամբ վերափոխեցինք մինչև երկու տարեկան երեխաների խնամքի նպաստը, ներդրեցինք նոր համակարգ։ Մինչև այդ այս նպաստը ստանում էին միայն աշխատող և արձակուրդի մեջ գտնվող մայրիկները։ Մենք երկու բան արեցինք, առաջինը՝ նախ այս նպաստի բազային դրույքաչափը մեծացրեցինք՝ 28.000 դրամից դարձնելով 31.700 դրամ։ Հաջորդիվ ուրիշ որոշում կայացրեցինք։ Մենք այս ծրագիրը բացեցինք բոլոր մայրիկների համար, անկախ նրանից՝ նրանք աշխատում են, թե՝ չէ։ Ավելին, գյուղական վայրերում ապրող և աշխատող մայրիկների համար այդ նպաստը սահմանեցինք կրկնակիից ավելի՝ 69100 դրամ։ Մեկնարկի պահից մենք 74.7 միլիարդ դրամ ենք հատկացրել այս ծրագիրն իրականացնելու համար։ Եվ ուզում եմ նաև ընդգծել, որ թոշակների ավելացման ծրագրին 2026 թվականին շուրջ 200 միլիոն դոլար ենք լրացուցիչ ծախսելու։ Սա ես ինչի՞ համար եմ ասում, ցույց տալու համար, որ մենք, այդ, որ ասում ենք՝ բյուջեի թիվն աճեց, բյուջեի թիվն ավելացավ, հիմնական հարցն այդ որտե՞ղ է, որտե՞ղ է այդ թիվը, բա ո՞վ, ո՞վ, ո՞վ, ո՞վ է, ո՞ւմ է գնում այդ թիվը։ Այդ այդ թիվը գնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։

Մենք նոր ծրագիր ենք ներդրել՝ երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ ֆինանսական աջակցությունը երեխաներին։ Եվ ուզում եմ ասել, որ 2025 թվականին միջին հաշվով 39.772 երեխա այս աջակցությունն իր պետության կողմից ստանում է։ Եվ 2025 թվականի արդյունքներով՝ մեկնարկի պահից մենք 56 միլիարդ 510 միլիոն դրամ ենք տվել մեր երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի մինչև 6 տարեկանը։

Ուզում եմ առանձնահատուկ նշել ուսուցիչների ատեստավորման ծրագիրը, բայց կարճ նշեմ, որովհետև ժամանակը չի ներում։ Տեսեք, այսօր Հայաստանի Հանրապետությունում 700000 դրամ և ավել ստացող ուսուցիչ կա, այդպիսի ուսուցիչների թիվը 13 է, շատ չէ այդպիսի ուսուցիչների թիվը, բայց այս հնարավորությունը որոշ հանգամանքներ հաշվի առնելով, ըստ էության, բաց է յուրաքանչյուրի առաջ։ 70 ուսուցիչ ստանում է 600-ից 700 հազար դրամ աշխատավարձ, 220 ուսուցիչ ստանում է 500-ից 600 հազար դրամ աշխատավարձ, 1362 ուսուցիչ ստանում է 400-ից 500 հազար դրամ աշխատավարձ, և պիտի ընդգծեմ, որ 9600 ուսուցիչ, ամեն երրորդ ուսուցիչը, այլևս Հանրապետությունում ատեստավորված է։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել, որովհետև այստեղ էլ կար շատ մեծ, որոշակի հոռետեսություն, բայց այս ծրագիրն աշխատում է և լավ է աշխատում։ Սրա վկայությունն է այն, որ 2024-25 թվականներին դպրոց մուտք է գործել ավելի քան 4000 նոր ուսուցիչ, որոնց կեսից ավելին աշխատում է գյուղական բնակավայրերում։ Այսինքն՝ սովորաբար հակառակն է եղել, արտահոսք է եղել, որովհետև մարդիկ ոչ աշխատավարձ են տեսել, ոչ հեռանկար, իսկ հեռանկարը կա, այդ թվում՝ այն պատճառով, որ մենք հիմա մեր նախընտրական ծրագրում գրել ենք, որ հաջորդ փուլում ատեստավորված ուսուցիչների համար նոր ատեստավորում է լինելու, որտեղ դրույքաչափն այլևս լինելու է 300000 դրամ։ Հիմա դրույքաչափը 200000 դրամ է, լինելու է 300000 դրամ, գումարած՝ ատեստավորման կոնկրետ արդյունքները։

Մեր մեծագույն ձեռքբերումներից մեկը 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագիրն է։ Ուզում եմ հաճույքով արձանագրել, որ 2025 թվականի տարեվերջի դրությամբ աշխատանքներն ավարտվել են ավելի քան 122 դպրոցում և շուրջ 280 մանկապարտեզում ու նախակրթարանում։ Մինչև 2026 թվականի սեպտեմբեր շինարարական աշխատանքներն ավարտված կլինեն 260 դպրոցում և 429 մանկապարտեզում ու նախակրթարաններում, իսկ մինչև , 2026 թվականի դեկտեմբեր 301 դպրոցում և 500 մանկապարտեզում ու նախակրթարանում։ Ավելին, մենք արդեն իսկ սկսել ենք հաջորդ 300 դպրոցի շինարարությունը, և այսօր արդեն հաջորդ 300 դպրոցի ցանկից շուրջ 50 և ավելի, 54, եթե չեմ սխալվում, դպրոցի շինարարություն է ընթանում։ Սա ռազմավարական ներդրում է Հայաստանի Հանրապետության տարածքային համաչափ զարգացման և ընդհանրապես մեր բոլոր ռազմավարական նպատակների իրագործման տեսակետից։

Ամենաշատ ուշադրությունից դուրս մնացած մի հաջորդ ծրագրի մասին եմ ուզում խոսել, գիտության ֆինանսավորման մասին, որովհետև եթե մեր սիրելի թոշակառուները շտապում են ներկայացնել, թե Կառավարությունն ինչ ծրագրեր է արել իրենց ոլորտում՝ կենսաթոշակառուների ապահովագրության, առողջության և սոցիալական ապահովության ոլորտում, մեր հարգելի գիտնականները չեն շտապում այդ մասին բարձրաձայնել, կարծես հոռետեսությունից ելնելով: Այն օրը մարզային այցի ընթացքում շատ հետաքրքիր էր, մի հարգելի քաղաքացի՝ Հրազդան խոշորացված համայնքում, ասում էր, թե գիտության ֆինանսավորումն ինչի՞ չեք ավելացրել, ինչի՞ չեք ավելացնում։

Ես լավ նորություն ունեմ, այս թեմայով հետաքրքրված մեր բոլոր, ինքն էլ ասաց, որ ինքը գիտական միջավայրի հետ կապ ունի, այս հարցը նշանակում է, որ այս թեմաները չի խոսվում այնտեղ, չի խոսվում, այդպես համաձայնության մթնոլորտ կա, որ եկեք այդ պահը շրջանցենք, իսկ գիտության ֆինանսավորումը 2017 թվականի համեմատ 2.8 անգամ աճել է 2025 թվականի արդյունքներով, 2017-ին եղել է 14.3 միլիարդ, իսկ 2025-ին 40.2 միլիարդ՝ աճելով շուրջ 180 տոկոսով, բայց նաև աշխատավարձերը։ Չնայած ժամանակի խնդիր կա, բայց ես այդ մասի վրա հատուկ կանգ կառնեմ։

Լաբորանտի, գիտական ոլորտի մասին է խոսքը, գործող ճարտարագետի աշխատավարձը 2025 թվականին նախորդի համեմատ, մենք 2021-ից 2025 թվականի ծրագիր էինք անում, ավելի քան կրկնապատկվել է: Ես էլի ժամանակի սղությամբ պատճառով թվերը չասեմ։ Ավագ լաբորանտի, սա խոսում ենք գիտական հաստատություններում և բուհերում աշխատող, լաբորատորիաներում աշխատող, կոնկրետ սա էլ անուն-ազգանուններով կարող ենք գնալ։ Խոսքը նրանց մասին է, ովքեր, իհարկե, էլի ատեստավորումն անցել են, որովհետև մեզ համար շատ կարևոր է համոզվել որակավորման մեջ։ Ավագ լաբորանտի կամ ավագ ճարտարագետի աշխատավարձը 2021 թվականի համեմատ 2025-ին ավելի քան կրկնապատկվել է, կրտսեր գիտաշխատողի աշխատավարձը 2025-ին 2021-ի համեմատ ավելի քան կրկնապատկվել է, ավագ գիտաշխատողի աշխատավարձը 2025–ին 2021 թվականի համեմատ ավելի քան եռապատկվել է, առաջատար գիտաշխատողի աշխատավարձը 2025 թվականին 2021 թվականի համեմատ գրեթե քառապատկվել է, գլխավոր գիտաշխատողի աշխատավարձը 2025 թվականին 2021 թվականի համեմատ գրեթե քառապատկվել է, գիտական խմբի ղեկավարի աշխատավարձը 2025 թվականին 2021 թվականի համեմատ ավելի քան եռապատկվել է, գիտական ստորաբաժանման ղեկավարի աշխատավարձը 2025 թվականին 2021-ի համեմատ ավելի քան եռապատկվել է:

Գիտական սարքավորումների ձեռքբերման նպատակով, 2013-ից 2017 թվականը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն հատկացրել է 961 միլիոն դրամ, 961, 2013-ից 17 թվականի ընթացքում, իսկ 2018-ից 2025 թվականի ընթացքում հատկացրել է մոտ 15 միլիարդ դրամ: 961 և 15 միլիարդ դրամ: Ընդ որում, ձեռք է բերվել, ֆինանսավորվել է գիտական սարքերի ձեռքբերման շուրջ 124 հայտ: Կոնկրետ նրանց մի մասն արդեն իսկ գտնվում են գիտական հաստատություններում, մյուսները՝ ճանապարհին են:

Ամենակարևորը, Երևանի պետական համալսարանում հիմնադրվել է Արհեստական բանականության կենտրոնը, որի գերհամակարգչի ձեռքբերման և տեղադրման նպատակով պետական բյուջեից հատկացվել է ընդհանուր 3.7 միլիարդ դրամ։ Սա էլ է այն գումարներից, որ սկզբունքորեն Կառավարության պարտականությունը չէր դա անել։ Եթե Կառավարության պարտականությունն էր, բա նախորդ շրջանում ինչի՞ չեն արել իրենց պարտականությունները, որ 900 քանի միլիոն դրամ են հատկացրել, որը, ըստ էության, ենթադրենք, մեծ հաշվով կոլբա առնելու փող է։ Մենք մեր դպրոցների համար դրա կրկնակին երևի արդեն առել ենք: Մեր երեխեքն այդ ծրագրի մեկնարկի պահից մինչև այսօր երևի 900 միլիոն դրամի կոլբա արդեն ջարդել են, կամ կջարդեն: Մենք դեմ չենք, մենք ասում ենք՝ մի մտցրեք այդ կոլբաները սեյֆերի մեջ, թող երեխաներն օգտագործեն, որովհետև դա ներդրում է մեր ապագայի մեջ։

Էլի չի խոսվում, Հայաստանի Հանրապետության քոլեջներում, գերակա ուղղություններում, կրթաթոշակի հասկացություն է հայտնվել: Ուսանողները, որոնք ունեն բավարար առաջադիմություն, կրթաթոշակ են ստանում՝ 50000 դրամ, գերազանցիկները մի փոքր ավելի: Այսօր Հայաստանի քոլեջներում 3040 ուսանող ստանում է այս 50000 դրամը: Նույնը վերաբերում է գերակա ուղղություններով բուհերի ուսանողներին, որոնք ստանում են 70 հազար, և գերազանցիկներն ավելի կրթաթոշակ, և ավելի քան 500 ուսանող այսօր թոշակ է ստանում: Ավելին ասեմ, այդքան, որ խոսում ենք բանակի մասին, այսօր Ռազմական ակադեմիայի գերազանցիկ ուսանողները 140000 դրամ կրթաթոշակ են ստանում։

Ինչպես ասում են՝ չելենջ է խորհրդարանի նախագահի կողմից, որ ես ասում էի՝ նվաճումները կարող եմ երկար շարունակել։ Հիմա ինձ հնարավորություն տվեք տեսնենք՝ ինչքան կկարողանամ: Ես հետագա հատվածում հիմնականում խոսելու եմ ձեռքբերումների մասին։

2018 թվականից 2025 թվականն իրականացրել ենք 4735 կիլոմետր ճանապարհների կառուցման, հիմնանորոգման և նորոգման աշխատանքներ, որոնցից 1346-ը սուբվենցիոն ծրագրերով։ Հիմա ես հաճույքով եմ արձանագրում, որ մարդիկ նկարում են և փոստեր են գցում սոցիալական ցանցեր։ Հեռախոսով նկարում են փոսեր և գցում են ինտերնետ, ես շատ ուրախ եմ դրա համար, որովհետև նախկինում փոս նկարելու համար հնարավոր չէր iPhone-ով նկարել, պետք էր արբանյակային նկարը դնել՝ Հայաստանի Հանրապետության ճանապարհի փոսերը նկարագրելու համար:

Հարգելի ներկաներ, հիմա ո՞վ է հիշում, թե 2018 թվականի դրությամբ, ասենք օրինակ Բագրատաշեն-Երևան ճանապարհի վիճակն ի՞նչ է եղել, օրինակ՝ Երևան-Գորիս ճանապարհի վիճակն ի՞նչ է եղել, Երևան-Մեղրի ճանապարհի վիճակն ի՞նչ է եղել, Երևան-Գյումրի ճանապարհի վիճակն ի՞նչ է եղել, Երևան-Վանաձոր ճանապարհի վիճակն ո՞վ է հիշում: Ես հիշում եմ, և, իհարկե, մենք հիշում ենք և համոզված եմ՝ շատերն են հիշում, այլ բան, որ շատերը չեն ուզում հիշել: Հյուսիս-հարավի Աշտարակ-Գյումրի հատվածն այլևս իրողություն է: Մենք այնպիսի ռազմավարական նշանակության ճանապարհներ ենք կառուցել կամ հիմնանորոգել, որոնց մասին 93 թվականից խոսվում է: Գանձաքար-Իծաքար ճանապարհն ասֆալտ անելու մասին, ես առաջին թե երկրորդ կուրս էի, որ խորհրդարանի ամբիոններից Հայաստանի վարչապետերն ասում էին, որ Գանձաքար-Իծաքար ճանապարհը․․․Բերդում նախաձեռնություն կար, քաղաքացիական նախաձեռնություն, որ 15 տարի պայքարում էր, որ խոշորացված Բերդ համայնքը պետք է ունենա անվտանգ ճանապարհ: Հիմա ուրիշ բան է, Բերդ համայնքն ընդհանրապես վտանգավոր ճանապարհ չունի և ունի Գանձաքար-Իծաքար ճանապարհը, որը դեկտեմբերից պատրաստ է, ժամանակ չենք գտնում գնանք՝ բացումն անելու: Թթուջուր-Նավուր ճանապարհը, ռազմավարական նշանակության Տաթև-Լծեն ճանապարհը, Տաթև-Շինուհայր ճանապարհը, Խոտ-Որոտան ճանապարհը, որոնք ունեն ռազմավարական նշանակություն: Հիմա էլի կասեն՝ վայ, հողերը տվին, այդ ճանապարհները և այլն, և այլն, մենք մեր հողերը ոչ մեկին չենք տվել, մենք ճանաչել ենք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, որովհետև ամենամեծ աբսուրդն է, երբ որևէ երկիր ինքն իր տարածքային ամբողջականությունը չի ճանաչում։

Դա նշանակում է երկիրը կործանման տանելու ճանապարհ։ Խոստովանենք, մենք էլ ենք մասնակցել այդ ճանապարհին, բայց մենք այնքան խելք և ուժ ենք ունեցել, որ այդ ճանապարհը տեսնենք, առերեսվենք և փոխենք պատմության ընթացքը։ Սուբվենցիոն ծրագրերն, ընդհանրապես, առանձին պատմություն են, և ես ուզում եմ ընդգծել, որ բացի սուբվենցիոն ծրագրերից, որտեղ Կառավարությունը մոտավորապես 141 միլիարդ դրամի ներդրում է արել, սա միայն Կառավարության մասնաբաժինն է, բայց ես ուրիշ բան եմ ուզում ասեմ, ուղիղ, առանց սուբվենցիաների, որովհետև սուբվենցիաները համայնք և Հառավարություն մասնաբաժին ունեն, Հայաստանի Հանրապետությունը, Կառավարությունը 2018 թվականից սկսած 2.8 միլիարդ դոլարի ներդրում է արել Հայաստանի Հանրապետության մարզերում, ամենատարբեր ծրագրերով՝ ճանապարհներ են կառուցվել, դրա մեջ մտնում են և՛ դպրոցները, սուբվենցիաները դեռ չեն մտնում: Հայաստանի մարզերն իրենց գոյության ողջ ընթացքում այսպիսի ներդրում երբեք ու երբեք չեն ունեցել: Սա նույնպես շատ կարևոր արձանագրում է:

Ուզում եմ ընդգծել, որ նաև, այո, մարզերում 148 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագիր ենք ֆինանսավորել: Նորից ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ սա կապ չունի 940 միլիարդի ուղիղ ներդրումների հետ, որ մենք տարբեր մարզերում, օրինակ՝ Խնձորուտի ճանապարհը, որ ուղիղ իրականացրել ենք և այլն, մանկապարտեզներ և այլն, բայց նաև սուբվենցիաներով 148 միլիարդ դրամ Կառավարությունն է հատկացրել 2018-ից ի վեր, 132 միլիարդ դրամ ֆինանսավորվել է համայնքների սեփական միջոցներից, բայց մենք ինչքան ենք համայնքներին աջակցել, որպեսզի նրանց սեփական միջոցները մեծանան։

Դոտացիաներով ի՞նչ է տեղի ունեցել. 2025 թվականին 2017 թվականի համեմատ 124%-ով կամ 59.9 միլիարդ դրամով համայնքներին հատկացվող դոտացիաները մեծացրել ենք, և սա նույնպես շատ կարևոր ձեռքբերում է։ Առանձնահատուկ ուզում եմ նշել նաև, որ նույն տրամաբանությամբ էական աջակցություն ենք ցույց տվել նաև Երևանին, այսինքն՝ մարզերում իրականացնել ենք ծրագիր, բայց նաև աջակցություն ենք ցուցաբերել Երևանին՝ մայրաքաղաքին: Եվ ուզում եմ ընդգծել, որ 2018-2025 թվականներին Երևանին հատկացրել ենք 143 միլիարդ դրամ։ Սա էլ է շատ կարևոր հանգամանք, որ ոչ միայն մարզերի ուղղությամբ ենք մեծ ֆինանսներ ուղղել, այլև Երևան մայրաքաղաքին ենք մեծապես աջակցել։

Հարգելի գործընկերներ,

Մեր իրականության մեջ հասկանալիորեն շատ հաճախ խոսվում է, մասնավորապես, հեղափոխության հաջորդ կարգախոսներից մեկի մասին՝ խոսքն ապօրինի գույքի վերադարձի գործընթացի մասին է: Իհարկե զեկույցի մեջ դուք կտեսնեք, որ այս ուղղությամբ մենք նաև որոշակի առաջընթաց ունենք և նաև ձեռքբերումներ, որովհետև, մասնավորապես, դատախազության կողմից համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ իրավունքի շրջանակում Հայաստանի Հանրապետության համայնքներին վերադարձվել է շուրջ 66.9 միլիարդ դրամի 124 գույքային միավոր։

Ես կարող եմ այս պատմությունը ներկայացնել իմ հայրենի քաղաք Իջևանի օրինակով, երբ 2018 թվականի դրությամբ, ըստ էության, մեր մանկության զբոսայգին սեփականաշնորհված էր մի քանի կամ հիմնականում նույն մարդու կողմից: Եվ իմիջիայլոց, մենք այս փաստի բերումով շատ դեպքերում չենք կարողացել ներդրումներ անել, զբոսայգի վերականգնել, որովհետև մարդը տեսել է, որ լավ հեղափոխությունը եղավ, բայց զբոսայգին ինչի՞ չի վերականգնում, որովհետև զբոսայգին ուրիշի սեփականությունն է, և ուրիշի սեփականության մեջ մենք չենք կարող ներդրում անել, նախ պետք է այդ ուրիշի ապօրինի սեփականացրածը վերադարձնենք: Եվ մենք վերադարձրել ենք, և ուզում եմ ուրախությամբ արձանագրել, որ օրինակ՝ այս ծրագրերն ուղղակի իմ ծննդավայրի օրինակով եմ բերում, որովհետև ամենալավը գիտեմ այդ տեղի հատվածը։ Մենք նախ զբոսայգին վերադարձնում ենք, դեռ ամբողջական չի վերադարձվել, և մենք հիմա արդեն այս տարի Իջևանում երեխաների համար ժամանակակից բացօթյա լողավազան ենք կառուցում, որտեղ երեխաները կարող են ամառը լողալ, և հարևանությամբ՝ ամֆիթատրոն, զբոսայգին է վերականգնվում և այլն, և այդպես շարունակ: Բայց նաև ուզում եմ ասել, որ դեկտեմբերի 31-ի դրությամբ դատարաններում ապօրինի գույքի վերադարձի 155 հայց է քննարկվում՝ ընդհանուր առմամբ 595 միլիարդ հայցագնով:

Իհարկե այստեղ նաև պետք է ուղիղ խոստովանեմ, որ մենք ավելի մեծ տեմպեր էինք ակնկալում, քան ունենք, և այստեղ հարցը, իսկ ինչո՞ւ այս ուղղություններով, ընդ որում, ոչ միայն քաղաքացիական գործերով, այլև, ենթադրում եմ, որ հանցագործությունների բացահայտման առումով, բավարար տեմպով առաջ չենք գնում։ Այստեղ այն դեպքն է, որ ես այո, նորից ուղիղ և առանց սեթևեթանքի ասում եմ՝ սրա պատճառներից մեկն այն է, որ մենք շատ ուղիղ և շատ ճակատային կերպով պայքարում ենք մաֆիայի դեմ, երկար տարիներ Հայաստանում ձևավորված, համակարգված մաֆիայի դեմ։

Այստեղ մի շատ կարևոր հանգամանքի վրա եմ ուզում ընդգծել, որ ապօրինի գույքով այ այսքան ենք վերադարձրել և ոչ այսքան, մեր ընդդիմադիրները շատ հաճախ մեր երեսով են տալիս, բայց նրանցից ոչ մեկն իր ծրագրում չի ասում, որ ես ապօրինի գույքը կգամ, ավելի լավ կվերադարձնեմ։ Ընդհակառակը, միակ ուժը Հայաստանի Հանրապետությունում, որ շարունակում է սկզբունքային մնալ այս կետի վրա, մենք ենք, ուրիշներն ասում են՝ այդ էլ խոսացիք, անցավ, գնաց, բայց այդ իրենք են, ում մասին մենք խոսեցինք, նրանք իրենց դեմ արվող գործողության ոչ էֆեկտիվությունը փորձում են օգտագործել մեր դեմ, ասելու՝ վայ այ տեսաք, ասեցին, ասեցին, չեն անում, բայց նրանցից ոչ մեկը չի ասում՝ ես կգամ կանեմ, նրանք մեզ մեղադրում են բավարար տեմպով չանելու մեջ, և մենք ենք միակ քաղաքական ուժը, որ ա) որ մինչև հիմա որևէ շեղում չի եղել այս քաղաքական ուղեգծից, երկրորդն էլ՝ մենք միակ ուժն ենք, որ հետևողականորեն այս թեզը շարունակում ենք պահել մեր քաղաքական օրակարգում, ոչ միայն շարունակում ենք պահել, այլև տարբերակ չկա, ինչպես ասել եմ, շարունակում եմ ասել:

Եվ ուզում եմ նաև ընդգծել, այսօր մենք ունենք շատ ավելի մեծ հաջողություններ, քան տեղավորվում է այս ենթավերնագրի ներքո, նույն ՀԷՑ-ի պատմություն: ՀԷՑ-ն ամենամեծ ապօրինի ձևով, ծիծաղելի ձևով, ընդ որում՝ սա այն դեպքն է, որ քաղաքացիական շարժումներն օգտագործելով՝ ծխածածկույթի ներքո սղացրել են, մենք հիմա վերադարձրել ենք դեֆակտո, դեյուրե էլ կվերադարձնենք։ Դա Հայաստանի ամենախոշոր ստրատեգիական ենթակառուցվածքն է, էլ չեմ ասում, զուգահեռ մենք ինչ ենք բացահայտել, բացահայտել ենք, որ այդ մարդիկ, որոնք ՀԷՑ-ը տիրապետել են, փաստորեն տասնյակ տարիներով մեզնից հոսանք գողանալիս են եղել: Այդ մարդիկ այսօր խոսում են բանակի մասին, զորամասից այդ մարդիկ հոսանք գողանալիս են եղել, ո՞նց՝ օգտագործված հոսանքի չափից ավելի հաշիվներ են գրել։ Այդ որ ասում են միլիարդներ ունենք, մեզնից հոսանք գողանալով եք դուք միլիարդ, մեզնից և չգիտեմ էլ ումից։ Եվ չնայած 2024 թվականին նրանք այդ բազաներն ամբողջությամբ ջնջել են, բայց նաև ես հույս ունեմ, որ մեր իրավապահները քրեական գործով, քննությամբ դա կկարողանան ապացուցել։ Որոշակի օպերատիվ տեղեկություններով, միայն երեք մասնաճյուղերում վերլուծություն են իրականացվել, ութ մասնաճյուղերից այդ երեք տեղամասում հիմնավորվում է մոտավորապես միլիարդների, եթե հիշողությունս չի դավաճանում, վեց միլիարդ դրամի հոսանքի հավելագրում, և ո՞ւմ վրա՝ զորամաս, մանկապարտեզ, պետական հիմնարկ, հիվանդանոց: Ու այդ մարդիկ եկել են ինչ-որ բաների մասին են խոսում, զորամաս, զորամաս։

Նաև ուզում եմ արձանագրել հետևյալը, եթե տեսել եք, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այդ լուրի համար, որովհետև մեր հայցով Միացյալ Նահանգներում նախկինում նախարարի պաշտոն զբաղեցրած անձի տունը հանվել է աճուրդի, և հիմա սկսվել է պրոցես, և շնորհակալ ենք Միացյալ Նահանգների Կառավարությանը, որ այդ տան վաճառքի գնի որոշակի տոկոսը, մեծ մասն իրենց ծախսերը հանած և այնտեղ ինչ-որ հաշտության էլեմենտ է եղել դատավարության պրոցեսի մեջ, այդ մնացած ծախսերը հանած վերադարձվելու է Հայաստանի պետական բյուջեին։ Ես հիմա չեմ կարող կոնկրետ թիվն ասել, բայց խոսքը տասնյակ, 10, 20 երևի միլիոն դոլարի մասին է: Սա ինչի՞ մասին է, որ այո, այս փաստը մեր դեմ ապօրինի գույքի բռնագանձման համակարգի դանդաղ աշխատանքը և պրոբլեմները, որովհետև, իմիջիայլոց, մաֆիան գիտե՞ք ինչով է մաֆիա, որ դու երբեք չգիտես ինքը որտեղ է, չգիտես ինքը կարող է լինի Կառավարությունում, հազար ներողություն, կարող է լինի, հազար ներողություն, Ազգային ժողովում, կարող է լինի, հազար ներողություն, դատարանում, կարող է լինի, հազար ներողություն, դատախազությունում, չգիտեմ, քննչական, ինքը դրանով է մաֆիա։ Որ պարզ լիներ ով է, որտեղ է, երբ է, հինգ րոպեում հարցը կլուծեինք: Եվ մենք այս մաֆիայի դեմ պայքարը հետևողական շարունակելու ենք ու շարունակում ենք։

Այսօր նաև գնալով շատանում են այն մարդիկ, ովքեր լացուկոծ են բարձրացնում բանակի համար։ Ես ուզում եմ ասել, որ այսօր Հայաստանի Հանրապետության բանակում 700 հազար դրամ և ավել աշխատավարձ, վարձատրություն ստացող զինծառայողներ կան: Իմ կարծիքով՝ Հայաստանի Հանրապետությունում այդպես էլ պատշաճ գնահատանքի չարժանացավ «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, սիրելի բարեկամներ, որովհետև «Պաշտպան հայրենյացը» ի՞նչ ծրագիր է՝ զինվորը, զորակոչիկը, պայմանագիր է կնքում երկու տարվա փոխարեն հինգ տարի ծառայելու վերաբերյալ և ինքը հնարավորություն ունի պայմանագրային, նախ այդ ծառայության վերջում ինքը 5 միլիոն դրամ է ստանալու և ատեստավորման արդյունքում կարող է ընդհուպ ստանալ 500,000, 600,000, ընդհուպ 700,000 դրամ աշխատավարձ։ Եվ այսօր, ես ներողություն եմ խնդրում, բայց ես սա կարևոր եմ համարում ընդգծել, այդ զինվոր տղաները՝ 18-19 տարեկան, ամեն ամիս իրենց տուն տանում են այնքան փող, որ հարց է, թե այդ տներ վերջին անգամ միանվագ այդքան փող ինչքա՞ն է մտել, և այդ տղաները ծառայությունից դուրս ապրում են իրենց տանը: Սա և սոցիալական խնդիր է, սա տարածքային համաչափ զարգացման խնդիր է, որովհետև իրենք դրանով կապվում են իրենց ընտանիքների հետ, սա և անվտանգային խնդիր է: 2021 թվականին մեզ ասում էին այդ ո՞նց եք պրոֆեսիոնալ, գրել եք պրոֆեսիոնալ բանակ, ո՞նց եք համ ժամկետայինը պահելու, համ բանակը պրոֆեսիոնալ դարձնելու: Այսպես: Երբ մենք խոսում ենք լրացուցիչ վեց ու վեց միլիարդ դոլարի մասին, ո՞ւր է այդ փողերը։ Գնացեք ամրացված շրջաններ և տեսեք, թե ուր է այդ փողերը։ Գնացեք ամրացված շրջաններ և տեսեք, թե ինչպես է անվտանգությունը և զինվորի բարեկեցիկ և հարմարավետ ծառայությունը: Ամրացված շրջանները՝ ընդդիմությանը խնդրում, աղաչում ենք, ասում ենք լսեք՝ եկեք, հրավիրում ենք ձեզ, եկեք գնանք նայենք, եկեք գնանք նայենք և դուք ցույց տվեք ձեր ժամանակ դրա թեկուզ 73 կմ մոտիկ որևէ բան, ցույց տվեք մի հատ ուղղակի։ Այդ որ իրենք իբր մեզ հակադարձում էին, որ ասում էին՝ մեր ամրացված շրջանները․․․դուք կոնսերվայի կոկոշներով եք բան արել, ձեր այլընտրանքը եղել է կոնսերվայի կոկոշները, այստեղ վրդովվում էին, արդյունքում՝ կոնսերվայի կոկոշի հեղինակին նույնիսկ իրենց ընտրական ցուցակում չներառեցին՝ հասկանալով, որ դա շատ պարզ և ուղիղ ճշմարտություն է:

Ուրիշ բան եմ ուզում ասել՝ Ռազմական ակադեմիա ընդունվածների թիվը նախորդ տարի 2018 թվականի համեմատ աճել է 2.7 անգամ: Ոչ մեկը չի ֆիքսում, որ 2018 թվականին Ռազմական ակադեմիան փակման եզրին էր կուրսանտների բացակայության պատճառով, չեն խոսում դրա մասին, չեն խոսում: 2.7 անգամ աճել է, և ուսանողները 175 հազար դրամ կրթաթոշակ են ստանում, ավելին՝ երբ իրենք ավարտեն, արդեն համարվելու են ատեստավորված և մինչև 750.000 դրամ՝ որպես սպա, աշխատավարձ ստանալու հնարավորություն ունեն։ 2026 թվականից սկսած՝ ընդունվածները, ծառայության անցած շրջանավարտները բնակարան են ստանալու։ Դուք գիտեք, որ տասնամյակների խնդիր կա՝ զինծառայողների բնակարանային հերթացուցակներ, որտեղ հազարավոր մարդիկ են ընդգրկված, ուրեմն 2820 մարդ կա հերթացուցակներում, որ պետությունը ֆիքսել է երկարամյա զինծառայություն, զոհվածների ընտանիք, որոնց պետք է բնակարան հատկացնի, մենք արդեն համակարգը ստեղծել ենք և առաջիկայում Կառավարությունը կընդունի որոշում և չորս տարվա ընթացքում մենք այս պարտքի հարցը կփակենք։

Կարևոր արձանագրում է, որ խաղաղության արդյունքների առումով մենք նաև կարողացանք ժամկետային զինծառայության ժամկետը կրճատել, ինչը մեր նախընտրական խոստումներից էր: Եվ սա կարևոր է, որ երկու տարվա փոխարեն զինծառայությունը մեկ ու կես տարի է, և սա նույնպես խաղաղության կոնկրետ արդյունքներից մեկն է, որը ես կարևոր եմ համարում ընդգծել։

Դե իսկ սպառազինությունների ձեռք բերման մասին, որն, այո, այդ թվում՝ մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքների բերումով, նաև արտաքին աղբյուրներից ներգրավված միջոցներով է ձեռք բերվել։ Հիշում եք, որ անընդհատ Հայաստանի արտաքին պարտք, պետական պարտք, այդ շահարկումներին արձագանքեցի, ես հիմա սպառազինությունների մասին չեմ խոսում, որովհետև ինչպես ասում են՝ լավ է մի անգամ տեսնել, քան 100 անգամ լսել, և մենք, նորից ուզում եմ ընդգծել, բացարձակապես մենք ընդհանրապես այդպիսի մտադրություն ոչ ունեինք, ոչ էլ այդպիսի ցանկություն ունեինք, մանավանդ, որ շատ գաղտնի ինֆորմացիաներ, այսինքն ինչ-որ բաներ կա, մեկ է, բոլոր երկրները իհարկե անում են, և այսպես թե այնպես միջազգային մամուլում շրջանառվել է, մենք ինչ ենք ձեռք բերել, բայց ամեն դեպքում, մենք ուզում ենք մեր ժողովրդի առաջ հաշվետու լինել, թե ինչ սպառազինություն ենք ձեռք բերել վերջին տարիներին։ Մայիսի 28-ին՝ Հանրապետության օրվա առիթով, Հանրապետության հրապարակում կցուցադրենք, իմիջիայլոց, միայն այն սպառազինությունը, որը ձեռք ենք բերել 2022 թվականից հետո և ուզում ենք պարզապես հաշվետու լինել մեր ժողովրդին, որպեսզի հույս ունենանք՝ հարցերը կփակվեն, նաև արտադրել։ Շատ կարևոր հիշեցում, որովհետև նախորդ երեք տարվա ընթացքում մենք Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրի համար 170 միլիարդ դրամի պատվեր ենք տեղադրել ռազմարդյունաբերական համալիրում: Սա էլ մի կարևոր առանձնահատկություն, բայց իհարկե հանդեսը, ցուցադրությունը սպառազինության, այն ինչ-որ մենք ուզում ենք քողարկել, կքողարկենք, և այն՝ ինչ-որ ուզում ենք, որ մարդիկ չտեսնեն, կնայեն, կնայեն և չեն տեսնի: Եվ սա կարևոր առանձնահատկություն է:

Մենք այս ընթացքում Լոնդոնում, Փարիզում, Բրյուսելում ձեռք ենք բերել դեսպանատներ: Նրանք, ովքեր եղել են Լոնդոնում մեր դեսպանատանը՝ երանի չտեսնեին այն: Այսօր Հայաստանի Հանրապետությունը Լոնդոնի ամենակենտրոնում ունի մի քանի հարկանի դեսպանատուն, որի վրա ծածանվում է Հայաստանի Հանրապետության դրոշը։ Փարիզում՝ ամենակենտրոնում, ձեռք ենք բերել Ֆրանսիայի նախկին նախագահներից մեկի առանձնատունը: Բրյուսելում ձեռք ենք բերել դեսպանատուն: Սրանք տասնյակ միլիոն դոլարի ծախս են։ Դա, իմիջիայլոց, Հայաստանի Հանրապետության սեփականությունն է, և Հայաստանի Հանրապետությունը երբ ուզենա, ասենք, օրինակ, եթե ուզենա, ցանկացած պահի կարող է վաճառել, և մենք համոզված ենք, որ 50 միլիոն դոլար տվել ենք, այսօր արդեն, եթե վաճառենք, շատ ավելի էականորեն բարձր գին դրա դիմաց կստանանք:

Բայց լավ, ֆինանսական ձեռքբերումները մի կողմ թողած, ես ուզում եմ մեկ–երկու ձեռքբերման մասին խոսել՝ ոչ ֆինանսական։ 2026 թվականի ապրիլի դրությամբ Հայաստանի Հանրապետության սահմանի անցման բոլոր կետերը գտնվում են Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի վերահսկողության ներքո, 100%-ով և անվերապահորեն։ Սա չգիտեմ, եթե թվով, գնով, փողով նշագրելու լինենք, գնանշելու լինենք, ի՞նչ կարժենա, բայց իմ կարծիքով՝ սա անգին է: Հնարավոր չէ այս ձեռքբերումը գնանշել։

Ուզում եմ ուրիշ բան ընդգծել՝ 2025 թվականն անկախությունից ի վեր առաջին տարին է, երբ համենայն դեպս, այս վիճակագրության վարման ողջ ընթացքի համար առաջին տարին է, երբ Հայաստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության քաղաքացիների արտագաղթը փոխարինվել է ներգաղթով։ 2025 թվականն առաջին տարին է, երբ Հայաստան վերադարձած քաղաքացիների թիվն ավելի քան 8000-ով ավելին է Հայաստանի Հանրապետութունը լքած քաղաքացիների թվից։ Եվ այստեղ է, որ պետք է հնչեցնենք այնքան հնչած հարցը՝ բա սրա համա՞ր էինք հեղափոխություն արել։ Այո՛, Ազգային ժողովի հարգելի՛ նախագահ, հարգելի՛ փոխնախագահներ, Ազգային ժողովի հարգելի՛ պատգամավորներ, Կառավարության հարգելի՛ անդամներ, սիրելի՛ ժողովուրդ, այո՛, սրա համար էինք հեղափոխություն արել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ոչ թե հեռանան, այլ վերադառնան Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հայաստանից հեռանան հանգստի նպատակով։

Ամենաթանկ տարածքն աշխարհում համարվում է Եվրամիությունը, այնտեղ գնալու ծախսերը մեծ են, 2017 թվականի համեմատ, 2017-ից մինչև 2025 թվականը, Հայաստանից Եվրոպական միություն ուղևորվող քաղաքացիների թիվը մոտավորապես 400%-ով աճել է: Խոսքը տասնյակ հազարավոր մարդկանց մասին է, և սա այն պայմաններում, երբ քաղաքացիները բողոքում են, շատերը, թե վիզա չեն կարողանում ստանալ։ Բա որ վիզա ստանային, այդպես շատ սովորական ռեժիմում ի՞նչ տեղի կունենար։ Բա այսօր օտարերկրյա պատվիրակություններից գալիս են Հայաստան, ինձ հետ հանդիպմանն ասում են՝ լսեք, մենք նայեցինք այդ ճի՞շտ է այնուամենայնիվ, ասում են՝ Հայաստանից, եվրոպական քաղաքների անուն են տալիս, 35 եվրոյով, 50 եվրոյով, 70 եվրոյով ավիատոմս կա՞, ասում են՝ այդ Ճի՞շտ է։ Այո՛, դա ճիշտ է, 15 եվրոյով: Ես էլ եմ ուզում հարցնել՝ լսեք դա ճի՞շտ է, հա՞: Սա ո՞նց է, հենց այդպես է, այդ թվում՝ ավիացիոն ոլորտում մեր բազմաթիվ փորձերի, ձախողումների: Հիմա ո՞վ է հիշում, ընդհանրապես, Հայաստանում ավիատոմսերն ինչ գնային սեգմենտում էին գտնվում: Ո՞վ է հիշում մամուլում շրջանառվող այն թիվը, որ ղեկավարի ընտանիքի այսինչ անդամը Հայաստան-Վիեննա ռեյսից 10-ը նստատեղ իրանն է, չորս նստատեղ իր զոքանչինն է, ութ նստատեղ դասարանի ավագինն է, չորս նստատեղ չգիտեմ, ո՞վ է հիշում այդպիսի խոսակցություն, ո՞ւմ կարող ես ընդհանրապես հիշեցնել: Ոչ, այսօր Հայաստանից հնարավոր է 15-20-30-40-50 եվրոյով տոմս գնել և մեկնել եվրոպական մայրաքաղաքներ, բայց որ կարևոր է՝ հետ վերադառնալ։

Սրա համա՞ր էինք հեղափոխություն արել, այո՛, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, այդ թվում՝ սրա համար էինք հեղափոխություն արել, որ ունենանք երկիր, որը ծառայում է սեփական քաղաքացիների բարեկեցությանը, ազատությանը, անվտանգությանը և երջանկությանը։

Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը: Շնորհակալ եմ այսքան ժամանակ տրամադրելու համար:

← Վերադառնալ