ՀՀ վարչապետի ելույթները և ուղերձները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ ԱԺ հանձնաժողովների նիստերում 2025 թ. բյուջեի տարեկան հաշվետվության քննարկմանը

08.06.2026

ևս 11 լուսանկար



Ազգային ժողովի մեծարգո նախագահ,
Հարգելի փոխնախագահներ,
Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ,
Հանձնաժողովի տիկին նախագահ,
Կառավարության հարգելի անդամներ,

Նախ` ես նույնպես ուզում եմ շնորհավորել Հայաստանի Հանրապետության ժողովրդին 2026 թվական հունիսի 7-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներում հաղթելու համար։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդն իր քվեարկությամբ տեր կանգնեց պետությանը, տեր կանգնեց անկախությանը, տեր կանգնեց ապագային, տեր կանգնեց խաղաղությանը, տեր կանգնեց Հայաստանի Հանրապետությանը։ Եվ պիտի արձանագրեմ, որ պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է։ Սա կարևոր, բայց ոչ վերջնական արդյունք է, որովհետև կարծում եմ, որ ժողովուրդը նաև իր կամքը հստակ արտահայտեց առ այն, որ պատերազմի եռագլուխ կուսակցությունը և նրան ուղեկցող քրեաօլիգարխիկ համակարգը պետք է արմատախիլ արվի Հայաստանի Հանրապետությունից, և իհարկե, սա լինելու է քաղաքական մեծամասնության և Կառավարության կարևորագույն օրակարգերից մեկը, որը մենք պետք է իրականացնենք առանց հետաձգումների և շատ վճռական ու հատուկ քայլերով։

Ուզում եմ նաև շնորհավորել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ արձանագրած արդյունքի և հաղթանակի առիթով։ «Քաղաքացիական պայմանագիր»-ը կունենա խորհրդարանական մեծամասնություն, ինչպես նաև կձևավորի Կառավարություն։ Եվ առաջիկա ամիսներին մենք այդ թեման քննարկելու հնարավորություն կունենանք։

Իսկ այսօր այստեղ եմ, հարգելի գործընկերներ, 2025 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման առիթով։ Եվ պիտի արձանագրեմ, որ 2025 թվականի արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտները կազմել են 2 տրիլիոն 886 միլիարդ 500 միլիոն դրամ, ինչը 2024 տարվա ցուցանիշից ավելի է 307 միլիարդ դրամով կամ 11%-ով, իսկ 2017 թվականի ցուցանիշից ավելի է 2,3 անգամ կամ 1 տրիլիոն 648,8 միլիարդ դրամով։ Սա առանձնահատուկ ուշադրության արժանի ցուցանիշ է, որովհետև արձանագրվում է այսպիսով, որ 2017 թվականի համեմատ 2025 թվականի պետական բյուջեի եկամտային մասը կրկնապատկվել է, այսինքն՝ ավելացել է շուրջ 135%-ով։ Այսինքն՝ մենք, նախ 2017 թվականի բյուջեին ավելացրել ենք ևս մեկ նման ճշգրիտ 2017 թվականի բյուջե և նաև դրան գումարվել է ևս 35%։ Սա կարծում եմ, որ շատ կարևոր և էական ցուցանիշ է, և այս ցուցանիշի համար կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետությունում աշխատող, արդյունք ստեղծող և օրենքով սահմանված հարկերը վճարող բոլոր քաղաքացիներին, ինչպես նաև հսկիչ դրամարկղային կտրոն պահանջող և դուրս գրող բոլոր տնտեսվարողներին և քաղաքացիներին, որովհետև ինչպես բազմիցս առիթ ունեցել եմ ասելու՝ Հայաստանի Հանրապետության բյուջեն մեր ընդհանուր ընտանեկան բյուջեն է, Հայաստանի Հանրապետության ընտանեկան բյուջեն է, և մեզնից յուրաքանչյուրը հենց այդպիսի վերաբերմունք պետք է ցուցաբերի պետական բյուջեի նկատմամբ։

Նաև հարկ եմ համարում ընդգծել, որ պետական բյուջեի ծախսերը ևս էականորեն աճել են, և ծախսերը եղել են 3 տրիլիոն 305 միլիարդ դրամ, որը 2017 թվականի համեմատ կրկին ավելի քան կրկնապատկվել է, 120%-ով աճել է։ Եվ առանձնահատուկ ուշադրության է արժանի այն փաստը, որ այդ ծախսերի մեջ էականորեն աճել են կապիտալ ծախսերը։ Եվ, ըստ էության, 464,2 միլիարդ դրամով կամ ավելի քան 2.9 անգամ, այսինքն՝ 190%- ով կապիտալ ծախսերն աճել են։ Սա, կարծում եմ, առանձնահատուկ ուշադրության է արժանի, որովհետև հենց այս ծախսերով է, որ մենք իրականացնում ենք այն տեսանելի ծրագրերը, որոնց մասին խոսում ենք և որոնցով հպարտանում ենք։ Եվ նաև շատ կարևոր է արձանագրել, որ վերջին տարիներին արձանագրված բարձր տնտեսական աճի արդյունքում տնտեսական և սոցիալական ոլորտներում 2025 թվականի ընթացքում կապիտալ ծախսերի մակարդակը՝ ներառյալ սուբվենցիաների մասը, 2018 թվականի համեմատ ավելի քան եռապատկվել է, ավելացել է 3,5 անգամ։

Սրանք շատ կարևոր ցուցանիշներ են, հարգելի գործընկերներ, ընդհանուր առմամբ պետական բյուջեի ցուցանիշներն այսպիսին են, բայց ես կարևոր եմ համարում նաև մենք արձանագրենք, թե ինչ շոշափելի արդյունքներ ենք ունեցել։ 2026 թվականին, դուք տեղյակ եք, որ արդեն սկսեց աշխատել առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը։ Բայց պիտի նաև արձանագրեմ, որ դա առանձին վերցրած իրադարձություն չէ, որ մեկ էլ հանկարծ տեղի ունեցավ 2026 թվականի հունվարի 1-ին։ Սա, ըստ էության, ութամյա հետևողական բարեփոխումների արդյունք է, քայլ առ քայլ բարեփոխումների արդյունք է, որով մենք կարողացանք հասնել այն կետին, որովհետև խնդիրը միայն համընդհանուր ապահովագրության համակարգը ներդնելը չէ, խնդիրը նաև այդ համակարգի բնականոն աշխատանքն ապահովելն է։ Ու, քանի որ նաև ընտրությունների քարոզարշավի ընթացքում կային շահարկումներ, թե ընտրություններից հետո առողջության ապահովագրության համակարգը չեղարկվելու է և Կառավարությունը դա արել է նախընտրական նպատակներով, ուզում եմ հստակ արձանագրել, որ առողջության ապահովագրության համակարգը ոչ միայն չի չեղարկվելու, այլև առաջիկա տարիներին ընդլայնվելու է։ 2028 թվականին մենք արդեն ակնկալում ենք, որ ողջ բնակչությունը ներգրավված կլինի առողջության ապահովագրության համակարգում։ Այս պահի դրությամբ ամենակարևոր արդյունքն այն է, որ մինչև 18 տարեկան երեխաները և 65 + տարիքի թոշակառուներն օգտվում են պետական բյուջեի միջոցներով առողջության ապահովագրության համակարգից, և սա նույնպես շատ կարևոր ձեռքբերում է։ 2025 թվականի կարևորագույն ձեռքբերումներից մյուսը կենսաթոշակների ավելացումն է։ Չնայած, այն տեղի է ունեցել 2026 թվականի ապրիլի 1-ից, բայց կարևոր է արձանագրել, որ այդ որոշումը մենք կայացրել ենք 2025 թվականի տնտեսական աճի ցուցանիշները տեսնելուց հետո, որովհետև տնտեսական աճը, որը մենք արձանագրել ենք, ավելին է, քան կանխատեսվել էր՝ 7.1% տնտեսական աճ։ Եվ այդ աճն արձանագրելուց հետո մեզ համար ակնհայտ էր, որ ավելացած, այսինքն՝ չկանխատեսված պոզիտիվ մասը աճի, պետք է արտահայտվի երկրի սոցիալական վիճակի վրա։ Եվ մենք որոշում կայացրեցինք, ինչպես տեղյակ եք, կենսաթոշակների ավելացման մասին, և մեր երկրի պատմության մեջ առաջին անգամ միջին կենսաթոշակն այսօր ավելին է, քան նվազագույն սպառողական զամբյուղը, իհարկե, նկատի ունենալով նաև անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի համակարգը, որը շատ կարևոր գործոն է։ Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ 2018 թվականից մինչև 2026 թվականը՝ 8 տարիների ընթացքում, մենք, ըստ էության, 7 անգամ անդրադարձել ենք կենսաթոշակների հետ կապված խնդիրներին՝ կլինի դա հենց ուղիղ կենսաթոշակներն ավելացնելով, թե անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի համակարգը նկատի ունենալով։

Իհարկե, 2025 թվականի պետական բյուջեի կարևոր արդյունքներից է նաև այն, որ մենք հաջողությամբ շարունակեցինք և շարունակում ենք 300 դպրոց, 500 մանկապարտեզի ծրագիրը։ Եվ այս տարի, հիմա այս պահին արդեն շինարարական պրոցեսի մեջ է 374 դպրոց։ Այսինքն՝ մենք պլանավորում ենք 300 դպրոցն ավարտենք 2026 թվականին և միանգամից կսկսենք հաջորդ 300 դպրոցի կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման ծրագիրը։ Եվ նաև ուզում եմ ասել, որ այս ծրագրի հատկացումներն արդեն գերազանցում են 1 միլիարդ դոլարը։ Այսինքն՝ մենք ավելի քան 1 միլիարդ, մոտավորապես 1 միլիարդ 200 միլիոն դոլար հատկացրել ենք դպրոցաշինության ծրագրին։ Սա կարծում եմ՝ նույնպես բյուջետային շատ կարևոր ցուցանիշ է, իհարկե խոսքը մեկ տարվա մասին չէ, բայց 2021 թվականից մինչև օրս մենք այդ արդյունքն արձանագրել ենք։ Եվ նաև 500 մանկապարտեզների ծրագիրն է իրականացվում, որը կրկին հաջողությամբ է իրականացվում։ Ես գնահատում եմ ծրագրի ընթացքը հաջող, և մենք վստահ ենք, որ այս տարի 500 մանկապարտեզ կունենանք ավարտած, և մեր երեխաների հասանելիությունն էականորեն կաճի մանկապարտեզների վերաբերյալ։

2025 թվականին մենք կարողացել ենք 500 կմ ճանապարհի մեր խնդիրը լուծել։ Եվ նաև ուրախությամբ եմ արձանագրում, որ Հյուսիս-հարավ մայրուղու Աշտարակ-Գյումրի հատվածը պատրաստ է, արդեն շահագործվում է, տեղյակ եք բոլորդ, մենք միասին ենք բացել այդ ճանապարհը։ Բայց 2025 թվականի կարևորագույն իրադարձությունը, իհարկե, օգոստոսի 8-ին Վաշինգտոնում արձանագրված իրադարձություն է, երբ մենք Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատեցինք՝ նախաստորագրելով խաղաղության համաձայնագիրը և հռչակագիր ընդունելով, որը, որպես վկա, ստորագրեց նաև Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Մեր խնդիրը ներկայումս շատ պարզ է, մենք առաջիկայում պատրաստվում ենք ինստիտուցիոնալացնել խաղաղության համաձայնագիրը և այդ ուղղությամբ աշխատանքներ կիրականացնենք։ Բայց կարևոր է, որ այս ընթացքում մենք կարողացանք նաև ավարտին հասնել TRIPP նախագծի շուրջ ՝ Հայաստան-Միացյալ Նահանգներ համաձայնագիրը, որ արդեն ստորագրված է, և մենք առջևում պիտի սկսենք վավերացման գործընթացը։ Կարևոր է արձանագրել, որ սա իսկապես իրավիճակ փոխող ծրագիր է, որովհետև Հայաստանի Հանրապետությունը, ինչպես առիթ ունեցել եմ ասելու, հակամարտության փակուղուց վեր է ածվում խաղաղության խաչմերուկի։ Եվ սա, իհարկե, մեծ իրադարձություն է մեր երկրի կյանքում, և 2026 թվականին արդեն գետնի վրա կսկսվեն իրական աշխատանքները։ Ուզում եմ ասել նաև, որ մենք Հայաստանում, ընդհանուր առմամբ, երկաթուղային ենթակառուցվածքներն ավելի լավ վիճակի բերելու ուղղված աշխատանքներ ենք իրականացնում։ Եվ այս պահին նաև հայտարարված է Ախուրիկ-Գյումրի հատվածի վերականգնման հետ կապված մրցույթը, որն իրականացվելու է պետական բյուջեի միջոցներով, և մենք, իհարկե, հետագայում նույնպես երկաթուղու հետ կապված, այդ թվում՝ միջազգային գործընկերների հետ կիրականացնենք որոշակի ծրագրեր։

Վերադառնալով 2025 թվականի օգոստոսի 8-ին, ուզում եմ հիշեցնել, հարգելի գործընկերներ, որ նախագահ Թրամփի հետ մենք մի քանի մտադրությունների հուշագիր ստորագրեցինք, նրանցից մեկը վերաբերվում էր բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտում իրականացվող ծրագրերին, համագործակցությանը։ 10 ամիս է անցել այդ համաձայնագիր ստորագրումից և եկեք տեսնենք, թե մենք ինչ արդյունքներ ունենք արդեն իսկ։ Երևանի պետական համալսարանում ստեղծված է արհեստական բանականության կենտրոն, Կառավարությունը 10 միլիոն դոլար է հատկացրել և սուպեր համակարգիչ է ձեռք բերել Երևանի պետական համալսարանի համար։ Երկրորդը՝ Գագարինում արդեն բացվել է արհեստական բանականության առաջին գործարանը, և այս օրերին արդեն Հրազդանում կբացվի արհեստական բանականության երկրորդ գործարանը, ինչը տեխնոլոգիական լրջագույն անցում է Հայաստանի Հանրապետության համար, որովհետև այսպիսի տեխնոլոգիաներին հասանելիություն ունենալը և այսպիսի ներդրումների համար նպաստավոր և հետաքրքիր երկիր լինելը, իհարկե, էականորեն փոխում է Հայաստանի Հանրապետության և՛ միջազգային իմիջը, և՛ իհարկե նաև մեր տնտեսական ներդրումային միջավայրը։ Մենք, ընդհանուր առմամբ, լավատես ենք մեր տնտեսության հետագա ընթացքի վերաբերյալ։ Ես կարծում եմ, որ TRIPP նախագծի, արհեստական բանականության շուրջ այս գործընթացների շրջանակներում մենք կկարողանանք ապահովել տարեկան առնվազն 6% տնտեսական աճ, ինչը երաշխիք է ստեղծում, որ մենք, այդ թվում՝ սոցիալական ոլորտի մեր բարեփոխումները հաջողությամբ իրականություն կդարձնենք։

Ընդհանուր առմամբ, քանի որ նաև 5 տարին ենք ամփոփում նախորդող՝ 2021 թվականից, հարկ եմ համարում ընդգծել, որ Կառավարությունը նախորդող շրջանում ավելի քան 3,4 միլիարդ դոլարի տարբեր ծրագրերով աջակցություններ է ցուցաբերել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ սկսած հիպոթեքային հարկի պարագայում եկամտային հարկի վերադարձի ծրագիրը, շարունակած տնտեսական արդիականացման ծրագրերով, շարունակած գյուղատնտեսության ոլորտում արտոնյալ վարկերի տրամադրման ծրագրով և այլն, և այդպես շարունակ։ Եվ սա նույնպես շատ էական դեր է խաղացել Հայաստանի տնտեսական այն հաջողությունների գործում, որը մենք ունենք։

Ուզում եմ հիշեցնել նաև, որ 2017 թվականի համեմատ 2025 թվականի արդյունքներով մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն ավելի քան կրկնապատկել ենք Հայաստանի Հանրապետության, և նախորդող շրջանում 2021-ից 2026 թվականը մենք տարեկան միջինում արձանագրել ենք 7.9% տնտեսական աճ։ Ուզում եմ հիշեցնել, որ 2021 թվականի նախընտրական ծրագրով մենք նախատեսել ենք և խոստացել ենք միջինում 7% տնտեսական աճ, և այդ ցուցանիշը մենք գերազանցել ենք։ Իսկ 2017-ից 2025, 2018-2025 թվականներին մենք ապահովել ենք 5.8% տնտեսական աճ։ Կարևոր է արձանագրել, որ այս ցուցանիշները բարձր են թե միջին համաշխարհայինից և թե ԵԱՏՄ-ի միջինից, ինչը նշանակում է, որ Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը, այդ թվում՝ տնտեսական քաղաքականության ոլորտում բերել է այդ կոնկրետ արդյունքներ, և սա մեզ որոշակի վստահություն է տալիս Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացնելու և Հայաստանում ինստիտուցիոնալ զարգացման ճանապարհին։

Եվ ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել և ընդգծել, որ 2026 թվականի մայիսի 28-ին տեղի ունեցավ մեր նոր բանակի զորահանդեսը, որը շատ մեծ իրադարձություն դարձավ բոլորիս համար, Հայաստանի Հանրապետության համար, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, որովհետև իսկապես մեզ հաջողվել է մի քանի տարիների ընթացքում լրջորեն բարեփոխել բանակն այն աստիճան, որ մենք հնարավորություն ունենք ասելու, որ Հայաստանի Հանրապետությունն ունի նոր բանակ։ Ընդ որում, ես ուզում եմ ընդգծել ոչ միայն սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերումն օտարերկրյա, այլև Հայաստանի Հանրապետությունում իրական ռազմարդյունաբերական համալիրի ձևավորումը, որովհետև 2022 թվականից Կառավարությունը շուրջ 170 միլիարդ դրամ է ներդրել ռազմարդյունաբերության ոլորտում։ Եվ մենք այսօր ունենք մի ռազմարդյունաբերություն, որը նաև հետաքրքիր արդեն զարգացումներ ունի, միջազգային շուկայի ուղղությամբ արդեն իսկ տեղի են ունեցել առաջին արտահանումները, արդեն իսկ կնքվել են առաջին պայմանագրերը, որոնք արդեն բավականին տեսանելի և ծավալուն թվեր են Հայաստանի Հանրապետության և ընդհանրապես ոլորտի համար։ Բայց նաև ուզում եմ ընդգծել, որ մենք բանակում այլ ինստիտուցիոնալ բարեփոխումներ ենք իրականացրել, այդ թվում՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, որը նույնպես բյուջետային բավականին մեծ ծրագիր է։ «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը հետևյալի մասին է, որ 18 տարեկան զորակոչիկները որոշակի պատրաստությունից հետո դառնում են պայմանագրային զինծառայողներ և իրենց ատեստավորման, կամավոր ատեստավորման տոկոսներին համապատասխան ստանում են աշխատավարձ, վարձատրություն բավականին բարձր, ինչը նաև էական սոցիալական փոփոխություն է բերում մեր հանրապետության կյանքում։ «Պաշտպան հայրենյաց»-ի ծառայողները հնգամյա ժամկետի ավարտից հետո նաև ստանում են պատվովճար՝ 5 միլիոն դրամ, իհարկե նաև հնարավորություն ստանալով շարունակել ծառայությունը։

Բանակի հետ կապված հաջորդ կարևոր նորություն այն է, որ այս տարվանից Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտները բանակում ծառայություն ստանալու պահից նաև բնակարանի գնման սերտիֆիկատ կստանան` հաշվարկված Երևան քաղաքի գներով: Այսինքն, իրենք կընտրեն՝ ուզում են Երևան քաղաքում գնեն, թե որևէ մարզում գնեն, և սա նույնպես, կարծում եմ, էական սոցիալական գործոն է:

Ես առիթ ունեցել եմ ասելու, հարգելի գործընկերներ, որ 2021-2022 թվականից մենք որդեգրել ենք քաղաքականություններ, երբ մեր որոշումները, այդ թվում՝ բյուջետային տարբեր ծրագրերով, զուգահեռ մի քանի նպատակներ են հետապնդում: Այսինքն՝ իրենք մի հարթություն ունեցող ծրագրեր չեն, ինչպես օրինակ անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի համակարգը, որը այո, ունի շատ կարևոր սոցիալական նշանակություն, բայց նաև ունի ստվերի կրճատման և հաղթահարման հետ կապված կարևոր նշանակություն։ Պաշտպան հայրենյաց ծրագիրը, օրինակ, ունի, իհարկե, մեր բանակի և անվտանգության մակարդակը բարձրացնելու առումով էական նշանակություն, բայց մյուս կողմից՝ կարևոր է արձանագրել նրա սոցիալական նշանակությունը, որովհետև նախ՝ միայն այն փաստով, որ զինվորների ծնողները ազատվում են իրենց զինվորներին բանակում պահելու մեզ հայտնի երևույթից, հակառակ երևույթն է տեղի ունենում, այսօր բազմաթիվ զինվորներ իրենց ընտանիքների համար ապահովում են եկամուտներ, որոնք նախկինում հասանելի չեն եղել այդ ընտանիքներին: Սա նույնպես սոցիալական էական և որոշակի փոփոխություններ է բերում։

Հարգելի գործընկերներ, մենք բոլոր ոլորտներում ունենք շատ էական փոփոխություններ և զարգացումներ: Արտաքին քաղաքականության ոլորտում Եվրամիության հետ վիզաների ազատականացման գործընթացն է սկսել և ամբողջ թափով ընթանում է: Մենք համոզված ենք, որ առաջիկայում այն հաջողությամբ ավարտին կհասցնենք: Դպրոցաշինության անդրադարձա: Պակաս կարևոր չեմ համարում ուսուցիչների կամավոր ատեստավորման ծրագիրը, որը նույնպես ունի թե՛ կրթական, թե՛ սոցիալական էական նշանակություն: Պիտի արձանագրեմ նաև, որ մենք առաջիկայում պլանավորում ենք նաև այս բոլոր ուղղություններով մեր գործունեությունը շարունակել: Մասնավորապես՝ ատեստավորված ուսուցիչները առաջիկա հնգամյակում հնարավորություն կունենան երկրորդ ատեստավորումն անցնել: Եվ եթե առաջին դեպքում նրանց դրույքաչափը 100,000 դրամից կրկնապատվում էր 200,000 դրամ գումարած 200,000 դրամի նկատմամբ ատեստավորման տոկոսը, հաջորդ փուլում արդեն մենք կունենանք 300,000 դրամ դրույքաչափ և ատեստավորման տոկոսը տարածվող այդ 300,000 դրամի վրա։

Հաջողությամբ շարունակվել է երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում աջակցության ծրագիրը, որ նույնպես շատ կարևոր և էական սոցիալական ծրագիր է: Նաև էական եմ համարում մինչև երկու տարեկան երեխայի ծննդյան դեպքում մայրական խնամքի նպաստը, որը վերջին տարիներին էականորեն բարեփոխեցինք և, ըստ էության, տարածել ենք բոլոր երիտասարդ մայրիկների վրա, որովհետև նախկինում, գիտեք, միայն աշխատող մայրերն էին ստանում: Մենք նախ ավելացրեցինք այդ նպաստի չափը՝ 26000-ից դարձնելով 31000 դրամ, ապա գյուղական վայրերում աշխատող մայրիկների համար նպաստի չափը կրկնապատկեցինք։

Պիտի արձանագրեմ, որ հաջողությամբ ընթանում է նաև սահմանամերձ բնակավայրերում 16 միլիոն դրամով տների շինարարության ծրագիրը, որը մենք այս տարի արդեն որոշակի նոր քվոտաներ ենք սահմանել և առաջիկայում, իհարկե, մեզ սպասվում է այդ ծրագրի որոշակի վերափոխում, որովհետև այն կդառնա ոչ միայն զուտ սահմանամերձ բնակավայրերի հետ կապված խնդիրների լուծման, այլև հանրապետության այլ տարածքներում նաև դպրոցների և մանկապարտեզների ներդրման ծրագիրն ավելի արդյունավետ դարձնելու միջոց: Ուզում եմ հիշեցնել, որ Վայոց ձորի Գոմք բնակավայրում մենք արդեն այդպիսի փորձ ունենք, որը հաջողված փորձ է, և առաջիկայում էլ արդեն ունենք նաև մեկ-երկու այլ բնակավայրեր հանրապետության տարբեր տարածքներում, որտեղ այս աշխատանքը իրականացրել ենք։

Պիտի նաև արձանագրեմ, որ 2025 թվականին բավականին լայն թափով սկսել է Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների բնակապահովման ծրագիրը: Պիտի ասեմ, որ Ղարաբաղի շուրջ 40000 մեր հայրենակիցներ արդեն ստացել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն: Մենք արդեն շուրջ 50 միլիարդ դրամի հատկացումներ ենք իրականացրել բնակարանի ապահովման գծով և արդեն մի քանի հազար ընտանիքներ ձեռք են բերել բնակարաններ և բնակավորվել են: Նաև առաջիկա 10 տարվա ընթացքում պլանավորում ենք շուրջ 800 միլիարդ դրամ հատկացում անել, որպեսզի արմատապես այդ խնդիրը լուծենք։

Հարգելի գործընկերներ, իհարկե, 2025 թվականի պետական բյուջեի մասին կարելի է դեռ խոսել, բայց ես այստեղ կանգ կառնեմ և ուզում եմ մի նրբության վրա հրավիրել մեր բոլորի և մեզ հետևող մեր սիրելի հայրենակիցների ուշադրությունը, մանավանդ՝ ընտրություններից հետո:

Այս ընթացքում, իհարկե, մեր հայրենակիցներ տարբեր բնակավայրերում, տարբեր մարզերում, տարբեր քաղաքներում տարբեր հարցեր են բարձրացրել, և իմ արձագանքը եղել է հետևյալը, որը իր մեջ, իհարկե, պատկերավորության որոշակի էլեմենտ պարունակում է, բայց մեծ հաշվով նաև շատ առարկայական նշանակություն ունի: Երբ տարբեր բնակավայրերում տարբեր հարցեր եմ բարձրացնում, իմ արձագանքը եղել է հետևյալը, որ մենք այդ բոլոր խնդիրները կհասցեագրենք, միայն մի պայման ունեմ, որ գյուղի կամ քաղաքի, կամ թաղամասի, կամ բնակավայրի բնակիչները երբեք որևէ գնում անելիս խանութից կամ վաճառքի կետից չհեռանան առանց հսկիչ դրամարկղային կտրոնի։ Էլի եմ ասում, այս արտահայտությունն որոշակի պատկերավորության էլեմենտ պարունակում է, բայց միայն մասամբ, որովհետև սա ճշգրիտ է արտահայտում այն մեթոդաբանությունը և մեխանիզմը, որով մենք լուծում ենք հարցեր և որով ավելանում են հարցեր լուծելու մեր կարողությունները: Ես մտածում եմ, որ առաջիկայում մենք կարող ենք - արհեստական բանականությունը գուցե նաև մեզ կօգնի - նույնիսկ որոշակի գործիքներ ներդնել տեսնելու համար, թե որ բնակավայրերում են, որ ստվերն առավել արագ են կրճատվում: Եվ գուցե թե այդ թվում՝ սուբվենցիոն մեխանիզմներով կամ այլ մեխանիզմներով որոշակի լրացուցիչ գործիքներ կնախատեսենք այն բնակավայրերի համար, որտեղ կտեսնենք, որ ստվերի կրճատումը տեղի է ունենում ավելի ինտենսիվ, որովհետև ես համոզված եմ, որ մեր բոլոր բնակավայրերում այս ուղերձ աշխատում է, այդ ուղերձը տեղ է հասել, բայց այնուամենայնիվ՝ ինտենսիվության տարբեր չափեր կարող են լինել: Եվ մենք տարբեր տեղերում ինտենսիվության այդ չափը կարող ենք դարձնել լրացուցիչ գործոն և լրացուցիչ գործիք, որպեսզի ֆինանսավորենք ծրագրերը։

Առաջիկա տարիներին նաև մեր պայմանավորվածության համաձայն, ջրի հետ կապված հարցերը լինելու են բացարձակ առաջնահերթությունների հնգյակում, որովհետև մենք շատ մեծ ներդրումներ ենք արել ջրային ոլորտում, բայց նաև շատ մեծ աշխատանք կա դեռ անելու: Ինչպես խոստացել եմ, առաջիկայում ջրի հետ կապված հարցերին առավել մեծ ուշադրություն կդարձնենք, ընդ որում երեք կոմպոնենտ եմ ուզում ընդգծել: Առաջինը՝ խմելու ջրի մատակարարում, երկրորդը՝ ոռոգման ջրի մատակարարում և ջրահեռացում:

Մենք արդեն և՛ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրում, և՛ Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինի մեջ գրել ենք, որ մեր ռազմավարական ծրագիրը հետևյալն է, որ առանց մաքրման ոչ մի լիտր օգտագործված ջուր չպետք է բաց թողնվի բնություն: Բայց սա իր հերթին նաև նշանակում է, որ մենք ջրի ավելի մեծ քանակներ օգտագործելու հնարավորություն ենք ունենալու, որովհետև մաքրված ջուրն ավելի մեծացնում է այն ծավալները, որը մենք կարող ենք օգտագործել։

Եվ ընդհանուր առմամբ, իհարկե, բյուջետային գործերը լավ են, հարգելի գործընկերներ: Ես ուզում եմ ասել, որ գոնե այս պահի դրությամբ մենք ընթանում ենք արդեն անդրադառնալով 2026 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտներին: Մենք ընթանում ենք մոտավորապես 30 միլիարդ դրամի … ես 10-ը պակաս եմ ասում: Լավ, որ այդպես բացահայտեցի, 10-ը պահել էի, որ ինչ-որ մի բանի համար պետք գա… 40 միլիարդ դրամի գերակատարման ծրագրով ենք առաջ գնում: Մեր ընկալումը այն է, որ այս մակարդակն առնվազն կպահպանվի, որովհետև տնտեսությունն ակտիվ է: Ուզում եմ նաև կանխատեսել, որ տնտեսությունը կակտիվանա նաև առաջիկայում, մասնավորապես՝ մեծ իրադարձություն եմ համարում Նիդերլանդների Թագավորությունում վարդերի շուկայի հասանելիությունը հայաստանյան արտադրողների համար, որովհետև ծաղկի այն արտադրողները, որոնք հասանելիություն ունեն Նիդերլանդների Թագավորության շուկային, հասանելիություն ունեն ամբողջ աշխարհին։

Մենք ընդամենը մեկուկես ամիս առաջ Ֆանտան գյուղում հերթական ջերմոցի բացման արարողության ժամանակ քննարկում էինք, թե ինչ քայլեր կարող ենք ձեռնարկել, որպեսզի Նիդերլանդների վարդի շուկային հասանելիություն ունենա, բայց ինչպես ասում են, շաբաթը ուրբաթից շուտ եկավ, հարգելի գործընկերներ: Եվ մենք հիմա հասանելիություն ունենք ոչ միայն Նիդերլանդների վարդի շուկային, այլև փաստացի ունենք հստակ քաղաքական հանձնառություն, որ Հայաստանի Հանրապետությունից գյուղմթերքը Եվրոպական Միություն կարտահանվի առանց մաքսատուրքի: Առաջիկայում սա կդառնա իրողություն: Սա նշանակում է, որ մեր գյուղատնտեսության եկամտաբերությունը կաճի: Իհարկե, որակի որոշակի՝ նաև փաթեթավորման և այլն նորություններ և նորամուծություններ կլինեն, բայց դա նաև կանխատեսված է մեզ համար, որովհետև մենք նաև պլանավորել ենք գյուղատնտեսական լոգիստիկ կենտրոնների ստեղծում, որտեղ նաև ապրանքների տեսակավորման մասին կարող է խոսք գնալ և այդպես շարունակում։

Իհարկե, մեզ առաջիկա ակտիվ աշխատանք է սպասվում նաև Եվրասիական տնտեսական միությունում, և մենք այդ աշխատանքը կկատարենք։ Բայց միևնույն ժամանակ՝ այս ընթացքում տեղի ունեցող գործընթացները կուսումնասիրենք: Եվրոպական Միության հետ արդեն ունենք պայմանավորվածություն, որ արագ արձագանք կլինի 50 միլիոն եվրոյի աջակցության ձևով և մենք այդ գումարները կօգտագործենք այն դեպքերի համար, երբ կտեսնենք, որ չարդարացված ձևով, այսինքն՝ արտահանման խոչընդոտներ են ստեղծվել: Բայց, իհարկե, մեր քաղաքականությունը շարունակելու է անկախ ամեն ինչից, մեր քաղաքականությունը շարունակելու է ունենալ արտահանման շուկաների դիվերսիֆիկացում: Ուզում եմ ուղիղ ասել, որ մենք շատ երկար համոզում ենք, խնդրում ենք, փորձում ենք աջակցել մեր տնտեսվարողներին, որպեսզի իրենք դիվերսիֆիկացնեն արտահանման շուկաները և այս ուղղությամբ որոշակի շարժեր, իհարկե, կան, որովհետև Եվրամիության ուղղությամբ մեր արտահանումը կրկնապատկվել է, Չինաստանի ուղղությամբ մեր արտահանումը կրկնապատկվել է, Հնդկաստանի ուղղությամբ մեր արտահանման 87%-ով մոտավորապես աճել է: Բայց սա, էլի ուզում եմ ասել, շատ մեծ հնարավորություններ են Հայաստանի համար, այդ թվում՝ գյուղատնտեսության համար, որովհետև սա մեծ հնարավորություն է գնային նոր սեգմենտ մտնելու և գյուղատնտեսության ավելի եկամտաբեր ջուր դարձնելու համար: Մենք առաջիկայում անպայմանորեն այս ուղղությամբ կաշխատենք։

Որպեսզի շատ չերկարացնեմ, կարևորագույն ուղղություն եմ այս առումով համարում, այն, որ զբոսաշրջությունը մեր երկրում, եթե չչափազանցնենք, բում է ապրում, որովհետև երկնիշ աճեր ունենք զբոսաշրջության, այս պահի դրությամբ ունենք բացարձակ ռեկորդ բոլոր ժամանակների հունվար, մայիս ամիսների համար: Սա նաև մթերքի արտահանման և ընդհանրապես արտահանումների կոնտեքստում եմ ասել, որ զբոսաշրջիկի կողմից սպառվող արտադրանքը նույնպես արտահանում է, որովհետև մեծ հաշվով տարբերություն չկա, այդ ապրանքը նա սպառում է իր քաղաքացիության երկրում, թե գալիս է Հայաստանի Հանրապետությունում: Կարծում եմ, ընդհակառակը՝ այստեղ հայկական, հայաստանյան ապրանքի սպառումն ավելի ընդլայնվում է, որովհետև եթե այնտեղ հայաստանյան ապրանքների հասանելիությունը սահմանափակ է, այստեղ էականորեն ավելի լայն է: Շատ ուրախ եմ, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է իր զարգացումը՝ որպես զբոսաշրջային գրավիչ ուղղություն: Սա կապված է նաև, իհարկե, խաղաղության հետ, ներքին անվտանգության հետ: Մենք ինստիտուցիոնալ էական բարեփոխումներ ենք իրականացրել, այդ թվում՝ ներքին անվտանգության մակարդակը բարձրացնելու համար:

Բայց հարգելի գործընկերներ, հաշվի առնելով նաև այն փաստը, որ ենթադրում եմ, որ ձեզնից առնվազն մի մասը գիշերը չի քնել՝ ես այստեղ կդադարեցնեմ իմ զեկույցը 2025 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ: Չնայած սրանով աշխատանքը չի ավարտվում: Մեր նշված գործընկերների մի մասը ստիպված կլինեն մնալ և շարունակել այս հետաքրքիր աշխատանքը:

Ես բոլորիդ հաջողություն եմ մաղթում այս աշխատանքի առիթով և ևս մեկ անգամ շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի առումով: Իհարկե, այս համոզիչ հաղթանակը կդառնա նոր ավելի ու ավելի համոզիչ արդյունքներ, այդ թվում՝ քրեական օլիգարխիայի դեմ պայքարի ուղղությամբ, որը լինելու է մեր առաջնահերթություններից: Հարգելի գործընկերներ, ես ուզում եմ հստակ ասել, որ այս ուղղությամբ մենք գործելու ենք առանց հետաձգումների, ընդ որում՝ գործելու ենք մի քանի ուղղություններով: Արդարադատությունը պետք է կայանա, արդարադատությունը պետք է տեղի ունենա, բայց միևնույն ժամանակ ապօրինի գույքի բռնագանձման համակարգը պետք է հասնի իր լրումին: Նաև համայնքային և պետական շահերի պահպանության ուղղությամբ պետք է մենք աշխատել: Բայց ես նաև ուզում եմ ասել, որ 2018 թվականից մինչև հիմա ավելի քան տարբեր եղանակներով, այդ թվում՝ պետական բյուջեի հարկային եկամուտների անհամաչափ աճերով. անհամաչափ՝ նախորդող շրջանի նկատմամբ, մեզ համար՝ համաչափ, և դեռ մի բան էլ այդ տեմպը պիտի մեծացնենք: Բայց նախորդող շրջանում առնվազն 8 միլիարդ դոլար միջոցներ վերադարձրել ենք, ուղղել ենք, հանել ենք ստվերից և ուղղել ենք Հայաստանի Հանրապետության զարգացմանը: Հայաստանի Հանրապետությունն այսօր բոլորովին ուրիշ պետություն է, քան 2018 թվականին էր և կհամարձակվեմ պնդել, որ Հայաստանի Հանրապետությունն այսօր շատ ավելի լավ պետություն է, շատ ավելի անկախ, շատ ավելի ինքնիշխան, շատ ավելի կայացած, շատ ավելի անվտանգ և բնականաբար խաղաղ, ժողովրդավար և բարեկեցիկ, և այս առիթով ուզում եմ շնորհավորել բոլորիս:

Շնորհակալություն։

← Վերադառնալ