ՀՀ վարչապետի ելույթները և ուղերձները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում ՀՀ 2027 թ. պետբյուջեի նախագծի նախնական քննարկմանը
1670x1113px - 443 Կբ
1670x1113px - 662 Կբ
1670x1113px - 593 Կբ
1670x1113px - 621 Կբ
1670x1113px - 495 Կբ
1670x1113px - 526 Կբ
1670x1113px - 451 Կբ
1670x1113px - 609 Կբ
1670x1113px - 706 Կբ
1670x1113px - 646 Կբ
1670x1113px - 392 Կբ
1670x1113px - 510 Կբ
1670x1113px - 855 Կբ
1670x1113px - 641 Կբ
1670x1113px - 444 Կբ
1670x1113px - 588 Կբ
1670x1113px - 658 Կբ
1670x1113px - 582 Կբ
1670x1113px - 442 Կբ
ևս 16 լուսանկար
Ազգային Ժողովի մեծարգո նախագահ,
Նախագահի հարգելի տեղակալներ,
Կառավարության հարգելի անդամներ,
Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ,
Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովում սկսում ենք 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները: Առաջին բանը, որ պիտի ասենք, ակնհայտորեն, բյուջեի մասին, բյուջեի եկամտային մասի ծավալներն են: 2027 թվականի պետական բյուջեի եկամտային մասը պլանավորված է 3 տրիլիոն 604 միլիարդ դրամ, որը կազմում է 10 միլիարդ դոլար:
Պետք է արձանագրենք, որ 2017 թվականի համեմատ, 2027 թվականի բյուջեի եկամտային մասի աճը կազմում է 191%, այսինքն՝ 2017 թվականի համեմատ եկամտային մասը եռապատկվում է: Իհարկե, մենք իներցիայով համեմատություններն անում ենք 2017 թվականի հետ, որովհետև դա նախահեղափոխական վերջին տարին է: Բայց հիմա մենք կարող ենք համեմատություններ անել նաև 2021 թվականի հետ, որովհետև ընտրական նախորդ ցիկլի մեկնարկի մասին է խոսքը: Եվ եթե համեմատություն անենք 2021 թվականի հետ, ապա աճը կկազմի 114%, այսինքն՝ շուրջ 2.1 անգամ։
Հաջորդ արձանագրումը, որն ուզում եմ անել: Կապիտալ ծախսերի աճը պլանավորվում է 2017 թվականի համեմատ 223%-ով կամ 3.2 անգամ աճ, իսկ 2021 թվականի համեմատ 253%-ով կամ 3.5 անգամ աճ: Կրթության ոլորտում աճը 2017 թվականի համեմատ պլանավորված է 181% կամ գրեթե եռապատիկ, ավելի կոնկրետ՝ 2.8 անգամ, իսկ 2021 թվականի համեմատ աճը 135% կամ 2.3 անգամ։ Գիտության ֆինանսավորման աճը 2017 թվականի համեմատ 166% կամ շուրջ 2.7 անգամ, 2021 թվականի համեմատ 147% կամ շուրջ 2.5 անգամ։ Համայնքներին տրվող դոտացիաների և սուբվենցիաների համատեղ թիվը 2017 թվականի համեմատ աճում է 157%-ով, 2 կամ 2.5 անգամ, իսկ 2021 թվականի համեմատ շուրջ 70%-ով կամ 1.7 անգամ։
Կարծում եմ, կարևոր է պատասխանել մի հարցի այս թվերը ներկայացնելուց հետո, և հարցը հետևյալ է՝ շա՞տ է բյուջեն, թե՞ քիչ։ Սա շատ կարևոր հարց է, բայց այս թեման արձանագրելով, ուզում եմ ասել, որ բյուջեն ընդհանրապես շատ երբեք չի լինի։ Աշխարհում երբեք գոյություն չի ունեցել և գոյություն չի ունենալու մի երկիր, որը կանգնի, ասի, գիտեք ինչ, իմ բյուջեն շատ է և հետևաբար՝ ինչքան մեծանում է բյուջեն, այնքան ավելի մեծանում են կարիքները, ծախսերը և ակնկալիքները: Սա շատ բնական պրոցես է, որովհետև ինչքան բարձր է երկրում բարեկեցության մակարդակը, մարդիկ ակնկալում են բարեկեցության ավելի բարձր մակարդակ: Բայց, ընդհանուր առմամբ, այս տարի էլ, ինչպես նախորդ տարիներին սկզբունքային և առանցքային եմ համարում, որ մենք արձանագրենք, թե ինչ է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն։ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և Հայաստանի Հանրապետության բնակիչների, ռեզիդենտների գործունեության արդյունքում ձևավորված միջոցներն են, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն մեր բոլորի համախառն աշխատանքի արդյունքն է: Եվ պետության դերը կայանում է նրանում, որ մարդիկ առաջինը՝ ազատ աշխատելու հնարավորություն ունենան նորմալ մրցակցային պայմաններում և երկրորդը՝ Կառավարությունը կարողանա ապահովել բյուջեի հավաքագրումների պատշաճ մակարդակ և բյուջեի ծախսումների էֆեկտիվ մակարդակ:
Ինչպես նախկինում ասել եմ, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու ընտանեկան բյուջեի մի հիմնական, եթե չասեմ, մեծագույն մասն է: Էլի ուզում եմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում ոչ մի քաղաքացի, բացարձակապես ոչ մի քաղաքացի իր ընտանիքի բարեկեցության համար չի ծախսում ավելին և չի էլ կարող ծախսել ավելին, քան դա անում են Հայաստանի Հանրապետության պետական և համայնքային բյուջեները։ Որպես օրինակ, ուզում եմ այս բանաձևի շատ ցայտուն մեկ-երկու օրինակ բերել։ Մասնավորապես, օրինակ, 2027 թվականին, 2017 թվականի համեմատ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և ռեզիդենտներին վերադարձվելիք եկամտային հարկը պլանավորված է 2017 թվականի համեմատ 4895%-ով կամ 61.5 անգամ ավել։ Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել, սա այն թվի մասին է, որ Կառավարությունը քաղաքացիներին վերադարձնում է: Տարբեր առիթներ կան, բայց հիմնական հոդվածը վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում հիպոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու ծրագիրն է: Օրինակ, 2025 թվականին մենք այս հոդվածով Հայաստանի քաղաքացիներին - արդեն իսկ ավարտված, կատարված փաստի մասին եմ ասում - վերադարձրել ենք 95 միլիարդ դրամ կամ 263 միլիոն դոլար։ Այս տարի արդեն այդ ցուցանիշը 78.6 միլիարդ դրամի է հասնում, այսինքն՝ մենք քաղաքացիներին 95 միլիարդ դրամ 2025 թվականին և 78 միլիարդ դրամ այս տարի վերադարձրել ենք: Ինչի՞ համար է այս գումարը: Այս գումարը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, կոնկրետ ընտանիքների, կոնկրետ մարդկանց բարեկեցությունն ապահովելու համար է, որովհետև մարդիկ այս գումարներով ձեռք են բերում բնակարաններ։
Բայց ես էլի ուզում եմ վերադառնալ բարեկեցության մոդելին, որը ընկած է մեր Կառավարության գործունեության և մեր քաղաքական թիմի գաղափարաբանության հիմքում: Եվ սա այդ օրինակի արտահայտման ձևերից մեկն է: Ընդհանրապես՝ ո՞րն է լավ ապրելու մոդելը: Մենք այս հարցին պետք է շարունակաբար վերադառնանք և անդրադառնանք: Լավ ապրելու մոդելը աշխատանքն է: Չկա լավ ապրելու այլ մոդել, համենայնդեպս՝ մեր պատկերացմամբ, որովհետև կարող են լինել մարդիկ, ովքեր մտածեն, որ օրինակ, գողանալը նույնպես կարող է լինել լավ ապրելու մոդել, կամ հարկերից խուսափելը կարող է լինել լավ ապրելու մոդել, կամ երկիրը թալանելը կարող է լինել լավ ապրելու մոդել: Մեր պատկերացրած մոդելն աշխատանքն է, և Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու մեր ուղերձը սա է: Բայց մյուս կողմից մենք արձանագրում ենք, որ աշխատանքն արդյունավետ դարձնելու միջոցը կրթությունն է, և մեր պատկերացրած ամբողջական մոդելը հետևյալն է՝ կրթություն, աշխատանք, իմացությունների և հմտությունների շարունակական զարգացում և բարեկեցություն: Եվ էլի կրթություն, աշխատանք, իմացությունների և հմտությունների զարգացում և բարեկեցություն:
Ես էլի ուզում եմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն պետք է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի ընկալի որպես իր ընտանեկան բյուջեի մաս: Սրա համար եկամտային հարկի վերադարձը միակ պատճառը և հոդվածը չէ: Օրինակ, անենք այսպիսի արձանագրում՝ 2017 թվականի համեմատ Հայաստանի Հանրապետությունում առողջապահության ֆինանսավորումը 2027 թվականին պլանավորված է 319%-ով կամ շուրջ 4.2 անգամ ավել, 2021 թվականի համեմատ աճը կազմում է 117% կամ 2.2 անգամ ավել: Բայց այս թվերի ներքո կոնկրետ մարդիկ են և կոնկրետ ճակատագրեր և կոնկրետ ընտանիքներ։ 65+ տարիքի կենսաթոշակառուների համար այս տարվա 10 ամիսների արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ծախսվել է 320 միլիոն դոլար։ Ընդհանուր առմամբ՝ 500000 դրամ և գումարած արժեք ունեցող ծառայություն է ստացել 63000 65+ տարիքի թոշակառու: Խոսքը առողջության ապահովագրության մասին է: Բայց նաև երեխաները՝ 11570 երեխա - մինչև 18 տարեկանների մասին է խոսքը - ստացել է 500000 դրամ և ավելի ծառայություններ առողջության ապահովագրության մասով: Այս թվերի ներքո կոնկրետ մարդիկ են կոնկրետ ընտանիքներ են: Իհարկե, ընտանիքների մի մասն այսպես, թե այնպես կարող էր իրեն թույլ տալ օգտվել առողջապահական այդ ծառայություններից: Բայց մեծ մասը, ակնհայտորեն, կդժվարանար այդ ծառայություններն ստանալ: Ես ձեզ բերեմ կոնկրետ օրինակ, ասենք՝ 2051 շահառու, բուժառու 2026 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ ստացել է 4 միլիոն դրամ և ավել արժողությամբ առողջապահական ծառայություն: 6857 բուժառու ստացել է 2 միլիոնից 4 միլիոն դրամ արժեքով առողջապահական ծառայություն: 18000 մարդ ստացել է 1 միլիոն դրամից 2 միլիոն դրամ արժեքով առողջապահական առողջապահ ծառայություն, և այդպես շարունակ։ Եվ ընդհանուր առմամբ, եթե 65+ տարիքի թոշակառուների մասին խոսենք, այս տարվա ընթացքում 350143 մարդ ստացել է առողջության ապահովագրության համակարգով առողջապահական ծառայություն։ Նրանց մի մասը դեղ է ստացել, մյուս մասը պարզապես հետազոտվել է, մյուս մասը վիրահատվել է, մյուս մասը թերապևտիկ բուժում է ստացել և այլն:
Բայց նաև ուզում եմ արձանագրել, որ այս արձանագրումը մենք ավելի հաճախ պիտի անենք, չնայած նախկինում էլ արել ենք՝ մենք ասել ենք և ասում ենք, որ առողջության ապահովագրության համակարգն ամեն ինչ չէ, որ ծածկում է և ոչ բոլոր ծախսերը և ոչ բոլոր բժշկական ծառայություններն են մատուցվում առողջության ապահովագրության համակարգում։ Ընդհանուր առմամբ՝ հենց հիմնադրման օրից էլ և պլանավորվել է այդպես՝ առողջության ապահովագրության ծառայությունները ծածկում են ընդհանուր առողջապահական ծառայությունների շուրջ 30%-ը, բայց դրանք ամենահաճախ պատահող 30%-ներն են: Եվ, իհարկե, գիտեք, որ որոշ դեպքերում և որոշ հանգամանքներում կան նաև համավճարներ և կան նաև վճարումներ, մասնավորապես՝ դրանք ամենատարբեր դեպքերն են: Սա ինչի՞ համար եմ ասում, որովհետև, օրինակ, այն օրն էլ իրար հետ էինք մեր քաղաքական թիմի ներկայացուցիչների հետ և ուղիղ եթերում էինք, երբ քաղաքացին ասում էր, որ երեխայի առողջական ծառայություն մատուցելու համար իրենից գումար են ակնկալել, բայց հետո մենք պարզեցինք, որ խոսքը այդ ծառայության համար արդեն հինգերորդ, վեցերորդ և այլն, անգամ դիմելու դեպքում է նման բան տեղի ունենում: Իհարկե, մենք երջանիկ չենք, որ այդ թվում, օրինակ, շտապօգնության դեպքում որոշակի գործակիցներ են գործում, թե մարդն ինչ հաճախականությամբ է զանգում շտապօգնություն: Սա նաև որոշակի զսպման համակարգ է, որովհետև, ցավոք, երբեմն պատահում է, որ մարդիկ կամ չափից շատ հաճախ են զանգում շտապօգնության ծառայություն: Այսինքն, եթե բուժման կարիք կա, բնականաբար, պետք է ստացիոնար բուժում ստանա, եթե ոչ, այդ հաճախականությամբ շտապօգնություն ծառայություն զանգելն այդքան էլ տրամաբանական չէ: Բայց ուզում եմ ընդգծել, որ առողջության ապահովագրության համակարգում այս տարի շատ էական փոփոխություն է տեղի ունենում, և մինչև տարեվերջ կընդունվի համապատասխան օրենսդրական նախաձեռնությունը, հույս ունեմ, Ազգային ժողովի գործընկերների աջակցությամբ: 2027 թվականի հունվարի 1-ից մինչև 200000 դրամ աշխատավարձ ստացող բոլոր շահառուները կընդգրկվեն առողջության ապահովագրության համակարգում։ Առաջին տարում վճարման մի մասը կհոգա պետական բյուջեն, մյուս մասը կհոգա գործատուն, մի փոքր մաս կվճարի աշխատողը, իսկ 2028 թվականի հունվարի 1-ից արդեն հիմնական մասը՝ պակասող, չհերիքող մասը, պայմանական ասած, մենք կդնենք գործատուի վրա։
Մեր քաղաքական տրամաբանությունը հետևյալն է, որ այնուամենայնիվ, կարծում ենք, որ եթե գործատուն 200000 դրամից պակաս աշխատավարձ է վճարում աշխատողին, այդ պարագայում ինքը պետք է հոգ տանի, որպեսզի աշխատողն ունենա առողջության ապահովագրություն կամ դրա այլընտրանքը նույնպես կա՝ աշխատավարձերը բարձրացնել այնքան, որ 200000-ի շեմը լրանա, որպեսզի քաղաքացիներն իրենք արդեն լիարժեք դառնան առողջության ապահովագրության համակարգի շահառու։ Բայց պետք է նաև ասել, որ մենք արդեն իսկ տեսնում ենք այդ միտումը նախորդող շրջանում՝ 200000 և ավել դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիների տեսակարար կշիռն արդեն տեսանելիորեն աճել է և շարունակում է աճել։
Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ բյուջետային համակարգի և բյուջեի քննարկման ընթացքում կարևոր է նաև մեր բյուջետային կամ կառավարման համակարգում մի քանի նորամուծությունների մասին խոսել։ Կարծում եմ, շատ էական նշանակություն ունի այն, որ մենք 2027 թվականի հունվարի 1-ից համընդհանուր հայտարարագրման համակարգով կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին և զանգվածային լրատվամիջոցներին քաղաքացիների կողմից ֆինանսավորման համակարգ կներդնենք, և համակարգի իմաստը և տրամաբանությունը հետևյալն է, որ քաղաքացիները համընդհանուր հայտարարագիրը լրացնելուց և հաստատելուց հետո, իրենց վճարած եկամտային հարկից կարող են նվիրատվություն իրականացնել կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին և ԶԼՄ-ներին: Ես շատ կարևոր եմ համարում Հայաստանում այս նորամուծությունը քաղաքական համակարգի, հասարակական կազմակերպությունների զարգացման և զանգվածային լրատվամիջոցների անկախության ապահովման համար: Իհարկե, մենք հեռու ենք այն մտքից, որ համակարգի ներդրման առաջին տարին մեծ ֆինանսական հոսքեր կուղղի դեպի կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, զանգվածային լրատվության միջոցներ, բայց ասեմ նաև, որ դա մեծապես կախված է նրանից, թե իրենք կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները, զանգվածային լրատվության միջոցները ինչքանով ունեն քաղաքացիների նվիրատվությունների կարիքը և անհրաժեշտությունը։ Եվ ես կարծում եմ, որ սա կարևոր համակարգ է, որի կայացման արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքական համակարգը լինելու է ավելի անկախ, ավելի պետականակենտրոն, ավելի քաղաքացիակենտրոն: Եվ ես կարծում եմ, որ այստեղ այս համակարգը նաև ժողովրդավարության և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործում շատ կարևոր դերակատարում ունի, և մենք պետք է ակտիվ գործունեություն ծավալենք, որպեսզի հենց այս համակարգով կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները, զանգվածային լրատվության միջոցները ստանան նվիրատվություններ։
Մի նորամուծության մասին էլ ուզում եմ խոսել, որը պետական բյուջեի հետ ունի էլի շատ ուղիղ և կարևոր նշանակություն: Երկար ժամանակ տարբեր քննարկումներից և օրենսդրական փոփոխություններից հետո, 2027 թվականի փետրվարից նախատեսվում է խաղային գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող կամ ավելի ճիշտ՝ խաղային գործունեությունը թափանցիկ դարձնող օպերատորի գործունեություն: Այսինքն՝ սա մի համակարգ է, որի համար տեսանելի են լինելու Հայաստանում կատարված բոլոր խաղադրույքները, ստացված շահումները, և դրանից բխող նաև հարկային հավաքագրումներն ավելի թափանցիկ կլինեն: Ուզում եմ նաև ասել, որ նոր քաղաքականություններ մշակելու հնարավորություն կլինի, որովհետև կլինեն մարդիկ, որոնք սեփական դիմումի համաձայն, չնայած այսօր էլ այդ համակարգը կա, կամ այլ ձևերով որոշակի զբաղմունքի տեր մարդիկ ուղղակի կարգելափակվեն և հնարավորություն չեն ունենա շահումով խաղերով զբաղվել, համենայնդեպս՝ առցանց համակարգում։
Բայց ես նաև ուզում եմ ասել, հարգելի գործընկերներ, դուք գիտեք, որ վերջին տարիներին այս թեմայով բազմաթիվ նախաձեռնություններ ենք ունեցել և օրենքներ ենք ընդունել և խստացումներ ենք իրականացրել, և իհարկե, դա եղել է մեր քաղաքականությունը և մեր պատկերացումը և շարունակում է մնալ տեղում և այդպիսին, բայց նաև պիտի առերեսվենք մեկ այլ մարտահրավերների, երբ Հայաստանում նման գործունեությանը կամ նման գործողություններին հասանելիությունները սահմանափակվում են, մենք տեսնում ենք միտումներ, համենայնդեպս՝ մեր նախնական վիճակագրությունը դա ցույց է տալիս, որ Հայաստանի քաղաքացիները գտնում են ձևեր և խաղադրույքներ են կատարում արդեն Հայաստանից դուրս գործող հարթակներում, որն ինքնին խնդիր է: Սա նշանակում է, որ մենք մեր առաջ դրած խնդիրը չենք լուծում: Համենայնդեպս՝ վերջին տարվա վերջին մի քանի փոփոխություններից հետո, մենք այդպիսի ազդակներ ունենք, որ նման պրոցեսներ են սկսվում, և իհարկե, պետք է առաջիկայում ավելի լուրջ մոնիտորինգ իրականացնենք տվյալ իրավիճակի վերաբերյալ, որպեսզի օպերատորի գործունեությունը լինի ավելի արդյունավետ: Բայց սա տեխնիկական հարց է, և մենք մեր քաղաքական կամքը այս թեմայով արտահայտել ենք: Թե տեխնիկական հարցը ինչքանով հնարավոր կլինի լուծել, սա արդեն ուրիշ խոսակցության թեմա է։
Հարգելի ներկաներ,
Կարևոր եմ համարում ընդգծել, որ մենք նոյեմբերի 1-ից կամ հոկտեմբերի 30-ից Հայաստանում գործարկեցինք կենսաչափական անձնագրերի համակարգը, որը շատ էական և մեծ բարեփոխում է։ Ուզում եմ հիշեցնել, որ նման մի բարեփոխում արդեն իսկ ձախողվել է Հայաստանի պատմության ընթացքում: Եվ մենք այսօր ներդրել ենք կենսաչափական անձնագրերի ժամանակակից բոլոր պահանջներում և պայմաններին համապատասխանող համակարգ, և այս համակարգը շատ էական է Եվրոպական Միության հետ վիզաների ազատականացման բանակցությունները բարեհաջող ավարտին հասցնելու և իհարկե, ակնկալվող արդյունքի, այն է՝ Եվրոպական Միության հետ վիզաների ազատականացման հասնելու ճանապարհին։ Իհարկե, այս խնդիրը լուծելու համար բավականին բարդ բարեփոխումների անհրաժեշտություն կա, որովհետև եթե մենք ուզում ենք, որ վիզաներն ազատականացվեն, այսինքն, ըստ էության, վիզաների ընդհանուր համակարգի մեջ տեղ ունենան, դա նշանակում է առնվազն որոշ ուղղություններով պետք է համապատասխանենք եվրոպական ստանդարտներին: Հենց այս խնդրի լուծման համատեքստում, անհրաժեշտ համակարգերը պետք է բարեփոխվեն: Ես ուզում եմ ասել, որ մենք վճռական ենք այս ճանապարհով գնալու իմաստով: Ի՞նչ է սա ենթադրում: Ենթադրում է մասնավորապես՝ սահմանապահ զորքերի կարգավիճակի որոշակի վերափոխում և այն, որ առնվազն միջնաժամկետում Հայաստանի Հանրապետության բոլոր պետական սահմանները պետք է վերահսկվեն Հայաստանի Հանրապետության սահմանապահ համապատասխան ծառայության կողմից։ Մենք արդեն Կառավարության ծրագրում էլ այս թեմային անդրադարձ կատարել ենք և սահուն քայլերով գնալու ենք այս ճանապարհով։ Դուք գիտեք, որ նույնիսկ անցման կետերի առումով ոչ բոլոր անցման կետերն ենք վերահսկել, նկատի ունեմ Հայաստանի Հանրապետության սահմանապահ ծառայությունը, սահմանապահ զորքերը: Բայց արդեն մի քանի տարի Հայաստանի Հանրապետության սահմանային բոլոր անցման կետերը վերահսկվում են բացառապես Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի կողմից, և մենք, իհարկե, քայլ-քայլ Հայաստանի Հանրապետության ամբողջ սահմանի վերահսկողությունը պատվիրակելու ենք Հայաստանի Հանրապետության սահմանապահ ծառայությանը, որը նաև բարեփոխումների որոշակի ճանապարհ պետք է անցնի: Իհարկե, կենսաչափական անձնագրերի հետ կապված՝ ամենատեսանելի և ամենաբարեհունչ նորություններից մեկն այն է, որ կենսաչափական անձնագիր ունեցողներն առաջիկայում Հայաստանի Հանրապետության սահմանը կարող են հատել «e-Gate», այսինքն՝ էլեկտրոնային անցակետերի միջոցով։ Ի՞նչն է դրա առանձնահատկությունը, որ որևէ ծառայողի հետ չի լինում կոնտակտ։ Եվ այդ համակարգն արդեն շատ երկրներում գործում է: Նախորդ օրն էլ մենք գործընկերների հետ քննարկում ունեցել ենք՝ առաջինը նման հնարավորություն կստեղծվի Զվարթնոց օդանավակայանում, հետո նաև Հայաստանի Հանրապետության սահմանային բոլոր անցման կետերում՝ առանց բացառության: Իհարկե, այսօրվանից բանակցություններ պիտի սկսենք հետագայում նաև այլ երկրներում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար այս ծառայությունները հասանելի դարձնելու համար, որովհետև ամեն երկրի կարգավորումներ ունեն իրենց առանձնահատկությունները, և փոխադարձաբար այդ ծառայությունները հասանելի դարձնելու օրակարգ կա: Ի՞նչն է առանձնահատկությունը: Առանձնահատկությունն այն է, որ բազաներին, այսինքն՝ համեմատական բազային ինֆորմացիա պետք է լինի, երբ կենսաչափական անձնագիրը դրվում է, համակարգը պետք է ունենա համեմատելու ինչ-որ մի բան, թե արդյոք այն մարդը հենց այն մարդն է, ինչ անունով ներկայանում է: Հայաստանի դեպքում, երբ քաղաքացին իր երկրում է դա անում, ոչ մի բարդություն չկա: Ինչո՞ւ, որովհետև բոլոր համակարգերը փոխգործելի են և երբ քաղաքացին մոտեցնում է իր անձնագիրը համակարգին, համակարգն արագ բնակչության պետական ռեգիստրից արդեն կենսաչափական համակարգով ստուգում է՝ ինչքանով է տվյալը համապատասխանում իրականությանը։ Օտար երկրներում, Հայաստանի տարածքից դուրս օդանավակայաններում նման ծառայություններից օգտվելու համար մենք պետք է երկրների հետ ինֆորմացիայի փոխանակման որոշակի համակարգ ունենանք, և դա արդեն երկկողմ պայմանավորվածությունների խնդիր է: Իհարկե, հիմա արդեն կան երկրներ, ովքեր այլ տիպի համակարգ են ներդրել, և քաղաքացին կենսաչափական անձնագրով առաջին անգամ երկիր մուտք գործելուց հետո, երբ ձեռքի ռեժիմով ստուգվում է այդ տվյալը և ներբեռնվում է իրենց համակարգ, արդեն հետագայում սահմանը, օդանավակայանները անցուդարձ անելիս կարող են արդեն կենսաչափական անձնագրերով անցում կատարել սովորականի նման։
Հարգելի գործընկերներ,
Իհարկե, առաջիկա մեր ամենակարևոր անելիքը, ինչպես առիթ ունեցել եմ ասելու, մեր գլխավոր նպատակներից մեկի իրագործումն է, այն է՝ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը և վավերացումը։ Այս թեմայով, իհարկե, նախկինում էլ խոսել ենք, բայց վերջին շրջանում, երբ ակտիվացան քննարկումները, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետությունում նոր Սահմանադրություն ընդունելու թեմայի առիթով, ընդդիմության ներկայացուցիչներն արեցին որոշակի հարցադրումներ, որոնք քննարկելով՝ մենք հանգեցինք այն եզրակացության, թե անկախ նրանից, ինչքանով են տվյալ դեպքում պատճառահետևանքային կապերը ուղիղ և հիմնավորված, այնուամենայնիվ, այդ հարցադրումները լեգիտիմ են և այդ հարցադրումները պիտի ստանան կոնկրետ պատասխաններ։ Մասնավորապես խոսքը գնում է հետևյալ հարցադրման մասին, որի հետ առնչվելու առիթ ունեցանք Ազգային ժողով-Կառավարություն վերջին հարցուպատասխանի ընթացքում։ Ես այդ թեմայի մասին, իհարկե, խոսել եմ լիագումար նիստում, հիմա մանրամասներին չանդրադառնամ։ Խնդիրը հետևյալն էր, թե երբ, օրինակ՝ Հայաստանի Հանրապետությունն ընդունի նոր Սահմանադրություն և երբ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրվի, կամ արդյոք դա նշանակում է, որ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր կստորագրվի և արդյոք ստորագրված խաղաղության համաձայնագիրը նշանակում է, որ տեղի է ունենալու համապարփակ խաղաղություն և արդյոք դա նշանակում է, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում կոնֆլիկտային օրակարգեր այլևս չեն լինելու։ Մենք այսպես ենք ընկալել օրակարգը, հարցը, որ ընդդիմության ներկայացուցիչները բարձրացնում են։ Համենայնդեպս, եթե իրենք այդպես չեն բարձրացրել կամ ինչ-որ բան խմբագրելու անհրաժեշտություն են տեսնում, մենք այս հարցը, որպես արդեն արտահեղինակային ձևակերպում նույնիսկ, շատ կարևոր և լեգիտիմ ենք համարում, և առաջիկայում մեր ջանքերն ուղղված են լինելու հենց այս հարցերի պատասխանը ստանալուն։ Կրկին ասում եմ՝ մեր խոսույթը և քաղաքական դիրքորոշումը միշտ եղել է հետևյալը, որ մեր ներքին օրակարգերն արտաքին պերիմետրում և դրանից դուրս չենք քննարկում, բայց նաև առերեսվելով Հայաստանում շարունակաբար բարձրացվում և ընդգծվող հարցերին, սա թերևս մի թեմա է, որով մենք պետք է զբաղվենք ակտիվորեն և ունենանք շատ կոնկրետ հարցերի պատասխաններ։ Ես կարծում եմ, որ իրավիճակն այս պարագայում դառնում է խիստ ակնհայտ և չափազանց պարզ, որովհետև, թույլ տվեք կիսել իմ մարտավարական պատկերացումը, եթե Հայաստանի Հանրապետության կառավարող մեծամասնությունը, իհարկե աշխատանքի արդյունքում, այս բարձրացված հարցին հստակ դրական պատասխան տա և իհարկե, համոզիչ պատասխաններ տա նաև դրանից հետևող հարցերին, որովհետև այնպես չի, որ այդ հարցին պատասխան հնչեց, այլևս նոր հարցեր չեն հնչելու, ենթադրվում է, որ կլինեն նոր հարցեր, և այդ նոր հարցերին պատասխանները նույնպես կլինեն էական։ Թույլ տվեք արտահայտել իմ համոզմունքը, որ եթե մենք այսպիսի դրական պատասխանների պայմաններում գնանք նոր Սահմանադրության ընդունման գործընթացով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ճնշող մեծամասնությունը կգա ընտրական տեղամասեր և հանրաքվեի ընթացքում «կողմ» կքվեարկի նոր սահմանադրությանը։ Եվ ընդհակառակը, ուզում եմ նաև հետևյալը ընդգծել, եթե մենք այս հարցերին ունենանք հստակ, դրական պատասխաններ և դրանից բխող հարցերին հստակ, դրական պատասխաններ, և եթե պարզվի, որ խորհրդարանը և, մասնավորապես՝ խորհրդարանական ընդդիմությունն իր դիրքորոշմամբ կասեցնում է նոր Սահմանադրության հետագա ընդունման գործընթացը և դեմ է արտահայտվում դրան, դա կնշանակի, որ ընդդիմությունը դեմ է արտահայտվում Ադրբեջանի հետ վերջնական և համապարփակ խաղաղությանը։ Բայց ես ուզում եմ կիսել նաև այս պարագայում, թե որն է իմ պատկերացումը, այդ դեպքում ինչպես պետք է գործի Հայաստանի Հանրապետությունում կառավարող մեծամասնությունը։ Իմ պատկերացումը հետևյալն է, որ այդ պարագայում միանշանակորեն հանրային ճնշում է գեներացվելու ընդդիմության նկատմամբ, և ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում կառավարող մեծամասնությունը պետք է առաջնորդի այդ ճնշումը, եթե, իհարկե, հանրային այդ տրամադրությունը լինի։ Իսկ հանրային տրամադրությունը միանշանակ համոզված եմ, որ կախված է այն պատասխաններից, որոնք մենք կբերենք արդեն իսկ նշված և հիշատակված հարցերին։ Այնպես որ ես պիտի միանշանակ և ուղիղ ասեմ՝ Ազգային ժողովում տեղի ունեցած վերջին հարցուպատասխանից հետո, նոր Սահմանադրության ընդունման գործընթացի հետ կապված իմ վստահությունը և լավատեսությունը շարունակաբար աճում է։ Եվ թույլ տվեք ասել, որ սա մի գործընթաց է, որը միանշանակ և աներկբա պսակվելու է կոնկրետ արդյունքով։ Եվ այդ արդյունքը, իհարկե, Հայաստանի Հանրապետության և ժողովրդի շահերից բխող արդյունք է։
Մենք առաջիկայում, ինչպես ասել եմ, մինչև տարվա վերջ, բայց հավանականությունը մեծ է, որ նոյեմբերին կհրապարակենք նոր Սահմանադրության նախագիծը։ Եվ ուզում եմ ասել, որ նոր Սահմանադրության նախագծի կարգավիճակն էլ մենք պետք է արձանագրենք, քանի որ նախընտրական ծրագրում և նաև Կառավարության ծրագրում ունենք համապատասխան կետ, այսինքն՝ դա հստակ արձանագրված է և՛ մեր նախընտրական ծրագրում, և՛ Կառավարության ծրագրում։ Իմ հանձնարարությամբ Արդարադատության նախարարությունը պատրաստել է նախագիծ, և հրապարակման պահին այդ նախագիծն ունենալու է հենց այդ կարգավիճակը: Նոր Սահմանադրության նախագիծ, որն Արդարադատության նախարարությունը պատրաստել է վարչապետի հանձնարարության։ Այսինքն՝ այդ պահից կսկսվեն հանրային քննարկումները և կընդունվեն առաջարկներ, կքննարկվեն առաջարկներ։ Դա, իհարկե, կտևի այնքան ժամանակ, մինչև մենք համոզվենք, որ նոր Սահմանադրության նախագիծը բավարար չափով քննարկված է հանրության շրջանում, և որից հետո արդեն, ինչպես ասացի, իմ նշած տրամաբանությամբ կկազմակերպենք նոր Սահմանադրության նախագծի հետագա քննարկումը։ Այսինքն՝ մինչև մի իքս կետը շատ կանխատեսելի է, մենք դա կլրամշակենք, կմշակենք, Կառավարությունը նախագիծը կընդունի և սահմանված կարգով կուղարկի Ազգային ժողով, Ազգային ժողովում կսկսեն քննարկումները և հետագա իրադարձությունները, իհարկե, կախված կլինեն այդ քննարկումներից։ Ուզում եմ ասել նաև, որ, իհարկե, հասկանում եմ և արձանագրում եմ, որ Ազգային ժողովում քննարկումների պահին իմ նշած հարցերի առնվազն մեծ մասի պատասխանները Կառավարությունը պետք է ունենա։ Նկատի ունեմ, որ խորհրդարանական քննարկումները պիտի որոշակիորեն համադրվեն այս տրամաբանության հետ, և մենք առաջիկայում, ինչպես ասացի, շատ ակտիվ կաշխատենք այս ուղղությամբ։
Հարգելի ներկաներ,
Շատ էական և կարևոր նշանակություն ունեցող ծրագրերից է TRIPP նախագիծը, որի վերաբերյալ Հայաստան-Միացյալ Նահանգներ համաձայնագիրն Ազգային ժողովում անցավ վավերացման գործընթաց։ Մենք գործնականում արդեն սկսել ենք TRIPP նախագծի իրագործումը։ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը մինչև հետագա գործընթացների կազմակերպումը՝ իր նախաձեռնությամբ կմեկնարկի TRIPP նախագծի երկաթուղու, ավտոճանապարհի, էլեկտրահաղորդման գծերի նախագծի պատվիրելու հարցը, որպեսզի մենք ժամանակ չկորցնենք և սկսենք նախագծի շուրջ աշխատանքները։ Երբ TRIPP զարգացման ընկերությունը կձևավորվի, այդ պահին արդեն կատարված աշխատանքն ուղղակի Հայաստանի Հանրապետության Կառավարությունը կփոխանցի ընկերությանը։ Այսինքն՝ այն պահին, երբ ընկերությունը պատրաստ կլինի այդ աշխատանքը վերցնել և իրականացնել։ Այստեղ էլ գործնականում արդեն մենք մտել ենք TRIPP-ի իրագործման փուլ, և ես ուզում եմ ընդգծել նախագծի շրջադարձային նշանակությունը Հայաստանի Հանրապետության համար։ Սա գործնականում նշանակում է, որ ավելի քան 30 տարի Հայաստանի Հանրապետության շարունակվող շրջափակումը, այսպիսով հաղթահարվում է, որովհետև աներկբա և միանշանակ TRIPP նախագծի իրագործման արդյունքում Հայաստանը բոլոր ուղղություններով, ներառյալ՝ Հայաստան-Հայաստան ուղղություններով, ես նկատի ունեմ երկաթուղային հաղորդակցությունը, ապաշրջափակվելու է։ Ապաշրջափակվելու է արևելք-արևմուտք ուղղությամբ, ապաշրջափակվելու է հյուսիս-հարավ ուղղությամբ։
Ես ուզում եմ մի կարևոր առանձնահատկության վրա բոլորիս ուշադրությունը հրավիրել, որ բոլոր այս ուղղություններով ապաշրջափակումը չի նշանակում, որ բոլոր ենթակառուցվածքները բոլոր ուղղությունները լինելու են TRIPP նախագծի շրջանակում և TRIPP նախագծի մաս։ Այս պահին հստակ գիտենք, որ TRIPP նախագծի մաս են կազմելու Նռնաձոր-Կարճևան երկաթուղին, և այնտեղ նաև էլեկտրական հաղորդման գծեր, ճանապարհ, ավտոճանապարհ։ Գազամուղ, նավթամուղ, այդ թեմաներն ավելի ուշ քննարկման հարցեր են։ Ես ուզում եմ կրկին անդրադառնալ այն հարցին, որ վերջին հարցուպատասխանի ընթացքում ընդդիմության ներկայացուցիչները բարձրացնում էին, թե որտեղ է TRIPP նախագծի տարածքը։ Կրկին ուզում եմ ընդգծել՝ TRIPP նախագիծը տարածք չունի։ Եվ այս տրամաբանությամբ, քանի որ մենք ունենք վավերացրած միջազգային պայմանագիր, որը Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն իրավաբանական ուժ ունի, Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում, տարբեր տեղերում կարող են իրականացվել TRIPP նախագծեր։ Օրինակ, որ եթե, համոզմունք ունենք, մի օր Հայաստանով անցնի տարանցիկ գազամուղ, ամենևին փաստ չէ, որ այդ գազամուղն անցնելու է Հայաստանի հարավով, կամ երբ Հայաստանի Հանրապետությունով անցնի նավթամուղ, ամենևին էլ փաստ չէ, որ այդ նավթամուղն անցնելու է Հայաստանի հարավով։ Այսինքն՝ չի կարելի բացառել, բայց գոնե մեր նախնական քննարկումները ցույց են տալիս, որ ավելի հավանական է, որ բոլորովին այլ երթուղով կանցնի։ Էլ չեմ ասում, որ երկարաժամկետ հեռանկարում ամենևին էլ փաստ չէ, որ Հայաստանի Հանրապետությունում միջազգային նշանակություն ունեցող միայն TRIPP նախագծի շրջանակում են երկաթուղիներ կամ երկաթուղի գործելու։ Կամ ամենևին էլ փաստ չէ, որ TRIPP նախագիծը երկաթուղի ունենալու է միայն Հայաստանի Հանրապետության հարավում։
Ես ուզում եմ ընդգծել այն կարևոր և նույնիսկ պատմական հնարավորությունը, որ մենք այսօր ունենք։ Արևելք-արևմուտք ամենակարճ ճանապարհը բոլոր հաշվարկներով, արևելք-արևմուտքը տվյալ դեպքում նկատի ենք ունենում ամենամեծ շուկաների կապն ամենամեծ շուկաների հետ, որովհետև արևելքում էլ, արևմուտքում էլ միշտ էլ կարելի է այլ կետեր գտնել, որ այս տրամաբանությանը կամ բանաձևին չեն ենթարկվում... Բայց, հատկապես ենթակառուցվածքների և մատակարարման շղթաների առումով, երբ ասում ենք արևելք արևմուտք, նկատի ենք ունենում ամենամեծ շուկաների կապն ամենամեծ շուկաների հետ, կամ ամենամեծ արդյունաբերական համակարգերի կապը, ամենամեծ արդյունաբերական համակարգերի հետ, կամ ամենամեծ բնակչությունների կապն ամենամեծ բնակչությունների հետ։ Հետևաբար, երբ այս տրամաբանությամբ ենք նայում խնդրին, մեզ համար պարզում ենք մի շատ կարևոր ռեսուրս։ Այդ ռեսուրսը հետևյալն է, որ արևելք-արևմուտք ամենակարճ կապն անցնում է Հայաստանի Հանրապետության հյուսիսով։ Առիթ ունեցել եմ ասելու, նույնիսկ կարող ենք կոնկրետ ասել, այդ ամենակարճ կապն անցնում է Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերով։ Եվ հետևաբար ակնհայտ է, որ մենք այս ուղղությամբ պետք է ամեն ինչ անենք մեծ ներդրումներ ներգրավելու համար։ Առաջին հերթին, իհարկե, մեր կենտրոնացվածությունը երկաթուղիների, երկաթուղու և ավտոճանապարհների մասին է։ Դուք գիտեք, որ մեր հյուսիսային երկաթուղին ունի այս պահի դրությամբ էլ, ընդհանուր առմամբ այնպես չի, որ մեր երկաթուղիները շատ լավ վիճակում են, բայց հյուսիսային երկաթուղում, մասնավորապես, արդեն Հաղարծին գյուղի հատվածում մի քանի տասնամյակ մենք ունենք սողանք, որն անհնար է դարձնել երկաթուղու աշխատանքը։ Իհարկե, սրա վերականգնումը մեծ ներդրումներ է պահանջում։ Իսկ մեծ ներդրումները կարվեն այն պայմաններում միայն, եթե պոտենցիալ ներդրումը դրվի տնտեսական և ֆինանսական այնպիսի բանաձևի մեջ, որ որոշակի վստահություն լինի՝ ներդրումը շահույթով կվերադառնա։ Եվ այս խնդիրը, արևելք-արևմուտքի խնդիրը լուծելու համար նաև պիտի մի այլ արձանագրում էլ անեմ։ Շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք Իջևան-Հրազդան և Վանաձոր-Գյումրի երկաթուղային գծերը միացնել իրար, որպեսզի իմ նշած ուղեգծով մենք ունենանք երկաթուղային կապ։ Իհարկե, նաև շատ էական է Երասխի հատվածում, Ախուրիկի հատվածում մեր երկաթուղու վերականգնումը։ Գիտեք, այդ թեմայով քննարկումներ են եղել և շարունակվում են քննարկումները Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերների հետ։ Առաջիկա երեք ամսում մենք պետք է կողմնորոշվենք։ Ռուսական երկաթուղիների տնօրենն այցելել էր Հայաստան պատվիրակությամբ, մենք աշխատանքային քննարկում ենք ունեցել, և մեզ համար սահմանել ենք երեք ամիս ժամկետ հարցերի պատասխանը ստանալու և կողմնորոշվելու համար։ Հարցի պատասխանը, թերևս, պետք է լինի հետևյալը, թե ով և ինչպես է անելու և ինչ ժամկետներում իմ նշած ներդրումները։ Ինձ համար միանշանակ է, որ մենք չենք կարող բաց թողնել Հայաստանի համար պատմական այս հնարավորությունը, և մենք այստեղ պետք է գնանք լուծումների։
Հարգելի ներկաներ, ուզում եմ ևս մի առանձնահատկության վրա մեր բոլորի ուշադրությունը հրավիրել՝ կապված ոչ միայն և ոչ այնքան 2027 թվականի պետական բյուջեի, այլև՝ այսօր Հայաստանում վերջին տարիներին տեղի ունեցող տնտեսական գործընթացների և իրականացվող կապիտալ ներդրումների։ Շատ կարևոր և էական եմ համարում հետևյալը: Ընդհանրապես, ես ինչքան հիշում եմ, նախորդող շրջանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և բնակիչները որոշակի, այդ թվում՝ նոստալգիկ տրամադրություններով էին հիշում, թե օրինակ Խորհրդային Հայաստանում ինչքան կապիտալ ներդրումներ էին արվում, ինչքան շինարարություն էր տեղի ունենում, ինչքան բնակարանաշինություն էր տեղի ունենում և այդպես շարունակ։ Բայց այսօր արդեն Հայաստանի Հանրապետությունում այդ նոստալգիայի պատճառը հաղթահարված է։ Իհարկե, ժամանակները մի քիչ տարբեր են, բարդ բանաձևեր պետք է կիրառել, բայց ակնհայտ է, որ որոշ ուղղություններով այսօր Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող կապիտալ ներդրումները, մասնավորապես՝ բնակարանաշինության հատվածում գերազանցում է Խորհրդային Հայաստանի ծավալները։ Եվ ընդհանուր առմամբ, կապիտալ ներդրումներն արդեն իսկ գերազանցում են Խորհրդային Հայաստանի ծավալները։ Դպրոցաշինության ծավալների մասին էլ մենք, ըստ էության, կարող ենք նույնն ասել, այստեղ առանձնահատկությունն այն է, որ դպրոցաշինությունը հաշվարկվում է աշակերտների թվով, թե ենթակառուցվածքը քանի աշակերտների համար է նախատեսված։ Այս համադրությամբ, իհարկե, մենք դեռ չենք հասել՝ կապված նաև ժողովրդագրության ոլորտում մեր ունեցած խնդիրների հետ։ Բայց, ընդհանուր առմամբ, պիտի ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունն այսօր իրականացնում է բավարար, ավելի շատ կապիտալ ներդրումներ, քան մենք ունեցել ենք Խորհրդային Հայաստանի ժամանակներում, և սա, իհարկե, շատ մեծ և պատմական հաջողություն է։
Վերադառնալով Հայաստանի Հանրապետության 2027 թվականի պետական բյուջեի նախագծին՝ ուզում եմ ընդգծել, որ մենք խոսում ենք նախագծի մասին. 10 միլիարդ դոլար կամ 3 տրիլիոն 604 միլիարդ դրամ եկամտային տող ունեցող բյուջեի մասին, որը ծրագիր է, պլան է, որը պետք է իրագործենք։ Իմիջիայլոց ասեմ, որ այդ մի բանն էլ լսած կլինեք, որ երկու 2018 թվականից սկսած, հեղափոխության հենց առաջին տարուց սկսած, շատ հարգարժան տնտեսագետներ ահազանգում էին և նույնիսկ մամուլը հավաստի տեղեկություններ էր տարածում այն մասին, որ Հայաստանի նորընծա և անփորձ կառավարությունը չի կարողանում Հայաստանի Հանրապետության բյուջեն կատարել, եկամտային մասը բյուջեի ապահովել։ Պարզ է արդեն, բացի ՔՈՎԻԴ-ի և պատերազմի տարուց, որտեղ գլոբալ խնդիրներ ենք ունեցել, մենք հիմնականում բոլոր տարիներին շատ բարձր ցուցանիշներով իրականացրել ենք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամտային մասը։
Ուզում եմ ասել, որ 2026 թվականի արդյունքներով Հայաստանի Հանրապետության մեր բոլորիս կողմից պլանավորված պետական բյուջեն ինն ամիսների տվյալով գերակատարված է 127 միլիարդ դրամի չափով։ Այսինքն՝ պլանավորվածից այդքան ավելի ենք եկամուտներ ապահովել։ Եվ այդ ծախսերի մի հիմնական մասն ուղղվում է Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակների բարձրացման սպասարկմանը, առողջության ապահովագրությանը և այդպես շարունակ։
Հիմա, ես կարծում եմ, որ մենք այս քաղաքական, տնտեսական պրոցեսներով հասել ենք մի շատ կարևոր և պատմական շրջափուլի, և ես հույս ունեմ, իմ խոսքից դա երևաց, կարողացա այդ տրամաբանությունը նաև փոխանցել լսարանին։ Այդ պատմական շրջափուլի իրականացումը, իհարկե, ունենալու է շատ մեծ և շրջադարձային նշանակություն՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական, սոցիալ-հոգեբանական։ Բայց ակնհայտ է նաև, որ կան առնվազն ուժեր Հայաստանի Հանրապետությունում և դրանից դուրս, որոնց մեծագույն խնդիրն է, որ այդ պատմական շրջափուլը տեղի չունենա։ Եվ իհարկե, նախկինում էլ եղել են։ Ես ուզում եմ ասել ձեզ, որ 2018 թվականից մենք այս ընկալումից և այս տրամաբանությունից երբեք զերծ չենք եղել, ուղղակի 2026 թվականին, ինչպես ասում են, քարտերը բացվել են։ Եվ իհարկե, կա խնդիր որոշ ուժերի առջև դրված, որ Հայաստանի Հանրապետությունն ի վերջո չկարողանա կատարել այն տնտեսական հանձնառությունները և շարունակել այն տնտեսական զարգացման ճանապարհը, որը նախանշված է։ Իհարկե, Հայաստանում հիմա այդ ամբողջ պրոցեսը կարող ենք անվանել մեկ պայմանական վերնագրով, որը հենց հեղինակները վերնագրել են գաղտնի պլան։ Հիմա ակնհայտ է նաև, որ Հայաստանի Հանրապետության ներսում այդ գաղտնի պլանն իրագործելու ռեսուրս չկա, և գաղտնի պլանի հեղինակները պիտի ամեն ինչ անեն արտաքին ռեսուրսներ ներգրավելու համար։ Պարզ է, ակնհայտ է, չեմ ուզում թաքցնել նաև, որ այդ պլանը Եվրասիական տնտեսական միության որոշ շրջանակներում և Ռուսաստանի Դաշնության որոշ շրջանակներում ունի աջակցություն։ Եվ նաև դրա համար կան պատճառներ, որովհետև Հայաստան գործուղվել են մարդիկ ՝շատ կոնկրետ խոստումներով, երաշխիքներով... Իմիջիայլոց, հետաքրքիր բան է, այս մեր ընդդիմության ներկայացուցիչները, որ այդքան երաշխավորների մասին խոսում են, մեկը հարցնի՝ բա որ ձեզ երաշխիքներ տվել, ուղարկել էին Հայաստան, բա այդ երաշխիքներն ինչի՞ չեն կարողում իրագործել, որ հիմա էլ նորանոր և դրամատիկ ջանքեր պիտի օգտագործեն։ Գոնե, ասենք, ենթադրենք, հայ ժողովրդի պատմությունը չեք ուզում կարդաք, մի հատ պտտվեք ձեր վերջին 1,5 տարվա պատմությունը նայեք։ Ասում եմ և ասել եմ, մեր ժողովրդի պատմությունը դա է ցույց տվել, այնտեղ, որտեղ ներգրավված են եղել երաշխավորներ, դա ավարտվել է աղետով։
Եվ թույլ տվեք արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում ընդդիմության գործունեությունը կապված է որոշ երաշխավորների տված երաշխիքների հետ։ Եվ ինչպես մնացած բոլոր դեպքերում, այս անգամ բարեբախտաբար ընդդիմության համար, երաշխավորների հովանու ներքո գործունեությունն ավարտվելու է քաղաքական աղետով մեր հարգելի ընդդիմադիր գործընկերների համար։ Եվ ես, օգտվելով առիթից, որ իմ ունեցած տեղեկությունները բավարար են նման պնդում անելու համար, ուղղակի գործընկերային ծառայություն եմ մատուցում մեր ընդդիմադիր գործընկերներին, ասելով, որ նրանք դեռևս ունեն ժամանակ այդ աղետից խուսափելու համար, խոսքը քաղաքական ընդդիմադիր կուսակցությունների ձեզ հայտնի քաղաքական աղետից խուսափելու մասին է։ Եվ նրանք կօգտվեն այդ հնարավորությունից... Մի անգամ, կարծեմ, Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ էր, երբ ես այս առաջարկն արեցի, ասացի, որ եկեք այդ երաշխավոր, բան թողեք մի կողմ, կենտրոնանանք և աշխատենք ի շահ Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության և բարեկեցության։ Այն ժամանակ այդ առաջարկն արձագանքի չարժանացավ, բայց հետագա պրոցեսները ցույց տվեցին, որ, ըստ էության, լռությամբ մերժվեց, բայց այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ այդ ժամանակը դեռ սպառված չէ։ Կարծում եմ, որ ի վերջո մեր քաղաքական ուժերը պետք է հասկանան, որ կարող է լինել միայն մի երաշխիք, և այդ երաշխիքը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է։ Իմիջիայլոց, ձեր պատմությանը չեք ուզում նայեք, նայեք մեր պատմությանը։ Տեսեք, թե մենք 2018 թվականից ինչերի միջով ենք անցել, եթե մենք մի վայրկյան անգամ որևէ արտաքին գործոնի վրա հույս դնեինք, դա կլիներ քաղաքական աղետ մեզ համար։ Բայց մենք հույսը միշտ դրել ենք մեր ժողովրդի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա, և քաղաքացիները, ըստ էության, ապահովել են մեր ճանապարհը դեպի այսօր, այստեղ՝ 2026 թվական, նոյեմբերի 2, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողով, 2027 թվականի պետական բյուջեի քննարկումների մեկնարկ՝ Ազգային Ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում։ Եվ ես ուզում եմ այս լավատեսական նոտայի վրա Ազգային ժողովի գործընկերներին, Կառավարության անդամներին հաջողություններ մաղթել գլխադասային մշտական հանձնաժողովում բյուջեի նախագծի քննարկումների համար։ Իհարկե, մենք կվերադառնանք և լիագումար նիստում դեռ կքննարկենք, բայց կարծում եմ, որ այս փուլի քննարկումները պակաս կարևոր չեն և ավելի մանրամասն քննարկումների հնարավորություն են տալիս։
Ազգային ժողովի մեծարգո նախագահ,
Նախագահի հարգելի տեղակալներ,
Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հարգելի նախագահ,
Կառավարության հարգելի անդամներ,
Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ,
Հարգելի լրագրողներ,
Հարգելի ներկաներ,
Շնորհակալ եմ ձեր ուշադրության համար։